Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 14, համար 4, 1921)

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 14, համար 4, 1921)

Հայաստանից

Իմ սիրելի՛ ընկերներ,

Այս ամռանը նամակ ստացա Մուշի մի հայ երիտասարդից, որին Աստված գթասրտությամբ փրկել էր բազում դժվարություններից և ում մտածում էի էլ երբեք չեմ տեսնի, քանի որ թուրքական կառավարությունը վտարել էր նրան և աքսորել 1916 թվականի փետրվարի կեսին՝ իմ՝ Մուշից փախչելու նախորդ օրը, երբ ռուսները շատ մոտ էին։ Մտածում էինք Մուշում մնալ, որովհետև ես չեզոք էի, բայց քանի որ բոլոր հայերին քշեցին երկրի խորքը, ես էլ որոշեցի փախչել։

Կոստանդնուպոլսի այս երիտասարդը գրում է ինձ 1921 թվականի հունիսի 18-ին․

«․․․երեք օր առաջ այցելեցի քույր Ալմային․ շատ ուրախ էի, երբ իմացա նրա հասցեն։ Երբ քեզանից բաժանվեցի Մուշում՝ կառավարական փաստաթղթերով բեռնված ինձ քշեցին Բիթլիս, հետո էլ Դիարբեքիր, որտեղ մի շաբաթով ձերբակալեցին։ Այդուհանդերձ, որոշ մշեցի ժանդարմների ցուցումով և Վեզի բեյի միջնորդությամբ ազատեցին բանտից (վերջինս նախկինում հրամանատար էր եղել Մուշում) և հանձնեցին թուրքական զինվորների, որոնք վերահսկում էին ճանապարհները բարեկարգող բանվորներին․ պետք է այնտեղ աշխատեի։ Անհնար է նկարագրել այն դժվարությունները, որոնց միջով անցա այնտեղ և չեմ էլ ուզում քեզ ծանրաբեռնեմ իմ պատմությունով, բայց պետք է ընդունեմ, որ միշտ հույս եմ ունեցել, որ ողջ կմնամ և չհիասթափվեցի։

Քո մասին առաջին տեղեկությունը ստացա 1917 թվականին Հալեպի գերմանական հյուպատոսության միջոցով, որտեղ, եթե չեմ սխալվում, հարցուփորձ էիր արել իմ մասին և փնտրել ինձ։ Երկար ժամանակ ուզում էի գրել քեզ և շնորհակալություն հայտնել, բայց չկարողացա գտնել քո հասցեն, իսկ գերմանական հյուպատոսությունն էլ հրաժարվեց տրամադրել այն։

Իմ ընտանիքից քույրս Էրզրումում հաջողացրել է փրկվել և հիմա ամուսնու հետ բնակվում է Երևանում։ Բիթլիսի զարմիկս փրկվել է երկու որդիների հետ, նրանք արդեն տեղափոխվել են Հալեպ՝ նույնիսկ նախքան պատերազմը։ Մյուս զարմիկիս կինն էլ է փրկվել․ նրանց հետ եմ ապրում։ Մի տարի առաջ զարմիկիս հետ գործով Հայաստանի Հանրապետություն եկա․ սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո բոլշևիկների պատճառով ստիպված էի ամեն ինչ թողնել և փախչել․ այս տարի Զատկին հասա Կոստանդնուպոլիս։

Հիմա դժբախտաբար անելու բան չունեմ։ Ամենամտերիմ բարեկամներիս և այն ամենը, ինչ ունեի, կորցրի այս պատերազմին և նույնիսկ թանկագին ժամանակը կորցրի։ Այնքան երկար էի ստիպված ապրել վայրի քրդերի հետ և երբ վերջապես եկա Հալեպ, դժվարությամբ էի հայերեն խոսում։ Իմացել եմ, որ ուզում ես Կոստանդնուպոլիս գալ․ շատ ուրախ եմ։ Միգուցե Աստված ինձ երկրորդ հնարավորությունը տա, որ անձնապես սեղմեմ ձեռքդ և հազար անգամ շնորհակալություն հայտնեմ։ Իմ աղոթքն է, որ Աստված քեզ ճշմարտություն տա, որ աշխարհում խաղաղություն լինի և ես մնում եմ

