Դոն Կիխոտ/Գլուխ XIX
ՀՌՉԱԿԱՎՈՐ ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ
ՍՅԵՐՐԱ-ՄՈՐԵՆԱՅՈՒՄ,
ԱՅԼ ԿԵՐՊ ԱՍԱԾ՝ ԱՄԵՆԱՀԱԶՎԱԴԵՊ
ԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄԱՍԻՆ,
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՅՍ ՃՇՄԱՐԻՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Տեսնելով, թե ինչ ցավալի վիճակի մեջ է ընկել, դոն Կիխոտը ասաց իր զինակրին.
— Շատ անգամ եմ լսել ես, որ ստոր մարդկանց լավություն անելը միևնույն է, թե ջուրը ծովն ածես։ Եթե ես հավատայի քո խոսքերին, այս անախորժությունից խուսափած կլինեի։ Բայց քանի որ եղածը եղել է, ապա տոկանք ու աշխատենք խելք ու խրատ սովորել։
— Ձերդ ողորմածությունը խելք ու խրատ կսովորի,— պատասխանեց Սանչոն,— երբ որ ես թուրք դառնամ։ Բայց քանի որ դուք ասում եք, եթե ինձ հավատայիք, այդ աղետից խուսափած կլինեինք, ապա հավատացեք հիմա, և դուք կխուսափեք վատթարագույնից։ Որովհետև Սանտա Հերմանդադի դեմ ձեզ չի օգնի ձեր ասպետությունը։ Սանտա Հերմանդադը բոլոր թափառական ասպետներին կոտրած գրոշով էլ չի գնի։ Ինձ արդեն թվում է, թե նրա նետերը բզզում են ականջիս տակ։
— Դու բնականից երկչոտ ես, Սանչո,— ասաց դոն Կիխոտը։— Բայց որպեսզի դու չասես, թե ես համառ եմ և երբեք չեմ անում այն, ինչ որ դու ես խորհուրդ տալիս, այս անգամ կհետևեմ քո խորհուրդին և կհեռանամ, որ քո ահն անցնի, բայց մի պայմանով միայն՝ դու երբեք, ո՛չ կենդանի, ո՛չ մահից հետո, ոչ ոքի չպիտի ասես, թե՝ ես երկյուղից խույս տվի և նահանջեցի վտանգի առջև, որովհետև ես այդ միմիայն նրա համար եմ անում, որ անսում եմ քո աղերսին։
— Պարո՛ն,— պատասխանեց Սանչոն,— հեռանալը փախչել չի նշանակում, իսկ սպասել թշնամուն, երբ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները՝ կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս այսօր իրեն պահպանի վաղվա համար և մեկ օրում ամեն ինչ թղթի վրա վեր չգա։ Իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայնիվ շատից-քչից գլուխ եմ հանում, թե որն է խելացի վարքը, ուստի մի՛ք ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը։ Հեծեք Ռոսինանտին, եթե ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող, ես կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա ոտքերը մեզ ավելի են հարկավոր, քան ձեռքերը։
Դոն Կիխոտը ոչ մի խոսքով չառարկեց, հեծավ ձին և հետևեց Սանչոյին։ Իրիկնադեմին նրանք հասան Սյերրա-Մորենայի խորքերը, որտեղ Սանչոն ենթադրում էր անցկացնել գիշերը և մնալ մի քանի օր, ինչքան պաշարը հերիք աներ։ Նրանք տեղավորվեցին երկու ժայռի արանքում, կաղնիների տակ՝ գիշերելու։ Սակայն ճակատագիրն այնպես էր դասավորել, որ հռչակավոր գող-ավազակ Խինես դե Պասամոնտեն, որ ազատվել էր կապանքներից դոն Կիխոտի արիության և խելագարության շնորհիվ, Սանտա Հերմանդադի վախից դրդված նմանապես վճռել էր թաքնվել այս իսկ լեռներում և պատահմամբ, դեռ մութը չընկած, երկյուղը նրան բերեց նույն տեղը, որտեղ թաքնվել էին դոն Կիխոտն ու Սանչո Պանսան։ Նա սպասեց, մինչև որ սրանք քնեն և, որովհետև չարագործները միշտ ապերախտ են լինում, իսկ անհրաժեշտությունը հրում է անթույլատրելի գործեր կատարելու և ներկայի շահը ավելի գրավիչ է լինում, քան ապագայինը, բոլոր այս պատճառներով Խինեսը, որ ոչ երախտապարտության զգացմունքով էր աչքի ընկնում, ոչ էլ բարեմտությամբ, վճռեց գողանալ Սանչոյի էշը (Ռոսինանտին նա հանգիստ թողեց, որովհետև այդ ավարը նրան պիտանի չէր թվում թե վաճառելու, թե գրավ դնելու տեսակետից)։
Սանչո Պանսան քնած էր։ Խինեսն էշը գողացավ։ Եվ լույսը դեռ չբացված այնքան հեռու էր փախել, որ նրան գտնելն անկարելի էր արդեն։
Արշալույսը բացվեց, արար աշխարհին բերելով ուրախություն, իսկ Սանչո Պանսային՝ տխրություն, որովհետև նրա գորշ ավանակը չկար։ Նկատելով կորուստը, նա սկսեց աղեկտուր ու դառնակոծ հոգոցներ հանել, այնպես որ նրա ձայնից դոն Կիխոտը զարթնեց և լսեց մրմունջը.
— Օ՜, իմ սիրասուն զավակս, ծնված իմ սեփական տանը, իմ երեխաների զվարճալիք, իմ կնոջ խնդություն, իմ հարևանների նախանձ, օ՜, իմ աշխատանքը թեթևացնող, իմ անձի կեսի կերակրող, որովհետև այն քսանվեց մարավեդիսը[1], որ դու օրական աշխատում ես, իմ ապրուստի կեսն է։
Դոն Կիխոտը, լսելով այս ողբը և իմանալով պատճառը, սկսեց կարյաց չափ մխիթարել Սանչոյին, խնդրելով, որ համբերի և խոստանալով թուղթ տալ, որով նա կստանա իր կալվածքում եղած հինգ ավանակներից երեքը։
Դա մխիթարեց Սանչոյին։ Նա սրբեց արցունքը, զսպեց հեկեկոցը և շնորհակալություն հայտնեց դոն Կիխոտին նրա ողորմածության համար։ Այնինչ դոն Կիխոտը, հենց որ լեռներն ընկավ, լցվեց ցնծությամբ, որովհետև նրան այդ վայրերը շատ հարմար թվացին արկածներ որոնելու համար։ Նրա միտքն էին գալիս հրաշալի եղելություններ, որ պատահել են թափառական ասպետներին նման ամայի և խուլ վայրերում։ Նա գնում էր արբած ու հափշտակված այդ մտքերով, մոռանալով ամեն ինչ աշխարհիս երեսին։ Իսկ Սանչոն, վերջապես, իրեն անվտանգ զգալով, միայն այն էր խորհում, թե ինչպես հագեցնի իր ստամոքսը պաշարով, որ մնացել էր վանականների բեռներից։ Նա քարշ էր գալիս տիրոջ հետևից շալակած այն ամենը, ինչ որ պիտի իր գորշ ավանակը կրեր, և հա՛ հանում էր պարկից կտոր-կտորի հետևից ու բերանը կոխում։ Նա գրոշ չէր տա արկածի համար՝ հենց այդպես թափառելը թվում էր նրան ամենահաճելի բանը։
Տողատակեր
խմբագրել- ↑ Մարավեդիս— մանր դրամ է, կես կոպեկից էլ պակաս։