Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/«Եզդիները հայերի հետ դարձյալ պատրաստ են կռվել Արցախի համար»

Վկայագիր «Եզդիները հայերի հետ դարձյալ պատրաստ են կռվել Արցախի համար»

Ազիզ Թամոյան

Փորձված բարեկամություն
[ 13 ]
«ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»

Եզդի ժողովրդի ճակատագիրը, հատկապես վերջին 100-ամյակի ընթացքում, սերտորեն և անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի և Հայաստան երկրի ճակատագրին։ Այս ակնհայտ իրողության, նաև՝ ՀՀ-ում և ԼՂ-ի շուրջ ծավալվող վերջին տարաբնույթ զարգացումների կարևորումով հարցազրույցի հրավիրեցինք Եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս, նույն ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանին։

— Պրն. Թամոյան, նախ պարզաբանեք, խնդրեմ, որքանո՞վ էր 2004 թ.–ը նշանակալի և հաջողված Հայաստանի եզդիների համար, և ինչ սպասելիքներ ունեք 2005-ին։

— Բնականաբար, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարդ վիճակը լուրջ դժվարություններ է առաջացնում նաև եզդի ժողովրդի համար։ Սակայն մեր պատմամշակութային խնդիրների վիճակը ես գերազանց կգնահատեի։ Աշխարհում եզդիների թիվը անցնում է 2 մլն-ից։ Մեր կենտրոնական սրբավայրը գտնվում է Հյուսիսային Իրաքում՝ Եզդիստանի տարածքում, Լալըշ կոչվող վայրում, որտեղ մենք զրկված ենք մշակութային բոլոր հնարավորություններից։ Հայաստանում մեր թիվը 41 հազար է, բայց ունենք ամենօրյա կեսժամյա ռադիոհաղորդումներ, «Եզդիների ձայն» թերթը։ Եվ ամենակարևորն այն է, որ 2002թ. Մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովը ճանաչեց եզդիների լեզուն։ Դա հաստատեց և ընդունեց նաև Եվրախորհուրդը։ Իսկ ամենաուրախալին այն է, որ ՀՀ կառավարության [ 14 ] որոշմամբ և ՀՀ նախագահի հանձնարարությամբ, եզդիների համար դասագրքերի ստեղծման աշխատանքներ են տարվում։ Հիմա հրատարակչության հետ 1-7-րդ դասարանների դասագրքերի վրա ենք աշխատում, որոնք պատրաստ կլինեն մի քանի ամսից։ Դրանից հետո կստեղծվեն 8–10-րդ դասարանների դասագրքերը։ Դա մեզ համար շատ մեծ նվաճում է, քանի որ աշխարհի որևէ այլ երկրում եզդիներին նման հնարավորություն չի ընձեռնվել։ Ասեմ, որ տառերը ռուսական են՝ բացառությամբ 7 լատինական տառերի։ Ինչ վերաբերում է 2005թ. մեր սպասելիքներին, ասեմ, որ արդեն համայն աշխարհին ենք ներկայացնում Մեծ եղեռնի ճանաչման ծրագիրը և ուզում ենք, որ հայերի ցեղասպանությունը ճանաչվելուց բացի, Թուրքիան ճանաչի նաև 500 հազար եզդիների ցեղասպանությունը։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք ամեն ինչ անելու ենք հայ-եզդիական բարեկամությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։

— Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում հետագայում կստեղծվեն եզդիական միջնակարգ դպրոցներ։

— Ոչ։ Դա մեզ ձեռնտու չէ։ Որովհետև եզդիական դպրոց ավարտածը չի կարող ուսումը շարունակել, համապատասխան աշխատանքի անցնել։ Մեզ պետք է, որ եզդի երեխաները մայրենի լեզվով գրել, կարդալ իմանան։

— Դատելով Ձեր խոսքից, եզդի ժողովուրդը մտադիր է ճանաչել տալ նաև իր ցեղասպանությունը։ Կոնկրետ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հայտարարությունից։

