ԳԼՈՒԽ XXII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ
ՔԱՀԱՆԱՅԻ ԵՎ ՍԱՓՐԻՉԻ ԳԼԽԻՆ ԵԿԱԾ
ՆՈՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ

— Տե՜ր աստված։ Մի՞թե այս լեռներում ես վերջապես գտա գաղտնի դամբարանը իմ մարմնի, որ ակամա քարշ եմ տալիս իբրև բեռ։ Այո, գտա, եթե այս կիրճերի ամայությունն ինձ չի խաբում։ Ի՞նչ դժբախտ կին եմ եղել ես։

Քահանան ու նրա ուղեկիցները այս ձայնն առան և այս խոսքերը լսեցին, և նրանց թվաց, թե դա բոլորովին մոտիկ տեղից է գալիս (իրոք այդպես էլ էր)։ Ուստի նրանք գնացին որոնելու խոսողին և քսան քայլ չանցած, հանկարծ, դուրս ցցված ժայռի հետևում, բարձրաբուն հացենու տակ նրանք գեղջկական հագուստով մի երիտասարդ տեսան։

Երիտասարդը գլխարկը հանեց և գլուխը թափ տվեց։ Իսկույն արձակվեցին և մինչև ուսերը թափվեցին նրա մազերը, որոնց կարող էին նախանձել արևի ճառագայթները։ Այստեղ մեր բարեկամները գլխի ընկան, որ կարծեցյալ շինականը կին է։

Աղմուկի ձայն առնելով, ծպտված աղջիկը գլուխը բարձրացրեց և աչքերը ծածկող մազերը երկու ձեռքով ետ գցելով, եկվորների կողմը նայեց։ Ապա, խոր հոգոց հանելով, խզեց լռությունը.

— Քանի որ այս լեռների ամայությունն էլ չկարողացավ թաքցնել ինձ, իսկ իմ բաց ու արձակ մազերը թույլ չեն տալիս, որ լեզուս ստի, ապա զուր կլիներ, որ ես ուրիշ մարդ ձևանայի։ Միայն թե ես երկյուղ եմ կրում, որ իմ տառապանքների պատմությունը ձեր մեջ կհարուցի ոչ միայն կարեկցություն, այլև հուսահատություն, որովհետև դուք ոչ դեղ կգտնեք դրանք բուժելու, ոչ խորհուրդ՝ թեթևացնելու համար։

Չքնաղ աղջիկը այնպիսի սահուն ոճ ուներ և այնքան քնքուշ ձայն, որ նրա խելքը պակաս չէր հիացնում, քան գեղեցկությունը։ Նրանք նորից սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը և թախանձել, որ նա իր խոստումը կատարի։ Աղջիկը մեծագույն համեստությամբ կոշիկները հագավ և մազերը կարգաբերեց, ապա նստեց նրանց միջև՝ ժայռի փոս տեղում և դժվարությամբ զսպելով արցունքը, հանդարտ ու պայծառ ձայնով այսպես սկսեց իր կյանքի պատմությունը.

— Մեր Անդալուզիայում կա մի քաղաք, որի անունով կոչվում է իր դուքսը, Իսպանիայի մեծամեծներից մեկը։ Իմ ծնողները այդ դուքսի ծառաներն են։ Նրանի՞ց էր արդյոք, որ ծնողներս ուրիշ ժառանգ չունեին, թե նրանից, որ ինձ սաստիկ սիրում էին, սակայն երբեք, կարծեմ, ծնողներն իրենց զավակներին այնպես երես տված չեն եղել, ինչպես նրանք՝ ինձ։ Օրերս անընդհատ աշխատանքի և մենության մեջ էին անցնում։ Ես հավատացած էի, որ բացի տան ծառաներից, ինձ ոչ ոք չի կարող տեսնել։ Այնինչ դուքսի կրտսեր որդի դոն Ֆերնանդոն նկատել էր ինձ։

