ԲԵՌԻՆ ՏԱԿ

Հիմակվան պես միտքս է, ամառվան տաք ցորեկ մըն էր, հալած կապարի պես հրատապ մթնոլորտով մը որ շնչառությունը անկարելի կը դարձներ։

Երեք հոգի, երեք բեռնակիրներ քամակնին ծռած կը հառաջանային քով քովի, համր բայց տոկուն քայլափոխներնուն տակ դղրդեցնելով Ղալաթիո կամ ուրշին երկաթե լուծքը։

Իրենց կորովի մեջքը կքող, զիրենք կես-մարդերու վերածող բեռերնին չնչին ու աննշան կը թվեին, և զարմացա հեռուեն այս առույգ մարդիկը ընկճված տեսնելով մեյ մեկ փոքրիկ տոպրակի ծանրության տակ։

Մոտեցա, պաշտոնյա մը կընկերանար իրենց և օձիքնուն վրա փակցված ճերմակ մետաղի սկզբնատառեր՝ այս մարդոց Օսմանյան Պանքային բեռնակիրները ըլլալը կը հայտնեին։

Հիմա կը բացատրվեր գաղտնիքը. ոսկվո պարկեր կը փոխադրեին այս բեռնակիրները իրենց ուսերուն վրա, և իսկույն կըմբռնեի տարապայման ծանրությունը այն պզտիկ բեռերուն։

Եվ կամուրջին բոլոր երկայնքին վրա համառ ու աշխատասեր մրջյուններու պես երթևեկողներուն բազմությունը փողոցներուն, հրապարակներուն վրա լեցված բոլոր մարդիկը երևակայությանս առջև եկան մեջքերնին կքած քիչ շատ ամենքն ալ, այս երեք բեռնակիրներուն պես, ավելի կամ նվազ ծանր ոսկվո անտեսանելի բեռի մը տակ։


Քովես, ուղիղ, կորովի դեռ իր վաթսուն տարիներուն հակառակ, քրտնաթոր ու շնչասպառ մարդ մը, որ Պոլսո մեծագույն սարաֆն էր թերևս, անցավ, ճերմակ թաշկինակովը սրբելով իր կնճռոտած ճակատը. հակառակ իր շիտակ ու ամբարտավան քալվածքին, իրոք, զինքը ավելի ընկճված, ավելի նկուն տեսա այն ոսկիներուն բեռին տակ որոնց տերն էր այս ծերունին։

Իր պատանության օրեն երևակայեցի զինքը ծռած, ուսին վրա շալկելով ոսկին, տանելով շարունակ իր կյանքին բոլոր երկայնքը, չհամարձակելով դպիլ երբեք անոր, իբրև թե՝ աս երեք բեռնակիրներուն քովը կեցողին պես ոսկիին վրա հսկող պաշտոնյա մը իր ամեն քայլերուն հետևեր, այսպես, տարիներու հոլովումներով անտրտունջ, թերևս ալ երջանիկ, հասած, եղերած էր գերագույն եզերքը որ ծերություն կը կոչվի։

Ագահությունը միշտ ավելի վար, միշտ ավելի ցած իջե ցուցած էր այս մարդուն խրոխտ ու բարձրավիզ երևցող գլուխը, և սա գացող երեք համալներեն ավելի գետնամած ու գետնաքարշ անցած դարձած էր միշտ կյանքին ամեն ճամփաներեն։

Ու շատ մը անցորդներ ոչ նվազ կորաքամակ էին հարկավ, ոսկվո բեռը, անձկությամբ լեցուն բեռ մը, ամենուն ալ մտքին և հոգվույն մեջ կար, եթե ոչ ուսերնուն վրա։ Եվ անոր ծանրության տակ, այդ սիրտերը ու հոգիները կքեր, ծռեր, բաժնվեր էին իրենց նախնական շիտակութենեն. ոսկին՝ որ մարդիկը բարձրացնելու պետք էր ծառայեր, ընդհակառակը զանոնք կընկճեր, կը խոնարհեցներ և ո՞վ գիտե Ղալաթիո կամուրջին վրայեն անցնող սա երեք բեռնակիրները թերևս խորհրդանշաններն էին նյութապաշտ մարդկության։

<1898>