ԳԼՈՒԽ XXIII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ԴՈՐՈԹԵԱՅԻ ՍՐԱՄՏՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՅԼ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՃԵԼԻ ՈՒ ԶՎԱՐՃԱԼԻ
ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երբ որ դոն Կիխոտն ու նրա ուղեկիցները դուրս եկան կիրճերից և առաջ ընթացան հարթավայրով, քահանան հեռվից տեսավ նրանց և սկսեց նշաններով ցույց տալ, թե ճանաչում է նրանց, ապա գրկաբաց ընդառաջ վազեց գոչելով.

— Բարի՜ հանդիպում, ո՜վ ասպետության տիպար, բարի հայրենակիցդ իմ, դոն Կիխոտ Մանչացի, ազնվության ծաղիկ և սեր, զրկվածների պատվար ու օթևան, ուղնուծուծը թափառական ասպետության։

Այս խոսքերով նա սեղմեց կրծքին դոն Կիխոտի ձախ ոտքը։ Սա էլ զարմացած նրա խոսքերից ու վարմունքից, սկսեց նայել նրան զննող հայացքով և, վերջապես, ճանաչելով, սաստիկ շփոթված այդ անակնկալ հանդիպումից, ուժ գործադրեց, որ ձիուց իջնի, բայց քահանան նրան ետ պահեց։ Ապա քահանան ասաց.

— Ձերդ ողորմածությունը մեզ ո՞ւր կհաճի տանել։ Երևի Միկոմիկոն թագավորությո՞ւնը։

Դորոթեան գլխի ընկավ, որ պետք է դրական պատասխան տա, ուստի ասաց.

— Այո, տեր իմ, իմ ճանապարհը դեպի այդ թագավորությունն է։

— Որ այդպես է,— շարունակեց քահանան,— ապա պիտի մեր գյուղից անցնենք, իսկ այնտեղից ձերդ ողորմածությունը կերթա Կարտախենա, որտեղ բարենպաստ պարագաներում և հաջող քամի լինելու դեպքում դուք կարող կլինեք նավ նստել։ Եվ եթե ծովում փոթորիկ չլինի, դուք ինը տարվա ընթացքում կհասնեք Մեոնեական, թե Մեոտիական մեծ լիճը, իսկ այնտեղից հազիվ հարյուր օրից քիչ ավելի ճամփա լինի մինչև ձեր թագավորությունը։

— Դրա ժամանակը դեռ գալու է,— ընդհատեց դոն Կիխոտը,— իսկ հիմա պատմեցեք ինձ, պարոն լիցենցիատ, ինչպե՞ս է եղել, որ այս վայրերն եք ընկել, այն էլ մեն-մենակ, թեթև և առանց ծառաների։

— Կպատասխանեմ ձեզ կարճառոտ,— պատասխանեց քահանան։— Տեր իմ, դոն Կիխոտ, թող հայտնի լինի ձերդ ողորմածության, որ ես, իմ բարեկամ սափրիչի՝ վարպետ Նիկոլասի հետ, ուղևորվում եմ Սևիլիա որոշ գումար ստանալու նպատակով, որ ուղարկել է ինձ տարիներ առաջ Հնդկաստան գաղթած իմ ազգականներից մեկը։ Երբ որ երեկ մենք անցնում էինք այս կողմերով, մեզ վրա հարձակվեցին չորս ավազակներ և ամեն ինչ մեզանից խլեցին, անգամ մորուքներս, այնպես որ սափրիչը հարկադրված էր արհեստականը կպցնել։ Սակայն ամենազարմանալին այն է, որ շրջակա բնակիչների ասելով, մեր կողոպտիչները ոչ այլ ոք են եղել, քան տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ, որ ազատ են թողնվել այստեղից ոչ հեռու։ Եվ ասում են, թե այդ արել է ինչ-որ քաջ մարդ, հակառակ կոմիսարի և պահակների դիմադրության։ Անշուշտ, դա կամ մի խելագար է եղել կամ այն անպիտանների նման մեկը, կամ թե չէ անհոգի և անխիղճ մի մարդ։ Չէ՞ որ նա բաց է թողել գայլերին՝ գառների, աղվեսներին՝ հավերի, կամ թե չէ ճանճերին՝ մեղրի վրա։

Հազիվ էր քահանան ավարտել իր խոսքը, որ Սանչոն բացականչեց.

