Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 6, համար 4, 1913)

Հայաստանից

Հատված քույր Բոդիլ Բյորնի նամակից


Սուրբ Կարապետ, հուլիսի 16, 1913, հայկական եկեղեցի, Մուշից 8 ժամ հեռավորության վրա

Շատ եմ ցավում, որ հազվադեպ եմ ժամանակ ունենում հայրենիք նամակ գրելու համար, բայց այստեղ՝ լեռներում՝ հեռու աղմուկից, թոհուբոհից ու խուճապից, ժամանակ ունեմ, որ հանգիստ պատասխանեմ իմ սիրելի նամակներին։ Երևի գիտեք, որ հունիսի սկզբին գնացի Միաֆարկին՝ հանդիպելու պաստոր Լոհմանին և քույր Թորային տեսնելու համար։ Ինձ հետ քիչ բան էի վերցրել, քանի որ 3 օրվա ճանապարհ էր Մուշից Ֆարկին․ ո՛չ մահճակալ ունեի, ո՛չ էլ անկողին, միայն մի քիչ սնունդ ու հագուստ։ Ռուբենն ու Սաբթին էլ էին մեզ հետ․ Սաբթին եկել էր մեզ ճանապարհը ցույց տալու ու պաշտպանելու, որովհետև ասում էին՝ քրդերի շրջանում իրարանցում է, և մի օր առաջ այս նույն ճանապարհին թուրք սպա էր սպանվել։ Մեր ձիերը մեզ հետ էին, հարթ ճանապարհն արագ անցանք, բայց լեռներում դժվար էր։ Առաջին օրն այդքան էլ վատ չէր․ երեկոյան հասանք քրդական Շեն գյուղ, որը բարձրադիր էր և գեղեցիկ։ Մի բարյացակամ քուրդ ցեղապետ մեզ հյուրընկալեց իր բաց, գեղեցիկ վրանում, որտեղ շուտով հանգստացանք։ Ցեղապետը և նրա եղբայրը ճաշեցին մեզ հետ․ փլավ էր, կանաչեղեն և ծանր, սև հաց, որն այնքան լավ էր ուտել երկար ճանապարհից հետո։ Այնուհետև նրանց համար թեյ պատրաստեցի, իսկ Ռուբենը լիմոնադ բերեց։ Այնքան հավանեցին լիմոնադը․ «Միայն մտածեք, որ գերմանացիները ծառայում են մեզ․ սովորաբար նրանք մեզ ոչինչ չէին տա»։ Ես ասացի Ռուբենին․ «Պետք է հնարավորություն գտնենք նրանց հետ հոգևոր թեմաներից խոսել, նրանց պատմել Հիսուսի մասին» և շուտով մեզ ընձեռնվեց նման հնարավորություն։ Նրանցից մեկն ասաց մյուսին․ «Տեսնում եք, որ գերմանացիներն իրենց երկրում էլ երջանիկ չեն, դրա համար էլ գալիս են այստեղ ճանապարհորդելու»։ Նրանց ներկայացրի մեր գալու իրական պատճառը, և շուտով երկար զրույցի բռնվեցինք հավերժական թեմաների շուրջ։ Ես հայերեն էի խոսում, իսկ Ռուբենը որքան կարողանում էր, թարգմանում էր քրդերեն։ Եթե քրդերեն թարգմանածը չէին հասկանում, ասում էր թուրքերեն, իսկ Սաբթին թարգմանում էր քրդերեն։ Հատկապես ուշադիր էին լսում ցեղապետի եղբայրն ու Սաբթին և այնքան