— Մեր հույսն այն է, որ Եվրախորհուրդը հաշվի առնի մեր խնդիրը և ուսումնասիրի այն։ Ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անպայման պիտի լուծվի։ [ 15 ] Թուրքիան հերյուրանքներ է տարածում, որ իբր նման բան չի եղել, բայց չէ՞ որ մեր ծնողները միշտ պատմել են ցեղասպանության մասին։

— Ինչպիսի՞ն է եզդի ժողովրդի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի վերաբերյալ, որը, ինչպես գիտեք, վերջերս աննախադեպ լուրջ քննարկումների առարկա է դարձել միջազգային տարբեր ատյաններում։

— Ես լսեցի Ջոնսի հայտարարությունը և դա համարում եմ սադրանք։ Ղարաբաղը հայկական տարածք և պետություն է։ Եթե փորձեն տարբեր ձևերով ճնշել Հայաստանին, մենք՝ եզդիներս, չենք հաշտվի դրա հետ։ Ես, որպես Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար, դեմ եմ նման հայտարարություններին։ Մենք արյան գնով ենք այդ տարածքը վերցրել։ Ես ղարաբաղյան շարժման տարիներին ստեղծել եմ «Ջահանգիր աղայի» անվան եզդիական ջոկատը, և մենք պատերազմի ժամանակ 30-ից ավելի զոհ ենք տվել։

— Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը նորից մեզ հետ ուզում է խոսել պատերազմի լեզվով․․․

— Մենք դարձյալ պատրաստ ենք արժանի պատասխան տալ։ Իմ տարիքը այնքան էլ մեծ չէ, և այդ դեպքում կօգտագործենք մեր եղած բոլոր հնարավորությունները։ Իհարկե, ի շահ հայ ժողովրդի և ի շահ արդարության։ Մենք հիմա ամբողջովին պատրաստ ենք դրան։ Անկեղծ եմ ասում։ Թող նրանք չփորձեն ուժ օգտագործել․․․ Մենք և աշխարհի շատ ժողովուրդներ Ղարաբաղի հարցով ոտքի կկանգնենք։ Մենք կպայքարենք մինչև արյան վերջին կաթիլը։ Ես նորից եմ ուզում ասել, որ դատապարտում եմ Ղարաբաղի վերաբերյալ հնչող անարդարացի հայտարարությունները, դրանք անմարդկային [ 16 ] են և սխալ։ Եթե փորձեն ճնշում գործադրել, Հայաստանում ապրող եզդիները իրենց ձայնը կբարձրացնեն ողջ աշխարհում, բողոքի ցույցեր և միտինգներ կկազմակերպեն։

— Հիմա, երբ ԼՂ շուրջ թեժացումներ են նկատվում, որոշ քաղաքական ուժեր փորձում են ակտիվացնել ներքաղաքական զարգացումները։ Ըստ Ձեզ, դա կարելի՞ է որևէ կերպ արդարացնել։

— Ոչ, եթե մարդիկ մի ազգի են պատկանում, նրանք պարտավոր են սրբությամբ պահպանել իրենց հայրենիքը և նրա շահը։ Ես խիստ կդատապարտեմ այն մարդկանց, որոնք Հայաստանի և Ղարաբաղի շահերը չպաշտպանեն և մտածեն իրենց անձնական շահի մասին։ Ուրեմն, նրանք այդ ազգին չեն պատկանում։ Այստեղ արժանապատվության խնդիր կա։

— Այնուհանդերձ, Դուք ինչ-որ չափով լավատե՞ս եք։

— Հայաստանում կան բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկիրը երկիր դառնա։ Դրա համար մենք ունենք գիտնականներ, աշխատասեր ժողովուրդ։ Այդ ուժը պետք է ճիշտ օգտագործել ու հույսը չդնել միայն եվրոպացիների վրա։

Զրույցը վարեց Սաթենիկ Կոկեյանը
«Երրորդ ուժ» 2005թ., փետրվար, էջ 10