Աշունը սկսեց տեղադրել իր դեկորները.
մի ամպի կտոր՝ հոգնած, անանձրեւ,
Մռակածի վրա, մի ճանապարհ՝ տերեւներ քշող
քամու թեւերին, պատի հին ճեղքում՝ շատ մաքրելուց
մաշված մի ավել։ Մռավն, ահա,
երկնքի հայելու առաջ, առաջինն է փորձում գալիք ձմեռվա
նվիրած ճերմակ քողերը։ Աչքերս աշնան տերեւների պես
խշխշում են անցնող աղջիկների կրունկների տակ, իմ
սրտի ու ձեռքի հեռավորությունը հավակնում է
մտնել գինեսի գիրք, զբոսայգում՝
հատուկենտ նստարաններ, որոնց
ոտքերը կապկպված են թանձր սարդոստայններով, իսկ
ուշացած ժամադրության եկած անզույգ
ծերունիներն ում սպասում են, նրանք այլեւս չեն գալու,
եւ, ավաղ, ստիպված իրենք են գնալու
նրանց ետեւից։ Հարցնում
են ինձ՝ որտեղ ես ծնվել։ Իսկ
որտե՞ղ չեմ ծնվել։
Երեկ իմացա՝
քաղաքի ծերանոցում է իմ առաջին սերը (նա շոկոլադներ
շատ էր սիրում), գնումներ եմ արել,
գնամ տեսակցության։