ԳԼՈՒԽ XXXVI
ՈՐ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ
ԶՎԱՐՃԱԼԻ ԱՐԿԱԾԸ, ՆԱԵՎ ԳՈՒՇԱԿ ԿԱՊԻԿԻ ՆՇԱՆԱՎՈՐ
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արդեն գիշեր էր, երբ նրանք հասան մի իջևանատուն։ Սանչոն ուրախացավ, տեսնելով, որ դոն Կիխոտը, հակառակ իր սովորության, իջևանատունը ոչ թե դղյակի, այլ հասարակ իջևանատան տեղ դրեց։

Նույն այդ պահին իջևանատան դռանը երևաց մի մարդ, որի ողջ հագուստը՝ գուլպաները, վարտիքը, կապան, ուղտի բրդից էր։

Նա բարձր ձայնով հարցրեց.

— Պարոն իջևանատեր, ինձ համար տեղ կճարվի՞։ Հետս գուշակ կապիկ եմ բերել և տիկնիկներ, որ ներկայացնեմ Մելիսենդրայի ազատագրումը։

— Վա՜յ քեզ,— բացականչեց իջևանատերը,— սա հո մաեսե[1] Պեդրոն է։ Զվարճալի երեկո անց կկացնենք այսօր։

Մաեսե Պեդրոյի ձախ աչքին ու գրեթե այտի կեսին կանաչագույն մետաքսե սպեղանի էր կպցրած, այնպես որ կարելի էր կարծել, թե դեմքի ձախ մասը հիվանդ է։

— Բարի եք եկել, ձերդ ողորմածություն, պարոն մաեսե Պեդրո,— շարունակեց իջևանատերը։— Որտե՞ղ են ապա ձեր կապիկն ու թատրոնը, ինչո՞ւ ես չեմ տեսնում նրանց։

— Ուր որ է կգան,— պատասխանեց ուղտի բրդից շոր հագածը,— ես առաջ ընկա տեսնեմ՝ կարելի կլինի՞ գիշերել ձեզ մոտ։

Դոն Կիխոտն իսկույն հարցրեց իջևանատիրոջից, թե ով է մաեսե Պեդրոն և այդ ի՞նչ թատրոնի ու կապիկի մասին էր խոսում։

Վերջինս պատասխանեց.

— Դա շատ հայտնի մարդ է, արկղով թատրոն ման ածող, որ վաղուց շրջում է Մանչայում և ներկայացնում, թե ինչպիս արի Գայֆերոսը ազատեց Մելիսենդրային։ Բացի այդ, նա մի կապիկ էլ է հետը ման ածում, որի հազվագյուտ արվեստին կարող են նախանձել ոչ միայն կապիկները, այլև մարդիկ։ Եթե դուք նրանից բան եք հարցնում, նա ուշի-ուշով լսում է ձեզ, ապա արագ ցատկում տիրոջ ուսին և, թեքվելով նրա ականջին, շշնջում է ձեր հարցի պատասխանը, իսկ մաեսե Պեդրոն բարձր կրկնում է։

Այդ միջոցին վերադարձավ մաեսե Պեդրոն, հետը՝ սայլ, որի վրա տիկնիկային թատրոն կար արկղի մեջ, և մի անպոչ, մեծ կապիկ էր նստած։

Դոն Կիխոտը տեսավ թե չէ, հարցրեց.

— Ձերդ ողորմածություն, գուշակող տիկին, ասացեք, տեսնեմ, que perce pigliamo[2], ի՞նչ կլինի մեր վերջը։ Ահա ձեզ երկու ռեալ։

Նա հրամայեց Սանչոյին, որ երկու ռեալ տա մաեսե Պեդրոյին, որը կապիկի փոխարեն պատասխանեց և ասաց.

— Պարոն, այդ անասունը ապագայի վերաբերյալ ոչինչ չի պատասխանում ու հաղորդում։ Նա շատից-քչից գիտե անցյալի և մասամբ ներկայի մասին։

— Գրո՜ղը տանի,— բացականչեց Սանչոն։— Ես քոռ գրոշ չեմ տա իմ անցյալը գուշակելու համար՝ ո՞վ կարող է այդ ինձնից լավ իմանալ։ Իսկ փող տալ, որ քեզ ասեն այն, ինչ որ ինքդ գիտես՝ մեծագույն հիմարություն կլինի։ Բայց քանի որ կապիկը գիտե նաև ներկան, ահա իմ երկու ռեալը և թող նրա կապկային ողորմածությունն ասի ինձ, թե ներկա վայրկյանում ի՞նչ է անում իմ կինը՝ Թերեսա Պանսան և ինչով է զբաղված։

Մաեսե Պեդրոն չկամեցավ վերցնել փողն ու ասաց.

— Ես չեմ ուզում վարձատրություն վերցնել, քանի դեռ չեմ աշխատել։

Այստեղ նա երկու անգամ աջ ձեռքով խփեց ձախ ուսին, կապիկը վայրկենապես թռավ ուսի վրա և, դունչը խոնարհելով տիրոջ ականջին, սկսեց արագ-արագ ատամները զարկել իրար, ապա արագ ցատկեց գետին, իսկ մաեսե Պեդրոն մեծ փութկոտությամբ չոքեց դոն Կիխոտի առջև և, գրկելով նրա ոտքերը, ասաց.

— Ես գրկում եմ ձեր ոտքերը, որպես կգրկեի Հերակլյան սյուները, օ՜հ, մոռացության տրված թափառական ասպետության փառապանծ վերակենդանացնող։ Օ՜հ, ասպետ, դոն Կիխոտ Մանչացի, որի արիությունը գերազանցում է ամեն գովասանք, օ՜հ, թույլերի մխիթարություն, վայր ընկնողների հենարան, ընկածների պաշտպան, գավազան ու բերկրություն բոլոր դժբախտների։

Դոն Կիխոտը ապուշ կտրեց, Սանչոն՝ շշմեց, իջևանատերը շփոթվեց, մի խոսքով բոլորը ցնցված էին, իսկ տիկնիկների թատրոնի տերը շարունակեց.

— Իսկ դու, բարի Սանչո Պանսա, լավագույն զինակիրը աշխարհիս երեսի լավագույն ասպետի, արիացիր, որովհետև քո կին Թերեսան ողջ և առողջ է և ներկա վայրկյանիս մի գրվանքա կտավհատ է գզում։ Որպեսզի առավել ճշգրիտ լինեմ, կավելացնեմ, որ նրա ձախ կողմից փողը կոտրած մի կուժ կա դրած, մեջը՝ բավական գինի, որ աշխատանքը տաղտկալի չլինի։

— Հիմա ես կասեմ,— սկսեց դոն Կիխոտը,— որ շատ կարդացողն ու ճամփորդողը շատ էլ տեսնում ու իմանում է։ Ասելս այն է, որ ոչ ոք չէր կարող ինձ հավատացնել, որ աշխարհիս երեսին գուշակող կապիկ կա, ինչպես ես հիմա տեսա սեփական աչքերովս։ Այո, ես հենց այն դոն Կիխոտ Մանչացին եմ, որի անունը տվեց այդ փառավոր անասունը, թեև գովասանքի չափն անցավ։

— Իսկ հիմա,— հայտնեց մաեսե Պեդրոն,— դոն Կիխոտի հարգանքից դրդված և նրան բավականություն պատճառելու համար, ես կպատրաստեմ թատրոնս և իջևանատան բոլոր կենվորների համար ձրի ներկայացում կտամ։

Այդ լսելուն պես իջևանատերը, սաստիկ ուրախացած, ցույց տվեց որտեղ ավելի հարմար կլինի սարքել թատրոնը։

Շուտով դոն Կիխոտն ու Սանչոն գնացին թատրոնի տեղը։ Բեմի շուրջը վառ մոմեր էին տնկված, և դրանց լույսի տակ թատրոնը շքեղ ու փայլուն էր երևում։

Մաեսե Պեդրոն բազմեց բեմի կենտրոնում, որովհետև նա պիտի շարժեր տիկնիկներին, իսկ բեմի առջև տեղավորեց իր օգնական տղային, որպեսզի բացատրի ներկայացման բոլոր գաղտնիքները։

Հանկարծ բեմի հետևից լսվեց ծնծղայի և փողերի ձայն և թնդանոթների դղրդոց, սակայն շուտով այդ աղմուկը դադարեց, և տղան բարձրացրեց ձայնն ու ասաց.