քո անկեղծ,
Մուշեղ Դուրման

Հ․ Գ․ Իմ ընկեր Հայկը առողջ է և բնակվում է Հյուսիսային Կովկասում»։

Մուշեղը Մուշի մի վաճառականի որդի էր, ծնողների հպարտությունն ու ուրախությունը։ Շատ բարետես և հմայիչ երիտասարդ էր, բարձրահասակ, շիկահեր և կապուտաչյա։ Շատ լավ տուն ուներ։ Առաջին անգամ, որ ծանոթացա նրա հետ, այն օրն էր, երբ նա խնդրեց տեսնել իր քրոջը, որը հիվանդ էր։ Մենք նրա հետ գնացինք իրենց տուն և երբեմն այցելում էի նրանց։ Հավանաբար 14-15 տարեկան էր, քաղաքավարի և համեստ։

Ընկերը՝ Հայկը, հարուստ իրավաբանի որդի էր Մուշից։ Ուսումն Էրզրումում էր ստացել․ հեռագրավար էր աշխատում, երբ ծանոթացա նրա հետ կոտորածի ժամանակ։ Հայկն էլ էր շատ բարետես երիտասարդ, 17 տարեկան էր, բարձրահասակ, թխահեր, շատ խելացի։ Այս երկուսին նորից հանդիպեցի 1915 թվականի աշնանը, երբ, ինչպես շատ ընկերներ կհիշեն, նոյեմբերի սկզբին վերադարձա Մուշ՝ օգնելու խեղճ փախստականներին և անտուններին և տեսնելու, թե արդյոք մեր սիրելի հայ աշխատողներից ոմանք դեռ կենդանի են և միգուցե ծայրահեղ դրության մեջ են։

Մեր քահանա Միհրան Գաբրիելյանը Հավատորիկում է։ Ընտանիքի հետ փախել է լեռներ՝ քրդերի մոտ, բայց ավելի ուշ իմացա, որ նրան, կնոջը և երեխաներին սպանել են այնտեղ։ Անցած կիրակի քարոզի համար հավաքել էր բոլոր հայերին, որոնք փախել էին լեռներ և հանձնվել Աստծո ձեռքը։

Մեզերեում հանգիստ չունեի Մուշի խեղճ մարդկանց մտքից, որոնք ոչ մի օգնող չունեին և երբ ինձ առաջարկեցին մի տարեց թուրք մայորի տունը, ում ճանաչում էի և որը հետ էր վերադառնում Մուշ, որոշեցի հետևել նրան։ Սրբուհին՝ իմ հավատարիմ օգնականը, խիզախաբար միացավ ինձ, քանի որ այդ ժամանակ շատ վտանգավոր էր ճանապարհորդել՝ հատկապես հայ կնոջ համար, բայց Աստված օգնեց մեզ և փառահեղ աշխատանք տվեց ամենակորուսյալների շրջանում։

