ԳԼՈՒԽ XXXVII
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ
ԵՎ ՈՐՍՈՐԴ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ՄԻՋԵՎ

Իրիկնապահին դոն Կիխոտը դուրս եկավ անտառից և տեսավ մի կանաչ դաշտ, որի խորքում ինչ-որ մարդիկ կային։ Մոտենալով նրանց, տեսավ, որ բազեներով որս անողներ են։ Ավելի ևս մոտենալով, նրանց մեջ նկատեց մի գեղեցիկ տիկին, ձյունաթույր ձի հեծած։ Ձիու թամբը արծաթակապ էր, սարքը՝ կանաչ։ Տիկինն էլ էր կանաչ հագած և այնքան հարուստ էր ու սիրուն, որ թվում էր գեղեցկության մարմնացում։ Նրա ձախ ձեռքին բազե էր նստած։ Այս նշանից դոն Կիխոտը որոշեց, որի իր առջև ազնվական անձնավորություն է, իսկ բոլոր մնացած որսորդները՝ նրա շքախումբը, ինչպես և հետագայում հաստատվեց։ Նա ասաց Սանչոյին.

— Վազ տուր, Սանչո, զավակս, և այն ճերմակ ձի հեծած և բազեն ձեռքին տիկնոջը ասա, թե ես, Առյուծների Ասպետս, հարգանոք խոնարհվում եմ նրա մեծ գեղեցկության առջև։ Եվ եթե նրա շքեղությունը թույլ տա, ես կմոտենամ, որ համբուրեմ նրա ձեռքը և կատարեմ այն ամենը, ինչ որ նրա մեծությունը հաճի ինձ պատվիրել, որքան որ ուժերս ներեն։ Միայն թե, տես, Սանչո, քաղաքավարի արտահայտվիր և ճառիդ մեջ խելքիդ փչած առածները չխցկես։

— Դուք էլ բա՜ն գտաք,— պատասխանեց Սանչոն։— Ո՞ւմ եք ասում, առաջի՞ն անգամն է, ինչ է, որ ես ազնվազարմ տիկինների մոտ եմ գնում։

Սանչոն քշեց իր իշուկին և չու հա չու, հասավ որսորդ գեղեցկուհուն, ծնկի իջավ նրա առջև և ասաց.

— Չքնաղ տիկին, դուք տեսնո՞ւմ եք այնտեղ կանգնած Առյուծների Ասպետին։ Նա իմ տերն է, իսկ ես՝ նրա զինակիրը։ Տանը ինձ Սանչո Պանսա են անվանում։ Ահա այդ Առյուծների Ասպետը, որ նորերս դեռ Վշտակերպ Ասպետ էր կոչվում, ուղարկել է ինձ խնդրելու, որ ձերդ մեծությունը հաճի թույլ տալ, ձեր համաձայնությամբ, բարեհայեցողությամբ ու թույլտվությամբ ներկայանալ ձեզ և կատարել իր ցանկությունը։ Իսկ նրա ցանկությունը, ինչպես ինքն է հայտարարում, և ես նույնն եմ կարծում՝ ձերդ վսեմ գեղեցկությանը ծառայելն է։ Եվ եթե այդ թույլատրվելու լինի, ապա դուք, տիկին, մեծ օգուտ կքաղեք, իսկ իմ տերը իր համար մեծ շնորհ ու հաճույք կհամարի։

— Անշուշտ, բարի զինակիր,— պատասխանեց տիկինը,— կատարելով ձեր առաքելությունը, դուք աչքաթող չարիք և ոչ մի մանրուք, որ պատշաճ է նման դեպքերում։ Դե, վեր կացեք։ Վայել չէ, որ Վշտակերպ Ասպետի զինակիրը ծնկաչոք մնա։ Վշտակերպ Ասպետի մասին մենք այս կողմերում արդեն շատ բան ենք լսել։ Վեր կացեք, բարեկամ, և ասացեք ձեր տիրոջը, որ նա պատեհ ժամին հանդես եկավ և որ ես ու իմ ամուսին դուքսը ուրախ կլինենք ընդունելու նրան մեր ամառային ապարանքում, որն այստեղից հեռու չէ։

Լսելով այս հաճելի պատասխանը, Սանչոն, խորին գոհունակությամբ, շտապեց իր տիրոջ մոտ և հաղորդեց նրան այն ամենը, ինչ որ ասաց այդ ազնվազարմ տիկինը։