— Ճշմարտապատում պատմությունը, որ մենք ներկայացնելու ենք ձերգ ողորմած պարոնների համար, բառ առ բառ առնված է ֆրանսիական ժամանակագրություններից և իսպանական երգերից, որ ամենքի շուրթերին են, ոչ միայն մեծերի, այլև փողոցում վազվզող մանուկների։ Պատմությունը զրուցում է, թե ինչպես դոն Գայֆերոսը[3] ազատեց իր կնոջը՝ Մելիսենդրային, որն իբրև գերի գտնվում էր Իսպանիայում, մավրերի ձեռքին, Սանսուենյո քաղաքում, ինչպես այն ժամանակ կոչվում էր Սարագոսան։ Տեսեք, պարոնայք, դոն Գայֆերոսը զառ է գցում, ինչպես ասված է երգում.

Գայֆերոսը գցում է զառ,
Մելիսենդին մոռցած իսպառ։


Ահա երևան է գալիս մի ուրիշ կերպարանք, թագը՝ գլխին, գավազանը՝ ձեռքին։ Դա Կարլոս Մեծ կայսրն է, գեղեցիկ Մելիսենդրայի ենթադրյալ հայրը։

Տեսնելով, որ իր փեսան անձնատուր է եղել անգործության, նա բարկանում ու հանդիմանում է նրան։ Ուշ դարձրեք, թե ինչ խիստ է նախատում։ Կայսրը երկար ու բարակ բացատրում է, թե նա պետք է ազատի իր կնոջը, թե չէ նրա պատիվը արատավորված կլինի և ի վերջո ավելացնում է. «Ասացի, հիմա՝ խորհի՛ր»։

— Իսկ հիմա դուք տեսնում եք, ողորմած պարոնայք, որ կայսրը շուռ է գալիս, երևում է նրա մեջքը, նա թողնում է սաստիկ հուզված Գայֆերոսին, որ կատաղում-փրփրում է, դեն է գցում տախտակն էլ, զառն էլ և հրամայում է, որ անմիջապես բերեն զենքուզրահը։ Նա հայտարարում է, որ կկարողանա ազատել իր կնոջը, եթե անգամ նա բանտարկված լինի երկրի ամենախոր ծոցում։ Ու ճամփա է ընկնում,

— Իսկ հիմա, պարոնայք, ուշ դարձրեք այնտեղ երևացող աշտարակին, որ ներկայացնում է Սարագոսի դղյակի աշտարակներից մեկը։ Պատշգամբում երևացող տիկինը, որ մավրի կնոջ զգեստ է հագել, աննման Մելիսենդրան է, նա հաճախ դուրս է գալիս այստեղ, նայելու Ֆրանսիա տանող ճանապարհը և երագելու Փարիզի մասին, իր ամուսնու մասին և մխիթարվելու։

— Հիմա ուշ դարձրեք այս մավրի վրա, որ մատները շրթունքներին դրած կամացուկ, հուշիկ քայլերով, հետևից մոտենում է Մելիսենդրային։ Տեսեք, թե ինչպես է համբուրում նրա շուրթերը, ինչպես իսկույն տիկինը սկսում է թքել և իր շապկի ճերմակ թևով սրբել բերանը։ Նա գանգատվում է, վշտից պոկում իր չքնաղ մազերը, ասես թե նրան վիրավորած լինեն։ Նայեք նմանապես, նավում նստած այն մավրին։ Դա Սանսուենյոյի թագավոր Մարսիլիոն է։ Նա տեսավ առաջին մավրի անպատկառությունը, որին, թեև նա իր ազգականն ու մերձավորն է, հրամայում է իսկույն ևեթ կալանավորել և երկու հարյուր անգամ մտրակել։ Տեսեք, ահա այնտեղից դուրս են գալիս դատավճիռը ի կատար ածելու համար, մինչդեռ հանցանքը դեռ նոր է կատարվել։ Դա նրանից է, որ մավրերը «մեղադրանքի պատճենը հանձնելու» և «փաստերը ստուգելու» կարիքը չունեն, ինչպես մենք։

— Տղա՜,— գոչեց այստեղ դոն Կիխոտը,— ձեր պատմությունը շիտակ տարեք և մի շեղվեք կոր ու խաչաձևվող գծերով։ Ճշմարտությունը պարզելու համար մեղադրանքը հայտնելու և փաստորեն ստուգելու կարիք լինում է։

Մաեսե դոն Պեդրոն բեմի հետևից ասաց.

