Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 6, համար 2, 1913)

Հայաստան

Հատված քույր Բոդիլ Բյորնի անձնական նամակից


Մուշ 7/1 13

Աստծո բարեհաճությունը և խաղաղությունը ձեզ։

Թող աստված ձեզ և բոլորին օրհնյալ տարի շնորհի, իմ սիրելի՛ նորվեգացի ընկերներ։ Անկեղծ շնորհակալություն բոլոր աղոթքների և սիրո համար։ Միշտ էլ հաճելի է նորություններ իմանալ տնից և զգալ բոլոր ընկերների հավատարիմ աղոթքները, սերը և ջերմագին հետաքրքրվածությունը Մուշում Աստծո կատարած գործով։ Այնքան եմ ցավում, որ այս տարի ևս չեմ կարողանալու շատ գրել ձեզ։ Նամակագրությունը Ֆրանկֆուրտի հետ, դպրոցները, հիվանդների հետ ամբողջ աշխատանքը և շատ ուրիշ բաներ շատ ժամանակ և աշխատանք են պահանջում։ Թող Աստված մյուս աշնանը ֆոն Դոբլերսին կամ մեկ այլ միսիոների ուղարկի Մուշ, որպեսզի կարողանամ ազատվել կայանի ղեկավարումից և պատասխանատվությունից։ Շատ շնորհակալ կլինեմ և կկարողանամ ինձ ամբողջովին նվիրել հիվանդներին ու աղքատներին։ Ինձ թվում է՝ ամեն ինչի միայն կեսն եմ անում, բայց Աստված գիտի․ նա ամեն ինչ կանի՝ ըստ իր իմաստուն կամքի։

Շուտով դպրոցի և հավաքատան շենքերը պատրաստ կլինեն։ Ամեն ինչ ավելի հեշտ կդառնա, որովհետև պետք է հետևեմ և կազմակերպեմ աշխատանքն ու հաշիվները։ Գարնանը շենքում որբանոց է լինելու, բայց գրել եմ, որ մեզ ուղարկեն մեկին, որ գա վերահսկի կառուցման աշխատանքները, քանի որ ես չեմ կարող և չեմ էլ կրելու այդ ամենի պատասխանատվությունը։ Այժմ տեսնենք, թե ինչ կստացվի․ այժմ աշխատում ենք կառուցման թույլտվությունն ստանալու և սեփականությունը պարոն ֆոն Դոբլերսի անունով փոխանցելու ուղղությամբ։

Հավատացեք, որ մեծ, ամուր և գեղեցիկ շենք ունենք։ Հավաքատան վերևի սենյակը մեծ է, լուսավոր և գեղեցիկ։ Դպրոցի դասասենյակները ներքևում են․ 4 սենյակ կա, իսկ մեկն էլ վերևում է և երկու ուսուցիչների՝ Մարգարիտի ու Մարիցայի համար է․ մի փոքրիկ, լուսավոր և հարմարավետ սենյակ է։ Մեր գոհունակությունն Աստծուն, որ օգնեց մեզ ավարտել աշխատանքը։ Եթե Աստված չկառուցեր այս տունը, ամեն ինչ իզուր կլիներ։ Չեք պատկերացնի, թե ինչ դժվարությունների հանդիպեցինք կառավարության կողմից․ նրանք անընդհատ կանգնեցնում էին աշխատանքը։ Երկու վերահսկող աշխատակից կար, որոնք պարբերաբար գալիս և հետևում էին։ Ստիպված էինք նրանց «բախշիշ» տալ, այլապես անհնար կլիներ առաջ շարժվել։ Օրեցօր Աստված օգնում էր։

Դպրոցի գործը լավ է առաջ գնում․ այս ցուրտ ու մութ Մուշում դա իմ արևի շողերից մեկն է։ Շատ ծախսեր եղան փայտի, ձեռքի աշխատանքի և ուսուցիչների սենյակի կահավորման հետ կապված, բայց Աստված դեռ օգնում է և ապահովում այն ամենով, ինչի կարիքն ունենք։ Այժմ 108 աշակերտ ունենք, բայց կարող ենք ավելին տեղավորել, եթե ցանկանաք, ուղղակի երկու ուսուցիչը չեն կարող ավելի շատ աշակերտի հսկել, իսկ մենք էլ մեզ չենք կարող թույլ տալ ևս մեկ ուսուցիչ վարձել։ Եթե Աստված գումար տա, մյուս տարի կվարձեմ ևս մեկ ուսուցիչ։ Աղոթե՛ք, որ Աստված օրհնի բոլոր երիտասարդներին և որ ամեն կիրակի և հինգշաբթի հավաքատան սրահը լցնի բազում մարդկանցով, մեր հայ հոգևոր հովիվին և մեզ բոլորիս լցնի Սուրբ հոգով, որպեսզի մենք դառնանք Հիսուսի ջերմ և նախանձախնդիր վկաները։

