Գրականությունը ծնվում է ցավից

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ՑԱՎԻՑ

Հարցազրույցը վարեց՝ Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

-Ասում են՝ երբ թնդանոթներն են խոսում, մուսաները լռում են։ Պարոն Հակոբյան, պատերազմի ժամանակ Ձեր գլխավորած միությունը հավաստե՞ց թե՞ հերքեց այդ խոսքը։

-Հերքեց, իհարկե։

-Ինչո՞վ եւ ինչպե՞ս։

-Որպեսզի ասելիքս հստակ լինի, ուզում եմ այսպիսի մի միտք արտահայտել. գրող, դա, առաջին հերթին, նշանակում է՝ ազատամարտիկ, անկախ նրանից՝ ժամանակները խաղա՞ղ են, թե՞ պատերազմական։ Ինչ վերաբերում է արցախյան գոյամարտին, այն միշտ էլ եղել է, միայն թե թնդանոթների խուլ, ընդհատակյա ձայները բոլորին չէին լսելի։

Գրողները, իսկական գրողները, լսում էին՝ որքան էլ խանգարեին խորհրդային կարգերի ձայնաշպարները։ Լինում էին նաեւ ամենատարբեր բնույթի զոհեր։ Արցախի ցավը միշտ կար մեր մեջ։ Կա՛։ Եվ պատահական չէ, որ ժողովրդական յուրաքանչյուր ըմբոստացման, զարթոնքի շրջան, այսպես թե այնպես՝ կապվում-առնչվում է շատ հաճախ էլ զարթուցիչի դեր տանող գրողների, մտավորականների հետ` սկսած Գրիգոր Ներսիսյանից մինչեւ Բոգդան Ջանյան ու Բագրատ Ուլուբաբյան, մինչեւ մեր այսօրը։ Տարիներ առաջ իմ գրած բանաստեղծություններից մեկը գրքումս զետեղելիս, խմբագիր Լեւոն Ադյանը վերնագրել է՝ «Բուխենվալդում», որ ենթատեքստը ծածկվի քողի տակ։ Բայց դա, փաստորեն, վերաբերում է Արցախին։ Բանաստեղծության վերջին երկու տողը ահա. «Բանաստեղծները ցավից չեն մեռնում, բանաստեղծները ծնվում են ցավից»։ Ուզում եմ ասել, որ թնդանոթն արյան խորհրդանիշ է, ի վերջո, իսկ արյունը անցավ չի լինում, ցավն էլ, իր հերթին, չի թողնում, որ լռեն մուսաները։ Մեր յուրաքանչյուր տող պիտի գնա այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ հոսում է մեր հողի համար ընկած զինվորի արյունը։ Իր ամենահաջողված գործերը (ցավոք՝ դեռեւս անտիպ) զոհված բանաստեղծ-ազատամարտիկ Կոմիտաս Հակոբյանը գրել է պատերազմական հրդեհների մեջ։ Ուշադրության արժանի գործեր են ստեղծել ազատամարտիկ-գրողներ Ռոբերտ Եսայանը, Սեյրան Քամալյանը, Վոլոդյա Ստեփանյանը, Վաղարշակ Գաբրիելյանը, Լեռնիկ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը, Արիս Գրիգորյանը, Վալերի Քոչարյանը։

Էլ չեմ խոսում մեր երիտասարդ եւ անվանի մյուս գրողների կերտած բազմաթիվ գործերի մասին։ Սա արդյո՞ք մուսաների լռություն է նշանակում։ Իհարկե՝ ոչ։ Եվ դա բնական է։ Մեր գրական փոքրիկ ջոկատի տասից ավելի շնորհալի երիտասարդներ ոչ միայն գրիչը փոխարինեցին զենքով, այլեւ մարտի են նետվել գրչով ու զենքով։ Պատերազմական ժամանակահատվածները, ինչպես ցույց է տալիս նաեւ հայ գրականության պատմությունը, մշտապես ուղեկցվում են մտքի ու մտածումի աննախադեպ ազնվացմամբ, ժողովրդի ցավն իր անմիջական արձագանքն է գտնում գեղարվեստական գործերում, արվեստը դառնում է զտարյուն։ Արվեստագետը բարձր է լինում այնքան, որքան վեհ ու մեծ է լինում նրա սերը, որքան զուլալ է լինում նրա ապրումը։ Արցախյան գոյամարտը մեր գրիչները մաքրեց խորհրդային վերամբարձ, վերհողային, եթե կարելի է այսպես ասել, ժանգից։ Մեր ցավը դարձավ ավելի մերը ու ավելի շոշափելի։ Ինչպես կուզես՝ չափիր, կտրիր, վերլուծիր, ճշմարտությունը սա է. հայրենիքն ընդհանուր, վերացական ու անտեսանելի գաղափարից վերածվեց մի կտոր հողի, որի ամեն մի փշուր ու բեկոր շոշափում ենք մեր այրամբ, որի գոյությամբ է պայմանավորվում մեր լինելությունն այս մեծ աշխարհում։

