***

Գիշերվա դեմ դուռդ կողպիր,
Լույսդ արթուն պահիր, իմ տուն,
Երբ գիշեր է ու խավարն է
Շուրջ բոլորդ հանգիստ վխտում:-
Որ չարքերից հեռու մնաս:
Որ խավարը չթանձրանա
Կակաչներիդ կարմիր սրտում:
Որ կանաչը խորշակների
«Գգվանք» չառնի հանդ ու արտում:
Որ իր կտցին երգ ունենա
Արտերի մեջ՝ ամեն արտույտ:
Որ դաշտերդ լինեն ծաղկուն:
Որ սարերդ լինեն կանգուն:
Որ... ներիր ինձ,
Հո ամեն ինչ ես չե՞մ ասի,
Իմ հո՛ղ,
Իմ մա՛յր,
Իմ տո՛ւն:
Ես լավ գիտեմ,
Որ մայրերը հասկանում են
Անգամ չասված խոսքը որդու:

Գիշերվա դեմ դուռդ կողպիր,
Լույսդ արթուն պահիր, իմ տո՛ւն: