ԳԼՈՒԽ XX
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՄԱՆՉԱՑԻ ԱՐԻ ԱՍՊԵՏԻ ՀԵՏ
ՍՅԵՐՐԱ-ՄՈՐԵՆԱՅՈՒՄ ՊԱՏԱՀԱԾ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ
ԵՎ ԱՅՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ,
ՈՐ ՆԱ ԻՆՔԸ ԴՐԵՑ ԻՐ ՎՐԱ

Կամաց-կամաց նրանք մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր, որ խոսի իր տիրոջ հետ, սակայն սպասում էր, որ առաջինը նա սկսի, որպեսզի նրա պատվերը խախտած չլինի։

Սակայն այդքան երկար լռությանը չդիմանալով, նա այնուամենայնիվ խոսեց.

— Պարոն դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեցեք, որ վերադառնամ տուն, կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ ես, գոնե, կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր-ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է, ինձ ողջ-ողջ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենա, որ անասունները կարողանային խոսել, էլի մի բան է՝ ես կպատմեի իմ էշին այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպիսով կկարճեի իմ տխուր օրերը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը՝ քեզ ջարդուխուրդ անեն, վերմակի վրա վեր-վեր թռցնեն, քարկոծեն, բռունցքներով խփեն, իսկ այդ ամենի վրա ավելացրու՝ չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ-որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։

— Ես հասկանում եմ քեզ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը։— Դու մեռնում ես ցանկությունից, որ ես վերացնեմ քո լեզվի վրա դրածս արգելքը։ Է՛հ, թող այդպես լինի, վերացնում եմ, ասա ինչ որ կամենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունն ուժ ունենա, քանի որ մենք լեռներում ենք գտնվում։

— Թող այդպես լինի,— պատասխանեց Սանչոն,— տեր իմ, հիմա մի կուշտ խոսեմ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Օգտվելով ձեր թույլտվությունից, ես ահա թե ինչ կասեմ՝ ձեր ի՞նչ գործն է սրան-նրան պաշտպանելը։ Ես ուրիշների գործին խառնվողը չեմ։ Ով որ խարդախում է, նա այդ զգում է իր սեփական քսակում։ Ես ոչ տարել եմ, ոչ էլ տանուլ տվել։ Հաճախ կարծում են, թե մարդիկ ճարպ ունեն, դու մի ասա, ճարպը կախ տալու համար կեռ էլ չունեն։ Դաշտը կողպեքի տակ չի դրվի, իսկ բամբասանքը․․․ Աստծուն էլ են բամբասել։

— Տե՜ր ողորմյա,— բացականչեց դոն Կիխոտը,— այդ ի՞նչ դատարկ բաներ ես դուրս տալիս, Սանչո։ Ի՞նչ առնչություն ունի մեր զրույցը այն առածների հետ, որ դու շարում ես մեկը մյուսի հետևից։ Լարիր քո բոլոր հինգ զգայարանները և հասկացիր վերջապես, որ ամենը, ինչ որ ես արել եմ և կանեմ, միանգամայն խելացի է և համաձայն ասպետական օրենքներին։

— Ասացեք, պարոն,— առարկեց Սանչոն,— սա է՞լ է ըստ ասպետական օրենքի, որ մենք առանց ճամփի և ուղիի թափառենք լեռներում։

— Մեկ էլ եմ ասում քեզ, Սանչո, լռիր,— ասաց դոն Կիխոտը։— Նկատի առ, որ ես մտադիր եմ այս վայրերում այնպիսի սխրագործություն կատարել, որն աշխարհիս երեսին առհավետ հռչակի իմ անունը և պսակի բոլոր գործերը, որոնց շնորհիվ թափառական ասպետը կարող է հասնել փառքի և կատարելության։

— Իսկ այդ սխրագործությունը շա՞տ է վտանգավոր,— հարցրեց Սանչո Պանսան։

— Ո՛չ,— պատասխանեց Վշտակերպ Ասպետը,— թեև գործը կարող է այնպես էլ շուռ գալ, որ հաջողության փոխարեն մենք տուժենք։ Ասենք, ամեն ինչ քո ջանասիրությունից է կախված։

— Իմ ջանասիրությունի՞ց,— բացականչեց Սանչոն։

— Այո՛,— շարունակեց դոն Կիխոտը։— Ես մտադիր եմ քեզ մի տեղ ուղարկել։ Եթե դու շուտ վերադառնաս, իմ փորձություններն էլ շուտ կպրծնեն, և կսկսվի իմ փառքի շրջանը։