Այդ ժամանակ Մուշում վտանգավոր էր, և ամեն օր մենք մեզ զգում էինք մահին մատնված․ պետք է նորից ու նորից շնորհակալ լինեմ Աստծուն, որովհետև ինձ թույլ տվեց լինել այդ լքված և հուսահատ ժողովրդի կողքին, որոնք ամբողջովին հանձնված էին թուրքերի գթությանը։ Այդուհանդերձ, որոշ թուրքեր կային, որ կարեկցող սիրտ ունեին, թաքցնում էին հայերին իրենց տներում կամ օգնում էին նրանց փախչել։ Մի թուրք կար, որ հայ ընտանիքներին նկուղներ էր տրամադրել, և ահա ամբոխը խցկվել է մթության մեջ՝ նեղ սենյակներում, ինչը, այդուհանդերձ, ապահով ապաստարան էր նրանց համար։ Միայն մի քանի հայ ընտանիք էր, որ միասին էին, մնացած ընտանիքների մեծ մասը բաժանված էին իրարից, օրինակ՝ մայրը չգիտեր, թե որտեղ է իր երեխան կամ թե արդյոք նա ողջ է։ Այստեղ ամուսինն էր, այնտեղ կինը կամ երեխան։ Գրեթե ամեն օր փողոցներում հանդիպում էի այդպիսի փոքրիկ որբերի և քանի որ չէի համարձակվում նրանց իմ տանը տեղավորել, մի քանի հայ կանանց գտա, որոնք կորցրել էին իրենց երեխաներին և պատրաստ էին խնամել այդ լքված և կորուսյալ երեխաներին։ Ամենադժվարը ապաստարան գտնելն էր, քանի որ Մուշի գրեթե բոլոր հայկական տներն ավերվել էին ամռանը՝ կոտորածի ժամանակ․ այնպես որ անտունների համար շքեղություն էր այդ մութ ու ցուրտ նկուղներում ապրելը։ Նրանք ո՛չ անկողին ունեին, ո՛չ էլ հագուստ, քանի որ քրդերը նրանցից խլել էին ամեն ինչ։ Կորցրել էին իրենց տները, բարեկամներին և այն ամենը, ինչ ունեին։ Սոված էին, մրսում էին և ապրում էին աքսորվելու կամ սպանվելու մշտական վախի մեջ։ Ոչ մի գրիչ չի կարող նկարագրել նրանց ողբը, բայց այդ ամենից հետո նրանք դեռ հարուստ էին, որովհետև տառապում էին հանուն Քրիստոսի։ Այս ընտանիքներից միայն երկուսը իսլամ ընդունեցին, մյուսները չէին կարող պատկերացնել, թե ինչպես կարող են, ինչպես իրենք էին ասում, «կորցնել իրենց հոգին» և դառնալ մահմեդականներ, որպեսզի լավ լինեն․ ավելի լավ է տառապեն և հետո փրկվեն։ Ի՜նչ բարեհաճություն էր այդ թշվառներին կարողանալ խնամելը։ Թուրքերից անկողին առա, որը կոտորածի ժամանակ գողացել էին հայկական տներից։ Սրբուհին կտրեց և հագուստներ կարեց իր մի երիտասարդ բարեկամի հետ, ում ամուսնու ընտանիքը ուզեցել էր ստիպել իսլամ ընդունել՝ աքսորից խուսափելու համար, նա էլ եկել էր մեզ մոտ և օգնում էր։ Շաբաթը մեկ անգամ հացահատիկ, ճարպ և այլ սնունդ էր գնվում և բաժանվում, քանի որ այդ վայրերում սննդի մեծ պահեստներ չէին կարող ունենալ․ թուրքերը կխլեին ամբողջը, դրա համար էլ ամեն ինչ պահում էին իմ նկուղում, և մթնշաղին ամեն «ընտանիքից» մեկը գալիս էր և տոպրակով ուտելիք էր վերցնում։ Ամեն օր փախստականներ էին գալիս, ում ստիպված էինք թաքցնել կամ օգնել։

Բ Կորնթացիս‎ 1, 8-11 ա։

Փախստականներից շատերը հիվանդ էին և մահացան, բայց չենք կարող սգալ նրանց համար, որոնք խաղաղ մահացան իրենց անկողնում։ Այդ ժամանակ մի բարեսիրտ մութասարիֆ կար՝ մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա այդ շրջանում, որն ինձ տարբեր հարցերում օգնեց։ Օգնություն ստացա նաև Ն․ ոստիկանից, ում կնոջը նախկինում օգնել էի։ Այս ոստիկանի օգնությամբ վերադարձրի այն փոքրիկ տունը, որտեղ ապրել էի նախկինում և որը պատկանում էր միսիոներական կազմակերպությանը։ Մի օր նա ինձ ասաց․ «Քույր Բոդի՛լ, մեծ անակնկալ ունեմ, որը շատ կհավանեք․ իմ տան մի սենյակում երկու երիտասարդ հայի եմ թաքցրել․ պետք է մի երեկո գաք և այցելեք նրանց»։ Շատ էի ուրախացել և հուզվել, թե ովքեր կարող են լինել։ Այնտեղ էլ հանդիպեցի Մուշեղին և Հայկին, որոնք շատ հուզվեցին տեսնելով ինձ։ Մուշեղն ասաց․ «Մենք կորցրել ենք մեր բոլոր սիրելիներին։ Եվ հիմա կարծես մեր մայրն եկավ մեզ մոտ, երբ նորից տեսանք քեզ։ Ի՜նչ երջանիկ ենք մենք, որ դու եկար մեզ մոտ մեր միայնության մեջ»։

Երկար ժամանակ թաքնվել էին, օրեր շարունակ փակվել էին այս սենյակում։ Շատ հաճելի էր նրանց հայկական Աստվածաշունչներ և երգարաններ ստանալ․ շատ խոսեցինք հավիտենական բաներից։