Նա ինձ տեսավ թե չէ, համակվեց սաստիկ սիրով։ Նա կաշառել էր տան բոլոր ծառաներին, ծնողներիս վրա թափվում էին նվերներ ու շնորհներ։ Ամեն օր մեր փողոցում տոն ու խնդություն էր, գիշերները սերենադները ոչ ոքի չէին թողնում քնել։ Այդ ամենը ոչ միայն չէր սիրաշահում իմ սիրտը, այլ, ընդհակառակն՝ խստասիրտ էր դարձնում ինձ, ասես թե նա իմ մահացու թշնամին լիներ, և այն ամենը, ինչ որ նա անում էր իմ սիրտը գրավելու համար, հակառակ ներգործություն էր ունենում։ Դոն Ֆերնանդոն իմացավ, որ ծնողներս մտադիր են ինձ մարդու տալ, որպեսզի ինձ ավելի լավ պաշտպանած ու պահպանած լինեն։ Այդ լուրը կամ կռահումը նրան մղեց անելու այն, ինչի մասին դուք հիմա կլսեք։ Մի օր, աշնանը, երբ ես մենակ նստած էի իմ սենյակում,— չեմ կարող ըմբռնել, ոչ էլ երևակայել, թե ինչպես պատահեց,— հանկարծ տեսա նրան իմ առջև։ Նրա հայտնվելը ինձ այնպես շշմեցրեց, որ աչքերս մթնեցին, լեզուս պապանձվեց, և ես չկարողացա անգամ ճչալ։ Ուշքի գալով առաջին երկյուղից, սիրտ արի և կտրուկ,— չէի էլ կարծում, որ ընդունակ կլինեմ,— ասացի՝ «Եթե ես քո գրկում չլինեի, այլ ամեհի առյուծի ճիրաններում և եթե իմ փրկության համար ինձ առաջարկեին ասել կամ անել իմ պարտականության հակառակ որևէ բան, ես կպատասխանեի, որ դա նույնքան անհնար է, որքան եղածը՝ չեղած դարձնելը։ Ես քո հպատակն եմ, բայց ոչ ստրկուհին։ Քո արյան ազնվությունը չունի և չի կարող ունենալ իշխանություն իմ ոչ ազնվական արյունը խայտառակելու։ Ես, հասարակ լինելով, հարգում եմ ինձ ոչ պակաս, քան դու, պարոն կաբալյերո։ Քո ուժը քեզ չի օգնի, քո հարստությունը չի ազդի։ Քո խոսքերը ինձ չեն խաբի, իսկ քո ախ ու վախն ու արցունքը չեն շարժի իմ սիրտը»։

Դոն Ֆերնանդոն, հանդիսավոր հավաստիացումներով և արտասովոր երդումներով խոսք տվեց ինձ, որ կդառնա իմ ամուսինը։

Հետևյալ գիշերն էլ նա եկավ, բայց դրանից հետո այլևս չերևաց։ Անցավ մի ամբողջ ամիս, իսկ ես զուր էի փորձում տեսակցել նրա հետ։ Մինչդեռ ես գիտեի, որ նա ապրում է միևնույն քաղաքում և օրերով որս է անում. դա նրա սիրած զբաղմունքն է։

Շուտով մեր կողմերում լուր տարածվեց, թե դոն Ֆերնանդոն հարևան քաղաքում ամուսնացել է արտասովոր գեղեցկության տեր և շատ ազնիվ տոհմից սերած մի աղջկա հետ, թեև, ճիշտ է, ոչ այնքան էլ հարուստ, որ իր օժիտի համեմատ աղջիկը կարող լիներ այդքան բարձր միություն ակնկալել։

Այդ տխուր լուրը հասավ իմ ականջին, և իմ սիրտը սառույց չկտրեց, ընդհակառակն՝ այնպիսի կատաղությամբ ու ցասումով բորբոքվեց, որ քիչ էր մնացել ես դուրս վազեմ փողոց, գոռամ-գոչեմ դավադրության ու դավաճանության մասին, որոնց զոհ էի դառել ես։ Սակայն առժամանակ զսպեցի վրդովմունքս և վճռեցի նույն գիշերն անել այն, ինչ որ արեցի էլ։

Երկուս ու կես օրից, շորերս փոխած, ես հասա քաղաք։ Առաջին իսկ մարդը, որին պատահեցի, հաղորդեց ինձ ավելին, քան թե ես կկամենայի լսել։ Ճիշտ է, ես դոն Ֆերնանդոյին չգտա, սակայն այսպես ավելի լավ էր, քան եթե նրան ամուսնացած գտնեի։ Քանի որ նա ամուսնացած չէ, խորհում էի ես, իմ փրկության դուռը դեռ փակ չէ։ Ես ասում էի ինքս ինձ՝ ինքը երկինքը խանգարել է երկրորդ ամուսնությունը նրա համար, որ նա զգա իր պարտականությունները առաջինի նկատմամբ։ Միտք էի անում, միտք, և անմխիթարս, մխիթարվում էի, հնարելով հեռավոր, սակայն թույլ հույս։ Դո Ֆերնանդոյին չէի գտնում և ապրում էի քաղաքում, առանց իմանալու, թե ինչ ձեռնարկեմ։ Մեկ էլ հանկարծ լսեցի մունետիկների ձայնը, որոնք հայտարարում էին պարգև նրան, ով գտնի ինձ և հաղորդում էին իմ նշանները, հասակս ու հանդերձս։ Լուր էր պտտում, թե ինձ փախցրել է ծառան, որ հետս հեռացել էր տնից։ Մունետիկի խոսքը լսեցի թե չէ, հեռացա քաղաքից ծառայիս հետ և այդ միջոցին նկատեցի, որ հավատարմությունն ու անձնվիրությունը, որոնցով նա երդվում էր ինձ, տատանվում են նրա մեջ։ Գիշերով մենք հասանք այս լեռների խորքերը, զգուշանալով, որ մեզ չգտնեն։

