Զինվորագրվում են նաեւ մուսաները

ԶԻՆՎՈՐԱԳՐՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄՈՒՍԱՆԵՐԸ

-Մեր սեղանին են ձեր երկու ժողովածուները՝ «Արցախա ծուխ» եւ «Ամարաս»։ Որքանո՞վ են դրանք լրացնում մեկը մյուսին։

-«Արցախա ծուխ» գիրքն արցախյան շարժման՝ դեռեւս հրապարակ չհասած, տարիների ընթացքում իմ մեջ անվերջ կուտակցված արձագանքների խտացումն է։ Ամեն արցախցու, արցախյան ամեն քար ու թփի մեջ անգամ այդ շարժումը միշտ կար, կա ու պիտի լինի, որովհետեւ դա դեպի արմատները տանող, մեր ազգային դիմագիծն ու լինելությունը հաստատող պայման է նախ եւ առաջ։

«Արցախա ծուխը» վաղուց էի հանձնել «Լույս» հրատարակչությանը, տպագրական գործն ընթացքի մեջ էր, երբ (1987թ. աշնանն էր) ծնվեց «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» պոեմը։ Համազգային շարժման ծնունդ եղան իմ երկու գրքերը, որոնցով ես ցանկացա պատասխանել մեր ժողովրդի պատմությունը խեղաթյուրողներին, բոլոր նրանց, ովքեր «աչք են տնկել» մեր հող ու ջրին, մեր խաչքարին... Հենվելով պատմական հավաստի աղբյուրների վրա` պոեմում ձգտել եմ արծարծել մերօրյա մի շարք խնդիրներ։ Եվ երբ նորաստեղծ «Արեւիկ» հրատարակչության բաժնին ներկայացրի պոեմը, իմ գրչեղբայր Դավիթ Հովհաննեսն առաջարկեց այն առանձին հրատարակել։ Բայց միանգամից ծնվեցին նաեւ արցախյան ազատագրական պայքարից բխած ուրիշ գործեր, որոնք ես նպատակահարմար գտա այդ պոեմի հետ ամփոփել մի ժողովածուի մեջ։ Եվ այսպես, աշխարհ եկավ երկրորդ գիրքը՝ «Ամարասի զանգերը»։

-Առաջին գրքի կազմին Գանձասար վանքի նկարն է, երկրորդ գրքի վերնագրում՝ Ամարաս վանքի անունը։ Ինչպե՞ս բացատրել դա։

-Մեր հավատի զարթոնքով։ Հավատի զանգը արթնացման, լինելության կոչ է։ Արցախա ծուխը Ամարասի զանգով է երկինք ելնում։

Վերջապես, երկար տարիների լռությունից հետո, Արցախ աշխարհում հնչեցին մեր արդեն գործող վանքերի ոգեկոչ զանգերը... Այդ զանգերն էլ վերնագիր դարձան նոր գրքիս... Մեսրոպ Մաշտոցին ու Վարդան Մամիկոնյանին, իմ պոեմում, միասին եմ բերել Արցախ։ Նրանք պետք է միշտ միասին լինեն։ Դա է մեր ուժը։ Երբ արցախյան շարժումը նոր ալեկոծումի շրջանն էր սկսել, հիշում եմ, թե Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ինչպես էին օրերով-ամիսներով ոտքի վրա կանգնած ու «Հայաստան», «Արցախ», «Միացում» վանկարկող, բռունցքված մարդկանց թոնրահաց բաժանում մեր մայրերը։ Թոնրահաց, հույսի հաց, հավատի հաց։ Միաժամանակ մեզ՝ գրողներիս, մոտենում էին երիտասարդ տղաներ ու աղջիկներ եւ մեզանից պահանջում էին բանաստեղծություններ, որոնք կարող էին հնչել հրապարակում դրված, ինքնաշեն բեմահարթակներից։