Պատմեցին նաև կոտորածի ժամանակ իրենց փախուստի մասին․

Մուշեղի տունը բարձրադիր վայրում էր և հաջողացրել էր փախչել Սասուն, երբ սկսվեցին սպանությունները։ Սասունում շատ հայեր էին հավաքվել, որ պայքարեն, նրանցից շատերը փախել էին Մուշից և մի քանի ամիս պայքարում էին։ Լեռնային հովտում թուրք զինվորները սպանել էին մոտ 30000 մարդու, որոնցից շատերը կանայք էին և երեխաներ։ Որոշ տղամարդիկ ուղևորվեցին դեպի Ռուսաստան և հետ փախան Մուշ ու թաքնվեցին այնտեղ․ շատերն էլ ապրում էին քարանձավներում և լեռներում։ Մուշեղը հետ փախավ Մուշ և չմասնակցեց թուրքերի դեմ պայքարին։ Կարճ ժամանակ անց ժանդարմների հրամանատարի հետ կացարան փնտրեց, բայց երբ հասկացավ, որ վերջինս կարող է վնասել իրեն, փախավ Ն․ ոստիկանի մոտ, ում վաղուցվանից էր ճանաչում և որն ավելի բարյացակամ էր հայերի նկատմամբ։

Հայկին էլ էր հաջողվել փախչել Սասուն, որտեղ մասնակցեց թուրքերի դեմ պայքարին, հետո փախավ Մուշ, որտեղ Ն․ ոստիկանին խոստացավ տալ նրան այն գումարը, որը հայրն էր թաքցրել տանը՝ նախքան աքսորվելը, եթե նա թաքցներ և ապահովեր իրենց ամեն ինչով։ Մի ուշ գիշեր նա և Ն․-ը գնացին ավերակներ, փորեցին և գտան գումարը, որը վերցրեց Ն․-ը։ «Ի՞նչ էի անելու այդ փողը․ պետք է փրկեի կյանքս։ Ծնողներս հավանաբար սպանվել էին, քրոջս էլ քուրդ էր փախցրել․ սա իմ միակ փրկությունն էր»,- ասաց Հայկը։

Թուրքերին անհրաժեշտ որոշ հայ արհեստավորների թույլ տվեցին պահպանել իրենց կյանքը, բայց թուրքերը սպառնացին նրանց և ասացին, որ կսպանեն, եթե իսլամ չընդունեն․ շատերն այդպես արեցին մահվան վախից։

Ոստիկան Ն․-ը ասաց, որ այլևս չի կարող թաքցնել Մուշեղին և Հայկին․ նրանք էլ պետք է սկսեն որպես արհեստավոր աշխատել և հավատափոխ լինեն, ինչը դժբախտաբար արեցին, բայց թույլ չտվեցին իրենց թլպատել, ինչը թուրքերը պահանջում են, երբ մահմեդական են դառնում։ Մուշեղն ու Հայկը որոշ ժամանակ դերձակությամբ էին զբաղվում։ Նորից սպանություններ սկսվեցին և նորից հայերին փնտրում էին, որ մահվան գիրկն ուղարկեն։ Մի օր շատ տառապեցի իմ երկու երիտասարդ ընկերների համար, երբ ոստիկան Ն․-ը Բիթլիսում էր․ անհանգիստ ժամանակներն էին։ Երբ վազեցի, որ հարցնեմ նրանց մասին, ոստիկանի մայրն ասաց, որ թաքցրել է նրանց։ Մի քանի ժամ ստիպված էին կռացած կանգնել, քանի որ սենյակի առաստաղը, որտեղ թաքնվում էին, շատ ցածր էր․ խոնավ, մութ սենյակ էր։ Մուշեղը փախավ մի թուրք վաճառականի մոտ, որն իր հոր ծանոթն էր, իսկ Հայկն էլ մի շաբաթ ինձ հետ թաքնվեց մի փոքր սենյակում։