Պայքարում զոհվել են մեր ժողովրդի շատ հերոս քաջորդիներ։ Գոյամարտի հերոսական տարեգրությունը ստեղծելը, յուրաքանչյուր քաջորդու անմոռաց կերպարը դարերին ավանդելը՝ գեղարվեստական պատշաճ գործերում, մեր գրողների առաջնահերթ խնդիրն է։ Ապրողներիս ամեն մի օրը պետք է մոմի պես վառվի ու լույս դառնա նրանց սուրբ հիշատակի առաջ։ Այս գոյամարտը հայի մեր ընդհանրական կերպարն է՝ աշխարհի առաջ։

-Դուք խոսեցիք գրողների դերի մասին մեր գոյամարտում, թե ինչպիսին պիտի լինի գրողի առաքելությունը։ Այսօր կարո՞ղ եք հանգիստ խղճով ասել, որ հնարավոր ամեն ինչ արվել է Ձեր, միության եւ անդամների կողմից։

-Ես, առանց չափազանցելու, կարող եմ ասել՝ այն դերը, որ ստանձնել են գրողները շարժման սկզբից, մեծ է։ Ոչ ոք, նույնիսկ՝ չկամները, չեն կարող ուրանալ, որ արցախյան շարժումն ընդհատակից հանելը հիմնականում կապված է մեր գրողների միությունում պատրաստված նշանավոր այն նամակի հետ, որի տակ առաջին ստորագրողներն էլ գրողներս էինք, նամակ, որ ուղարկեցինք խորհրդային երկրի բարձրագույն ատյանին։ Դրան հաջորդեց մեր (որքան հիշում եմ՝ արդեն երրորդ) պատվիրակության մեկնումը Մոսկվա, պատվիրակության ղեկավարի պարտականությունները վստահված էին ինձ։ Հունվարյան մեր այցը շարունակվեց մինչեւ փետրվար։ Երբ վերադարձանք, աշխարհն արդեն խոսում էր Ղարաբաղից ու մեր պատվիրակության առաջ քաշած խնդիրներից։ Հիմա շատերը, ցավոք, իրոնիայով են հիշում սկիզբ առած միտիգները (խոսքը դրանցում դրսեւորված մեր միամտությունների ու բացթողումների մասին չէ), բայց չէ՞ որ այդ միտիգները հանդիսացան կայանալիք նշանավոր նստաշրջանի մանրակերտը՝ ժողովրդի կողմից արդեն մշակված։ Արցախցի գրողն ակտիվորեն մասնակցել եւ մասնակցում է մեր քաղաքական խնդիրների լուծմանը։ Սակայն, ինչ էլ որ լինի, կյանքի զարգացման օրինաչափություններն իրենց խոսքն են ասում։ Ես այսօրվա պես պարզ հիշում եմ փետրվարյան նստաշրջանում մեր քաջ տղաների ու քույրերի աննախադեպ բախումը բարձրաստիճան ղեկավարության հետ, այդ դժվարին ու բարդ կացության մեջ նաեւ իմ՝ գրողիս վիճակված դերը։ Գրողի դերը ժողովրդի կյանքում լավ է հասկանում եւ մեր դարավոր թշնամին, որն ամեն անգամ, ոճիր կազմակերպելիս մեր ժողովրդի դեմ, սկսում է գրողներից, մտավորականներից։ Ժողովրդին գլխատել է ուզում միանգամից։