հարցեր էին տալիս։ Սրտումս շնորհակալություն հայտնեցի Աստծուն այս վայրի քրդերի մոտ Հիսուսի մեջ փրկություն գտնելու մասին խոսելու հնարավորություն տալու համար։ Սկզբում բոլորն էլ ուզում էին գիշերն անցկացնել վրանում, բայց խնդրեցի, որ մեզ մենակ թողնեն և դրսում գիշերեն։ Բաց վրանում ցուրտ էր, բայց նրանք սենյակի կենտրոնում խարույկ վառեցին և մեզ տաք անկողին տվեցին։ Սաբթին ու Ռուբենը պառկեցին լիցքավորված հրացաններով, բայց ես ինձ այնքան ապահով էի զգում նրանց հետ, որ կարծես Մուշի իմ անկողնում լինեի։ Վաղ առավոտյան արթնացա, երբ քրդերից մեկը բղավեց․ «Ռուբե՛ն, Ռուբե՛ն, շտապի՛ր, ձիերից մեկը փախել է լեռներ»։ Ռուբենը հնարավորինս արագ վազեց։ Մեր երկու ձիերին ստիպված էինք կապել վրանից հեռու, քանի որ մոտակայքում լավ արոտատեղ չկար։ Դժբախտաբար, Սաբթիի ձին էր, մյուս ձին էլ շատ հեռու էր փախել՝ գետի մյուս կողմ, հավանաբար կորած ձիերի հետևից։ Հույս չունեի, որ այդ օրը ճանապարհ կընկնենք, բայց վստահեցի Աստծուն և շատ մեծ էր ուրախությունս, երբ 1-1.5 ժամ հետո իմացա, որ մեր ձիուն բռնել են, իսկ ավելի ուշ նրանք խորամանկորեն բռնեցին նաև Սաբթիի ձիուն։ Ավելի ուշ ճաշեցինք և լուսանկարվեցինք, որը հետո կուղարկեմ, եթե լավը լինի։ Վերջում մի ահազդու դերվիշ եկավ՝ սև, երկար մազերով և սև, չար աչքերով․ ուզում էր մեզ իր օձերը և ինչ-որ համար ցույց տալ։ Այդ մարդու ներկայությունից ինձ լավ չզգացի․ կարծես չար ոգի լիներ, որ կողքս նստած նայում էր ինձ։ Շատ ուրախ էի, երբ կրկին ճանապարհ ընկանք դեպի Ֆարկին։ Հոգնեցուցիչ օր էր՝ լեռներում վերուվար անելով։ Մի կողմում անդունդ էր․ շատ ժամանակ ստիպված էինք ոտաբոբիկ քայլել քարքարոտ ճանապարհով։ Դժվար էր, բայց վերջապես հասանք դաշտ և սկսեցինք ձիավարել։ Գետը չափազանց խորն էր, որ կարողանայինք ձիավարել, դրա համար էլ ստիպված էինք այս երկար ու դժվար ճանապարհով գնալ։ Այդ գիշեր մի անգամ գետի միջով գնացինք․ խորն էր։ Գիշերը ուշ հասանք հայկական Պասար գյուղ, որը մեծ էր, բարձրադիր և գեղեցիկ։ Շուտով մեր շուրջը հետաքրքասերների մի մեծ խումբ հավաքվեց։ Մի բարյացակամ կոշկակար մեզ իր տուն հրավիրեց, իսկ ուսուցիչն էլ մեզ ամեն ձև օգնեց։ Երրորդ օրը կեսօրին հասանք շեյխի տուն․ ուզում էինք հեռու գնալ, բայց ինձ ստիպեցին այցելել շեյխի կնոջը, որը հիվանդ էր։ Իջա ձիուց և ինձ ուղեկցեցին մեծ սրահ։ Շեյխը չափազանց բարյացակամ և քաղաքավարի էր, թույլ չտվեց, որ շարունակենք մեր գործը մինչև չճաշենք։ Անձամբ հոգ տարավ, որ ոչ ոք ներս չմտնի և չանհանգստացնի ինձ։ Մինչ ուտում էի, մի ծառա կանգնած քշում էր ճանճերին։ Այս շեյխը շատ հայտնի է, շատ գյուղեր ու հողեր ունի։ Բարի է նաև քրիտոնյաների նկատմամբ և շատ հյուրընկալ։ Մեծ տուն ունի։ Միայն մեկ կին ունի, որին երևում է, որ շատ է սիրում։ Վերջինս տարիքով ավելի մեծ էր, բայց պահպանել էր երբեմնի գեղեցկությունից որոշ բաներ։ Քանի որ այդ օրը երկար մնացինք, չկարողացանք Ֆարկին հասնել։ Չմտահոգվեցինք և մեզ կրկին հնարավորություն ընձեռնվեց շեյխի հետ խոսել Աստծո մասին․ նա ուրախությամբ լսեց մեզ։ Հաջորդ օրը շոգ էր, բայց երեկոյան կողմ լավ եղանակ էր ձիավարելու համար, վերջապես երևաց լուսինը։ Սաբթին չգիտեր ճանապարհը և ամենավատն այն էր, որ չգիտեր, թե որտեղով պետք է անցնենք խորը գետը։ Գյուղը, որտեղ պետք է գիշերեինք, գետի մյուս կողմում էր։ Սաբթին ու Ռուբենը մեկ ժամ բղավեցին և գոռացին, մինչև ինչ-որ մեկն եկավ, որ մեզ ցույց տա, թե որտեղով պետք է անցնենք գետը։ Վերջապես նրանք հասկացան, թե ինչ ենք ուզում, և երկու տղամարդ մեր ձիերը տարան գետի միջով․ ջուրը շատ բարձր էր և շատ տեղերում անհնար էր ձիավարել։ Այդ գիշեր մնացինք բաց տանիքով մի տանը․ լվերն այնքան շատ էին, որ չկարողացանք շատ հանգստանալ, բայց մարդիկ բարյացակամ էին և հարեհաս։ Հայկական գյուղ էր և երկրի այդ մասում գտնվող աղքատ գյուղերից մեկը․ այնպիսի տպավորություն ստացա, որ մարդիկ Ֆարկինում և դրա շրջակայքում տառապում են ոչ թե ֆիզիկական առումով, այլ հոգևոր։ Այդ շրջանում հայերի վրա մեծապես ազդում են քրդերը։ Մուշի շրջակայքում հայերն ուրիշ են և ավելի անաղարտ ու անբիծ են պահպանել իրենց ազգությունը։ Տարիների հետ հայերն ավելի ու ավելի թանկ են դառնում ինձ համար․ ես ավելի լավ եմ հասկանում նրանց, զգում եմ նրանց հետ իրենց բոլոր դժվարություններն ու դժբախտությունը։ Հայաստանը դարձել է իմ երկրորդ հայրենիքը։ Գիտեմ, որ Աստված է իմ սրտում ցանել այս սերը դեպի այս երկիրը և ժողովուրդը․ սա օգնում է ինձ առաջ գնալ, այնպես, որ կարող եմ դիմանալ և ի վերջո, լավ բաներ սպասել և հուսալ այս կեղեքված, դժբախտ և տանջահար ժողովրդի համար։