Շատ անհանգիստ օրեր էին, բայց Աստված լսեց մեր լացը և իմ խնդրանքով մութասարիֆը թույլ տվեց ինձ օգնական վերցնել մի հայի, որը լավ թուրքերեն գիտեր։ Մուշի երեք ղեկավարներից մեկն էլ (պատերազմի ժամանակ նրանք երեքն էին), ում ճանաչում էի, օգնեց ինձ վերադարձնել Հայկին։ Ոչ ոք բացի ոստիկան Ն․-ից տեղյակ չէր, որ նա ինձ մոտ է թաքնվում։

Բայց այս երկու երիտասարդներն ապահով չէին, որովհետև այդ ժամանակ թուրքերը չէին սիրում այդպիսի երիտասարդ, բարետես հայերի, հատկապես նրանց, որոնք ավելի լավ ընտանիքից էին և կրթված էին։ Ամեն օր Հայկը սպառնալիքներ և կշտամբանք էր լսում, երբ դուրս էր գալիս ինձ համար գնումներ կատարելու կամ երբ ընկերակցում էր ինձ տների նկուղներ։

Այս մութ նկուղներում ամեն կիրակի կեսօրին հավաքվում էինք միասին կարդալու Աստծո խոսքը և աղոթելու․ թուրքերի վախից կողպում էինք դռները, որովհետև եթե պատահաբար թուրքեր մտնեին, կսպանեին հայերին։ Այո՛, տարօրինակ և անհանգիստ ժամանակներ էին, որտեղ մենք զգում էինք խաչի զայրույթը և Քրիստոսի որոշ տառապանքները, բայց Աստված շատ մոտ էր մեզ․ ամեն օր զգում էինք նրա հավատարմությունը, հոգատարությունը, օգնությունը և պաշտպանությունը։

Ի՜նչ լավ, հանգիստ Սուրբ ծնունդ նշեցինք մեր մի քանի ընկերների հետ։ Այդ ժամանակներում գրեթե չէինք երգում, բայց Սուրբ ծննդի նախօրեին պետք է երգեինք և շնորհակալություն հայտնեինք Աստծուն։ Հայկը շատ բաց էր, ուրախությամբ էր լսում Աստծո խոսքը․ միասին նաև շատ աղոթեցինք։ Մի օր նա ասաց ինձ․ «Քո՛ւյր Բոդիլ, ես մերժել եմ Հիսուսին․ կարծում ես Աստված կների՞ ինձ այդ մեծ մեղքը, եթե 8 թուրքի կարողանամ հավատափոխ անել»։ Նա դեռ չի գիտակցել Քրիստոսի գթասրտության չափը, բայց և՛ Մուշեղը, և՛ Հայկը զգում էին, որ մեղք են գործել իսլամ ընդունելով։ Ես նրան ասացի, որ եթե ապաշխարի և ներում խնդրի Աստծուց, Աստված կների իրեն հանուն Հիսուսի․ նա դեռ զգում էր, որ չի կարող քավել իր մեղքը։ Մի երիտասարդ ծանոթ թուրք էր երբեմն այցելում Հայկին, և մենք զրույցը տանում էինք դեպի հավիտենական ճշմարտություններ։ Մի օր Հայկն ասաց նրան․ «Ասա՛ ինձ, ըստ քեզ՝ ո՞վ է ավելի մեծ՝ Քրիստո՞սը, թե՞ Մուհամեդը։ Քրիստոսի մասին մահմեդականները գիտեն, որ նա ողջ է և նորից է գալու, իսկ Մուհամեդի մասին գիտեն, որ նա մահացած է։ Բայց նա, ով ողջ է, պետք է ամենամե՞ծը լինի»։ Մահմեդականները խորհեցին սրա մասին, և նա զգաց իր ճշմարտացի լինելը։

Հայկը սկսեց լրջորեն փնտրել Աստծուն և նվիրվեց նրան։

Ե՛վ Մուշեղը, և՛ Հայկը մտածում էին փախչելու մասին, քանի որ դեռ վտանգի մեջ էին։ Մի ծանոթ թուրք մի քանի օր թաքցրեց նրանց իր տանը, որտեղից էլ մի քանի քրդերի օգնությամբ պետք է փախչեին Ռուսաստան, բայց ծրագիրը չհաջողվեց իրագործել, և Հայկը վերադարձավ ու ինձ հետ մնաց մինչև ես փախա 1916 թվականի փետրվարի կեսին։ Հետո նա մի քանի այլ հայերի հետ թաքնվեց Մուշի քարանձավներից մեկում, որտեղ սնունդ և այլ պետքական իրեր էին հավաքել, եթե այնպես պատահեր, որ երկար մնային։ Երբ ռուսները մտան քաղաք, նրանց հետ փախան Կովկաս։

Երբ ժամանեցի Դիարբեքիր, ոստիկան Ն․-ը ինձ ասաց, որ Մուշեղն էլ է այնտեղ, ձերբակալված է։ Ն․-ը էլ էր փախել Դիարբեքիր։ Դժբախտաբար չէր թույլատրվում այցելել բանտարկյալներին, բայց Ն․-ը խոստացավ դուրս հանել Մուշեղին և ապահով տեղ ուղարկել։

Ոչ ոք հայրենիքումս չի կարող պատկերացնել, թե ինչ տանջանքների են ենթարկվում ճանապարհներին աշխատող հայերը։ Կարծես ստրուկներ լինեին, որոնց վերահսկողները վերաբերվում էին այնպես, ինչպես ուզում էին․ ի՞նչ արժեր այդ ժամանակ հայերի կյանքը։ Օրեր շարունակ տեսնում էի նրանց Մուշում։ Ամեն առավոտ և երեկո մի փոքր ուտելիք էին ստանում, գիշերը կողպվում էին մի սենյակում, որտեղ քնում էին հատակին՝ առանց անկողնու և հաճախ խոնավ շորերով։ Առավոտյան նրանց քշում էին աշխատելու խիստ հսկողության տակ․ ամբողջ օրը փողոցներն ու ճանապարհները, հայերի ավերված տներն էին վերանորոգում։ Տեսնում էի, թե ինչպես էին Սասունի լեռների բազում հպարտ տղամարդիկ հալածվում վերահսկողների կողմից՝ նիհար, սոված և թշվառ․ մի տեսարան էր, որը հեշտ չի մոռանալ։ Աղերսելով ձեռքերը դեպի ինձ էին մեկնում, երբ հանդիպում էինք․ օ՜, ինչքան էի ուզում օգնել նրանց, բայց չէի համարձակվում․ ամեն ինչ այդ ժամանակներում պետք է գաղտնի արվեր, քանի որ թուրքերը հսկում էին իմ ամեն մի քայլը, դրա համար էլ ձևացնում էի՝ իբր չեմ տեսնում նրանց, բայց գաղտնի հաճախ էի օգնում։ Նրանց կյանքը երբեք անվտանգ չէր, հաճախ, երբ ճանապարհների շինարարությունն ավարտվում էր, նրանց սպանում էին։ Երբ տեսա նրանց, մտածեցի՝ ահա, թե ինչպեսին էր ստրուկների վիճակը, այնպես որ հասկանում եմ, թե ինչի միջով է անցել Մուշեղը Դիրաբեքիր մոլեռանդ քաղաքում։

Ի՜նչ հրաշալի է զգալ, որ Աստված լսում է աղոթքները և փրկում ամենամեծ փորձանքներից։ Սիրելի՛ ընկերներ, հիշեք այս երկու երիտասարդներին շնորհքի աթոռի առջև, նրանք բարեխոսության կարիք ունեն։

Այս ամառ նամակ ստացա նաև Զմյուռնիայի իմ ընկերներից։ Մուշի մեր նախկին ուսուցիչը՝ Հակոբ Եղիազարյանը և կինը՝ Էլմասը, անկեղծորեն շնորհակալություն են հայտնում 500 կրոն մեծ նվերի համար, որ դուք և Նորվեգիայի ձեր ընկերներն ուղարկել էիք նրանց․ այս տարի նոր ստացան գումարը, քանի որ չեկը կորել էր։ Շատ շնորհակալ են, որովհետև սիրալիորեն օգնեցիք նրանց իրենց դառնության ժամանակ։ Չորս երեխա ունեն, Էլմասի քույրն էլ է իրենց հետ ապրում։ Ինչպես հիշում եք, ստիպված էին ամեն ինչ թողնել և փախչել, բայց վերջապես հասան Զմյուռնիա, որտեղ հիմա նրանք ապահով են և լավ։

