Լուսավորչի կանթեղը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 127
տ. ― էջ 387, ծ. ― էջ 559

ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ


Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

5 Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր
10 Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
15 Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
20 Թույլ, կասկածոտ սրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —

25 Նա կտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հսկում է ցած երկընքից:

1902