— Այ տղա, ավելորդ բաներ դուրս մի տուր, այնպես արա, ինչպես հրամայում է այդ պարոնը,

— Շատ լավ,— պատասխանեց տղան ու շարունակեց.

— Սա էլ՝ ձիու վրա, ինքը դոն Գայֆերոսն է։ Ահա և նրա տիկինը, որ ելնում է աշտարակը և անհայտ ճամփորդի տեղ դնելով իր ամուսնուն, սկսում է հետը խոսել։ Տեսնո՞ւմ եք, թե ինչպես դոն Գայֆերոսը բաց է անում իր թիկնոցի կոճակները, իսկ Մելիսենդրան, ձեռքի ուրախ նշաններով հասկանալ է տալիս, թե ճանաչել է։ Եվ ահա մենք տեսնում ենք, թե ինչպես նա իջնում է պատշգամբից, որ նստի իր սիրելի ամուսնու ձիու գավակին։ Դոն Գայֆերոսը նրան նստեցնում է տղամարդու ձևով իր ձիու գավակին, ասում է, որ պինդ բռնի իրեն, և նրանք ուրախ ու զվարթ սլանում են դեպի Փարիզ։

Իհարկե, գտնվեցին պարապ լրտեսներ, որ միշտ ամեն ինչ տեսնում են և որոնք տեսան, թե ինչպես Մելիսենդրան իջավ ու նստեց ձիու գավակը։ Նրանք լուրը տարան Մարսիլիոյին, որը հրամայեց իսկույն ահազանգ տալ։ Տեսեք, թե այդ ամենն ինչ արագ է կատարվում։ Ահա բոլոր մզկիթներում զանգ են տալիս, և ողջ քաղաքը դղրդում է զանգերից։

— Այդ արդեն ճիշտ չէ,— մեջ մտավ դոն Կիխոտը,— Մաեսե Պեդրոն, անտարակույս, զանգերի վերաբերյալ վրիպել է։ Մավրերը զանգ չեն գործածում, այլ ծնծղա և կլարնետի պես մի գործիք, որ կոչվում է՝ դուլսային։ Սանսուենյոյում զանգեր քաշելը մեծ անմտություն է։

Մաեսե Պեդրոն, լսելով այդ, դադարեց զանգահարելուց և ասաց.

— Պարոն դոն Կիխոտ, ուշ մի՛ք դարձնի, ձերդ ողորմածության, այդ տեսակ չնչին բաների վրա և ճշգրտության հետևից մի՛ք ընկնի, մեկ է, չեք գտնի։ Գրեթե յուրաքանչյուր օր մեզանում ներկայացնում են կատակերգություններ, որոնք լի են անմտություններով ու անհեթեթություններով և, չնայած դրան, մեծ հաջողություն են վայելում, և հանդիսատեսները ոչ միայն ծափահարում, այլև հիանում են։ Շարունակիր, տղա, թող նրանք ինչ ուզում են ասեն։

— Այո՛, դուք արդարացի եք,— պատասխանեց դոն Կիխոտը։

Տղան շարունակեց.

— Տեսեք, թե ի՜նչ բազմաթիվ և փայլուն հեծելազոր է դուրս գալիս քաղաքից՝ հետապնդելու սիրահար քրիստոնյաներին։ Հնչում են դուլսսային ու փողերը, թնդում ծնծղան ու թմբուկները։ Ես վախենում եմ, որ նրանք կհասնեն փախստականներին և ետ կբերեն, կապելով նրանց սեփական ձիու պոչից։ Ի՜նչ սարսափելի տեսարան կլիներ։

Տեսնելով իր առջև այդքան շատ մավրեր և լսելով նման դղրդոց, դոն Կիխոտը խորհեց, որ պետք է օգնության հասնել փախստականներին։ Նա վեր թռավ տեղից և բարձրաձայն ասաց.