— Ի՞նչ է մտադիր ձեռնարկելու ձերդ ողորմածությունը այս ամայի վայրում,— հարցրեց Սանչոն։

— Չէ՞ որ ես քեզ ասացի,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ ես մտադիր եմ նմանվել Ամադիսին և այնպես վարվել, իբրև թե կորցրել եմ խելքս, հուսահատվել ու կատաղել։ Միաժամանակ կնմանվեմ նաև արի Ռոլանդին։

— Ինձ թվում է,— հարեց Սանչոն,— թե ասպետները հարկադրված են եղել անելու այդ ամենը։ Իսկ ձերդ ողորմածությունն ի՞նչ պատճառ ունի գժվելու։

— Բանն էլ հենց այդ է,— պատասխանեց դոն Կիխոտը,— գործի ամբողջ նրբությունն էլ այստեղ է։ Եթե թափառական ասպետը խելագարվում է, ունենալով կատարյալ հիմք՝ դրա մեջ ոչ արժանիք կա, ոչ սխրագործություն։ Այլ բան է խելագարվել հենց այնպես, առանց որևէ պատճառի։ Թող հասկանան, թե ինչի ընդունակ կլինեմ ես, որ ինձ հրացանի պես լցնելու լինեմ, եթե առանց լցնելու էլ ես կարող եմ այդպես վարվել։

Այսպես զրուցելով նրանք հասան մի բարձր լեռան ստորոտը, որ սլանում էր վեր ուրիշ լեռների բազմության միջից։ Ոլորվում էր վտակը նրա լանջերով և եզերում մի սքանչելի կանաչ հովիտ։ Ծառ ու ծաղիկները առավել ևս դուրեկան էին դարձնում այս վայրը։ Մեր Վշտակերպ Ասպետը հենց այդ տեղն ընտրեց իր աշխատանքի վայրը։ Նա արագ ցած թռավ Ռոսինանտից և, վայրկենապես հանելով նրա թամքն ու սանձը, խփեց նրա գավակին ու ասաց.

— Օ՜, երիվար, նույնքան հռչակված սեփական սխրագործություններով, որքան և ապերախտ։ Քեզ ազատություն է շնորհում նա, ով ինքը զուրկ է ազատությունից։ Գնա, ուր որ կամենաս։

Այդ տեսնելով, Սանչոն ասաց.

— Եթե ձերդ ողորմածությունը լուրջ մտադիր է ինձ տեղ ուղարկել և ապա խելագարվել, ուրեմն պետք է Ռոսինանտին թամքել։ Նա կփոխարինի իմ կորած էշին, և ես ավելի շուտ կերթամ ու կվերադառնամ։ Իսկ եթե ես ոտքով գնալու լինեմ, գլուխ չեմ հանում՝ այդ ե՞րբ տեղ կհասնեմ և ե՞րբ ետ կգամ, որովհետև, շիտակ ասած, ես ոտքով գնալու հավես չունեմ։

— Ինչ կա որ,— պատասխանեց դոն Կիխոտը,— թող քո ասածը լինի, քո կարծիքը վատ չէ։ Դու այստեղից դուրս կգաս երեք օրից, որովհետև ես ուզում եմ, որ դու տեսած լինես, թե ես ինչեր եմ անում և ասում, հետո էլ պատմես նրան։

— Էլ ի՞նչ տեսնեմ,— առարկեց Սանչոն,— քի՞չ եմ տեսել։

— Դու բան չես հասկանում,— պատասխանեց դոն Կիխոտը։— Հիմա ես կսկսեմ պատառոտել իմ շորերը, զրահներս կշպրտեմ դեսուդեն, գլուխս քարովը կտամ և սրանց նման այնպիսի բաներ կանեմ, որ դու մնաս զարմացած։

— Ի սեր աստծո,— ասաց Սանչոն,— զգույշ խփեցեք ձեր գլուխը քարին. չէ՞ որ կարող է այնպիսի ժայռ պատահել, որին ձեր գլուխը խփելուց հետո էլ ոչ մի աշխատանքի կարիք չլինի։ Ահա թե ինչ խորհուրդ կտամ, ձերդ ողորմածություն, եթե անհրաժեշտ է ճակատը քարին խփելը և առանց դրան յոլա գնալ չի լինի, արդյոք բավական չէ՞ր լինի, եթե ձերդ ողորմածությունը գլուխը ջրին խփեր, կամ թե ուրիշ ավելի փափուկ առարկաների, ասենք՝ բամբակի, իսկ մնացածը թողներ ինձ։ Ես էլ տիրուհի Դուլսինեային կասեմ, ձերդ ողորմածությունը գլուխը սրածայր ժայռին է տալիս, որ ալմաստի պես ամուր է։

