ԳԼՈԻԽ VII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՓԱՌԱՊԱՆԾ ԱՍՊԵՏ
ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՆՉԱՑՈՒ
ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ

Դոն Կիխոտը կես ամիս խաղաղ նստեց տանը, ոչ մի բանով չարտահայտելով իր առաջվա գժությունները շարունակելու ցանկությունը։ Այդ օրերի ընթացքում նա քանիցս զվարճալի զրույցներ ունեցավ իր երկու բարեկամների՝ քահանայի և սափրիչի հետ այն մասին, թե աշխարհս ոչ մի բանի այնքան կարիք չունի, ինչքան թափառական ասպետների և թե ինքը պիտի հարություն տա թափառական ասպետությանը։

Քահանան մեկ ընդդիմախոսում էր նրան, մեկ էլ առերես համաձայնում, որովհետև առանց այդ խորամանկությունը բանեցնելու հնարավոր չէր լինի ապացուցելու նրան իր մոլորությունը։

Այդ ընթացքում դոն Կիխոտն սկսեց համոզել մի գյուղացու, իր հարևանին, բարի մի մարդու, բայց ծերը պակաս։ Վերջ ի վերջո նա այնքան համոզեց, այնքան խոսեց ու բաներ խոստացավ, որ խեղճ գյուղացին համաձայնեց գնալ նրա հետ՝ որպես զինակիր։ Ի միջի այլոց, դոն Կիխոտը նրան խորհուրդ տվեց երկար ու բարակ չխորհել և անմիջապես ելնել թափառելու, որովհետև կարող է այնպիսի արկած պատահել, որ ինքը մի կղզի կնվաճի և նրան կառավարիչ կնշանակի։

Այս և նման խոստումներից ոգևորված Սանչո Պանսան (այսպես էր գյուղացու անունը) թողեց կնոջն ու երեխաներին և մտավ ծառայության իր հարևանի մոտ, իբրև զինակիր։

Ապա դոն Կիխոտն սկսեց փող հավաքել՝ մի բան ծախեց, մյուսը՝ գրավ դրեց, և մեծ վնասով բավական գումար հավաքեց։

Բացի այդ, նա իր մի բարեկամից փոխ վերցրեց կլոր վահան, մի կերպ կարգի բերեց ջարդված սաղավարտը և նախազգուշացրեց իր զինակիր Սանչոյին, որ այսինչ օրն ու ժամին ինքը մտադիր է ճամփա ընկնել, որպեսզի նա էլ պատրաստություն տեսներ։ Դոն Կիխոտը հատկապես պնդում էր, որ Սանչոն չմոռանա ճամփորդական պայուսակ վերցնելու։

Վերջինս խոստացավ, որ չի մոռանա և ասաց, որ իր երևելի էշն էլ կվերցնի հետը, որովհետև ոտքով գնալու համար իր կազմվածքն այնքան էլ հարմար չէ։ Այդ հանգամանքը մի քիչ շփոթեցրեց դոն Կիխոտին, և նա աշխատում էր մտաբերել՝ ունեցե՞լ են արդյոք թափառական ասպետները զինակիրներ, որոնք էշով են գնալիս եղել, բայց նրա միտքը ոչ մի այդպիսի դեպք չէր գալիս։

Այնուհանդերձ նա համաձայնվեց, հավատացած լինելով, որ առաջին իսկ հարմար դեպքում, առաջին իսկ հանդիպման պահին որևէ անպատկառ ասպետի հետ, կխլի նրա ձին և այդ ավելի պատվավոր կենդանուն կտա իր զինակրին։ Վերջապես, նա շապիկների և այլ անհրաժեշտ իրերի պաշար տեսավ, հետևելով իջևանատիրոջ խորհուրդներին։

Երբ որ ամեն ինչ պատրաստ էր, մի գիշեր նրանք երկուսով աննկատ դուրս եկան գյուղից։ Սանչոն անգամ մնաք բարով չասաց կնոջն ու երեխաներին, իսկ դոն Կիխոտը՝ տնտեսուհուն ու զարմուհուն։ Ողջ գիշերը նրանք առաջ ընթացան, այնպես որ երբ լույսը բացվեց, այլևս երկյուղ չկար, որ նրանց կարող են գտնել, եթե որոնելու էլ լինեն։

Սանչո Պանսան, պայուսակով ու տիկով բեռնավորված, այնպես էր բազմել էշի վրա, ասես պատրիարք լիներ։ Նա շատ անհամբեր էր խոստացված կղզու կառավարիչ դառնալու համար։ Դոն Կիխոտը պատահմամբ ձիու գլուխը շուռ տվեց այն ճամփի վրա, որով նա գնացել էր առաջին անգամ, միայն թե հիմա ավելի հաճելի էր, որովհետև ժամը վաղորդյան էր և արևի շեղ ճառագայթները նրան չէին անհանգստացնում։

Այստեղ Սանչո Պանսան ասաց իր տիրոջը.

— Տեսեք, հա՜, ձերդ ողորմածություն, պարոն թափառական ասպետ, չմոռանաք ձեր խոստումը կղզու մասին։ Ինչքան էլ մեծ լինի, ես գիտեմ, թե ինչպես կկառավարեմ։

Դոն Կիխոտը դրան պատասխանեց․

— Իմացած եղիր, իմ բարեկամ Սանչո Պանսա, որ հին ժամանակների թափառական ասպետների մեջ շատ տարածված սովորույթ է եղել նշանակել իրենց զինակիրներին նվաճած կղզիների կամ թագավորությունների կառավարիչ, և ես հաստատ որոշել եմ այդ գովելի սովորույթը վերականգնել։ Ավելին կասեմ, ես կամենում եմ ավելի հեռուն գնացած լինել. իմ նախորդները, երբեմն կամ ավելի ճիշտ՝ միշտ, սպասում էին, որ իրենց զինակիրները ծերանան և ծառայությունից ուժասպառվեն, շատ դժնդակ օրեր և առավել վատթար գիշերներ անցկացնեն, ապա շնորհում էին նրանց որևէ հովտի կամ գավառի մարկիզություն կամ կոմսություն և նույնիսկ ավելի պակաս բան։ Իսկ ես, եթե մենք երկուսս էլ կենդանի մնացինք, հնարավոր է, որ մի վեց օրից նվաճեմ այնպիսի թագավորություն, որին հպատակված լինեն մի քանի ուրիշները և որը քեզ ավելի հարմար գա, կտամ քեզ, թագադրելով քեզ արքա։ Չկարծես, թե ես չափազանցում եմ՝ թափառական ասպետներին այնպիսի պատմություններ ու դեպքեր են պատահում, որ ոչ ոք ո՛չ տեսել է, ո՛չ երևակայել։ Այնպես որ ես հեշտությամբ կարող եմ նվիրել քեզ խոստացածիցս էլ ավելին։

— Ասել է թե,— պատասխանեց Սանչոն,— եթե, ոնց որ ձերդ ողորմածությունն է ասում, հրաշքով թագավոր դառնամ, իմ կնիկս էլ թագուհի՞ կդառնա, զավակներս էլ թագաժառանգնե՞ր։

— Ի՜նչ կասկած,— պատասխանեց դոն Կիխոտը։

— Ես էլ չեմ կասկածում,— պատասխանեց Սանչո Պանսան,— մանավանդ որ այնպիսի հզորազոր տեր ունեմ, ինչպես ձերդ ողորմածությունն է՝ անշուշտ դուք ինձ կնվիրեք այն, ինչ որ ավելի հարմար ու հաճելի լինի ինձ համար։