— Ես թույլ չեմ տա, քանի կենդանի եմ, որ իմ ներկայությամբ այդքան ստոր կերպով դավաճանեն հռչակավոր ասպետ և անահ սիրահար դոն Գայֆերոսին։ Կա՛նգ առեք, անիծած սրիկաներ։ Չհանդգնե՛ք հալածել և հասնել նրան, թե չէ ինձ հետ գործ կունենաք։

Եվ, խոսքից անցնելով գործի, նա թուրը քաշեց, մեկ թռիչքով մոտեցավ բեմին և չտեսնված կատաղությամբ ու արագությամբ սկսեց հարվածել մավր-տիկնիկներին։ Նա տապալում էր գետնին, կտրում գլուխները, կտոր-կտոր անում նրանց։ Իսկ մի անգամ թուրը տարավ-բերեց և այնպիսի ուժով զարկեց, որ եթե մաեսե Պեդրոն չպպզեր, կուչ չգար ու չթաքնվեր, դոն Կիխոտը նրա գլուխը նույնքան թեթև կթռցներ, ինչպես եթե այն նուշ ու շաքարից շինած լիներ։ Մաեսե Պեդրոն ճչաց.

— Կա՛նգ առեք, ձերդ ողորմածություն, պարոն դոն Կիխոտ, հասկացեք, որ դուք տապալում եք, կտոր-կտոր եք անում և սպանում ոչ թե իսկական, այլ թղթից շինած մավրերի։ Տեր աստված, վա՜յ ինձ, ախր նա ոչնչացնում ու կործանում է իմ ողջ կարողությունը։

Իսկ դոն Կիխոտը, առանց ուշ դարձնելու, շարունակում էր ջարդել ու փշրել, և նրա հարվածները տեղում էին կարկուտի պես։ Ողջ թատրոնն արդեն թափվել էր գետին, բոլոր թելերը՝ կտրտվել, բոլոր տիկնիկները՝ փշրվել, Մարսիլիո թագավորը ծանր վիրավորվել էր, իսկ Կարլոս Մեծ կայսեր գլուխը, թագն էլ հետը՝ մեջտեղից պատռվել։

Բոլոր հանդիսատեսներն իրար անցան, կապիկը փախավ տան կտուրը, անգամ Սանչո Պանսան ահուդողի մեջ ընկավ (երբ որ արհավիրքն անցավ, նա հավատացնում էր, որ երբեք իր տիրոջը չէր տեսել այսչափ կատաղի բարկությամբ բռնված)։

Ողջ թատրոնն ավերելուց հետո դոն Կիխոտը մի քիչ հանգստացավ և ասաց.

— Կկամենայի ես այս րոպեիս տեսնել իմ առջև բոլոր նրանց, ովքեր չեն հավատում և չեն կամենում հավատալ, որ թափառական ասպետները մեծամեծ օգուտ են տալիս մարդկությանը։ Խորհեցեք, թե ինչ կլիներ փառավոր դոն Գայֆերոսի և չքնաղ Մելիսենդրայի ճարը, եթե պատահմամբ ես այստեղ չլինեի։ Անշուշտ, այդ իսկ րոպեին վրա կհասնեին շները և կենթարկեին նրանց ամեն տեսակ ստորացումների։ Արդ կեցցե թափառական ասպետությունը, որ աշխարհիս երեսին ամեն բանից վեր է։

— Ասպետությունը կեցցե, իսկ ես՝ մեռնեմ,— ցավագին ձայնով պատասխանեց մաեսե Պեդրոն։— Դեռ չի անցել կես ժամ, նույնիսկ կես րոպե, ինչ ես թագավորների և կայսրերի իշխողն էի, ինչ իմ գոմերը, սնդուկներն ու պարկերը լի էին ձիերի և նրանց սարքերի ահագին բազմությամբ, իսկ հիմա ավերված ու ոչնչացած եմ, աղքատ ու մուրացկան, իսկ ամենից վատը՝ մնացել եմ առանց կապկի։ Երևի թե ոչ այլ ոքի, քան եթե Վշտակերպ Ասպետին էր վիճակված իմ տիկնիկներին ոչնչացնել։

Մաեսե Պեդրոյի խոսքերը շարժեցին Սանչո Պանսայի սիրտը, և նա ասաց.

