Երկու ավերակներ
Երկու ավերակներ
1.
Հին օրերուն,
Երբ դեռ սիրտըս վարդի մը վես փթթումն ուներ,
Ու երազը դեռ աչքերուս հույլ-հույլ քերթված կը ծորեր,
Հին օրերուն,
Լիբանանի սոճիներուն կախարդանքը արյունիս մեջ՝
Ես կ’երթայի Բաալբեքի ավերակները դիտելու:
Ի՜նչ մռայլ փառք էր, ի՜նչ հեթանոս շքեղանք,
Արևելյան մայրամուտի կանաչ-բոսոր շողերուն տակ,
Փռված անոնց կիսակործան սյուներն ի վար.
Ի՜նչ լուսեղեն, մեծվայելուչ քերթված էր այդ՝
Կանաչ-բոսոր շողերուն տակ...
-Չկա՛, չկա՛,– կը խորհեի, հիացումի արցունքներով,
-Այս կործանած պալատներուն փառքն ունեցող
Չկա՛, չկա՛...
Ու, Գեղեցկին ես սիրահար ու միամիտ պատանի՝
Մութ նախանձի մ’անմեկնելի գալարումը կ’ունենայի
Այդ քարերուն հանդեպ տրտում, ջարդված...
2.
Հին-հին օրերը անցան.
Սիրտս ոչ ևս վարդի մը վես փթթումն ունի.
Ալ երազը աչքերուս մեջ հույլ-հույլ քերթված չի ծորեր։
Եվ ալ չերգեր, արյունիս մեջ,
Կախարդ երգը Լիբանանի քնարերգակ սոճիներուն.
Հին-հին օրերը անցան...
Հիմա, սակայն, շատ իրիկուն,
Երբ կը քալեմ այս գունաթափ երկնքին տակ,
Ու կը խորհիմ, այնպես հանկարծ,
Բաալբեքի հին, կործանած պալատներուն՝
Ալ չեմ ըսեր.
― Չկա՛, չկա՛ անոնց մռայլ փառքն ունեցող.
Ալ չեմ ըսեր, ինչու որ կա՛...
3.
Ահ, հոյակա՜պ քերթվածը իմ հոգիիս,
Իմ ավերակ, իմ քարուքանդ հոգիիս...