Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 14, համար 3, 1921)


Հայաստան

Աստծով համակված իմ սիրելի՛ ընկերներ,

Ինչպիսի՜ բարեհաճություն էր ձեր աղոթքներում կանգնել Աստծո առաջ։ Զգում էի, որ հիշում եք ինձ և ուզում էի արագ ջերմագին շնորհակալություն հայտնել ձեր բոլոր աղոթքների և իմ բռնած ուղու մեջ՝ ասոցիացիայի և նամակների միջոցով ինձ ցույց տված ողջ սիրո համար։ Աստված զարմանալիորեն կոփել է իմ հոգին և մարմինը, հաստատակամ է դարձրել սիրտս, որ նորից ճանապարհորդեմ մեր տառապող ու մեռնող սիրելի ժողովրդի մոտ, որ ասեմ՝ Աստված չի մոռացել նրանց և սիրում է հավիտենական սիրով․ այնքան շատ մարդ է կորցրել հավատը տարիներ ձգվող այս սարսափելի փորձանքների պատճառով, որի ժամանակ կորցրել են իրենց տունը, այն ամենը, ինչ թանկ է նրանց համար այս երկրում և մի տեղից մյուսն են թափառել։ Մուշի և Բիթլիսի իմ սիրելի մարդկանցից մի քանիսը Կոստանդնուպոլսում են․ անհնար է երկիր մտնել և կարծում եմ՝ իզուր չի լինի, եթե ինձ թույլ տան աշխատել նրանց շրջանում, ում արդեն ճանաչում եմ։

Թող Աստված բացի ճանապարհը, եթե դա է նախանշված Իր ծրագրում։ Աղոթե՛ք, որ կարողանամ ստանձնել Նրա պատրաստած գործերը, որպեսզի Նա օրհնի ինձ։ Եփեսացիս 2, 10։

Շատ շնորհակալ եմ մեծ ու փոքր նվերների համար․ հրաշալի է տեսնել, թե ինչքան մարդ է սիրում և հետևում այս մարդկանց իրենց աղոթքներում և աշխատանքում, թե նվիրաբերելու ինչքան պատրաստակամություն կա։

Ինչ վերաբերվում է Հայաստանի իրավիճակին, ավելի բարդ է, քան երբևէ, քանի որ ազգայնականները իշխանություն ունեն Փոքր Ասիայում։ Նրանց առաջնորդը Քեմալ փաշան է, որի նստավայրը Անգորայում է և որն իշխանություն ունի հայկական հողերի վրա։

«Արևածագ»-ում հրատարակված մի քանի նամակների հատվածներից հասկանում ենք, թե իրավիճակն ինչքան բարդ է հայերի համար։

Խանումը՝ Մուշում մեր սիրելի օգնականը, որը քրոջ ու փեսայի հետ եկել էր Զմյուռնիա, գրում է․ «Ադանայում այլևս աքսորյալներ չկան, ֆրանսիացիները նրանց Հարունիեից, Մարաշից, Հասան Բեյից և Բաղչեից ուղարկեցին Դյորտյոլ։ Ի՞նչ են այսքան մարդն անելու այդ փոքրիկ գյուղում։ Մուստաֆա Քեմալը շատ հայերի է վտարել Աֆիոն-Գարահիսար, որոնցից 1500-ին սպանել է։ Հաճնում նույնը տեղի ունեցավ, ինչ որ Մարաշում (Մարաշի գրավման ժամանակ՝ 1920-ականների սկզբին, 10 000 հայ սպանվեց)։ Շատերը թույն խմեցին, որ չընկնեն թուրքերի ձեռքը։ Ի՞նչ կպատահի մեզ հետ, որ շտապենք փախչել։ Ինչպե՞ս կարող են մարդիկ տառապել այսպես՝ առանց որևէ բան շահելու։ Տուն չունենք, ինչո՞ւ պետք է արյուն թափենք։ Թվում է՝ չկա մեզ համար բնական մահ, մեզ միշտ պետք է սպանեն»։

Քույր Հեդվիգ Բյուլին ուղղված հետևյալ նամակը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ այս թշվառ երեխաները ոչ միայն արտաքին կորուստ են ունեցել, այլև ներքին վնաս են կրել։ Հարունիեի ուսուցիչներից մեկը՝ Մարգարիտը, գրում է․ «Եկել ենք Ադանա (Ադանան տեղակայված է Կիլիկիայում՝ Տարսոնի մոտ)։ Ապրում ենք քաղաքից դուրս գտնվող մի մեծ տան մեջ․ ֆրանսիական որբանոցն է։ Հայերեն են խոսում։ 1100 երեխա կա։ Մարտան, Սրբուհին և ես այստեղ ենք դասավանդում։ Այստեղի աղջիկները Մարաշի և Հարունիեի մեր երեխաների նման չեն։ Գրեթե բոլոր մեծ աղջիկներին հավաքել են արաբական, քրդական և թուրքական տներից․ դժվար է նրանց հետևելը։ Կրոն չենք դասավանդում, քանի որ երկու քահանաներ կան, որոնք անում են դա։ Երբ հնարավորություն ենք ունենում, խոսում ենք երեխաների հետ։ Դեռ լսում են մեզ։ Հենց որ խոսում եմ նրանց հետ երկնային կյանքից, խփում են կրծքին և ասում․ «Ի՞նչ է լինելու մեզ հետ»։ Աղոթում են և աղերսում․ «Ավելի շատ պատմեք Հիսուսի մասին»։ Մի տասներկուամյա աղջիկ, որին հետ էին վերցրել արաբներից, ինձ հարցրեց․ «Դա՞ էլ է մեղք։ Արաբներն իրենք ուտում էին, իսկ ինձ սոված թողնում։ Երբ էլ չկարողացա դիմանալ սովին, հաց գողացա ու կերա։ Ինչպե՞ս պետք է զղջամ այդ զանցանքի համար»։