— Ազնիվ խոսք, պարոն լիցենցիատ, այդ քաջագործությունը իմ տերն է կատարել։ Այն պահին էլ ես ասում ու մատնանշում էի, որ նա խորհի, թե ինչ է անում և որ նրանց ազատելը մեղք է, չէ՞ որ նրանց մեծամեծ ոճիրների համար են թիապարտության ուղարկում։

— Տխմար,— վրա բերեց դոն Կիխոտը,— թափառական ասպետներին պարտ ու պատշաճ չէ ստուգելը՝ մեղավո՞ր են, թե անմեղ այն ճնշվածները, վիրավորվածները և շղթայվածները, որոնց նրանք հանդիպում են բանուկ ճամփաներում։ Նրանց վայել է լոկ օգնել տկարներին, ուշ դարձնելով նրանց տառապանքների և ոչ թե ոճիրների վրա։ Ես դեմ առա տանջված ու դժբախտ մարդկանց, շարված շղթայի վրա, ինչպես տեր ողորմյա կամ ուլունքը՝ մանյակի վրա և վարվեցի այնպես, ինչպես պատվիրում է իմ դավանանքը, իսկ մնացածը՝ թող դատեն երկնքում։ Ում աչքին դա վատ բան է երևում, նա տառ անգամ չի հասկանում ասպետականությունից և ստում է, ինչպես բռի գյուղացի կամ սրիկա։

Հնարագետ և սրամիտ Դորոթեան, իմացած լինելով, որ դոն Կիխոտի խելքը վնասված է և որ, բացի Սանչո Պանսայից, ամենքը նրան ծաղրում են, չկամեցավ ուրիշներից ետ մնալ և ասաց վիրավորված ասպետին․

— Պարոն ասպետ, մտաբերեցեք այն շնորհը, որ դուք ինձ խոստացաք և այն, որ դուք ուրիշ արկածների մեջ չեք ընկնի, որքան էլ նրանք անհետաձգելի լինեն։ Մեղմեցեք, ուրեմն ձեր ցասումը։

— Ես կլռեմ, տիրուհիդ իմ,— պատասխանեց դոն Կիխոտը,— և կզսպեմ արդարացի զայրույթը, որ եռ է գալիս իմ կրծքում։ Այսուհետև ես կլինեմ հանգիստ ու խաղաղասեր, մինչև որ իմ խոստումը կատարեմ։ Սակայն ի տրիտուր իմ բարի մտադրությունների, խնդրում եմ ինձ ասեք, եթե դա ծանր չի ձեզ համար, ի՞նչն է ձեր վիշտը, քանի՞ հոգի են նրանք, ի՞նչ մարդիկ են և ի՞նչ դասից, որոնց վրա պիտի պայթի իմ արդարացի, օրինավոր և արժանավոր վրեժը։

— Սիրով կպատասխանեմ, եթե միայն ձեզ ձանձրույթ չի պատճառի իմ դժբախտությունների և աղետների պատմությանը։

— Խոսիր, տիրուհի։

— Որ այդպես է, ականջ դրեք, պարոննե՛ր։ Իմ հոր, թագավորի անունը՝ Տինակրիո Իմաստուն էր, որովհետև շատ հմուտ էր կախարդանք կոչված գիտության մեջ։ Այդ գիտության միջոցով նրան հայտնվեց, որ մայրս, թագուհի Խարամիլյան, իրենից շուտ պիտի մեռնի և որ դրանից հետո շուտով իրեն էլ է վիճակված լքելու այս աշխարհը, իսկ իմ ճակատագիրն է՝ մնալու որբ, անհայր և անմայր։ Թեև նա դրանից վշտացած էր, բայց նրան ավելի մեծ վիշտ էր պատճառում, իր ասելով, մի ուրիշ բան։ Նա ստույգ գիտեր, որ մեր պետության գրեթե կողքին մեծ կղզու վրա, հրեշավոր մի հսկա է իշխում Պանդաֆիլանդո Դժշնաչք անունով (բոլորին հայտնի է, որ թեև նրա աչքերը կանոնավոր են և իրենց տեղը, բայց նա մի քիչ շեղ է նայում, ասես թե շլդիկ լինի, այն էլ նենգությունից, որպեսզի վախեցնի և ահաբեկի նրանց, որոնց վրա նայում է)։ Հայրս իմացավ, որ երբ իմ որբության լուրը հասնի հսկային, նա մեծ զորքով կհարձակվի մեր թագավորության վրա և ինձանից ամեն ինչ կխլի, առանց գեթ մի փոքրիկ գյուղ թողնելու, որտեղ ես կարողանայի ապաստան գտնել։ Սակայն ես կարող կլինեի խուսափել այդ աղետից ու կործանումից, եթե կամենայի նրա կինը դառնալ։ Հայրս ինձ ասաց, որ երբ ինքը մեռնի, և Պանդաֆիլանդոն արշավի իմ թագավորության վրա, ես դիմադրության մասին անգամ չմտածեմ, որովհետև դա հավասարազոր կլինի կործանման։ Որ եթե ես կամենում եմ իմ բարի և հավատարիմ հպատակներին փրկել մահից և կատարյալ բնաջնջումից, ապա պետք է իմ բարի կամքով լքեմ թագավորությունս։ Նա ինձ կտակեց, որ անմիջապես, մի քանի հավատարիմ մարդկանց հետ ճամփա ընկնեմ Իսպանիա, որտեղ կգտնեմ ինձ բոլոր աղետներից փրկող թափառական ասպետին, որի փառքը այդ միջոցին տարածված կլինի բովանդակ պետության մեջ և որի անունը կլինի, եթե ես լավ եմ հիշում, դոն Ասոտե[1] կամ դոն Խիգոտե[2]։

