ԲԱՔՈԻ



Այստե՛ղ է ապրում Կրակը։
Ու Ոսկին, տա՜ք Ոսկին հոսում է հուր—հուր,
Հոսում է վառվռուն—
Վարը,
5 Ջղուտ երկրի երակների միջով։

Վարը,
Հողի ծոցում,
Եփվում է թեժ Ոսկին։
Ոսկին ծփում է հորդ, օվկիանի նման։
10 Ու նժույգներ բոցե,
Որ չեն մեռնում իսկի—
Վարը, երկրի խորքում, վրնջում են հիմա։

Բաշերը խփում են հողին,
Վարից ձգտում են վեր
15 Ու փնտրում են ելքի՜, ազատության ուղի։
— Կարմի՜ր, կարմի՜ր ձիեր,
Ձիեր Կյանքի՜, Կամքի, Ազատության, Ուժի՜,
Ժամանակի՜ ձիեր...

Խելապտույտ՝ երկրի զնդաններում կորած,
20 Երկրի անհուն բանտում—

Նրանք ձգտում են վեր, որ աշխարհի վրա
Փռեն կարմի՜ր խնդում։

Նրանք ձգտում են վեր,
Հավաքվում են երկաթ վիշկաների ներքո,
25 Որ վրնջան զվարթ և լույս աշխարհ հանվեն—
Աշխատանքի հզո՜ր բանակների ձեռքով...

Ինչքան է դեռ անցել այն օրերից մռայլ,
Երբ դեռ Ոսկին՝ հանված բանվորների ձեռքով—
Դեղնություն էր թափում նրանց գլխի վրա
30 Ու ճնշում էր նրանց իր սև կամքի ներքո։

Երբ դեռ Ոսկին դեղին,
Ստրկության Ոսկին
Հոսում էր վեր՝ երկաթե վիշկաների միջով—
Եվ իրեն կյանք տվող բանակների գլխին
35 Վառվում էր սև մաղձի դառնության բոցով։

Ոսկի՜ն, Ոսկի՜ն դեղին,
Որ դաժան կամք դարձած տարիների ցանցում—
Նրանց, որ դուրս բերին իրեն կրծքից հողի—
Երակներն էր վառում ու աչքերը խանձում։

40 Երբ դեռ Բաքուն, Կասպից հռնդալից ափով
Ու երկաթե դաժան ժանիքներով իրա
Բացվել էր սև, որպես բազմություններ լափող
Մի վիթխարի բերան,
Երբ, երկաթե իր սև ծնոտներով խոնավ
45 Նա քրտինք էր ուտում ու մկաններ ծամում—
Ու թքում էր հետո, դեղին խորխի նման
Նրանց— Կասպյան ճղճիմ, թարախահամ

քամուն.․․


Աշխատանքի հսկա բանակների հանդեպ
Նա իր հսկա ու սև վիշկաներն էր սրում —
50 Բայց փոթորիկն անցավ, տիեզերքնե՜ր քանդեց —
Ու կանգնել է հիմա նա, կարմրավառ ու վես,
Դրոշակի նման — ու նայում է հեռուն․․․
Եվ հիմա՛ էլ, ինչպես այն օրերում մռայլ,
Հողի ահեղ ճնշման ու ծանրության ներքո

55 Ոսկին տնքում է սև կապանքներից իրա,
Ուզում է վե՜ր ելնել հաղթանակի երգով։
Տիեզերքներ շինող հսկաների նման,
Մի մութ կամքով երկրի զնդանները բերված —
Երկրի խորքում հիմա
60 Հռնդում են նավթի վուլկանները գերված։
Վրնջում են, ցնդած նժույգների նման,
Ահեղ ցնցում են սև գլուխները գազե —
Ուզում են դո՜ւրս թռչել ու արշավել հիմա
Քաղաքներից—քաղաք ու եզերքից—եզերք...

65 — Հանե՜ք նրանց հիմա,
Հանե՜ք նրանց երկրի զնդաններից մռայլ,—
Եվ թող վառվե՛ն նրանք, արևների նման,
Խավարներում կորած քաղաքների վրա․

Նորի՜ց նրանք թող՝ մութ զնդաններից ելած՝
70 Կայարանում կանգնած գնացքներին լծվեն,
Մեքենաներ շարժեն,
Տարիների թողած հոգնությունը լվան
Եվ այգերի՜ նման հոգիներում բացվեն։

Ոսկի՜ն, կարմիր Ոսկին
75 Թող հորդահոս հոսի —

Ու հուրհրա՛ հեռուն, որպես բախտի նշան».
Կամքի՜ նման թող մեր երակներին խոսի
Ամեն վայրկյան ու ժամ։

Հանե՜ք Ոսկին հիմա,
80 Հանե՜ք Կրակը թեժ,—
Ինչպես արյունը ձեր երակներում կարմիր —
Ոսկի՜ն, կարմի՜ր Ոսկին
Թող աշխարհից-աշխարհ ու եզերքից-եզերք
Արևավա՛ռ վառվի։

85 Աշխատանքի՜, Կամքի՜, ո՜վ բանակներ հսկա,
Վաղվան Արև-հույսի ու հաղթության երգով —
Հանե՜ք գալիք կյանքի ու խնդության Ոսկին
Եվ աշխարքի վրա թափե՜ք զվարթ ձեռքով...

Հանե՜ք, հանե՜ք ցմահ,
90 Եվ թող ձեր բյո՜ւր հոգում
Նվիրական ապրի՛, դրոշակի նման —
Բաքուն․..
— Կարմի՜ր Բաքուն․․.

1922