Չնայած խոսքս երկարեց, մի բան էլ հիշեցնեմ. շարժման առաջին շրջանում, երբ որեւէ ժամանակահատվածում, ասենք, գործերը լավ էին գնում, մարդիկ գրողներին տեսնելով, առանց չափազանցման, մոտենում, համբուրում էին, իսկ երբ ժամանակավոր, ասենք, դեպքերը մեր օգտին չէին հանկարծ ընթանում, գրողներիս հանդիպելով, շատ-շատերը բարձրաձայն հայհոյում էին։ Սա, անշուշտ, հենց խոսում է ժողովրդի մեջ, շարժման մեջ գրողին ի վերուստ տրված տեղի ու դերի մասին։ Թերություններ չեն կարող չլինել, իհարկե։ Թերություն չի լինում այնտեղ, ուր ոչինչ չի կատարվում։ Այնպես որ՝ մեր խիղճը հանգիստ է։ Սեւակն ասում է՝ գրողն Աստծու քարտուղարն է։ Մենք ձգտում ենք այդպիսին լինել։ Իսկ ինչ մնում է «հնարավոր ամեն ինչ անելուն», ինչպես Դուք եք ասում, նշեմ, որ, իմ կարծիքով, երբեմն անհնարինն էլ արել ենք, կարող է մեր հայացքից դուրս են մնացել նաեւ որոշ «հնարավորներ», բայց կարեւորն ուղղությունն է ճանապարհի, որ ճիշտ է, կարեւորը ճանապարհի անսխալ ընթացքն է։

-Ինչ խոսք, արցախյան շարժման առաջին փուլում ակտիվ էին գրողները։ Բայց ի՞նչ եղավ հետո, ինչո՞ւ նրանք «խաղից» դուրս մնացին։

-Հիմա էլ ակտիվ են եւ ամենեւին էլ «խաղից դուրս վիճակում չեն»։ Երբ արդեն ասպարեզում են կոփված, ուժեղ քաղաքական եւ ռազմական գործիչները (նրանց ծնել է ժողովուրդն ինքը), գրողը իր գործին է նորից անցել, որովհետեւ, երբ արվեստագետը, ինչպես ընդունված է ասել, իր գործին չէ, անպայման սխալ գործ է կատարում։ Իսկ նա, ով եւ շարժման սկզբից եւ հիմա դիտողի, կողքից գնահատողի դեր է ստանձնել, պարտավոր է իմանալ, որ ակտիվության շարունակությունը պիտի լիներ ինքը, բայց... չեղա՛վ։ Դա չի նշանակում, թե ուրիշներն էլ չեղան։ Ունենք ակտիվ գրական ջահելություն։ Ակտիվությունը պիտի դրսեւորվի գործով, ոչ թե ակտիվության մասին տարտամ թեզերով։ Պետք է հեռու մնալ անձնական հաշիվներից։ Այստեղ ուզում եմ հիշեցնել Շիրազի իմաստուն տողը. «Նախ՝ հողը, ապա՝ հող դարձողներս»...

-ԳՄ որոշ անդամներ հատկապես դժգոհ են ձեր ամենամյա մրցանակաբաշխությունից։ Ըստ Ձեզ, օբյեկտիվությունը որքանո՞վ է պահպանվում այնտեղ։

-Գիտե՞ք, հասարակության բոլոր խավերում էլ կան ու լինում են դժգոհ տարրեր, անկախ նրանից, թե ինչ է արվում կամ ինչ չի արվում։ Լինում են, իհարկե, դժգոհության պտղաբեր եւ խուլ տեսակներ։ Թույլ տուր ասել, որ նշված այդ «որոշ անդամների» դժգոհությունն ամուլ տեսակին է պատկանում։ Ճշմարտությունն այն է, որ ԼՂՀ Նախարարների խորհրդի ստեղծած Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը, որի հանձնախումբը 10-11 հոգուց պակաս չի լինում՝ բոլորն էլ գործին քաջատեղյակ մարդիկ, մասնագետներ, զգալիորեն նպաստել ու նպաստում է մեր ժողովրդի նոր օրերի Ավարայրի՝ Արցախի գոյամարտի գեղարվեստական տարեգրության ստեղծմանը։ Ես, որպես հանձնախմբի համանախագահ, կարող եմ ասել, որ խստորեն պահպանվում է բոլորի կողմից օբյեկտիվ ու անկողմնակալ վերաբերմունքը։ Բայց դժգոհողներից որեւէ մեկը կարո՞ղ է, ընդհանուր հայտարարություններից հեռանալով, ասել, թե ինքը կոնկրետ ո՞ր բարձրարվեստ գործն է ներկայացրել, որ ուշադրության չի արժանացել, կամ ուշադրության արժանացած ո՞ր գործն է, որ «օբյեկտիվությունից» դուրս է դիտվել։ Մրցանակներ են շահել թե քաղաքական գործիչ Քոքսը, թե կինեմատոգրաֆիստ, լրագրող Պասկալեւան, թե գրողներ Դ. Տեր-Հովհաննիսյանը, Հր. Հովհաննիսյանը, Գ. Գաբրիելյանը, Հր. Բեգլարյանը, Ս. Խանյանը, Ռ. Եսայանը, Ա. Թովմասյանը, Ն. Ավագյանը, Ն. Գասպարյանը, Զ. Հովհաննիսյանը, նկարիչներ Ա. Մելիքսեթյանը, Ռ. Ասկարյանը, լրագրողներ Հրաչյա Մաթեւոսյանը, Գ. Գրիգորյանը, կինեմատոգրաֆիստ Գ. Ղազարյանը, ուրիշներ։