Մոտ երեք շաբաթ առաջ նամակ ստացա քույր Ալմա Յոհանսոնից։ Նա գրում է, որ ինքն ու տիկին Գրյունհագենը դեռ Սկյուտարում են։ Մի քանի անգամ Մեզերե տանող ճանապարհը կարծես պետք է բացվեր, բայց այդպես էլ չբացվեց։ Հունիսին քույր Ալման ճանապարհորդելու թույլտվություն ստացավ և Սև ծովով միացավ Սամսունի՝ օգնություն տրամադրող ամերիկացի աշխատողներին, բայց դժբախտաբար ստիպված էր նորից վերադառնալ Կոստանդնուպոլիս, քանի որ քեմալականները նրան թույլ չտվեցին երկիր մտնել։ Քույր Ալման երջանիկ է Սկյուտարի փախստականների շրջանում կատարած աշխատանքով։ Ենթադրաբար այնտեղ Հայաստանի հայերը չեն։ Նա ասում է․ «Հետաքրքիր է, որ դառնությունն ու տառապանքը փոխել են նրանց։ Ընդհանուր առմամբ, նրանք ինձ հիշեցնում են Հոբին, որը խառը ժամանակներում շատ քիչ էր խոսում Աստծո հետ, բայց չէր կարող բաց թողնել Աստծուն, և դա նրա փրկությունն էր»։

Տիկին ֆոն Դոբելերը զմյուռնիացի մի հայ կնոջից լսել էր, որ Սամսունում քրիստոնեացիների կոտորածներ են եղել, Կոնիայից էլ բոլոր հայերին վտարել են։ Ի՜նչ սոսկալի պետք է եղած լինի Կոնիայի խեղճ ժողովրդի վիճակը, որոնք արդեն վայելում էին իրենց ազատությունը։ Բացի այդ, Մարաշի թուրքերն էլ ազատվել են արական մեծ որբանոցի ամերիկացիներից, և բոլոր դպրոցներն այժմ փակ են։ Բացի այս ամենը, ամերիկացիները պետք է լռեն։ Մարաշում ամերիկյան միսիոներական աշխատանքի ղեկավարը շատ է տառապել թուրքերի ձեռքից։ Պետք է նաև որոշ տխուր տեղեկություններ հայտնեմ Հայաստանի մասին, որը տեղ էր գտել «Արևածագ»-ի վերջին համարում։

«Արևելքում թուրքերի և հույների միջև պատերազմը նոր թափով բորբոքվեց։ Եթե հետևանքը շահեկան չլինի թուրքերի համար, նրանք պետք է վերջ դնեն օտարների նկատմամբ իրենց ատելությանը, որն արդեն իսկ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նույնիսկ քեմալականների առաջընթացից շատ ավելի ուշ, բավականին ակնհայտ էր։ Տառապող երկիրը չի կարող առաջ շարժվել առանց արտաքին օգնության։ Պատերազմի տարիներին երկրի ներսում տիրող կարիքը՝ ներառյալ մահմեդական բնակչության շրջանում եղած կարիքը, արդեն մեծ էր․ անհասկանալի է, թե ինչպես են թուրքերը շարունակում պայքարել»։

Կարճ ժամանակ առաջ թուրքերը Մարսովանից ոչ միայն աքսորեցին մոտ 20 ամերիկացի միսիոների, այլև Սամսունում ձերբակալեցին գնդապետ Քումբսին, «Near East Relief» կազմակերպության ղեկավարին և բաց թողեցին միայն տուն վերադառնալու կամ իրենց վերահսկողությամբ աշխատելու պայմանով։ Բացի այդ, ամերիկյան օգնություն տրամադրող կազմակերպության աշխատանքը դրել էին մի քեմալական սպայի վերահսկողության տակ և պահանջում էին, որ օգնություն տրամադրվի ցանկացած կրոն դավանողին։ Սա ցույց է տալիս քեմալականների թշնամական վերաբերմունքն այդքան հարգելի ամերիկացիների նկատմամբ․ հասկանալի է նաև այն, որ մահմեդական բնակչությունն էլ էր դիմել օտարերկրյա օգնության։ Այնտեղ միսիոներական աշխատանքն ավելի հեշտ կամ ավելի դժվար է դառնում՝ կախված իրավիճակից։ Միգուցե Արևելքում ծավալվող պատերազմը միսիոներական աշխատանքի հիմք դառնա։ Հայաստանի քաղաքական անկախությունը անհույս է երևում։ Չի էլ քննարկվում, որ թուրքերը երբևէ կհանձնեն հայկական նահանգները, ինչպես որոշվել էր Սևրի պայմանագրով, և ոչ ոք ջանք չի էլ գործադրում դրա համար։ Բայց Կովկասի Հանրապետությունն էլ է մոտենում իր վախճանին։ Ինչպես հայտնի է, մայրաքաղաք Երևանում իշխանության է եկել բոլշևիկ կառավարություն, որոնց մեջ հայեր չեն, այլ ռուս բոլշևիկներ։ Հայկական կառավարությունը, որը ղեկավարում էր երկիրը, իր նստավայրը տեղափոխել է Զանգեզուրի շրջան։ Որպեսզի համաձայնության գան ռուսների հետ, հետևյալ առաջարկներն են արել․ պետք է երաշխավորվի Հայաստանի անկախությունը, պետք է լինի խառը՝ հայ-բոլշևիկյան կառավարություն, Կարմիր բանակն էլ չպետք է գրավի Հայաստանի բարձրադիր շրջանները, բայց Երևանի բոլշևիկյան կառավարությունը մերժեց այս առաջարկները, պահանջեց հպատակություն՝ առանց նախապայմանների և զորք ուղարկեց Զանգեզուր՝ հայկական կառավարությանը ստիպելու հպատակվել։ Այս ամենը Հայաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կիսելու մասին է և հայերի՝ ազատ և անկախ հայրենիք ունենալու վերջին հույսի անսփոփելի կորուստն է։