...Մեր քարը ծանր է, ինչպես ասում են։ Եվ ահա այդ ծանրության ցավն է, մեր ժողովրդի կրկնվող պատմության դասն է, որ ինձ հուշեցին նոր ստեղծագործություններ։ Բանաստեղծությունն էլ, եթե հաջողված է, կարծում եմ, թոնրահաց է, որ բաժանվում, ավելի ճիշտ՝ սարն է տարվում՝ ֆիդայիների համար։ Ասել է թե՝ ամեն մի իսկական բանաստեղծություն պետք է ֆիդայական լինի... Պայքար է բանաստեղծությունը։ Եվ երբ Սերո Խանզադյանի խոսքը «Պիոներ կանչում» տպագրվեց իմ «Արցախա ծուխ» գրքի մասին, ամենից շատ ինձ հուզեց, թող ներվի, նրա օգտագործած «ֆիդայական» բառը։ Սա, անշուշտ, իմ բանաստեղծության խոնարհումն է ֆիդայիների սուրբ անվան ու նրանց անմեռ, շարունակվող գործի առջեւ։

Ստացվել է այնպես, որ տարբեր ժամանակներում տպագրության հանձնված իմ երկու ժողովածուները լույս են տեսել միաժամանակ, սակայն ուշադիր ընթերցողն առաջին իսկ հայացքից կարող է նկատել, որ «Արցախա ծուխը» շարունակվում է «Ամարասի զանգերում»... Ամարասյան զանգի ամեն մի ղողանջ պիտի մի նոր գործ ծնի՝ թող դա լինի բանաստեղծություն, շենք, ճանապարհ, զենք... Մի խոսքով, միշտ պիտի արարվի այն ամենը, ինչով պայմանավորվում է մեր հավերժական գոյությունը մեր Մասիսի ու Մռովի շուրջ...

-Վերջերս իրար ետեւից լույս են տեսնում արցախյան թեւի գրողների գրքերը։ Դա լավ է։ Եվ ահա մեր ընթերցողներից մեկը, անկեղծ զարմանքով, հարցնում է. արցախցիները ստեղծագործելու համա՞ր էլ ժամանակ են գտնում։ Դուք ի՞նչ կպատասխանեիք...

-Մենք, փաստորեն, անզիջում պայքարի մեջ ենք։ Իսկ ստեղծագործությունը մեր փորձված զենքերից է։ Հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, Երեւանում թե աշխարհի մի հեռավոր ծագում, միշտ էլ գոյատեւել է ստեղծագործելով։ Մեզ համար լինել, նշանակում է՝ ստեղծագործել։ Իսկ մենք միշտ պետք է լինենք։ Մեր թշնամին ուզում է, որ դադարենք ստեղծելուց... Դա հնարավոր չէ։ Երբեք։ Ոչ մի ժամանակ։ Հայ անվան ամենամեծ իմաստը, կարծում եմ, սա է՝ լինելով՝ ստեղծել, ստեղծելով՝ լինել։ Իհարկե, արդեն երրորդ տարին է, ամբողջ աշխարհն արցախցիներին տեսնում է միայն ըմբոստ ընդվզումների, մաքառումների մեջ, զենքը ձեռքներիս եւ, հասկանալի է, երբ նաեւ գրքեր են լույս տեսնում, ծնվում է զարմանքը՝ ինչպե՞ս... Բայց մի՞թե քիչ զարմանալի են մեր անցած ուղին, մեր պատմությունը, մեր ծնունդը, մեր հավատն ու ուժը, մեր... Մեր լինելությունը հենց մեր զարմանալիության մեջ է։ Մի հնացած լոզունգ կա՝ երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են։ Ես, օրինակ, գտնում եմ, որ դա սխալ ձեւակերպում է։ Մի՞թե հինգերորդ դարում թնդանոթները լուռ էին, երբ ծնվեցին մեր գրականության դասական կոթողները, անմահ գլուխգործոցները։ Խաղաղ ժամանակներո՞ւմ են ծնվել Խորենացու «Հայոց պատմությունը», Դավթակ Քերթողի «Ջիվանշիրի ողբը», Նարեկացու «Մատյանը», Պեշիկթաշլյանի զեյթունյան երգերը, Նալբանդյանի «Ազատությունը»... Եվ ինչ կլիներ, ասենք, մեր վիճակն այսօր, եթե հինգերորդ դարի մեր պատմիչներն ու գրողները լռեին... Մեր վանքերից ու եկեղեցիներից շատերը, որոնք ճարտարապետական անկրկնելի կոթողներ են, կառուցվել են թշնամական գնդակների տարափի տակ, դրա համար էլ դիմացկուն են, անխորտակելի։ Մենք մեր քուրան, մեր ոգու կրակը միշտ թեժ ենք պահում, որ նրանում թրծված գործերն էլ, հասկանալի է, ժամանակադիմացկուն լինեն ու ոչ ժամանակավրեպ... Սա ձգտում է բնական։