— Շնորհակալ եմ քո բարի ցանկության համար, Սանչո բարեկամ,— պատասխանեց դոն Կիխոտը,— բայց պետք է քեզ ասեմ, որ այդ ամենը կատակի համար չեմ անում, այլ լուրջ, որովհետև այլապես խախտած կլինեի ասպետականության օրենքը, որ արգելում է սուտը։ Մի՞թե խաբեբայություն չէ մեկ բան անելը և մյուս բան ասելը։ Իմ գլուխը քարով տալը պետք է իսկական լինի, ուժգին, կատարյալ, առանց կեղծիքի և ձևացնելու որևէ խառնուրդի։ Անհրաժեշտ է, որ ինձ համար թողնես մի քիչ սպեղանի բուժվելու համար, քանի որ դժբախտաբար մենք կորցրել ենք բալասանը։

— Ավելի վատն այն է, որ մենք կորցրինք էշին,— պատասխանեց Սանչոն։— Չէ՞ որ նրա վրա էր սպեղանին էլ, մնացած բաներն էլ, իսկ այն անիծված խմիչքի անունը, աղաչում եմ, ձերդ ողորմածություն, էլ չտաք, թե չէ ոչ միայն հոգիս, այլևս ստամոքսս է շուռ գալիս նրա անունը լսելիս։ Մի բան էլ խնդրեմ՝ երևակայեցեք, որ ձեր նշանակած երեք օր ժամանակը լրացել է և ձեր բոլոր գժությունները ես տեսել եմ, իսկ ես ձեր տիրուհուն հրաշք բաներ կփչեմ։ Դե նամակը գրեցեք և ինձ շուտով ճամփու դրեք, որովհետև ես շատ եմ ուզում շուտ վերադառնալ, որպեսզի փրկեմ ձերդ ողորմածությանը այս քավարանից։

— Բայց ինչպե՞ս նամակ գրեմ,— հարցրեց Վշտակերպ Ասպետը։

— Եվ գրություն՝ էշի քուռակներն ստանալու համար,— ավելացրեց Սանչոն։

— Ամեն ինչ կլինի, ամե՜ն ինչ,— պատասխանեց դոն Կիխոտը,— միայն մենք թուղթ չունենք և պետք է հին մարդկանց օրինակով ծառերի տերևների և մոմած տախտակների վրա գրենք, թեև այստեղ մոմած տախտակ գտնելը նույնքան դժվար կլինի, որքան թուղթը։ Ինչքան հիշում եմ, Դուլսինեան ոչ գրել գիտե, ոչ կարդալ և իր օրում նամակի երես չի տեսել։ Մեր փոխադարձ սերը միշտ պղատոնական է եղել և պարկեշտ հայացքներից դենը չի անցել։ Նայելն էլ է շատ հազվադեպ եղել, և ես խղճի մտոք կարող եմ ասել, թե տասներկու տարվա ընթացքում, որ ես նրան իմ աչքի լույսից ավելի եմ սիրում, ես նրան չորս անգամ էլ տեսած չեմ լինի և շատ հնարավոր է, որ նա ինքն էլ նկատած չլինի, որ ես նայել եմ նրան՝ ահա թե ինչքան խիստ ու փակ են կրթել Դուլսինեային նրա հայրն ու մայրը՝ Լորենցո Կորչուելոն և Ալդոնսա Նոգալեսը։

— Պա՛-պա՛-պա՛-պա՛,— բացականչեց Սանչոն։— Կնշանակի՝ տիրուհի Դուլսինեա Տոբոսցին ոչ այլ ոք է, քան եթե Լորենցո Կորչուելոյի և Ալդոնսա Լորենցոյի աղջի՞կը։

