ԳԼՈՒԽ XXVI
ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՑՔԻ ՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իջևանատանը մեծ աղմուկ բարձրացավ։

Երկու կենվոր, որ այդ գիշեր իջևանել էին, նկատելով որ բոլորի գլուխը խառն է, ուզում էին առանց վճարելու փախչել։ Սակայն իջևանատերը, որի համար իր շահը ավելի բարձր էր, քան ուրիշինը, դռան առջև նրանց բռնեց և պահանջեց վճարը, այնպիսի՜ լուտանք թափելով նրանց գլխին, որ նրանք, ի պատասխան, կռիվ սկսեցին և այնպես էին ծեծում նրան, որ խեղճը աղաղակ բարձրացրեց և սկսեց օգնություն կանչել։

Իջևանատիրոջ կինն ու աղջիկը դոն Կիխոտից բացի պարապ և խեղճին օգնել կարող մարդ չգտնելով, դիմեցին նրան.

— Ձերդ ողորմածություն, պարոն ասպետ, օգնեցե՜ք այդ խեղճ մարդուն, որին չարագործները ձավարի պես թակում են։

Դոն Կիխոտը դրան պատասխանեց ծանր ու հանգիստ։

— Ես հապաղում եմ, որովհետև վայել չէ, որ սուր բարձրացնեմ ստոր ամբոխի դեմ։ Կանչեցեք իմ զինակիր Սանչոյին, որովհետև նրան է վայել նման դեպքերում պաշտպան ու վրեժխնդիր լինել։

Մինչ այս, մինչ այն, կենվորները հաշտվեցին իջևանատիրոջ հետ և վճարեցին նրան, ինչ որ հասնում էր՝ հատկապես դոն Կիխոտի խելացի փաստարկումների ու համոզումների հետևանքով։ Սակայն այդ իսկ պահին իջևանատուն մտավ այն սափրիչը, որից դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը, իսկ Սանչո Պանսան փոխանակել էր իր էշի սարքը։ Ահա նա իր էշին ներս տարավ գոմ և այնտեղ տեսավ Սանչո Պանսային, որ զբաղված էր փալանը կարգի բերելով։ Նա իսկույն ճանաչեց իր փալանը, վրա տվեց և բղավեց.

— Հե՜յ, դոն-ավազակ, հո բռնեցի՞ քեզ։ Ապա դեսը բեր իմ լագանը, փալանն ու նոխտան։

Հանկարծակի գրոհն զգալով և հիշոցը լսելով, Սանչոն մի ձեռքով բռնեց փալանը ու մյուսով այնպիսի հարված հասցրեց սափրիչին, որ խեղճի բերանը արյունով լցվեց։ Չնայած դրան, սափրիչը ձեռքից բաց չէր թողնում ավարը, այսինքն փալանը, և այնքան բարձր էր գոռում, որ աղմուկի վրա հավաքվեցին բոլոր կենվորները։ Սափրիչը կոչ էր անում։

— Ո՜վ արդարադատություն, այստեղ արի։ Ես ապրանքս ետ եմ վերցնում, իսկ այս գողը, այս ավազակը ուզում է ինձ սպանել։

— Սո՛ւտ ես ասում,— բղավում էր Սանչոն,— ես ավազակ չեմ։ Այս ավարը իմ տերն է առել ազնիվ մարտում, դոն Կիխոտը։

Դոն Կիխոտը կանգնել և մեծ գոհունակությամբ դիտում էր, թե ինչպես է հարձակվում ու պաշտպանվում իր զինակիրը, և այդ վայրկյանին վճռեց, որ Սանչոն քաջ է։ Նա մտքում դրեց առաջին իսկ բարեհաջող դեպքում նրան ասպետ կարգել։

Իսկ սափրիչը վիճելով Սանչո Պանսայի հետ, ի միջի այլոց ասաց հետևյալը.

— Որ փալանը իմն է, պարոններ, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ես մահկանացու եմ։ Ես այդ փալանն այնքան լավ եմ ճանաչում, որ ասես թե ինքս ծնած լինեմ։ Ասենք, հենց ախոռում կապված է էշս, որը սուտ չի ասի։ Չեք հավատո՞ւմ դրեք մեջքին և չափեք։ Եթե փալանը ճիշտ նրա չափովը չլինի, ինձ սրիկա կոչեք։ Դեռ ավելին, նույն օրը, որ իմ փալանը կորավ, նրանք իմ պղնձե լագանն էլ տարան, բոլորովին նորը, դեռ գործ չածած։

Դոն Կիխոտն այդտեղ այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա կանգնեց վիճողների մեջտեղը և, փալանը գետնին դնելով, այնպես որ բոլորին տեսանելի լինի, մինչև որ պարզվի, թե ում կողմն է արդարությունը, պատասխանեց.

