Ձեռքերըս կապած, ոտքերըս շըղթա,
Կասե Եվրոպան. «Հե՞ր չելաք ոտքի.
Ձեզ ազատություն, ձեզ օրենք չի կա,
Տարե՛ք, կըրեցե՛ք դուք կյանք ըստրկի»։
5
Վեց հարյուր տարի մեր երակներեն
Կա՛թ-կա՛թ ծորեցավ մեր վերջին արյուն.
Եվրոպան կասե. «Շուռ գանք հայերեն,
Հայի մեջ չի կա ուժ ու քաջություն»։
Ամբողջ Հայաստան ասեղ չէր մնացել,
10
«Հայք, կասեն, ինչո՞ւ թուր չի վերուցին».
Մի՞թե վառոդի հոգս պետք էր անել,
Թե՞ պետք էր բըրդել չոր հաց քաղցածին։
Եվրո՛պ, մոռացա՞ր երբ Զըրադաշտը
Ձեռքը թուր՝ կուգար շիտակ քու ծոցը.
15
Բայց հայի ահեղ Ավարայր-դաշտը
Շիջուց մոլեռանդ այն կրոնի բոցը։
Եվրո՛պ, մոռացա՞ր այն կուռ հարվածը,
Որ պատրաստել էր Իսլամ քու որդոց.
Հայը չուզաց քու արտոսր ու լացը,
20
Քաղաքաց հըրդեհ, խողխողանք մարդոց։
Երկերյուր տարի արյուն թափելով,
Դեմ տըվեց ահեղ, ուժգին այն գրոհին,
Մինչև որ ձեր կյանքն դարձավ ապահով,
Մինչև որ ուժեն ընկավ թշնամին...
25
Եվրո՛պ, մոռացա՞ր, երբ քու քաջերը
Անապատի մեջ մընացին քաղցած.
Ի՞նչ պիտ օգնեին նոցա զենքերը,
Թե որ Հայք նոցա չը տային կուշտ հաց։
Ապերա՜խտ Եվրոպ, հիշե՛ հայերուն,
30
Դու շատ մի՛ խաբվիլ սուրի շաչյունե.
Արյուն վոթելն չէ՛ առաքինություն
Եվ ո՛չ նա ազատ ոգու նըշան է...
Մենք խաղաղություն փըրկչեն սովրեցանք,
Նեղիչին ներել—Ավետարանեն,
35
Մի՞թե մենք այսօր պատուհասեցանք,
Մի՞թե խաբվեցանք մեր բարերարեն։
Ինչերո՞ւս էր պետք առաքինի վարք,
է՞ր չեղանք Հայքըս սրիկա, մարդասպան,
Անշուշտ կը դասեր մեզի ազգի կարգ
40
Արյունածարավ գոված Եվրոպան։