Դոն Կիխոտ/Գլուխ VI
ՈՐԻՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՔԱՀԱՆԱՆ ՈՒ ՍԱՓՐԻՉԸ
ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ՀԻԴԱԼԳՈՅԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Դոն Կիխոտը դեռ քնած էր։ Քահանան խնդրեց նրա զարմուհուց այն սենյակի բանալին, որտեղ պահված էին գրքերը՝ այս մեծ դժբախտության մեղապարտները, և աղջիկը մեծ պատրաստակամությամբ հանձնեց բանալին։
Բոլորը, տնտեսուհու ուղեկցությամբ, ներս մտան և տեսան հարյուրից ավելի խոշոր, փառակազմ հատորներ և շատ ուրիշ ավելի փոքր գրքեր։
Քահանան խնդրեց, որ սափրիչը մեկը մյուսի հետևից գրքերը տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե դրանց մեջ ի՞նչ է խոսվում․ չէ՞ որ կարող է պատահել, որ դրանցից մի քանիսը արժանի չլինեն հրկիզման։
— Չէ, չէ,— բացականչեց դոն Կիխոտի զարմուհին,— պետք չէ խնայել դրանցից և ոչ մեկը, դրանք բոլորն էլ մեղավոր են։ Ամենից լավը այն կլինի, որ մենք լուսամուտից դուրս թափենք բակ, մի կույտ անենք և վառենք, կամ թե տանենք անասնաբակը և այնտեղ խարույկ վառենք։ Այնտեղից ծուխը մեզ չի անհանգստացնի։
Նույնն էր ասում նաև տնտեսուհին։
Գրքերը հանձնեցին տնտեսուհուն, իսկ գրքերի քանակը քիչ չէր, և տնտեսուհին, սանդուղքներով գնալ-գալուց ազատվելու համար, դուրս թափեց դրանք լուսամուտից։
Այնուհետև քահանան ու սափրիչը որոշեցին պատ շարել և ծածկել գրադարանի դուռը այնպես, որ դոն Կիխոտը վեր կենալուց հետո այլևս չկարողանա գտնել գրքերը (նրանք հույս ունեին, որ, վերացնելով պատճառը, կվերացնեն նաև հետևանքները)։ Իրար մեջ պայմանավորվեցին ասել դոն Կիխոտին, որ մի կախարդ թռցրել է սենյակը, գրքերն էլ հետը։ Այդ ամենը կատարվեց մեծ փութկոտությամբ։
Երկու օր անց դոն Կիխոտը վեր կացավ, և նրա առաջին գործը եղավ գնալ գրքերին նայել։ Չգտնելով սենյակը, որտեղ գրքերն էին, նա սկսեց թափառել տնով մեկ և որոնել բոլոր սենյակներում։ Նա մոտենում էր այն տեղին, որտեղ առաջ դուռ կար, մատներով ձեռք էր տալիս և աջ ու ձախ նայում։
Վերջապես երկար որոնելուց հետո հարցրեց տնտեսուհուն, թե ո՞ր կողմն է իր մատենադարանը։
Տնտեսուհին, նախապես գիտենալով, թե ինչ պիտի ասի, պատասխանեց.
— Մատենադարանս ո՞րն է։ Այդ ինչե՞ր եք որոնում, ձերդ ողորմածություն։ Էլ ոչ մատենադարան է մնացել, ոչ գիրք, որովհետև դևն ամեն ինչ տարել է։
— Իսկ էլ դևը չի,— առարկեց զարմուհին,— այլ կախարդը, որ եկավ մի գիշեր, ամպի վրա բազմած, ձերդ ողորմածության այստեղից գնալուց հետո։ Նա իջավ վիշապից, որի վրա հեծել էր, ներս մտավ ձեր մատենադարանը և չգիտեմ, թե ինչ արեց-չարեց այնտեղ, միայն թե մի պահ անց նա դուրս թռավ կտուրից, իսկ տունը լցվեց ծխով։ Երբ մենք սիրտ արինք նայելու, թե ինչ է արել այնտեղ, արդեն ոչ գիրք կար, ոչ սենյակ։ Ես էլ, տնտեսուհին էլ, միայն մի բան ենք լավ հիշում՝ երբ որ այդ չար ծերուկը թռչում-գնում էր, նա բարձրաձայն գոչեց, թե՝ սենյակի տիրոջը ինքը մեծ վնաս հասցրեց, որը հետագայում կիմացվի։ Դրան նա ավելացրեց, որ ինքը կոչվում է իմաստուն Մունյատոն։
— Ֆրեստոն կասեն,— ընդհատեց դոն Կիխոտը։
— Ես ի՞նչ իմանամ,— պատասխանեց աղջիկը,— Ֆրեստոն է, թե Ֆրիտոն, հիշում եմ միայն, որ անունը վերջանում էր տոն-ով։
— Այդպես է, որ կա,— ասաց դոն Կիխոտը,— դա մի իմաստուն կախարդ է, իմ ոխերիմ թշնամին, որովհետև իր արհեստի և գրքերի շնորհիվ իմացել է, թե հասնելու է ժամը, և ես մենամարտելու եմ մի ասպետի հետ, որին նա հովանավորում է, և թե ինձ վիճակված է հաղթել, հակառակ նրա բոլոր ճիգերին, ու հիմա աշխատում է ինձ ամեն տեսակ անախորժություն պատճառել։ Սակայն հավատացնում եմ, որ նա սխալվում է և չի խուսափի նախախնամությունից։
— Ո՞վ կարող է կասկածել որ,— ասաց զարմուհին։— Սակայն, ձերդ ողորմածություն, քեռի ջան, ո՞վ է ստիպում ձեզ մտնելու բոլոր այդ կռիվների մեջ։ Ավելի լավ չի՞ տանը խաղաղ նստեք, քան թափառեք աշխարհով մեկ, մեր ցորենի հացից առավել լավը որոնելու համար։ Հո գիտեք՝ պատահում է, որ մարդ բրդի հետևից է ընկնում և ինքն է խուզված վերադառնում։
— Ախ, զարմուհիս,— բացականչեց դոն Կիխոտը,— ինչ թյուր ես ըմբռնել դու այդ բանը։ Մինչև ինձ խուզեն, ես ինքս կպոկեմ բոլորի մորուքը, ովքեր միայն երևակայեն իմ մի հատիկ մազին դիպչել։
Տնտեսուհին ու դոն Կիխոտի զարմուհին որոշեցին այլևս չառարկել, որպեսզի չգրգռեն նրա զայրույթը։