— Պարոններ, ձեզ համար հիմա պարզ ու ակներև կդառնա այն մոլորությունը, որի մեջ է այս բարի զինակիրը, սափրիչի լագան անվանելով այն, որը եղել է և կլինի Մամբրինի սաղավարտր։ Այդ սաղավարտը ես նրանից խլել եմ ազնիվ կռվում, ու այդ պահից ես եմ նրա օրինական և անվիճելի տերը։ Գալով փալանի խնդրին, դա իմ գործը չէ։ Կասեմ միայն, որ իմ զինակիր Սանչո Պանսան ինձնից թույլտվություն խնդրեց այդ հաղթված վախկոտի փալանը հանել և իր էշը փալանել։ Ես նրան թույլ տվի, և նա հանեց։ Այս ամենը հաստատելու համար, հապա, Սանչո, զավակս, վազ տուր, բեր այստեղ սաղավարտը, որ այս բարի մարդուն լագան է թվում։

Սանչոն վազ տվեց, լագանը բերեց, դոն Կիխոտն առավ ու ասաց.

— Ինքներդ դատեցեք, պարոններ, այս զինակրի հանդգնությունը, որ պնդում է, թե սա սաղավարտ չէ, այլ լագան։ Երդվում եմ ասպետական ուխտով, որին ես պատկանում եմ, սա այն սաղավարտն է, որ խլել եմ նրանից և այն պահից ոչինչ չեմ ավելացրել նրան, ոչինչ էլ չեմ պակսեցրել։

Մեր սափրիչ Նիկոլասը, որ ներկա էր և լավ ճանաչում էր դոն Կիխոտին, մտածեց հրահրել նրա խելագարությունը և, բոլորին զվարճություն պատճառելու համար, երկարաձգել այս կատակը։ Ուստի, դիմելով նորեկ սափրիչին, նա ասաց.

— Պարոն սափրիչ, կամ ով որ եք, իմացած եղեք, որ ես էլ եմ այդ արհեստը բանեցնում։ Քսան տարուց ավել է, ինչ ես վկայական ունեմ և չկա այնպիսի գործիք, որ ինձ անծանոթ լինի։ Ես հաստատում եմ, որ այս սիրալիր պարոնի ձեռքում բռնած առարկան սափրիչի լագան չէ և նույնքան նման չէ սափրիչի լագանի, որքան ճերմակ գույնը սև չէ, և ճշմարտությունը սուտ չէ։ Կավելացնեմ միայն, որ թեև սա սաղավարտ է, բայց լրիվ չէ։

— Իհարկե լրիվ չէ,— ասաց դոն Կիխոտը,— որովհետև կեսը չկա, ծնոտակալը պակաս է։

— Միանգամայն արդարացի է,— հարեց քահանան, կռահելով իր բարեկամ սափրիչի միտքը։

Դոն Կիխոտն ասաց.

— Չէի՞ ասում ես, պարոններ, որ այս դղյակը կախարդված է։ Որ նրա մեջ առնվազն մի լեգիոն դևեր են ապրում։ Տեսեք՝ այստեղ բոլորը կռվում են մեկը՝ թրի համար, մյուսը՝ ձիու, երրորդը՝ արծվի, չորրորդը՝ սաղավարտի։ Մենք բոլորս կռվում ենք և մեկը մյուսին չի հասկանում։ Երդվում եմ, մեզ համար, ազնիվ կոչման մարդկանց համար, մեծ ամոթ է այսքան չնչին առիթով իրար սպանելը։

Հազիվ էր ամեն ինչ խաղաղվել, որ ներս մտան ոստիկաններ, որոնք դոն Կիխոտին կալանավորելու հրաման ունեին։ Սանտա Հերմանդադը հրաման էր արձակել կալանավորել նրան թիապարտներին ազատություն տալու համար (հենց դրա համար, որ Սանչոն երկյուղ էր կրում)։ Գլխավոր ոստիկանը վճռեց ստուգել` ճի՞շտ են արդյոք դոն Կիխոտի նշանները, որ հիշատակված են հրամանի մեջ։ Ուստի նա գրպանից հանեց թուղթը, գտավ ուզած տեղը և լավ գրագետ չլինելով, սկսեց վանկ-վանկ կարդալ, ամեն խոսքից հետո դոն Կիխոտի վրա նայելով և համեմատելով դոն Կիխոտի արտաքինի հետ այն նշանները, որ նշված էին հրամանի մեչ։ Վերջապես համոզվեց, որ դոն Կիխոտը այն մարդն է, որին հրամայված է կալանավորել։ Այդ բանում համոզվելուց հետո նա փաթաթեց թուղթը, բռնեց ձախ ձեռքով, իսկ աջով բռնեց դոն Կիխոտի օձիքից այնքան ուժգին, որ մեր ասպետի շունչը կտրեց։ Ոստիկանը գոչեց.