— Նա դոն Կիխոտ ասած կլինի,— ընդհատեց Սանչո Պանսան,— այլապես՝ Վշտակերպ Ասպետ։

— Հենց այդպես,— հաստատեց Դորոթեան։— Համ էլ նա ավելացրեց, որ այդ ասպետը բարձրահասակ կլինի, նիհար դեմքով և որ նրա աջ կողի վրա, ձախ ուսից քիչ ցած կամ դրա մոտ մի տեղ թուխ խալ պիտի լինի խոզի մազի պես կոշտ մազով ծածկված։

Լսելով այդ, դոն Կիխոտը ասաց իր զինակրին.

— Ապա այստեղ եկ, եղբայր Սանչո, օգնիր շորերս հանեմ։ Ես կամենում եմ համոզվել՝ իրո՞ք ես այն ասպետն եմ, որի մասին գուշակել է իմաստուն թագավորը։

— Ի՞նչ կարիք կա, որ ձերդ ողորմածությունը շորերը հանի,— հարցրեց Դորոթեան։

— Որ տեսնեմ, կա՞ արդյոք ինձ վրա այն խալը, որի մասին ասել է ձեր հայրը։

— Դրա համար շոր հանելու կարիք չկա,— ասաց Սանչոն,— ես առանց դրան էլ գիտեմ, որ ձերդ ողորմածության մեջքի մեջտեղում հենց այդ տեսակ մի խալ կա, որը նշան է առնականության։ — Դա միանգամայն բավական է,— ասաց Դորոթեան,— որովհետև բարեկամները նման մանր-մունր բաների վրա ուշք չեն դարձնում և կարևոր չէ, խալն ուսի՞ն է, թե մեջքին։ Գլխավորն այն է, որ խալը կա, իսկ թե որտեղ է՝ միևնույն է, մարմնի բոլոր մասերը միատեսակ են։ Անկասկած, իմ բարի հայրը ճիշտ է նախագուշակել, ես էլ չեմ սխալվել, դիմելով պարոն դոն Կիխոտին, որովհետև անտարակույս հայրս նրան է նկատի ունեցել։ Չէ՞ որ մարմնի նշաններին համապատասխանում է նաև բարի համբավը, որ պտտում է նրա մասին ոչ միայն Իսպանիայում, այլ բովանդակ Մանչայում։ Հազիվ էի ես ափ իջել, որ արդեն ականջիս հասավ նրա գործերի պատմությունը։ Սիրտս ասաց՝ իմ որոնածը հենց նա է։

— Ահա, պարոննե՛ր,— շարունակեց Դորոթեան,— իմ պատմությունը։ Մնում է ասեմ, որ իմ թագավորությունից՝ հետս դուրս բերած ամբողջ շքախմբից մենակ այս մորուքավոր զինակիրս է մնացել, իսկ մնացածները բոլորն էլ խեղդվեցին սարսափելի փոթորկից, որ վրա հասավ մեզ նավահանգստի մոտերքում։ Ես ու նա, երկու տախտակի վրա, հրաշքով ափ հասանք։

Տողատակեր

խմբագրել
  1. Ասոտեխարազան, մտրակ, պատիժ։ Ծ․ Թ․։
  2. Խիգոտեկտրտած միս։ Ծ․ Թ․։