Առաջին հերթին՝ գեղարվեստական պատշաճ մակարդակի գործ կարողացե՞լ ես ստեղծել՝ ներկայացրու, չե՞ս կարողանում, կողքից խոսելն էլ դատարկ զբաղմունք է։

-Վերջին ժամանակներս արցախյան մամուլում, մասնավորապես՝ մեր թերթում, քննադատական նյութեր են հրապարակվել ԳՄ գործունեության մասին։ Ըստ Ձեզ, անձնականը որոշի՞չ է, ինչպես երբեմն Դուք եք հակված լինում կարծելու, թե՞, ինչպես պնդում են ոմանք, ԳՄ-ում նախաճգնաժամային վիճակ է։

-Մի փոքր ճշտում։ Նախ՝ ոչ թե արցախյան մամուլում, այլ մեր հանրապետական թերթում, մեկ բացառությամբ։ «Քննադատական նյութեր» արտահայտությունն ինձ հիշեցրեց Էլիոթին։ Նա ասել է, որ ազնիվ քննադատությունն ու զգայական արժեքավորումն ուղղված են լինում ոչ թե բանաստեղծին, այլ բանարվեստին։ Թերթում, ցավոք, միշտ չէ որ այդպես է։ Երբեմն արվեստի ու գրականագիտության բարդ, գլոբալ խնդիրների հետ թերթի էջ են ուղղակի սողոսկում դիլետանտներն ու սակավակարող ինքնուսները։ Չպետք է թույլ տանք, որ, ինչպես Վարդգես Պետրոսյանն էր ասում, ազատամտությունը վերածվի ազատ անմտության։

-Ի՞նչը նկատի ունեք...

-Օրինակ։ Ասում են՝ մենք մինչեւ հիմա չունենք մեր Հրանտ Մաթեւոսյանը, մեր Զորի Բալայանը... Եվ այլն։ Այսպես մտածելը անհեթեթություն է։ Իսլամականների թեզն է դա, որ նրանք մերը չեն։ Բա լավ, ո՞ւմ Հրանտ Մաթեւոսյանն է Հրանտ Մաթեւոսյանը, եթե մերը չէ։ Եթե մերը չէ Զորի Բալայանը, ուրեմն Զորի Բալայան չէ։ Եվ ապա՝ նրանց անուններով փորձել ծածկել Արցախում ապրող գործիչներին, դա եւս հակաբարոյական է, չեն ընդունի հենց իրենք՝ Հրանտը, Զորին եւ մյուսները։