— Հնազանդությո՜ւն Սանտա Հերմանդադին։ Իսկ ով չի հավատում, որ ես Սանտա Հերմանդադի անունից եմ գործում, թող կարդա այս հրամանը։ Նրա մեջ գրված է, որ ես պետք է կալանավորեմ այս ավազակին։

— Իմ տիրոջ խոսքը, թե այս դղյակը կախարդված է՝ ճիշտ է դուրս գալիս։ Այստեղ մեկ ժամ հանգիստ ապրելն անհնար է,— բացականչեց Սանչոն։

Դոն Կիխոտը տեսնելով, որ ոստիկանները կոչ են անում բոլոր ներկա գտնվողներին օգնելու Սանտա Հերմանդադին և պահանջում, որ ավազակը կալանավորված լինի, քմծիծաղ էր տալիս, ապա միանգամայն պաղարյուն կերպով ասաց.

— Մոտ եկեք, ստոր մարդուկներ։ Դուք ավազա՞կ եք անվանում նրան, ով ազատություն է տալիս շղթայակապներին, արձակում է բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, ստորաքարշ արարածներ, մոտ եկեք, ոստիկան-կողոպտիլներ, Սանտա Հերմանդադի թույլտվությամբ ավազակներ, և ասացեք ինձ այն տգետի անունը, որ ստորագրել է ինձ նման ասպետի կալանավորման հրամանը։ Մի՞թե նրան հայտնի չի եղել, որ թափառական ասպետները ենթակա չեն սովորական դատարանին, որ նրանց օրենքը՝ սուրն է, նրանց օրենսգիրքը՝ արիությունը, նրանց հրամանը՝ սեփական կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն բթամիտը, որին անհայտ է եղել, որ ոչ մի ազնվականության թուղթ այնքան առաջնություն ու արտոնություն չի տալիս, որքան շնորհվում է թափառական ասպետին այն օրը, երբ նա օծվում է և իր կյանքը նվիրում ասպետականության դժվարին գործին։ Այն ո՞ր ասպետն է երբևիցե վճարում հարկ ու տուրք, և զանազան մաքսեր։ Այն ո՞ր դերձակն է զգեստ կարելու համար ասպետից փող վերցնում։ Այն ո՞ր դղյակի տերն է, ընդունելով նրան իր մոտ, հաշիվ ներկայացնում։

Մինչդեռ դոն Կիխոտը արտասանում էր իր ճառը, քահանան համոզում էր ոստիկաններին, որ նա խենթ է, մի բան, որ նրանք կարող են դատել նրա խոսքերից ու վարքից և որ կարիք չկա այդ գործն սկսելը, քանի որ միևնույն է, եթե կալանավորեն ու տանեն էլ, հարկադրված են լինելու բաց թողնել որպես խելագարի։

Այն ոստիկանը, որի ձեռքին էր կալանավորելու հրամանը, դրան առարկեց, թե իր գործը դոն Կիխոտի խելագարության մասին դատելը չէ, այլ իր պետի հրամանը ի կատար ածել, և թե կալանավորել կարելի է մեկ անգամ, իսկ բաց թողնել, թե հարկ եղավ, երեք հարյուր անգամ։

— Այնուհանդերձ,— ասաց քահանան,— որքան խելքս կտրում է, այս անգամ ո՛չ ձեզ կհաջողվի նրան բռնել, ո՛չ նա կընկնի ձեր ձեռքը։

Վերջ ի վերջո քահանան կարողացավ համոզել նրանց, իսկ դոն Կիխոտն այնքան գժություններ արեց, որ ոստիկաններն ավելի անխելք կլինեին, եթե չհամոզվեին, որ դոն Կիխոտը խելքից պակաս է։ Ուստի նրանք մեղմացան, անգամ միջնորդ եղան սափրիչի և Սանչո Պանսայի միջև, որոնք շարունակ վիճում էին։

Գալով Մամբրինի սաղավարտին, քահանան, դոն Կիխոտից ծածուկ, տիրոջը վճարեց լագանի համար, նրանից ստացական վերցնելով, որ այլևս ոչ մի պահանջ չի ներկայացնի։

Իջևանատերը, հաշվի առնելով, որ սափրիչը քահանայից ստացավ շնորհակալություն և վնասների հատուցում, դոն Կիխոտին հաշիվ ներկայացրեց օթևանի և տկերի ու գինու վնասի համար, երդվելով, որ բաց լի թողնի գոմից ոչ Ռոսինանտին, ոչ էլ Սանչոյի էշին, մինչև որ չստանա վերջին կոպեկը։

Քահանան այդ էլ շտկեց։ Այսպիսով, վերականգնեց խաղաղությունն ու անդորրությունը։