Գարուն (Արիս Արսենի)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 15։

Գարուն


Գարո՜ւն է էլի,
Էլի գարո՜ւն:
Ձնհա՜լ է էլի:
Էլի առուն
Իր հին հանգերն է մտաբերել...
Շուրջը կանա՜չ է,
Կանչող ափե՜ր,
Ձնծաղիկների ճերմակ ծափե՜ր:
Ամոթխած հոնին ձորն է քշում
Դեղնակրակե նրբերանգնե՜ր:
Արագիլների վերադարձող
Երամների մեջ թախի՜ծ կա լուռ,
Երա՜զ կա,
Հո՜ւյզ կա,
Եվ հայրենի տան կարոտ ու սե՜ր...
Ձայնը գլուխն է գցում առուն,
Ափերի չորը փոխում թացի,
Ու թռչկոտում է, երգում, պարում,
Ունկնդրում ձմռան տխուր լացին:

...Էլի գարուն է:
Գնա՜մ էլի
Տնտղեմ ինձ ծանոթ կածան ու խութ,
Տեսնեմ` մի բա՞ն է մնացել դեռ
Իմ մանկությունից երազաշուրթ...

01.03.82, Մարտակերտ