Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 12, համար 2, 1919)


Բոդիլ Բյորնից


Սիրելի՛ ընկերներ,

Այս անգամ դժբախտաբար ուղիղ նորություններ չունեմ Հայաստանի մեր ընկերներից, որ հայտնեմ ձեզ, բայց մի հայ կա, որ մոտավորապես երկու տարի առաջ այստեղ է եկել Հայստանից իր 4 եղբայրների և խորթ քրոջ հետ (Թիֆլիսից Ռուսաստանով եկել է Նորվեգիա), Ամերիկայից հայկական թերթեր է ստանում ու նորություններ հայտնում ինձ։

Այժմ հասունանում է այն պահը, որ լուծվի Հայկական հարցը։ Հարյուր հազարավոր հայ զինվորներ, որոնք Կովկասի ճակատում մարտնչել են իրենց երկրի և ժողովրդի ազատագրման համար, որպես իրենց իրավունք, Հայաստանն են պահանջում իրենց ժողովրդի համար։

Ամերիկայում, Ռուսաստանում, Կովկասում, Փոքր Ասիայում և հյուսիսային Պարսկաստանում դեռ մոտ 2 միլիոն հայ կա, որոնք եթե հետ ստանան իրենց հողը, ուզում են վերադառնալ․ համենայն դեպս նրանցից շատերն են ուզում։

Ամերիկան, Անգլիան և Ֆրանսիան խոստացել են, որ հայերը հետ կստանան 8 նահանգները, որոնք նախկինում պատկանել են հին հայկական թագավորությանը։ Դրանք են Էրզրումը, Կարսը, Երևանը, Ուրմիան, Վանը, Բիթլիսը, Դիարբեքիրը և Կիլիկիան, որը ներառում է նաև մի քանի հարևան շրջաններ՝ Տրապիզոնը, Սեբաստիան, Խարբերդը, Մուշը և Զեյթունը, բայց վերջնական որոշումը կկայացվի միայն Փարիզի խաղաղության վեհաժողովին, որին Հայաստանն իրավունք ունի ուղարկել իր ներկայացուցիչներին։

Որպես իրենց պատվիրակներ՝ ընտրել են հայտնի հայ Պողոս Նուբար փաշային Եգիպտոսից, որն այժմ ապրում է Անգլիայում և ևս երեք հոգու։

Արդեն 400 տարի է հայերն ապրում են թուրքական ծանր լծի տակ, ճնշվել են և հալածվել, ավելի շատ են տառապել, քան մեկ այլ քրիստոնյա ժողովուրդ աշխարհում և չեն հրաժարվել քրիստոնեությունից։ Թե ինչ տառապանքներ են նրանք կրել, կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր նրանց հետ են դրանք վերապրել։

Դեռ շատ հազարավոր այրիներ ու անհայր երեխաներ անօգնական և անպաշտպան թափառում են ամենաթշվառ վիճակում։ Նրանք մեր աղոթքների, սիրո և կարեկցանքի կարիքն ունեն առավել, քան երբևէ։

Եկեք աղոթենք, որ Աստված իր մեծ գթասրտությամբ խղճա և առաջնորդի նրանց, որ կարողանան վերադառնալ իրենց սիրելի հայրենիք, և այս բոլոր սարսափելի փորձանքներից հետո լուսավոր ժամանակներ գան այս խիզախ փոքր մարդկանց համար, որոնք այնքան արիաբար են տառապել իրենց հավատքի և երկրի համար։

Այնքան են խոսում Բելգիայի և նրա տառապանքների մասին, որը ևս մեծ է եղել։ Բայց ի՜նչ է նրանց տառապանքը համեմատած այս 400 տարիների տառապանքների հետ, որ Հայաստանն է ապրել։ Հետաքրքիր է՝ ինչպես մեր ժողովուրդը կհանդուրժեր այսպիսի փորձությունը․ մենք, որ ապրում ենք քարոզի մաքուր լույսի ներքո և այսպիսի առատության մեջ վայելում ենք Աստծո մեծահոգությունն ու հավատարմությունը։

Ամենայն հավանականությամբ հայերը հետ կստանան ամենաքիչն իրենց երկրի մի մասը, և միսիոներական գործունեության համար բազում հնարավորություններ կբացվեն։ Եթե Աստծո կամքը լինի ինձ նորից այնտեղ ուղարկել, ես պատրաստ եմ։ Սիրելի՛ ընկերներ, աղոթե՛ք, որ Նա թույլ տա ինձ գնալ և հանձն առնել այն գործերը, որ պատրաստել է ինձ համար։ Եփեսացիս‎ 2, 10։

Օրիորդ Էլիս Բլեդելը, որը մի քանի տարի դանիական «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հավատարիմ և շահագրգիռ գանձապահն էր և 1901 թվականից Հայկական կոմիտեի քարտուղարը, հեռացել է Աստծո մոտ։ Նորվեգիայի հայկական կոմիտեում էլ օգտվել ենք նրա լավ խորհուրդներից և օգնությունից, երբ Հայաստան գումար ենք ուղարկել։ Մեզնից շատերը, որոնք ճանաչում էին նրան, հիշում են նրան, որպես Աստծո թագավորության հազվագյուտ սրտագին աշխատող։

Նորվեգիայի հայ ընկերները ցույց տվեցին, թե ինչքան է Հայաստանի վիշտն իրենց սրտերում, թե ինչքան հավատարիմ են նրանք իրենց աղոթքներում և ինչքան են մտածում փորձանքի այս բոլոր տարիներին։ Միգուցե հիմա Աստծո ժամն է գալիս՝ հավատարիմ աղոթքներին իր պատասխաններով։

Ջերմ բարևներ յուրաքանչյուրիդ Եսայիա 43, 19, Ելից 3, 7-9, ձեր քույր,

Բոդիլ Բյորն

Հասցե՝ Օդինստ․ 16, 2, Քրիստիանիա

</pages>