-Քանի որ խոսք եղավ ստեղծագործական աշխատանքի մասին, կուզենայինք իմանալ, ինչպիսի՞ն է այսօր Հայաստան-Արցախ գրական, հոգեւոր կապը։

-Մեզ համար կարեւոր է յոթանասուն տարվա հոգեւոր շրջափակումից դուսր գալը։ Սա կոնկրետ փաստ է, մեր շարժման հաղթանակներից մեկը։ Այստեղ «կապ» բառը, կարծում եմ, սխալ է հնչում։ Կապ կարող է լինել տարբեր ժողովուրդների միջեւ, իսկ մենք նույն ժողովրդի բռնի ուժով կիսված, բայց անբաժանելի մասերն ենք։ Հոգեւոր ամբողջացումն էլ ի վերջո տանում է դեպի, այսպես ասած, տարածքային ամբողջականություն։ Ամբողջականացման ձգտումը, դա օրինաչափ եւ հավերժական պրոցես է, աճի ու զարգացման ամենաառաջին պայմանը՝ թե՛ բնության, թե՛ հասարակության մեջ։ Ինչ վերաբերում է մեր գրողներին, ապա նրանցից յուրաքանչյուրն արցախյան համազգային շարժման մեջ իր տեղն ու դերն ունի, իր համեստ գործն է կատարում... Թերթեցեք Կիմ Գաբրիելյանի, Ռոբերտ Եսայանի, Դավիթ Միքայելյանի, Սեյրան Բալայանի, Ավիկ Հարությունյանի, Թաթուլ Սաֆարյանի վերջերս լույս տեսած առաջին գրքերը եւ դրանում դուք կհամոզվեք։ Սրանք գրական նոր ծնունդներ են։ Դրան ավելացնենք նաեւ, որ Սեյրան Քամալյանի, Անահիտ Քոչարյանի, Նորեկ Գասպարյանի, Ժաննա Բեգլարյանի առաջին գրքերի տպագրության գործն ընթացքի մեջ է։ Չմոռանամ նշել, որ հունի մեջ է դրվում նաեւ մեր գրողների գրքերը ռուսերեն լեզվով Մոսկվայում հրատարակելու գործը։ Մի խոսքով, խորթմայրության դատապարտվածի լուծն ու բախտն արդեն թոթափել ենք։ Շարժման նոր վերելքից ի վեր (1988թ.) արցախցին, վերջապես, նմանվեց ինքն իրեն, արցախցին արցախցի է։ Իսկ արժանի արցախցի լինել, բնականաբար, նշանակում է՝ արժանի հայ լինել։ Արցախի գրական կազմակերպութունը, անշուշտ, Հայաստանի գրողների միության մի թեւն է ներկայացնում։

-Դուք անընդհատ շեշտում եք նոր անունները։ Ի՞նչ կասեիք նրանց մասին։

-Այն, որ նրանցով ենք մենք հարատեւ, նրանց ակտիվ գործունեությունը եւ գրական կյանքը հավաստում է, որ Արցախ աշխարհը նորից, շատ շուտով, կդառնա հայ մշակույթի ճանաչված կենտրոններից մեկը, ինչպես դա եղել է անցյալում։ Ես նկատի ունեմ պատմական Շուշին։ Կորսվածների մեջ անդառնալիորեն չի կորչում այն, որի կորստի հետ չեն հաշտվում։