Այստեղ այնքան գործ կա քո նմանների համար։ Չես կարո՞ղ Հայաստան գալ։ Վերադարձի՛ր մեր խեղճ, ընկած ժողովրդի մոտ։

Ուսուցիչներից մեկը՝ Հովհաննեսը, 1921 թվականի փետրվարին գրում է Մարաշից․ «Մեր կյանքն այստեղ աղոթքների կյանք է և այն, որ դեռ ողջ ենք, հրաշք է։ Շատ անգամներ եմ մտածել, որ արժանի չեմ այսպիսի հրաշքների, բայց Նրա գթասրտությունը մեծ է․․․ Չգիտենք՝ երբ գնանք Ամերիկյան քոլեջ ու վերադառնանք, արդյոք կվերադառնանք նույն վայրը կամ արդյոք կվերադառնանք կոտրված գլխով կամ վերջույթներով, որովհետև թուրքերը միշտ պարեկում են, մենք էլ՝ աղոթում նրանց հետևում։ Երկու ամիս առաջ 18-29 տարեկան հայերին նորից զորակոչեցին։ Բանվորներ և արհեստավորներ են։ Բանվորները մաքրում են թուրքերի տները, իսկ արհեստավորները՝ աշխատում զինվորականների համար։ Այս օրերին կառավարությունը կբռնագրավի նրանց տները, որոնք կփախչեն ֆրանսիացիների հետ, նույնիսկ նրանց տները, որոնց ընտանիքի միայն մեկ անդամն է փախել, որ փրկի իր կյանքը։ Այսպես, գրեթե 2000 մարդ է անտուն և ստիպված է ապրել փողոցում, որովհետև այն քիչ տները, որ դեռ կան, խիտ բնակեցված են։ Բայց մենք աղոթում և աղերսում ենք Աստծուն, որ օգնի և համոզված ենք՝ Նա կօգնի մեզ։ Այլևս բողոքական եկեղեցի չունենք, որովհետև պատերազմի ժամանակ երկու եկեղեցի հրդեհվեց, իսկ 10 օր առաջ էլ երրորդը հրդեհվեց»։

Տղաներն այստեղ աղոթում են սիրով և հավատով՝ հայերի և թուրքերի ապաշխարելու, իրենց տները պաշտպանելու համար։ Ամեն ինչ պատրաստում ենք և ամբողջ գիշեր՝ մինչև ժամը 6-ը արթուն մնում։

Անկողին եմ մտնում ամբողջովին հագնված․ լամպը լուսավորում է սենյակս մինչև առավոտյան ժամը 7-ը։

Այս նամակներից հասկանում ենք, թե ինչ մեծ է կարիքը, բայց նաև նկատում ենք, թե ինչպես է Աստված ամեն ինչի միջով հոգիները քաշում դեպի իրեն և իր հաստատակամ հրաշքները գործի դնում ամենամեծ վտանգների և դժբախտությունների ժամանակ։ Գովաբանեք Աստծուն Իր գթասրտության համար։ Եկեք շարունակենք աղոթել Մարաշի վերածննդի համար, որպեսզի մնացած մարդիկ էլ կարողանան փրկվել։

Նախորդ օրը մի սքանչելի նամակ ստացա տիկին Գրյունհագենից։ Նա և օրիորդ Յոհանսոնն աշխատում են Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սկյուտարի հայ փախստականների շրջանում, մինչև որ բացվի Մեզերե տանող ճանապարհը։ Նա ասում է, որ այս փախստականները բարեխոսության մեծ կարիք ունեն, քանի որ գտնվում են թմրության և հուսահատության խորը ջրերում։ Նրանց էներգիան կոտրված է, և երկար, դժվարին տարիներն արել են իրենց գործը։ Տիկին Գրյունհագենն ասում է․ «Գրեթե անհնար է հասկանալ, որ նրանք դեռ կենդանի են այս բոլոր տառապանքներից հետո, որ ստիպված են եղել ապրել։ Օ՜, թող Աստված միջամտի և ցույց տա Իր ուժը։ Նրանք այնքան են երջանկանում ամեն մի բարի խոսքից, բայց նրանց համար շատ դժվար է լուռ մնալ Աստծո առաջ, որը, ըստ նրանց, բացարձակապես չի ընդունելու իրենց։ Հասկանում եմ նրանց,- ասում է նա,- երբ խոսում են իրենց դժբախտությունից։ Ինչպես են օգնություն ճչում, բայց ոչինչ չեն ստացել, ամենադաժան բաներն են կատարվել նրանց հետ։ Հեշտ չէ նրանց օգնել, որովհետև մի մեծ սենյակում հաճախ ավելի քան 50 մարդ է լինում․ օգնում ես մեկին, մյուսը նախանձում է։ Թող սիրելի մարդիկ փնտրեն հին ուղիները և հոգով ու ճշմարտությամբ փնտրեն Աստծուն։ Իսկապես, Նա կլսի նրանց ճիչը»։

1921 թվականի մարտին Լոնդոնի հայկական հյուպատոսարանի նամակից իմացա, որ թուրքերը Կարսում և Ալեքսանդրապոլում վերջին երկու ամսվա ընթացքում սպանել են նվազագույնը 40 000 հայի։ Սպանվածների մեջ կային նաև հազարավոր հայեր Սասունից, Մուշից և Վանից։

Բազում սրտագին ողջույններ Հայաստանի մեր բոլոր ընկերներին, որոնց ճանաչում եմ։

Ձեր երախտապարտ,

քույր Բոդիլ

Երեմիայի ողբերը 3, 22–26, 31–33։

</pages>