Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 12, համար 4, 1919)

Հայաստանից


Սկաատո, Կրագերյո 19. 8. 19.

Աստծո իմ սիրելի՛ ընկերներ,

Այնքան հաճախ եմ փափագել և խնդրել, որ նամակներ ստանամ Հայաստանից, բայց ամիսներն անցնում էին իրար հետևից՝ առանց որևէ նորություն ստանալու։ Ինչքա՜ն ուրախ էի, երբ Հարունիեի մեր ուսուցիչներից մեկից ստացա հետևյալ նամակը․ Հարունիեում էի անցկացրել իմ վերջին տարին, նախքան տուն վերադառնալը։ Նամակը հայերեն էր և գրվել էր 5 շաբաթ առաջ․

«Հարունիե, հունիսի 3, 1919

Սիրելի՛ քույր Բոդիլ, Օրհնյա՜լ լինի Աստված, որ կարողանում եմ հիմա գրել քեզ։ Ես և իմ ընտանիքը ողջ ենք և առողջ։ Կինս ու երեխաներս շատ-շատ բարևներ են ուղարկում և հույս հայտնում, որ դու էլ ես լավ։ Քո գնալուց հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ։ Մենք հայ ժողովրդին սիրող ընկերներին հավատալու կարիք ունենք։ Հրճվում ենք Աստծո բարեգթության մեջ․ Նա ամեն օր հրաշքներ է գործում։ Ավելի ու ավելի շատ փախստականներ են վերադառնում մեր գյուղեր։ Գյուղում հիմա 180 մարդ կա, բացի տներում գտնվող երեխաները։ Սպասում ենք արտաքսված 450 մարդու վերադարձին։ Կարելի է մտածել, որ բնությունն էլ է հրճվում։ Կար մի ժամանակ, երբ 10 կգ ցորենն արժեր 1 ոսկե լիրա, որը 5-6 թղթադրամ լիրա էր՝ մոտավորապես 80-90 կրոն։ Այժմ 10 կգ ցորենն արժեք 2-3 կրոն։ Աստիճանաբար ամեն ինչ էժանանում է։

Քաղաքական իրավիճակն էլ է օրեցօր բարելավվում։

Հունիսի 2-ին Ռուբեն Էֆենդի անունով, ֆրանսիական համազգեստով մի հայ սպա մի քանի հայ զինվորներով եկավ մեր որբանոց։ Նրանք բռնեցին և անմիջապես ձերբակալեցին մի քանի հարուստ թուրքի։ Նախկինում, երբ սպաներ էին գալիս որբանոց, այնքան էինք վախենում և դողում, բայց հիմա հակառակն է։

Կովկասից մինչև Միջերկրական ծով հիմա Հայաստան է լինելու։


Ի՜նչ բարեգթություն կլինի մեզ համար։ Օրհնյա՜լ լինի Աստված դրա համար։ Դա է 1 200 000 հայ անմեղների արյունոտ գինը։

Քո՛ւյր, դու շատ լավ գիտես, թե ինչ տառապանք է ապրել այս խեղճ ազգը։ 260 հայի են կախել Մարաշում, ամեն օր կախում էին 40, 50, 60 մարդ։ Աննկարագրելի և անասելի բաներ են արել Դեյր-էլ-Զորում։ Եղբորս, 60 տարեկան մորս, 2 քույրերիս և նրանց 5 երեխաներին, քեռիներիս և մյուս բարեկամներիս քշեցին Դեյր-էլ-Զոր, և հիմա նրանցից ոչ ոք կենդանի չէ, բոլորն էլ սպանվել են։ Եղբորս մի տեղ ուղարկեցին, կնոջը՝ մի ուրիշ տեղ։ Միայն եղբորս կինը վերադարձավ և միայն մի երեխայի հետ։

Մենք ևս շատ դժվարությունների միջով ենք անցել։ 1918 թվականի հոկտեմբերի 9-ին երկու տղամարդ ուսուցչի և երկու ուսուցչուհու՝ Մարտային և Արմենուհուն բռնեցին և մեզ հետ ուղարկեցին Բաղչե։ Մարտան քայլում էր մեր հետևից, մի ժանդարմ բռնեց նրան և շատ վիրավորական խոսքեր ասաց մինչ նրան հեռու էր քարշ տալիս։ 14 ոսկե լիրա ունեինք, որը ժանդարմը վերցրեց մեզնից, վերցրեց նաև 5 լիրան, որ ֆոն Դոբլերն էր տվել ճանապարհածախսի համար։ Գրեթե առանց փող հասանք Մարաշ։ Կառավարական շենքում ստուգեցին և կարդացին մեր փաստաթղթերը։ Ոստիկանապետը մեզ մեղադրանք էր առաջադրել, որ փախստականներին հաց էինք տվել։ Երբ ստուգում էին մեր փաստաթղթերը, տեղեկություններ հասան, որ հայերը կարող են վերադառնալ, որ ամեն ինչ հետ են ստանալու և ամբողջ մեղքը պետք է ներվի։ Նա բարձրաձայն կարդաց այս նորությունը, շրջվեց դեպի մեզ և ասաց․ «Ձեզ ներում է շնորհվում, արագ հեռացե՛ք»։ Այսպես, մեր Փրկիչը հրաշքով փրկեց մեզ, որովհետև անմեղ էինք։