Հաջորդ օրը կեսօրին հասանք Ֆարկին, որտեղ մեզ հյուրընկալեցին մեր սիրելի քույրերը։ Ֆարկինը շատ գեղեցիկ վայրում է տեղակայված, մեծ այգիներ ունի, հին ու շատ գեղեցիկ քաղաք է։ Դուք շատ լավ գիտեք սրա մասին քույր Թորայի պատմածներից, այնպես որ շատ բան չեմ ասի։ Սարսափելի շոգ է․ դժվար թե կարողանայի ապրել այստեղ։ Այն վեց օրը, որ այստեղ էի, չկարողացա քնել շոգի և միջատների պատճառով։ Հետաքրքիր էր տեսնել քույր Թորայի փոքրիկ տունն ու աշխատավայրը։ Դռները փակ էին, երբ այնտեղ գնացինք, դրա համար էլ փորձեցին ինձ մեկ այլ վայր տանել։ Երեքշաբթի՝ հունիսի 17-ին, դուրս եկա քույր Թորայի հետ՝ դիմավորելու պաստոր Լոհմանին։ Շատ, շատ հաճելի էր տեսնել նրան ու քույր Հենսինին, բայց ամեն ինչ խառնվեց, երբ քույր Թորան ձիու հետ ընկավ փոսի մեջ։ Բոլորովին լավ չէր զգում իրեն։ Վախենում եմ, որ մի թոքը թեթև վնասված լինի և շատ եմ ուզում իմանալ, թե ինչպես է այժմ, քանի որ դեռ որևէ լուր չունեմ նրանից։ Իմ սիրելի քույրերի համար հեշտ չէ իրենց միայնակ, դժվարին գործում։ Թող Աստված ճիշտ դուռ բացի նրանց համար։ Պաստոր Լոհմանը միայն երեք օր մնաց․ այնքան մարդ եկավ նրան ողջունելու։ Ամսի 20-ի առավոտյան նորից ուղևորվեցինք Մուշ։ Մեկ այլ ճանապարհով գնացինք, միայն առաջին օրն էր նույնը։ Գիշերը հասանք Դուդերիա գյուղի շեյխին, որը մեզ լավ հյուրընկալեց։ Պաստոր Լոհմանը շատ էր հետաքրքրված այս շեյխով, և նրանք լավ ընկերներ դարձան․ Սաբթիի հետ Մուշից նրան արաբերեն Աստվածաշունչ ուղարկեցինք, իսկ կնոջը՝ դեղեր։ Երկրորդ օրվա ճանապարհն անցնում էր լեռնազանգվածով, անցնում էինք բարձր լեռներով, բայց շատ գեղեցիկ էր այդ բարձր լեռներում․ հրաշալի տեսարան էր բացվում։ Երեկոյան ոչ մի գյուղի չհասանք․ ստիպված էինք վրանը խփել լեռան վրա, որտեղ ո՛չ խոտ կար, ո՛չ էլ ջուր։ Երբ լուսինը դուրս եկավ, տղամարդկանցից մեկը ստիպված էր մեկ ժամ ճանապարհ անցնել ջուր բերելու համար։ Երրորդ օրը՝ կիրակի, ավելի լավ կլիներ հանգստանայինք, բայց այս ամայի վայրում չէինք կարող մնալ։ Պետք է առաջ շարժվեինք։ Երբեք այսպիսի ճանապարհով չէի գնացել․ մի անգամ վերև էինք շարժվում սարսափելի զառիթափ քարքարոտ պատով, որը վերջ չուներ։ Երբ շատ հոգնած էինք, դանդաղ էինք ձիավարում, բայց վերջապես հասանք լեռան վրա գտնվող մի քրդական ճամբարի, որտեղ մեզ այնքան լավ ընդունեցին։ Տեղավորվեցինք այնտեղ և շատ լավ օր անցկացրինք։ Չգիտեին, թե էլ ինչպես լավ հյուրընկալեն մեզ․ միս, կաթ, մածուն և աղբյուրի ջուր հյուրասիրեցին։ Քույր Հենսինը և ես ճաշկերույթ կազմակերպեցինք։ Այս քուրդ աղան այնքան բարի էր մեր նկատմամբ, որ ավելի շատ կցնականայինք մնալ այնտեղ, եթե ժամանակ ունենայինք և ստիպված չլինեինք մեկ այլ վայր գնալ կենդանիների համար ավելի լավ արոտատեղ գտնելու համար։ Կանայք ամոթխած էին․ միշտ ավելի հեշտ է տղամարդկանց հետ խոսել։ Չորրորդ օրն այդքան լարված չէր։ Հիմնականում բլուրներում էինք, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի բարձր լեռնազանգվածներ և մի քանի ձյունածածկ լեռներ։ Մեր ուղևորության ժամանակ անցանք Անդոկ բարձր լեռան մոտով։ Կեսօրին՝ ժամը 6։30, հասանք Մուշ, որտեղ մեզ, իհարկե, դիմավորեցին ուրախությամբ։

