Ինձ թողիր այնտե՛ղ,
ՈՒր հանդիպել ենք. -
Ուզում եմ ուրիշ,
ՈՒրիշ ճամփով գալ։
Ինձ թողիր այնտեղ,
Ուր ներում չկա. -
Ուզում եմ ուրիշ
Քարերով զարկվել։
Ինձ թողիր այնտեղ,
ՈՒր քեզ չեմ տեսել. -
Ուզում եմ փնտրել,
Նորից գտնել քեզ։
Ինձ թողիր այնտեղ,
Ուր որ զղջումն է, -
Ուզում եմ ուրիշ
Հեղեղով քշվել։
Ինձ թողիր այնտեղ,
Ուր դու երկինք ես. -
Ուզում եմ վրաս
Նոր թեւեր բուսնեն։
Ինձ թողիր այնտեղ,
Ուր ես քեզ մոտ եմ, -
Նորից եմ ուզում
Եկած ճամփով գալ...
Ինձ թողիր այնտեղ,
Ուր որ չես թողնի. -
Ինչ որ չի եղել՝
Ուզում եմ լինի։