— Մի լար և մի ցավիր, մաեսե Պեդրո, սիրտդ շուռ մի տուր։ Իմացած եղիր, որ իմ տեր դոն Կիխոտը բարի և խղճմտանքով քրիստոնյա է։ Եթե նա խորհելու լինի, թե ինչ վնաս է հասցրել քեզ, նա կկարողանա և կկամենա վճարել և վարձատրել, շահն էլ վրան,

— Եթե պարոն դոն Կիխոտը կոտրած տիկնիկների գեթ մի մասի համար վճարելու լինի, ես բավարարված կլինեմ, որովհետև ինչպե՞ս կարող է իր հոգին փրկել նա, ով որ խլում է ուրիշի գույքը՝ հակառակ տիրոջ կամքի և փոխարենը չի հատուցանում։

— Դուք արդարացի եք,— պատասխանեց դոն Կիխոտը,— սակայն ինձ համար անհասկանալի է, ի՞նչ գույք եմ ես ձեզնից խլել, մաեսե Պեդրո։

— Ինչպե՞ս թե,— բացականչեց մաեսե Պեդրոն։— Իսկ այս գետնին ընկած փշուրնե՞րը։ Ի՞նչ ուժ փշուր-փշուր արեց, եթե ոչ ձեր հզոր բազկի անհաղթելի ուժը։ Ո՞ւմ էին պատկանում այդ առարկաները, եթե ոչ ինձ։ Մի՞թե ես դրանցով չէի կերակրվում։

— Հիմա,— ասաց դոն Կիխոտը,— ես վերջնականապես այն մտքին եմ հանգում, որ քանիցս անցել է գլխովս։ Ինձ հալածող կախարդները նախ ինձ մարդիկ են ցույց տալիս իրենց բնական տեսքով, ապա փոխում ու կերպարանափոխում են նրանց իրենց ուզածի պես։ Պարոններ, ես ձեզ զուտ ճշմարտություն եմ ասում, այդ ամբողջ ներկայացումը ինձ երևաց իրականություն՝ Մելիսենդրան, դոն Գայֆերոսը, Մարսիլիոն, Կարլոս Մեծը կենդանի մարդիկ թվացին։ Ահա թե ինչու կատաղությունս բռնկեց և, որպեսզի թափառական ասպետի պարտականությունս կատարած լինեմ, վճռեցի օգնություն և պաշտպանություն ցույց տալ փախստականներին, և այս բարի մտադրությամբ ես կատարեցի այն, ինչին դուք վկա եղաք։ Իսկ եթե հակառակը դուրս եկավ, ապա մեղավորը ես չեմ, այլ ինձ հալածող լարագործները։ Այնուամենայնիվ, թեև իմ սխալանքը չար մտադրությունից չի բխում, ես ինքս ինձ պարտադրում եմ վճարման։ Ասացեք, մաեսե Պեդրո, ի՞նչ կուզեք կոտրած տիկնիկների համար, ես պատրաստ եմ անմիջապես վճարելու։

Մաեսե դոն Պեդրոն գլուխ տվեց և ասաց.

— Դրանից պակաս բան բոլոր աղքատ ու չքավոր շրջմոլիկների ճշմարիտ օգնական պաշտպան՝ քաջարի դոն Կիխոտ Մանչացուց չէր էլ կարելի սպասել։ Թող պարոն իջևանատերն ու Սանչոն լինեն գնահատողներ և միջնորդներ ձերդ ողորմածության ու իմ միջև և որոշեն, թե ի՞նչ արժեն, կամ ավելի ճիշտ ի՞նչ կարող են արժենալ ջարդված տիկնիկները։

Իջևանատերն ու Սանչոն համաձայնեցին։

Մաեսե Պեդրոն բարձրացրեց հատակից Սարագոսայի գլխատված Մարսիլիո թագավորին և ասաց.

— Դուք տեսնում եք, որ այս թագավորին անհնար է վերադարձնել իր նախկին վիճակը, ուստի ես կկամենայի ստանալ նրա մահվան, վախճանի և ոչնչացման համար չորս ու կես ռեալ։

— Հետո՞,— պատասխանեց դոն Կիխոտը։

Մաեսե Պեդրոն, իր ձեռքն առնելով միջից կես արած կայսր Կարլոս Մեծին, շարունակեց.