Այս տարի ուրախ Սուրբծննդյան խնջույք չունեցանք։ Այնքան երկար էինք դրան սպասել և ահա դեկտեմբերի 24-ին մենք նույնպես տոնեցինք բոլոր երեխաների և ուսուցիչների ու մեզ օգնողների հետ։ Որոշ մարդկանց հրավիրեցինք հավաքատան նոր սրահ, բայց գիշերը մեր ուսուցիչ պարոն Արսենը տղաների տանն այնպես հիվանդացավ, որ ամսի 26-ի առավոտյան մահացավ։ Մեծ, շատ մեծ վիշտ և կորուստ էր բոլորիս համար։ Նոյեմբերին հիվանդացել էր, հետո կրկին ապաքինվեց, բայց ոչ ամբողջովին։ Հետո նորից մրսեց, սոսկալի ցրտահարվեց և այնպես էր շունչը կտրվում։ Վերջին գիշերը, երբ ես ու Ռուբենը մնացինք նրա մոտ, անընդհատ օգնում էինք նրան և փոխում դիրքը։ Խե՜ղճ մարդ, շատ էր տառապում, բայց այնքան համբերատար էր։ Պարոն Արսենը միշտ օգնող էր ու բարի իմ նկատմամբ․ նա մեր ամենաընդունակ ուսուցիչներից մեկն էր, այնքան շատ էր սիրում իր աշխատանքը և տղաներին։ Աստծո ուղիները իրոք տարօրինակ են մեր աչքերում․ անցյալ տարի Աստված իր մոտ կանչեց մեր լավագույն երկու ուսուցիչներին։ Բայց մենք չպետք է բողոքենք․ նրանք բոլորն էլ, ի վերջո, տուն գնացին։ Հինգ շաբաթ առաջ, երբ պարոն Արսենը հիվանդ էր, «վերջին ճանապարհն ընկնելու» նրա նախապատրաստական ժամանակն էր։ Կարոտում եմ նրան, նա միշտ այնքան երջանիկ էր և այնքան ուրախ էր ծիծաղում, երբ հիվանդ ժամանակ նրա մոտ եկա։

Հետո մեր ուսուցիչների հետ տոնեցինք Սուրբ ծնունդը կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, բայց, իրոք, չեմ կարծում, որ մենք այս տարի տոնեցինք։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք, որ Ռուբենն ուժեղ մնա, նա հազում է և չի խոսում, հաճախ գլխացավ ունի, բայց դեռ օգնում է ինձ ինչով կարող է։ Կարծում եմ՝ զինվորական ծառայության չի անցնի, քանի որ միայն մայր ունի և միակ երեխան է։ Աղոթե՛ք նաև, որ Աստված օգնի այդ հարցում։

Մի բան շատ կարևոր է ինձ համար, և իմ բոլոր ընկերները պետք է աղոթեն դրա համար։ Մենք ավետարանի մի ջերմագին քարոզողի կարիք ունենք, լավ կլինի՝ տեղացի լինի, որը կկարողանա շրջել և քարոզել Մուշի շրջանի շատ ու շատ գյուղերում և որը կսկսի աշխատել Մուշի երիտասարդների հետ։ Եթե միայն Աստված մեզ միջոցներ տա դրա համար և ցույց տա ճիշտ ուղին։ Կցանկանա՞ք աղոթել դրա համար։ Աստվածաշունչ կարդալու համար կին էլ է հարկավոր Մուշում։

Փառք Աստծու, հիմա մենք խաղաղ ենք, այնպես, որ կարիք չկա վախենալ մեզ համար։ Որոշ ժամանակ բավականին վտանգավոր էր, բայց փոթորիկն անցավ։ Մեր գործը, չնայած պատերազմին, կանոնավորվել է։ Բժիշկ Զանրիևը կրկին գնացել է, և ես շատ հիվանդներ ունեմ։ Ունեմ նաև նրանց օգնելու, նրանց հետ զրուցելու, տանը նրանց այցելելու հնարավորություններ։ Եթե միայն ավելի շատ ժամանակ ունենայի։

Սիրառատ ողջույններ Եբրայեցիս 12. 2. 3-ով

ձեր նվիրված,
Բոդիլ Բյորն
</pages>