Դոն Կիխոտը շտկվեց թամբի վրա, ոտքերն ամրացրեց ասպանդակներում, ուղղեց իր երեսկալը, խթանեց Ռոսինանտին և ազնիվ հանդարտությամբ դիմեց դեպի դքսուհին, նրա ձեռքը համբուրելու համար։

Մինչև դոն Կիխոտի տեղ հասնելը, մարդ ու կին վճռեցին հրահրել նրա տարօրինակությունները, նրա ամեն ասածին համաձայնել և վարվել հետը որպես թափառական ասպետի հետ, կատարելով բոլոր ծեսերը, որ նկարագրված են ասպետական վեպերում։

Դոն Կիխոտը բարձրացրեց երեսկալը և նշան արեց Սանչոյին, որ ուզում է իջնել ձիուց։ Սանչոն ուզեց վազել, որ ասպանդակը բռնի, բայց նրա բախտը չբանեց և էշից գետին ցատկելու միջոցին փալանին կապած թոկը փաթաթվեց նրա ոտքին։ Նա չկարողացավ ոտքը դուրս բերել և կախ ընկավ գլխիվայր, դեմքն ու կուրծքը հպած գետնին։ Իսկ դոն Կիխոտը, սովոր լինելով, որ իջնելուց ասպանդակը բռնեն և հավատացած լինելով, որ Սանչոն արդեն մոտեցած կլինի, թափով մեկ ոտքը շուռ տվեց և մյուսով քարշ տվեց Ռոսինանտի թամբը։ Ըստ երևույթին, փորկապը լավ չէր պնդացրած եղել, այնպես որ նա, թամբի հետ, թրմփաց գետին և, սաստիկ շփոթված, ատամների արանքից սկսեց անիծել չարաբաստիկ Սանչոյին, որ դեռևս իր ոտքը չէր արձակել։ Դուքսը հրամայեց իր ծառաներին օգնել ասպետին էլ, զինակրին էլ։ Նրանք բարձրացրին դոն Կիխոտին, որ կարգին ջարդվել էր ընկնելուց։ Ասպետը, կաղալով, փորձեց ծնկի գալ դքսուհու և նրա ամուսնու առջև, բայց դուքսը խանգարեց և, ձիուց ցած թռչելով, գրկեց դոն Կիխոտին ու ասաց.

— Խնդրում եմ, շնորհ բերեք, տեր իմ, Առյուծների Ասպետ, իմ դղյակը, որ մոտ է այստեղից։ Դուք այնպիսի ընդունելություն կգտնենք, որ ճշմարտապես վայել է ձեր բարձր անձին և որ ես ու դքսուհին սովոր ենք ցույց տալու բոլոր թափառական ասպետներին, որոնք մեզ մոտ հյուր են գալիս։

Սանչոն արդեն Ռոսինանտի թամբը շտկել և փորկապը ամուր կապել էր։ Դոն Կիխոտը հեծավ ձին, դուքսը՝ իր փառավոր նժույգը, դքսուհին անցավ նրանց մեջտեղը, և նրանք ուղևորվեցին դղյակ։ Դքսուհին հրամայեց, որ Սանչոն իր կողքին լինի, որովհետև նրա խելացի խոսակցությունը անսահման բավականություն էր պատճառում։ Սանչոն, առանց իրեն խնդրել տալու, միացավ այդ երրորդությանը և մասնակից եղավ զրույցին ի մեծ հաճույս դուքսի ու դքսուհու, որոնք մեծ բախտ էին համարում ընդունել իրենց դղյակում նման թափառական ասպետին և նման տարօրինակ զինակրին։

Նախքան տեղ հասնելը դուքսը առաջ անցավ և կարգադրեց իր մարդկանց դոն Կիխոտի ընդունելության մասին։

Եվ ահա, երբ դոն Կիխոտը դքսուհու հետ ներս մտավ դղյակի ընդարձակ բակը, երկու չքնաղ աղջիկ մոտեցան մեր ասպետին և նրա ուսերին նրբագույն կարմիր մահուդից թիկնոց գցեցին, և դուքսի բոլոր սպասավոր-սպասավորուհիները թափվեցին բակն ու բարձրաձայն բացականչեցին.