— Կարլոս Մեծի պատռած գլխի համար արդարացի կլիներ պահանջել հինգ ու մեկ քառորդ ռեալ։

— Տվեք,— ասաց դոն Կիխոտը։

— Այս տիկնիկի քիթը կոտրած է,— շարունակեց մաեսե Պեդրոն,— և աչքը ծակված։ Սա չքնաղ Մելիսենդրան է, և ես, խղճի մտոք, երկու ռեալ ու տասներկու մարավեդին եմ խնդրում նրա համար։

— Թող գրողը ինձ տանի,— բացականչեց դոն Կիխոտը,— եթե հիմա Մելիսենդրան իր ամուսնու հետ Ֆրանսիայի սահմանն անցած լինի, որովհետև նժույգը, որի վրա նրանք սլանում էին, ոչ թե վազում, այլ թռչում էր։ Ուստի, խնդրում եմ, կատուն նապաստակի փոխարեն ինձ վրա չծախեք և չհավատացնեք, թե այդ քիթը կոտրած տիկնիկը Մելիսենդրան է, մինչդեռ իսկական Մելիսենդրան իր ամուսնու հետ հիմա խնդության մեջ է Ֆրանսիայում։

Մաեսե Պեդրոն տեսնելով, որ դոն Կիխոտը նորից խելագարվեց և դարձյալ իր էշն է քշում, վախենալով, որ նրան ձեռքից կգցի, ասաց.

— Սա, երևի, Մելիսենդրան չի, այլ նրա նաժիշտներից մեկնումեկը։ Տվեք տասնվեց մարավեդին, և ես գոհ կլինեմ։

Այսպիսով նա մեկը-մյուսի հետևից գնահատեց բոլոր կոտրած տիկնիկները, իսկ դատավոր-գնահատողները, երկու կողմերի հավանությամբ, կրճատեցին նրա, պահանջները, այնպես որ վնասների ընդհանուր գումարը դուրս եկավ քառասուն ռեալ և երեք քառորդ, ինչը Սանչոն իսկույն հանեց քսակից։ Բայց մաեսե Պեդրոն, բացի այդ, ևս երկու ռեալ պահանջեց, իբրև վարձ՝ կապիկին բռնելու համար։

— Վճարիր, Սանչո,— ասաց դոն Կիխոտը,— եթե նա չկարողանա բռնել այդ անասունին, թող գոնե հարբի անասունի պես։ Բայց ես ուրախությամբ կնվիրեի երկու հարյուր ռեալ նրան, ով կարողանար ստուգապես հաղորդել ինձ, թե տիրուհի Մելիսենդրան ու պարոն դոն Գայֆերոսը գտնվո՞ւմ են արդեն Ֆրանսիայում, իրենց ազգականների շրջանում։

— Ոչ ոք չի կարող ասել այդ ավելի լավ, քան իմ կապիկը,— նկատեց մաեսե Պեդրոն,— միայն թե հիմա նրան սատանան էլ չի կարող բռնել։ Ասենք, կարծում եմ, որ քաղցն ու սերը դեպի տերը կստիպեն նրան գիշերս ինձ որոնելու, այնպես որ լուսաբացին մենք կրկին կտեսնվենք։

Վերջ ի վերջո թատերական իրարանցումն անցավ, և ամենքը նստեցին ընթրելու հաշտ ու համաձայն։ Ընթրիքը դոն Կիխոտ ի հաշվին էր, որի առատաձեռնությունը սահման չուներ։

Իջևանատերը, որ չէր ճանաչում դոն Կիխոտին, մնացել էր զարմացած նրա խենթությունից և առատաձեռնությունից։

Վերջապես Սանչոն, տիրոջ կարգագրությամբ, շատ լավ վճարեց իջևանատիրոջը, և հետևյալ օրը, առավոտյան ժամը ութին, նրանք հրաժեշտ տվին ու ճամփա ընկան։

Տողատակեր

խմբագրել
  1. Մաեսե՝ վարպետ, ուստա։ Ծ. Թ.
  2. Իտալերեն դարձվածք է, բառացի նշանակում է՝ ձուկ ենք բռնելու, այսինքն՝ ի՞նչ ենք անելու, ինչի՞ց ենք սկսելու, Ծ. Թ.։
  3. Գայֆերոսը Կարլոս Մեծ կայսեր քրոջ տղան է, իսկ Մելիսենդրան (կամ՝ Մելիսենդան) հարազատ աղջիկը։ Գայֆերոսի և Մելիսնենդրայի նշանադրությունից հետո մավրերը առևանգել էին Մելիսենդրային և տարել Իսպանիա, Ծ. Թ.։