— Այո,— պատասխանեց դոն Կիխոտը,— և նա արժանի է ողջ աշխարհի թագուհին լինելու։

— Ես նրան շատ լավ եմ ճանաչում,— պատասխանեց Սանչոն։— Նա լավն է ու լիքը՝ տռո՜ւզ աղջիկ։ Ինչ ասպետի ասես մորուքից կբռնի, ցեխից կհանի։ Գետինը մտնեմ՝ ի՜նչ ուժ ունի, ի՜նչ ձայն։ Մի օր բարձրացել է զանգակատունը և կանչել հոր բատրակներին, որ աշխատելիս են եղել դաշտում, և թեև նրանք գյուղից կես մղոն հեռու են եղել, այնքան պարզ լսել են նրա ձայնը, ասես զանգակատան կողքին են կանգնած եղել։ Նա նազուտուզ ծախող չի, բոլորի հետ հանաք-մասխարություն կանի, դատարկ բանից կծիծաղի և կզվարճանա։ Հիմա ես կարող եմ ասել, պարոն Վշտակերպ Ասպետ, որ դուք ոչ միայն կարող եք, այլև պետք է նրա համար գժություններ անեք։ Ձերդ ողորմածությունն ունի կատարյալ հիմք՝ հուսակտուր լինելու և նույնիսկ կախվելու։ Եվ եթե մեկնումեկը այդ բանն իմանա, անշուշտ կասի, թե դուք շատ ճիշտ եք վարվել, անգամ եթե ինքը սատանան ձեզ դժոխքը տանելու լինի։ Ես անհամբեր եմ ճամփա ընկնելու, որպեսզի շուտով նրան տեսնեմ։ Քանի՜ օր է, ինչ նրան չեմ տեսել։ Նա փոխված կլինի։ Չէ՞ որ նա միշտ դաշտում է լինում, բաց օդում, բարկ արևի տակ, իսկ դրանից կնոջ դեմքը փչանում է։ Հիմա խոստովանեմ, ձերդ ողորմածություն, որ մինչև օրս ես խորին տգիտության մեջ եմ եղել, որովհետև հաստատ հավատացած եմ եղել, թե տիրուհի Դուլսինեան առնվազն իշխանուհի է։ Լավ միտք արեք հիմա. Ալդոնսա Լորենցոյին, ուզում եմ ասած լինեմ՝ Դուլսինեա Տոբոսցուն ի՞նչ օգուտ, որ ձերդ ողորմածությունը նրա մոտ հաղթվածներ է ուղարկում, որ ծունկ չոքեն նրա առջև։ Չէ՞ որ կարող է պատահել, որ նրանց գալստյան վայրկյանին նա կտավհատ լինի դզելիս կամ կալ կալսելիս։ Նրանք կբարկանան, տեսնելով նրան այդպիսի գործ անելիս, իսկ նա կծիծաղի ձեր նվերի վրա և կնեղանա։

— Քանի՜-քանի անգամ ես քեզ արդեն ասել եմ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ դու շատ բերանբացն ես և, թեև բթամիտ ես, բայց շարունակ սրախոսում ես։ Ինձ համար միանգամայն բավական է երևակայել և հավատալ, որ այդ փառապանծ Ալդոնսա Լորենցոն գեղեցիկ և ազնիվ աղջիկ է։ Գալով նրա ցեղի մաքրության, այդ էական չէ։ Ուստի, իմ աչքում նա ամենաազնվազարմ իշխանուհին է աշխարհիս երեսին։ Դու պետք է իմացած լինես, Սանչո, եթե միայն չգիտես, որ երկու բան առանձնապես սեր են հարուցանում, այն է՝ մեծ գեղեցկությունը և բարի համբավը։ Այդ երկուսն էլ հատուկ են Դուլսինեային։ Ոչ ոք չի հասնի նրան գեղեցկությամբ, իսկ բարի համբավով նրա հետ քիչ կին կմրցի։ Մի խոսքով, ես համարում եմ, որ իմ բոլոր խոսքերը զուտ ճշմարտություն են, և երևակայությանս մեջ ես նրան այնքան չքնաղ ու ազնիվ եմ պատկերում, որքան կամենում եմ նրան տեսած լինել։

Դոն Կիխոտը հանեց հուշատետրը և, մի կողմ քաշվելով, սկսեց նամակ գրել, ապա, ավարտելով, մոտ կանչեց Սանչոյին և ասաց, որ կամենում է նրան կարդալ իր թուղթը, որպեսզի նա անգիր հիշի, եթե բան է, ճամփին կորցնելու լինի։ Բախտն այնքան դաժան է իր նկատմամբ, որ ամեն բանից պետք է զգուշանալ։

— Դե, լսիր, թե ինչ եմ գրել,— ասաց նա։

ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ՆԱՄԱԿԸ ԴՈՒԼՍԻՆԵԱ ՏՈԲՈՍՑՈՒՆ
Վսեմաշուք և իշխանազոր տիրուհի

