Գառնիկ ախպեր
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 129
տ. ― էջ 388, ծ. ― էջ 560

ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ


      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Կորա՜ծ գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:

Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՜նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու կով կըդառնաս,
Կովի կճղակի տեղից մի՛ խըմի.
Մի քիչ էլ կացի… քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընո՜ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու ձի կըդառնաս,
Ձիու սըմբակի տեղից մի՛ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընում. տեսնում են ճամփին
Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:

Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի
Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:

Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՜ս, լալի՜ս.
Բայց էլ ի՞նչ աներ,
Բայց էլ ո՞նց աներ…

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գառն ու աղջիկ մոլորված,
      Հեռու երկրում
      Տըխուր-տըրտում
      Գընո՜ւմ, գընում են կորած:

Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՜ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
Անտառի միջին մի զանգակ աղբյուր:

Կուշտ-կուշտ խըմում են էն սառը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում:

Իըիկվան պահին խըրխինջ ու քըրքիջ…
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ…
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով…

Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:

Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:

Նայում են վերև: Ի՜նչ տեսնեն, աստվա՜ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.

Մի սիրո՜ւն աղջիկ արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի՞նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:

— Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե՛կ տեսնենք՝ ի՞նչպես եղավ,
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ի՞նչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:

— Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: —
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն-արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի,
Վախենում ենք անտառում:

Ու ծառաները գառն ու աղջկան
Առնում են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»:

Կանգնում է աղջիկն էստեղ նորից նոր
Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե՝ ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա՜, էսպես ու էսպես…

Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
Ե՛վ շատ ցավում է, և՛ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:

Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:

Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:

Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՜փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:

Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:

Երեսը ծածկած թանձըր շըղարշով
Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:

Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,
Չեն կարում էլ տուն բերեն Գառնիկին.
Մայում— էս ափից էն ափն է վազում,
Մայում — էն ափից ետ գալի կըրկին:

Ի՞նչ անենք սըրան, ո՞նց անենք սըրան.
Պառավն ու աղջիկ շատ միտք են անում.
Վերջը գալիս է դարձվոր թագուհին
Անկողին մըտնում, հիվանդ ձևանում:

Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր
Բերում են փըռում, խնդրում, աղերսում.
Մըտիկ չի տալի ոչ մեկի վըրա.
Վերջը Գառնիկի մըսիցն է ուզում…

«Բայց չէ որ, Մանուշ, քու եղբայրն է նա,
Ո՞նց ես նըրա միսն ուզում դու հիմա…»
— Ի՞նչ անեմ, ինձնից նա ազիզ հո չի՞.
Ես որ մեռնում եմ, թող նա էլ կորչի…

Ասում է, ճըչում. «Վա՜յ, մեռա՜, աման…»
Ու թագավորը տալիս է հրաման.

      «Կըրակ վառեցեք,
      Դանակ սըրեցեք,
      Բերեք մորթեցեք
      Ախպեր Գառնիկին,
      Որ առողջ լինի
      Իր քույրը տիկին»:

Թագավորն էսպես պատվեր է տալի,
Պատվեր է տալի ու դուրս է գալի,
Գընում է ծովափ սաստիկ սրտնեղած,
Թե ո՜րքան Մանուշն անգութ է եղած…

Մայում է, լալիս Գառնիկ-Ախպերը,
Լացացնում է ժեռ ծովի ափերը,
Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.

      — Քուրիկ ջան, քուրիկ,
      Կըրակ են վառում,
      Կըրակ են վառում,
      Դանակ են սըրում։
      Քուրիկ ջան, քուրիկ,
      Լըսի անդունդից,
      Օգնության հասի,
      Սպանում են ինձ։

Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.

      «Ախպեր ջան, ախպեր,
      Անհեր ու անմեր,
      Անքուր ու ու անտեր
      Իմ Գառնիկ–Ախպեր.
      Դըժար է տեղըս,
      Ձենըս չեն լըսում,
      Ձենըս չեն լըսում,
      Ձեռըս չի հասնում։
      Ա՜խ, չար պառավը
      Սև արավ օրըս,
      Այժմ էլ կըսպանի
      Գառնիկ–Ախպորըս»։

Լըսում է արքան, պալատն է հասնում,
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում... բայց ի՜նչ տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի...

— Եկե՜ք, ձկնորսնե՜ր, ուռկան ձըգեցե՜ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
Եկեք, դահիճնե՜ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին։

Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
Անմեղ Մանուշին հանում է ծովից։

Հանում է ծովից, գահին բարձրացնում,—
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ–Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
 
Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ–վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար։

Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ։

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Առած պատիվ, գահ ու թագ.
      Աշխարհքն էլի
      Խաղա՜ղ ու լի՜,
      Չարը թաղված ծովի տակ։

1905