Ավելին, այս շրջանում մեծ թշվառություն է տիրում։ Մի ամերիկացի բժիշկ միսիոներ տեղեկացնում է, որ Ալեքսանդրապոլի նրանց որբանոցներից մեկում մի շաբաթում 170 երեխա է մահացել սովից։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է ուրեմն կատարվում փողոցում մնացած մարդկանց հետ։

Հիմա մենք հասկանում ենք, թե ինչ հուսահատ իրավիճակ է ստեղծվել վշտալի ժողովրդի համար, բայց ուզում եմ քեզ նորից հիշեցնել Հռովմայեցիս 4, 18-ում գրված խոսքերը՝ «Առանց յոյսի՝ յոյսով հաւատաց»։ Մենք Փրկիչ ունենք, որը կարող է օգնել և փրկել։ Եկեք անկեղծորեն աղերսենք Աստծուն, որ փրկի և պահպանի մեզ մինչև կգա պատասխանը․ կարող է նաև ստիպված լինենք երկար սպասել։ Ղուկաս 18, 1-8։ Հոբ 35, 14։

Եվ եկեք աղոթենք զարթոնքի համար, որ փրկվեն հոգիները սարսափելի փորձանքի ժամանակ և հավատացյալների հաստատակամության և հաստատունության համար, որոնք մենակ կանգնած են թշնամու ցասման առջև։ Աստված բավականաչափ հզոր է, որ պահպանի նրանց։ Ես էլ եմ դեռ սպասում, քանի որ «Ամերիկյան հարթակներ» առաքելության վերջնական որոշումը, որին համաձայն է նաև «Կանանց առաքելության աշխատողներ»-ը, դեռ հայտնի չէ։ Ենթադրաբար Կոստանդնուպոլսից հեռու չեմ կարողանա գնալ, բայց քանի որ այնտեղ պետք է որ շատ փախստականներ և շատ հայ բնակիչներ լինեն, շատ էլ անելու գործ կլինի։ Այլապես Աստված ամեն ինչ դասավորել է ինձ համար հայրենիքում և ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին իրենց հավատարիմ բարեխոսության համար։ Շատ եմ ցանկանում հասնել այն մարդկանց, որոնք այնքան սիրելի են դարձել ինձ, միգուցե որովհետև սարսափելի տառապանքների միջով են անցել և դեռ կատաղի փորձության մեջ են։ Երբ Աստված կանչի, ուրախությամբ կգնամ, բայց իմ ժամանակը նրա ձեռքերում է։ Աղոթե՛ք, որ նա ինձ լցնի իր հոգով և ուղղորդի ինչպես կամենա ինձ համար պատրաստված ուղով, որպեսզի կարողանամ նրա թագավորությունը գովաբանեմ այնտեղ։

Շատ սրտագին բարևներ բոլոր սիրելի ընկերներին

Ձեր երախտապարտ,

քույր Բոդիլ

</pages>