— Բարի գալո՜ւստ, թափառական ասպետության ծաղիկ ու զարդին։

Այդ օրը դոն Կիխոտը առաջին անգամ և վերջնականապես համոզվեց և հավատաց, որ ինքը ոչ թե մի կարծեցյալ, այլ ամենաիսկական թափառական ասպետ է, որովհետև տեսնում էր, թե բոլորը վարվում են հետը միանգամայն այնպես, ինչպես, դատելով ըստ վեպերի, անցած դարերում վարվելիս են եղել այդ կոչման ասպետների հետ։

Նրանք բարձրացան մի դահլիճ, որի պատերից կախված էին թանկագին դիպակներ և ոսկեհյուս գորգեր։ Վեց աղջիկ հանեցին դոն Կիխոտի զենքուզրահը և սկսեցին սպասարկել նրան իբրև մանկլավիկներ։

Երբ որ նրա զենքուզրահը հանեցին, նա մնաց նեղ տաբատով, ուղտի բրդից կապայով, ինքը՝ երկար ու փայտի պես չոր ու ցամաք, այնպիսի փոս ընկած այտերով, որ ասես նրանք ներսից իրար համբուրելիս լինեին։ Նրա տեսքն այնքան ծիծաղաշարժ էր, որ եթե նրան սպասարկող աղջիկները ճիգ չգործադրեին իրենց ծիծաղը զսպելու, ապա ծիծաղից կպայթեին։

Դոն Կիխոտը հագնվեց, գոտեպնդվեց թրով, կարմիր մահուդից թիկնոցը վրան գցեց, գլխին դրեց ծածկոց կանաչ կերպասից, որ մատուցեցին նրան սպասուհիները։ Աղջիկները, կանգնած երկու շարքով, թասեր էին բռնել լվացվելու համար։ Այդ բոլոր արարողությունները նրանք կատարում էին բազմաթիվ ծիսական շարժուձևերով։ Ապա ներս մտան տասներկու մանկլավիկներ արքունապետի ուղեկցությամբ, որպեսզի ասպետին առաջնորդեն սեղանատուն, որտեղ նրան սպասում էին տանտերն ու տանտիկինը։

Մանկլավիկները, շրջապատելով նրան մեծ հանդիսավորությամբ ու շքեղությամբ, այստեղից նրան տարան մի այլ դահլիճ, որտեղ ճոխ սեղան էր բացված չորս հոգու համար։

Դուքսն ու դքսուհին դիմավորեցին դոն Կիխոտին շեմքին և հրավիրեցին սեղան նստել։ Տեղի տալով երկար թախանձանքներին՝ դոն Կիխոտը բազմեց պատվավոր տեղում, իսկ դուքսն ու դքսուհին նստեցին նրա աջ ու ձախ կողմից։

Սանչոն այդ տեսարանին ականատես լինելով, զարմացել ու ապշել էր այն պատիվներից, որ ազնվական անձինք տալիս էին իր տիրոջը։

Դքսուհին հարց տվեց դոն Կիխոտին՝ ունի՞ նա արդյոք տիրուհի Դուլսինեայից տեղեկություն և ի՞նչ հսկաներ ու ոճրագործներ է ուղարկել վերջերս նրան նվեր, երևի նա շատ-շատերին արդեն հաղթած կլինի։

— Տիրուհիդ իմ, իմ դժբախտությունները սկիզբ ունեցել են, բայց երևի վախճան չեն ունենալու։ Ես հաղթել եմ հսկաների, ուղարկել եմ նրա մոտ ավազակներ ու չարագործներ, բայց ինչպե՞ս գտնեն նրան, քանի որ նա կախարղված է և կերպարանափոխված, դարձել է մի գեղջկուհի, որի այլանդակությունն աներևակայելի է։

— Չգիտեմ,— միջամտեց Սանչո Պանսան,— նա ինձ թվաց աշխարհիս ամենագեղեցիկ էակը։ Համենայն դեպս, նա այնքան թեթև է, որ լարախաղացից էլ լավ է ցատկում։ Ազնիվ խոսք, տիրուհի դքսուհի, հենց գետնից նա այնպես է թռչում էշի վրա, ինչպես ձեր կատուն։

— Մի՞թե դու, Սանչո, տեսել ես նրան կախարդված,— հարցրեց դուքսը։

— Բա՜ չէ,— պատասխանեց Սանչոն։— Ես առաջինը դեմ առա այդ կախարդանքին։ Նա կախարդված է իմ հանգուցյալ հոր պես։

Ապա դուքսը տեղեկանալով, որ դոն Կիխոտր խոստացել է Սանչոյին մի կղզու կառավարիչ նշանակել, ասաց.

— Պարոն դոն Կիխոտին պատված լինելու համար ես հանձնում եմ ձեզ մի բավական մեծ կղզի։ Գնացեք և կառավարեցեք, Սանչո բարեկամ։

— Ծնկի արի,— ասաց դոն Կիխոտը,— և համբուրիր նորին պայծառափայլության ձեռքը նրա արած շնորհի համար։

Սանչո Պանսան հնազանդվեց։