Ասում եք՝ վերջին ժամանակներս։ Ուշադրություն դարձրեք ինքներդ։ Վերջին ժամանակներս գրողների միությունում ստեղծվել են «Արցախ» եւ «Պըլը-Պուղի» հանդեսները, որոնց հիմնադիր-խմբագիրը ինքս եմ (սա հպարտությամբ եմ ասում)։ Այսօր այդ հանդեսների գլխավոր խմբագիրներ են անվանի գրողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Հրաչյա Բեգլարյանը։ Ստեղծել ենք «Արցախ» հրատարակչություն (տնօրեն՝ Դավիթ Միքայելյան), գրական ֆոնդ ու գրականության պրոպագանդման բյուրո (տնօրեն՝ Անահիտ Քոչարյան), 10-12 հոգուց գրողների միության անդամների թիվը (հիմնականում երիտասարդ շնորհալիների հաշվին) հասել է 40-ի։ ԳՄ-ում ստեղծվել են «Տարվա լավագույն գրքի» համար Աղայանի, Մուրացանի եւ Շիրազի անվան մրցանակներ։ Վերջապես ստեղծել ենք Արցախում աննախադեպ մի հանդիպումների սրահ՝ «Պապունց տոն», ուր մշտապես անցկացվել, անցկացվում են հիշարժան շատ միջոցառումներ։ Իհարկե, ես մեր միության գործերը կատարյալ կարծելու մտքից հեռու եմ։ Բայց որ այս ընթացքում հրատարակել ենք բազմաթիվ գրքեր, հանդեսներ, ստեղծում ենք մեր պայքարի գեղարվեստական տարեգրությունը, սա փաստ է։ Գրական նոր սերնդի աճի մասին հետաքրքիր արձակ ունի Կոմիտաս Դանիելյանը, տաղանդավոր բանաստեղծներ Ռոբերտ Եսայանի եւ Անահիտ Քոչարյանի պոեզիան այսօր համահայկական մակարդակ են ներկայացնում, ինքնատիպ գործեր են ստեղծում արձակագիրներ Կիմ Գաբրիելյանը, Սեյրան Քամալյանը, Յաշա Բաբալյանը, բանաստեղծներ Նորեկ Գասպարյանը, Հովիկ Մուսայելյանը եւ ուրիշներ։ Եվ քանի որ առիթ է ստեղծվել, ասեմ՝ եւ Ձեզ համար, եւ ընթերցողների համար պարզ, ափաչքարա, ինչպես ասում են, երեւում է թերթում միության հասցեին տեղ գտած «քննադատության» ընդգծված ամբիցիոզությունը։ Այս առումով, խոստովանեմ, գրողների միությունը դժգոհ է թերթից, այն չպետք է որեւէ մեկի անձնական նկրտումների ու «հաշվեմաքրման» միջոցը դառնա։ Ոչ մեկի։ Իսկ ինչ վերաբերում է «նախաճգնաժամային վիճակին», ապա դա հենց այն «ոմանց» (այլ անուն չունեն) զառանցանքի արտահայտությունն է. կարիերիզմն ու գոյամարտի հիմնավոր խնդիրներից հեռու մնալը նրանց հասցրել են այդ օրին։ Բարեբախտաբար, նմանները որակ չեն կազմում։ Իսկ ընդհանուր առմամբ, ԳՄ-ում առողջ մթնոլորտ է, գրողների բանակը միշտ դիրքում է, մեշտ մարտունակ։

-Չեմ վիճում, հնարավոր է, որ թերթում քննադատությունը միշտ չէ եղել ամենաբարձր մակարդակի վրա։ Բայց, ինչպես ասում են, սապնաջրի հետ պետք չէ երեխային էլ նետել, եւ քննադատության համար հիմք, ըստ իս, իսկապես կար։ Քանի որ, ինչպես Դուք եք ասում, «ափաչկարա» ենք խոսում, ապա թույլ տվեք նույն ձեւով տալ հաջորդ հարցը։ Ստեղծագործող մարդը չի կարող ժողովրդավար չլինել, ինչպես չի կարող այդպիսին չլինել ստեղծագործական միությունը։ Արդյո՞ք, Ձեր գործունեությունում առաջնորդվում եք ժողովրդավարության սկզբունքներով։

-Միա՛յն։

-Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն փաստը, որ գրողների վերջին համագումարը եղել է 1988-ին, իսկ ընդհանուր ժողով վաղուց չի եղել եւ, փաստորեն, հրատապ հարցերը լուծում է սոսկ ԳՄ քարտուղարությունը։

-Մեր գրողների վերջին համագումարը կայացել է ոչ թե 1988-ին, այլ 1990-ին, հաջորդը, ըստ կանոնադրության, կլինի 1995-ին։ Ինչ վերաբերում է հավաքներին ու ընդհանուր ժողովներին, դրանք, ճիշտ է, երբեմն ընդհատված հաճախականությամբ (չմոռանանք, թե Ստեփանակերտը մինչեւ այս վերջերն ինչ վիճակում էր), բայց լինում են, նման միջոցառումներ մենք անցկացրել ենք նաեւ շրջաններում։ Հաճախակի բնույթ են կրում քարտուղարության ու նախագահության ընդլայնված նիստերը։ Մեր ընդհանուր ժողովներից ամենատաքը, եթե կարելի է այսպես արտահայտվել (տաք՝ վիճահարույց բնույթով), եղել է անցյալ գարնանը, երբ դրվեց Արցախը (նրա ամենաբարդ իրավիճակում) լքած գրողներին միությունից հեռացնելու հարցը։ Գրական ակտիվություն են ցուցաբերում գրեթե բոլորը՝ Գ. Գաբրիելյանից, Է. Բեգլարյանից, Մ. Բաղդասարյանից, Է. Եսայանից, Մ. Առուշանյանից մինչեւ ամենակրտսերը՝ Գեղամ Աղաջանյան։