Չգիտեմ, արդյոք քանի ամիս անցկացրի լեռներում։ Այստեղ ես հանդիպեցի մի հովվի, որ ապրում է ամենաամայի կիրճերից մեկում։ Նա ինձ իր մոտ աշխատանքի առավ, և ամբողջ այս ժամանակամիջոցում ես ծառայում էի որպես հովվի օգնական, աշխատելով ամբողջ ցերեկը բաց երկնքի տակ անցկացնել, որպեսզի կարողանամ ծածկել մազերս, որ հիմա այնպես անսպասելի մատնեցին ինձ։ Սակայն իմ ողջ աշխատանքը և ուժերիս լարումը ապարդյուն անցան, որովհետև վերջ ի վերջո տերս իմացավ, որ ես տղամարդ չեմ և նրա սրտում ծագեցին նույն վատ մտքերը, ինչ որ իմ ծառայի մեջ։ Ուստի ես փախա և թաքնվեցի այս ժայռի մեջ, որտեղ դուք ինձ գտաք։

Դորոթեան (այսպես էր աղջկա անունը) իսկույն իր կապոցից հանեց նուրբ ու թանկագին կտորից կարած զգեստ և կանաչագույն կերպասից գեղեցիկ վերնարկ, իսկ տուփից՝ մանյակ և այլ թանկագին իրեր և վայրկենապես զուգվեց, որպես հարուստ և ազնվազարմ տիկին։ Բոլորը հավանեցին նրա նրբությունն ու գրավչությունը։ Առանձնապես հիացած էր Սանչո Պանսան որովհետև իր օրում այդպիսի չքնաղ արարած չէր տեսել։

— Այս չքնաղ տիկինը, Սանչո եղբայր,— ասաց քահանան,— ոչ այլ ոք է քան եթե իշխանուհի, Միկոմիկոն մեծ թագավորության ժառանգը, որ որոնում է ձեր տիրոջը, նրանից շնորհ խնդրելու համար։ Նա պիտի խնդրի պաշտպանել իրեն չար հսկայից, որ իրեն վիրավորանք է հասցրել։

Սանչոն նույնչափ բավարարված էր, որքան քահանան հիացած նրա պարզամտությունից։ Մինչ այս, մինչ այն, Դորոթեան նստեց քահանայի ջորու վրա, սափրիչը ծնոտին կպցրեց եզան պոչից շինած մորուքը, և նրանք խնդրեցին, որ Սանչոն իրենց առաջնորդի դոն Կիխոտի մոտ, նախազգուշացնելով, որ տիրոջը չասի, թե լիցենցիատին ու սափրիչին ճանաչել է։

Երբ որ նրանք հասան դոն Կիխոտին, զինակիրը վայր թռավ ջորուց և մոտեցավ Դորոթեային, որպեսզի ձեռքերով բռնի նրան և իջեցնի ցած։

Բայց աղջիկը վայր թռավ և իսկույն ծունկի իջավ դոն Կիխոտի առջև։

Թեև ասպետը փորձում էր նրան բարձրացնել, բայց նա, առանց վեր կենալու, սկսեց այսպես խոսել․

— Ես վեր չեմ կենա, օ՜, քաջ ու հզոր ասպետ, մինչև որ ձերդ բարությունն ու սիրալիրությունը չերջանկացնի ինձ շնորհով, որը ձեր անձին փառք ու պատիվ կբերի, իսկ ինձ, աշխարհիս ամենաանմխիթար ու անարգված կույսին՝ մեծ օգուտ։

Այդ միջոցին մոտեցավ Սանչո Պանսան և դոն Կիխոտի ականջին շշնջաց.

— Ձերդ ողորմածությունը հանգիստ կարող է այդ շնորհը խոստանալ, որովհետև նրա խնդրածը մի չնչին բան է, պետք է սպանել ինչ-որ հսկայի և պրծավ գնաց։ Ախր խնդրողը ազնիվ իշխանուհի Միկոմիկոնն է, և Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին։

— Ով որ լինում է լինի,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես կանեմ այն, ինչ որ հրամայում է պարտականությունս և թելադրում խիղճս, համաձայն իմ ասպետական ուխտի օրենքներին։

Սանչոն վերցրեց ծառի վրա ավարի պես կախ արած զրահները և ձիու փորկապներն ամրացնելով, վայրկենապես սպառազինեց իր տիրոջը։ Վերջինս, զինվեց թե չէ, արտասանեց.

— Գնանք, պաշտպանենք այս ազնվազարմ տիկնոջը։

Սափրիչը դեռ մնացել էր չոքած, ամեն կերպ աշխատելով զսպել ծիծաղը և ձեռքով պահելով մորուքը, որովհետև եթե մորուքը վայր ընկներ, հնարավոր է, որ նրանց բոլոր ծրագրերը խորտակվեին։

Մեր ասպետը թռավ Ռոսինանտի վրա, իսկ սափրիչը հեծավ իր ջորին։

Մենակ Սանչոն մնաց առանց գրաստի և դարձյալ մտաբերեց իր էշի կորուստը։