Պաստոր Լոհմանը միայն մի շաբաթ մնաց մեզ հետ, բայց դրանք տոնական օրեր էին մեր բոլորի համար։ Միայն թե շատ քիչ մնաց, ինքն էլ էր հոգնած այդպիսի երկար ճանապարհորդությունից և այդքան հանդիպումներից հետո։ Նա դեռ ամեն գիշեր հանդիպումներ ունի հավաքատան մեր նոր սենյակում, և շատերն են գալիս՝ չնայած անհարմար ժամին։

Շաբաթ օրը՝ հունիսի 28-ին, երեխաների հետ դրսում էինք․ պաստոր Լոհմանն ու ես գնացինք «Լիխթքվել» և մեկ ուրիշ վայր էլ, որ հետևենք շինարարական աշխատանքներին։ Պաստոր Լոհմանը կարծում էր՝ «Լիխթքվելը» շատ հեռու է Մուշից և հողակտորն էլ անհույս էր թվում, բայց դեռ ավելի հարմար մեկ ուրիշ վայր չենք գտել, ոչ էլ շինարարության թույլտվություն ունենք։ Շաբաթ կեսօրին մեր բոլոր ուսուցիչների հետ Աստվածաշունչ կարդացինք ու աղոթեցինք, իսկ ավելի ուշ թեյ խմեցինք, տորթ կերանք, իսկ պաստոր Լոհմանն էլ մեզ այնքան լավ և հետաքրքիր բաներ պատմեց իր ճանապարհորդություններից։ Հրաշալի օր էր։ Այդ կիրակի տեղի ունեցավ հավաքատան սրահի բացման արարողությունը, այն կոչվեց Էբեն-Իզեր։ Աստված այնքան օգնեց սրահի կառուցման ժամանակ և Նա դեռ կշարունակի օգնել, որ այնպիսի տեղ լինի, որտեղ կարող են հոգիները փրկվել։ Սիրելինե՛րս, աղոթե՛ք սրա համար։ Հայերը շատ ուրախ էին պաստոր Լոհմանի այցից, շատերը եկան նրա հետ զրուցելու, մի քանի երիտասարդ էլ ամեն գիշեր գալիս էին նրան լսելու համար։ Ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չունեցավ, ամեն ինչ շատ հանգիստ էր, բայց ես հավատում եմ, որ Աստված շարունակում է աշխատել շատերի սրտում, և որ շատերն են ուզում բացարձակ խաղաղություն և բացարձակ փրկություն։ Մեզ հետ ավետարանչականության հավաքներ էին անցկացնում, և պաստոր Լոհմանը երեկոյի մեծ մասը խոսում էր Հովհաննեսի Ավետարանի գլուխ 3-ից։

Պաստոր Լոհմանի այցը շատ կարճ էր, բայց նա ավելի երկար չէր կարող մնալ։ Նա չայցելեց ոչ մի գյուղ կամ հին վանք, որը կարող էր իրեն հետաքրքրել։ Քույր Քրիստիանեն և ես ուղեկցեցինք նրան ամբողջ ճանապարհին և միասին հրաժեշտի ընթրիք ունեցանք Խասգյուղում (բնօրինակ՝ Chaskøi), որը Մուշից գտնվում է մոտավորապես 3.5 ժամ հեռավորության վրա։

Քույր Հենսինը ինձ մոտ մնաց երկու շաբաթ, և մենք միասին իսկապես լավ ժամանակ անցկացրինք․ այնքան բան ունեինք խոսելու։ Նախքան հեռանալս շատ գործեր ունեի անելու, այնպես որ քույր Հենսինը նախապես գնաց Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ պետք է արձակուրդս անցկացնեի քույր Քրիստիանեի հետ։ Քույր Հենսինը շատ քիչ է մնալու, քանի որ քույր Ալմայի հետ պետք է վերադառնա Մեզերե։ Այնքան հիասքանչ է այստեղ․ մեր մեծ վրանը խփել ենք մի մեծ ծառի տակ, «վառարան» ենք պատրաստել և մեր երկու փոքրիկ աղջիկների համար տերևներով հյուղակ ենք սարքել։ Նրանք բոլորն անհամեմատելի բարի և օգնող են․ վանահայր Վարդան վարդապետը ևս։ Այս վանքը Մուշից գտնվում է 8-9 ժամվա հեռավորության վրա՝ Եփրատի մյուս կողմում, բարձր լեռներում։ Աստեղ ամեն ինչ թարմ է և անվճար, հիանալի օդ և լավ ջուր, վանքից միս, կաթ, մածուն, պանիր և ձու ենք վերցնում այնքան, որքան ուզենք, հաց էլ ենք վերցնում․ այնպես որ ամեն ինչ գերազանց է։ Այստեղ հանգիստ է և խաղաղ, իսկապես հոգու և մարմնի համար հանգստի վայր։ Այստեղ ոչ մի հիվանդի չեմ բուժում, այլապես չեմ հանգստանա, ինչի կարիքը ես հիմա ունեմ։ Վանքը մեծ, հին և գեղեցիկ եկեղեցի ունի․ այն կառուցել է Գրիգոր Լուսավորիչը՝ լույս բերողը, մոտավորապես մ․թ․ 3-րդ դարում։ Մեծ հողակտորներ և 1000 ոչխար, այծ, անասուններ և ձիեր ունի։ Վանքը հարուստ է, բայց շատ էլ բաժանում է, քանի որ շատ հյուրեր են հաճախ գալիս այստեղ՝ հատկապես մեծ տոներին։ 14 օրից գլխավոր տոներից մեկն է՝ Վարդավառը․ Մուշից, շրջակա տարածքից, Էրզրումից և նույնիսկ Ռուսաստանից շատ ուխտագնացներ են գալու։ Այստեղ շատ աշխույժ և խառը կլինի, բայց դա միայն մի քանի օր կտևի, հետո շատերը կրկին կհեռանան։ Երբեմն հետաքրքիր է ներկա գտնվել այդպիսի ազգային տոնի․ ավելի ուշ կպատմեմ դրա մասին։ Հիմա այստեղ այնքան հանգիստ ու խաղաղ է։ Ապրում ենք վանքի պատերից դուրս՝ մի քանի մեծ ծառերի տակ և մեզ համար մի փոքրիկ թագավորություն ունենք։