-Գիտենք, որ օրերս պիտի կայանա ԼՂՀ գրողների համագումարը։ Նախկին ԽՍՀՄ ԳՄ ԼՂ բաժանմունքն իր մահկանացուն կնքել է վաղուց եւ պիտի ստեղծվի նորը։ Ինչպե՞ս կայացավ ԽՍՀՄ ԳՄ ԼՂ բաժանմունքի վերաճումը ԼՂՀ ԳՄ-ի։

-Խոստովանեմ, երբ ընտրվեցի բաժանմունքի ղեկավար, շատ դժվար էր ինձ համար, քանի որ պիտի սկսեի, ինչպես ասում են, զրոյից։ Բագրատ Ուլուբաբյանի ստեղծածը տարիներ շարունակ փաստորեն ավերել էին։ Իմ գործունեության առաջին ամիսները ցույց տվին, որ Բաքվի հետ աշխատելն անհնար է, որ աշխատանքները մեր բաժանմունքը պիտի ծավալի Հայաստանի ու Մոսկվայի հետ։

Այդպես էլ վարվեցինք։ Ու առաջին մեծ ձառնարկումը՝ բաժանմունքը համահայկական ասպարեզ հանելու, եղավ անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանին ՀԳՄ Ստ. Զորյանի անվան մրցանակին երաշխավորել-ներկայացնելը, մրցանակի հանձնման արարողողությունը Ղարաբաղում կազմակերպելը։ Դրանով, թշնամու գիծը, մեր օրերի լեզվով ասած, առաջին անգամ ճեղքեցինք ու նրան շշմեցրինք։ Ապա հաջորդեց 88-ի գրոհը, որտեղ մեզ առաջնորդում էր ռուս մեծ բանաստեղծ, մեր ժողովրդի անմոռաց բարեկամ Միխայիլ Դուդինը։ Նրա օգնությամբ էր, որ երկու անգամ ինձ ընդունեց ՍՄԿԿ Կենկտոմի մշակույթի բաժնի վարիչը։ Դժվար էր, բայց անհնարին չէր։ 89-ին մեր բաժանմունքը (այն փաստորեն դադարել էր Ադրբեջանի ԳՄ բաժանմունք լինելուց) դարձավ ինքնուրույն գրական մի կազմակերպություն, թող զարմանալի չթվա՝ Լենինգրադի գրական կազմակերպության օրինակով, բայց հանրապետական ավելի լայն իրավունքներով։ Սա բացառություն էր։ Եվ, ոնց չէ, ուրախ ենք գրողներս, որ Ղարաբաղում առաջինը մեր գրական կազմակերպությունն է, որ դեռեւս խորհրդային կարգերի, կուսակցության օրոք, դուրս է եկել Ադրբեջանի կազմից ու հանրապետականի ստատուս ձեռք բերել։ Այս առումով այնքան էլ ճիշտ չէ մեզ համեմատել լրագրողների միության հետ։ Ի տարբերություն վերջինի, մենք չենք «ընդմիջվել» այն տարիներին եւ գտել ենք ելքը։ Մենք ԼՂՀ ԳՄ մասնաճյուղ բացեցինք եւ Մարտակերտում (այն հասկանալի պատճառով հիմա չի գործում), Մարտունիում (մասնաճյուղի նախագահ՝ Սեյրան Քամալյան)։ Բոլորովին վերջերս էլ նման մասնաճյուղ ստեղծեցինք հինավուրց Շուշիում (մասնաճյուղի նախագահ՝ Ռոբերտ Եսայան)։ Ու խնդրեմ, այսօր արդեն ԼՂՀ ԳՄ անդամատոմսեր ենք տալիս մեր գրողներին։