-Եվ դրա կոնկրետ նախանշաններն արդեն կա՞ն։

-Այո։ Մեր ժողովրդի հոգեւոր կյանքում «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական երկամսյա հանդեսի ծնունդը, իմ կարծիքով, որոշակի բան նշանակում է։ Արցախյան համազգային շարժման օրերին հիմնադրված այդ հանդեսը փաստորեն մարզի հոգեւոր ուժերը պայքարի համար ամբողջականացնողի դեր է ստանձնել։

-Ի դեպ, «Արցախի» առաջին համարը բավականին ջերմ ընդունվեց ընթերցողների կողմից։ Ցավոք, հաջորդ համարները ուշանում են։ Դուք, որպես «Արցախի» հիմնադիր-խմբագիր, ի՞նչ կասեիք հանդեսի աշխատանքների, հեռանկարների մասին։

-Բավականին դժվար եղավ, իհարկե, հանդեսի ծնունդը։ Այն ծնվեց կոլեկտիվ ուժերով։ Հիմնադրման աշխատանքները շատ ջանքեր պահանջեցին։ Եվ ոչ միայն իմ, այլ նաեւ գրական օջախի բոլոր լավագույն ուժերը նպատակամղել էինք «Արցախի» առաջին համարի աշխարհ գալուն, յուրաքանչյուր գրող իր մասնակցությունը բերեց։ Մեծ չափով օգնեցին Երեւանում ապրող մեր արվեստագետները։ Այս օրերին ընթերցողի սեղանին կդրվեն հանդեսի հաջորդ՝ երկրորդ եւ երրորդ համարները, միացյալ ձեւով։ Ճիշտ է, այս տարվա համարներն էլ որոշակիորեն ուշանում են, դա կապված է ընթացիկ դժվարությունների հետ։

Սկսած 1990թ., «Արցախի» խմբագրական աշխատանքը կատարում է շնորհալի արձակագիր Կիմ Գաբրիելյանը, մեկն այն երիտասարդներից, որոնք կանգնած են միշտ մեր գրական, հասարակական ոչ դյուրին կյանքի կենտրոնում։ Բացի այդ, նշենք, որ «Արցախը» գրքահանդեսային է, այսինքն՝ ունի հրատարակչական բաժին։ Հանդեսը Ացախի գրական կազմակերպության օրգան է եւ մտնում է մարզում ստեղծված արտադրական-խմբագրահրատարակչական միավորման մեջ։

Մեզ մոտ՝ Ստեփանակերտում, առաջին գրքերի հրատարակման գործն արդեն ընթացքի մեջ է։ Իսկ մեր գրական բանակը զգալի աճ է տվել։ Այն դեպքում, երբ անցած յոթանասուն տարիների ընթացքում միայն մի քանի հոգի էին կարողացել դառնալ գրողների միության անդամներ։ Մեզ մոտ ստեղծվել են նաեւ գրականության պրոպագանդման մարզային բյուրո, գրական ֆոնդի արցախյան կազմակերպություն... Այս ամենը հնարավոր դարձավ միայն ադրբեջանական «եղբայրական» ճիրաններից դուրս գալուց հետո...

-Ասածներից կարելի է եզրակացնել, որ Արցախի գրական կազմակերպության գործում որոշակի աշխուժացում կա։

-Այո, որոշակի։ Որովհետեւ այս ամենը ժամանակավոր բնույթ կկրի, եթե մենք չհասնենք ամենագլխավորին՝ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելուն։ Առանց այս հիմնական լուծման, մնացածը սուտ է։ Ի վերջո, դրանով է պայմանավորվում ամեն ինչ։ Եվ գրական կյանքի աշխուժացումն էլ գնահատելի է այնքանով, որքանով կարեւոր քայլ է՝ մեզ դեպի միացում տանող։

1990թ.