Բարեխոսության կարիք ունեմ։ Թող Աստված լցնի ինձ իր Սուրբ հոգով և ինձ ….. հանուն իր թագավորության և հոգիների փրկության։ Աղոթե՛ք նաև իմաստության համար իմ այս մեծ, պատասխանատու գործի համար։ Այս տարի էլ կարծես Աստված մեզ մի գերմանացի եղբայր կուղարկի, որ ղեկավարի կայանը, այնպես որ դեռ շատ բան կունենամ անելու, բացի հիվանդների հետ աշխատանքը․ հեշտ չի լինելու։ Հիվանդների և աղքատների հետ աշխատանքի մասին մի ուրիշ անգամ կգրեմ․ դրա մասին ևս շատ բան կա պատմելու։ Պաստոր Լոհմանը կարծում էր՝ Մուշը միանգամայն տարբերվում է Մեզերեից և իր համար պարզեց, որ այստեղ ավելի շատ դառնություն կա։ Սիրելի՛ ընկերներ, չեմ հոգնում օգնել այս հոգևոր և ֆիզիկական դառնությունների մեջ․ շատ աղոթքի և միջոցների կարիք կա։

Մուշում շատ գործեր կան։ Հիվանդանոցի և դպրոցների կարիք ունենք։ Պաստոր Լոհմանը Մուշում ուրախությամբ կհյուրընկալի նորվեգացի հավատացյալ բժշկի, եթե փորձառու այդպիսի մեկը լինի, որը կգա և կօգնի մեզ։ Նա հավատում է, որ ամենամեծ ուշադրությունը պետք է հատկացնել հիվանդների հետ աշխատանքին, դպրոցներին և ավետարանչականությանը Մուշի շրջանում, և դա այն է, ինչի կարիքն ամենաշատն ունենք։

Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ, Մատթեոս 7։7, այո՛, աղոթե՛ք, աղոթե՛ք աշխատանքի և ճիշտ աշխատողների համար, հոգիների փրկության համար Մուշի շրջանում, որտեղ խավարն է դեռ մոլեգնում։ Բայց մի օր լույսը կհաղթի խավարին, և այդ հույսն է մեզ պահում դժվար և կոշտ ժամանակներում։

Բազում ջերմ ողջույններ բոլոր սիրելիներին և յուրաքանչյուր ու բոլոր ասոցիացիաներին, որոնք Հայաստանում այս աշխատանքի մասն են կազմում։ Զաքարիա 4, 6—7։ Մարկոս 11, 23-24։

Բարեհաճություն և խաղաղություն

Ձեր երջանիկ պատվիրակ,

Բոդիլ Բյորն

Հոգնած էի, բայց ուժեղ էի զգում, ինձ հետ ամեն ինչ կարգին է, միայն թե մի փոքր հանգստի կարիք ունեմ։

</pages>