-Այսպիսի մի հարց. ԳՄ շարքերն անընդհատ ընդլայնվում են։ Սա կամապանիա՞ է թե՞ օբյեկտիվ անհրաժեշտություն։ Ձեզ չի՞ թվում, որ միայն արժանավորները չէ, որ անդամագրվում են ԳՄ-ին։

-Ասեմ, այո, եղել է ժամանակ, երբ ԳՄ շարքերի ընդլայնումն ինչ-որ չափով կամպանիայի բնույթ է կրել՝ իր բոլոր հետեւանքներով։ Այն ժամանակվա Շուշին ստեղծեց Ադրբեջանի ԳՄ բաժանմունք, գրողների միության անդամների թիվը մեխանիկորեն «աճեցրեց», հասցրեց 25-ի եւ Մոսկվայի առաջ հարց բարձրացրեց, թե ադրբեջանցի գրողները Ղարաբաղում թվային ավելի մեծ տոկոս են կազմում, քան հայ գրողները, ինչո՞ւ պիտի բաժանմունքի աշխատողները լինեն միայն հայ գրողներ։ Նրանք նուրբ ձեւերի էին դիմում՝ մեր ազգապահպան այս օջախը քայքայելու համար։ Եվ մենք ԳՄ անդամության շարքերն ընդունեցինք բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ ստեղծագործում էին, բայց նրանց հնարավորություն չէր տրվում ԳՄ անդամ դառնալու։ Այնպես որ՝ ԳՄ շարքերի անընդհատ աճը ես բացատրում եմ եւ բնականությամբ, եւ օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Համաձայն եմ Ձեզ հետ, այստեղ, իրադարձությունների բերումով, պատշաճ խստություն չենք ցուցաբերել ԳՄ շարքերն ընդլայնելիս։ Բայց գրական կյանքը նման է ծովի, ինքն իրեն անընդհատ մաքրում է, եւ անարժանները ափ պիտի նետվեն։ Դաժան են արվեստի օրենքները, օբյեկտիվ ու անաչառ, այստեղ խոսքը դատարկ կրակոց է՝ եթե ոչինչ չես ստեղծում, եթե սեղանի վրա գործ չես դնում։

- Մեր զրույցն ավարտելուց առաջ, ուզում են շնորհավորել Ձեզ` «Աստծո տաճարը» եւ «Սոսե» գրքերը մեր հանրապետության մայրության ֆոնդի առաջին մրցանակին արժանանալու կապակցությամբ։

-Շնորհակալություն...

-Եվ, վերջին` ավանդական հարցը. ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ նոր գործերի վրա եք աշխատում։

-Շարժման տարիների իմ բանաստեղծությունների ու պոեմների մեծ մասն ամփոփվել են վերոհիշյալ գրքում։ Գոյամարտի թեման են արծարծում իմ «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում», «Ամարասի զանգերը», ինչպես նաեւ Մոսկվայում ռուսերեն հրատարակված «Ակն Ղարաբաղի» գրքերը։ Ի դեպ, վերջինիս շատ դաժան ճակատագիր բաժին ընկավ, Արցախի համար Մոսկվայից ուղարկված ամբողջ տպաքանակը, թուրքերը վառեցին Աղդամում, ընդամենը մի քանի փրկված օրինակ հասավ ինձ։ «Արցախյան բալլադը» բեմադրվեց Ստեփանակերտի պետթատրոնում, բեմադրության է պատրաստվում նաեւ Հայաստանի պետական թատրոններից մեկում։

Աշխատում եմ դրամատիկական նոր գործի վրա։ Մի պոեմի հղացում եւս ինձ հանգիստ չի տալիս։ Չգիտեմ՝ ուրիշ ինչ նոր գործեր կծնվեն։ Իմ թեման Արցախի գոյամարտն է ու հայ ժողովրդի հավերժության առաջին նախապայմանը՝ նրա մեծ հավատն ու հավատարիմ լինելն իր անդուլ մաքառմանը։ Դժվար է ծրագրերի մասին խոսել, ես Աստծո գործերին չեմ խառնվում, ես պարզապես գրի եմ առնում այն, ինչ հուշում է Աստված, ինչ հուշում է մեր արյունով ողողված արցախյան հողը։ Հողը հանճարեղ հուշարար է...

Արցախը մի անառիկ վանք է։ Տաճար աստվածային։ Գրողն այդ տաճարում զանգի լեզվակը քաշող մի շարքային դպիր է եւ միեւնույն պահին նրա արթուն պահակը։

1995թ.