Մարաշում մնացինք մինչև հոկտեմբերի 23-ը, հետո ճանապարհ ընկանք դեպի Հարունիե։ Ուսուցչուհիներ Մարտան և Արմենուհին մնացին Մարաշում, որ հաճախեն կրոնական դպրոց։ Ամեն կիրակի պատարագ ունենք մեր եկեղեցում․ բողոքականներին և հայ առաքելական եկեղեցու հետևորդներին հավաքում ենք միասին և քարոզում։ 80-90 այցելու կա։ Վերադարձող փախստականները ո՛չ հագուստ ունեն, ո՛չ քնելու տեղ, և ոչ մեկն էլ չկա, որ օգնի նրանց։

Սիրելի՛ քույր, աշխատելու ժամանակն է եկել։

Մարաշում մի թուրք ուսուցիչ, իսկ Չորք Մարզպանում էլ մի թուրք սպա է դավանափոխվել։ Դեռ շատ բաներ են լինելու և մեծ աշխատանք է մեզ սպասվում։

Մայիսի 7-ին պարոն ֆոն Դոբլերն ընտանիքի հետ գնաց Մարաշ, որտեղից էլ պետք է գնային Գերմանիա։ Պարոն Բլանկը մահացել է, իսկ քույր Աննան ու Ադելն էլ շատ հիվանդ են, բայց ապաքինվում են։ Միայն քույր Հեդվիգ Բյուլն է մնացել այստեղ, նա լավ է։ Միասին աշխատում ենք որբանոցում։ Ամենուրեք թուրք կողոպտիչներ են, բայց ֆրանսիացի զինվորականները հայ զինվորների հետ միասին աշխատում են այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Շատ կողոպտիչներ են ձերբակալվել և հիմա թեթևացել ենք։ Ամբողջ ընտանիքիս հետ միասին շատ բարևներ եմ ուղարկում։ Թող Աստված օրհնի քեզ։ Այսօր եկեղեցում հանդիպելու ենք աղոթելու համար։ Աղոթի՛ր մեզ համար»։

Կարապետ, ուսուցիչ

Դատելով այս նամակից՝ իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, բայց միայն որոշ շրջաններում՝ հատկապես այնտեղ, որտեղ եվրոպացիները վերահսկումն իրենց ձեռքն են վերցրել, բայց երկրի խորքում անհանգիստ է ու մեծ աղետ։ «Արևածագ» թերթից վերցրածս հոդվածը պարզ վկայում է դա։

Սիրելի՛ ընկերներ, մեր եղբայրներն ու քույրերը մեր կարիքն ունեն, ուզում են, որ այցելենք իրենց և աղոթում են, որ օգնենք իրենց, որ չզոհվեն։ Եկեք բոլորս, ով սիրում է հայ ժողովրդին, ձեռք մեկնենք և միասին խնդրենք Աստծուն, որ խաղաղություն և անվտանգություն շնորհի այս տառապյալ ժողովրդին, որպեսզի փորձանքի այս տարիներից հետո ավելի լուսավոր ժամանակներ բացվեն նրանց համար։

Շատ սրտագին բարևներ, Մատթեոս 18, 19, ձեր՝ Հիսուսի սիրո դաշնակից

Բոդիլ Բյորն

Հայաստանից անհանգստացնող տեղեկություններ են գալիս։ «Թայմս»-ի մի հոդվածում ասվում է․ «Ռուսական Հայաստանի հարավային մասում սարսափելի սով է, քանի որ թուրքական զորքը նույնիսկ զինադադարից հետո մասամբ հափշտակել է բերքը և ամբողջ սնունդն ու մասամբ ոչնչացրել այն։ Հնարավոր չէ նկարագրել դառնությունը Երևանում։ Գրեթե անհնար է սնունդ գտնել, շատ ընտանիքներ սնվում են միայն երեքնուկով և խոտով։ Ամեն օր տեսնում ես մահու չափ սովամահ եղած մարդկանց մարմինների, որ ընկած են փողոցներում։ Սոված մարդիկ նույնիսկ անարգում են մարմինները։ Փարիզում հրապարակված «The Conference National Arménnienne»-ն օգնության կոչ է անում դաշնակիցներին․ «Քանի որ Փարիզի վեհաժողովը հետաձգել է Հայկական ազատ պետության ստեղծումը, ճակատագրական իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական Հայաստանը դեռ ազատագրված չէ և այն հայերին, որոնք գնացել են Կովկաս, արգելում են վերադառնալ և մշակել գարնանային բերքը։ Բացի այդ, Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներն աջակցում են մահմեդականներին, որոնք պայքարում են քրիստոնյաների դեմ։ Հալեպում հայերի կոտորածներ են տեղի ունեցել։ Կովկասյան թաթարները՝ թուրք սպաների հրամանով, հայկական հողեր են զավթել, հազարավոր մարդիկ են մահանում սովից ու հիվանդություններից։ Դրա համար էլ հայերն իրենց աղոթքն են ուղղում դաշնակից ժողովուրդներին, որպեսզի Հայկական հարցը հնարավորինս արագ լուծվի Խաղաղության վեհաժողովին, քանի որ դրա ցանկացած հետաձգում կարող է ճակատագրական դառնալ ծանր ճնշման տակ գտնվող ժողովրդի համար»։

(Ինչպես գրված է «Արևածագ»-ում)

</pages>