անջատման խայթից մինչև սրտի խորքը վիրավորված ու խոցված ասպետը, օ՜հ քաղցրագույն Դուլոինեա Տոբոսցի, քեզ ողջություն է ցանկանամ, ինչից զուրկ է ինքը։ Եթե քո գեղեցկությունը արհամարհում է իմը, եթե քո արժանիքները կռվի են ելնում իմ դեմ, եթե քո արհամարհանքը ինձ կործանում է բերում,—թեև ես սովոր եմ տառապանքի,— այդ ցավը ես չեմ տանի, քանի որ նա ոչ միայն խորը, այլև տևական է։ Իմ բարի զինակիր Սանչոն քեզ լիակատար հաշիվ կտա, օ՜, խստասիրտ գեղեցկուհի, օ՜, իմ սիրած թշնամի, թե դու ինձ ինչ վիճակի ես հասցրել։ Եթե ինձ օգնության արժանի նկատես, ես քոնն եմ, իսկ եթե ոչ, վարվիր, ինչպես քեզ հաճելի լինի՝ բաժանվելով կյանքից ես հույս ունեմ հագեցնել քո խստասրտությունը և իմ կիրքը։

Մինչ գերեզման ձերդ՝
Վշտակերպ Ասպետ

— Իմ հոր արևը վկա,— բացականչեց Սանչոն, լսելով այս գիրը,— ես կյանքումս ավելի բարձր բան լսած չկամ։ Արմանք ու զարմանք, թե ինչ սիրուն է ձերդ ողորմածությունն իր մտքերն արտահայտում և ինչ ճարպիկ է այդ ամենը հարմարեցրած «Վշտակերպ Ասպետ» ստորագրությանը։ Շիտակ՝ ձերդ ողորմածությունը իսկական սատանա է։ Ինչե՜ր ասես, որ դուք չգիտեք։

— Իմ գործում,— պատասխանեց դոն Կիխոտը,— ամեն բան պիտի իմանաս։

— Դե հիմա,— շարունակեց Սանչոն,— հետևին մի ստացական գրեցեք երեք քուռակների մասին և ինչքան կարելի է պարզ ստորագրեցեք, որպեսզի ամեն ոք, տեսնելուն պես, իսկույն ձեր ձեռքը ճանաչի։

— Սիրով,— պատասխանեց դոն Կիխոտը և, գրելով, կարդաց հետևյալը.

«Կարգադրեցեք, ձերդ ողորմածություն, սիրելի զարմուհիս, հանձնել իմ այս առաջին կտրոնը ներկայացնող իմ զինակիր Սանչո Պանսային երեք քուռակ այն հինգից, որ ես մեկնելով թողել եմ և հանձնել ձերդ ողորմածության հոգատարությանը։ Այդ երեք քուռակներին հրամայում եմ հանձնել նրան ի տրիտուր այստեղ նրանից ստացածս երեք այլ քուռակների։ Այդ անելուց և նրանից գրություն ստանալուց հետո՝ նրա մեզ հետ ունեցած հաշիվները պետք է փակված համարել։ Գրված է Սյերրա-Մորենայի խորքերում, սույն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ին»։

— Հրաշալի՜ է,— ասաց Սանչոն,— իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ստորագրեցեք։

— Ստորագրելու կարիք չկա,— առարկեց դոն Կիխոտը,— բավական է, որ տակին խազ քաշեմ, դա միևնույն է, թե ստորագրություն է, և հերիք է ոչ թե երեք, այլ երեք հարյուր քուռակ ստանալու համար։

— Գիտե՞ք, ձերդ ողորմածություն, թե ինչից եմ վախենում ես,— հարցրեց Սանչոն։— Սա այնպիսի խուլ տեղ է, որ ես, գուցե թե, ետ գալուց ճանապարհը չգտնեմ։

— Իսկ դու մտքումդ լավ պահիր նշանները,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես էլ կաշխատեմ այստեղից հեռու չգնալ և ժամանակ առ ժամանակ կբարձրանամ ամենաբարձր ժայռերի վրա, որ տեսնեմ՝ վերադառնո՞ւմ ես դու արդյոք։

Սանչոն հեծավ Ռոսինանտին և, դոն Կիխոտից ստանալով պատվեր՝ խնայել ու խնամել ձիուն, ինչպես իրեն, ուղևորվեց դեպի դաշտավայրը և շուտով անհետացավ։