***

Եթե ուզում ես
Հասկանալ գարնան անձրեւը, ապա,
Անձրեւի միջով քայլիր գլխաբաց
Եվ միայն
Սիրո
Մասին մտածիր,
Թույլ տուր վարարող անձրեւը զնգա,
Թեկուզ մի անգամ, ոսկորներիդ մեջ։

Եթե ուզում ես
Հասկանալ քարը, ապա դու փորձիր
Նայել նրանց հենց... քո տան պատի մեջ
Եվ միայն
Սիրո
Մասին մտածիր։
Թույլ տուր քարերը անսուտ կարոտով
Համբուրելու պես գգվեն դեմքին քո։

Եթե ուզում ես
Հասկանալ զարթնող արմատը, ապա,
Մի բուռ հող պահիր դու քո ձեռքերում
Եվ միայն
Սիրո
Մասին մտածիր։
Թույլ տուր գարունքվող հողը խնկարկի
Քո գինեկարմիր ու խենթ արյան մեջ։
Իսկ անձրեւները - դա իրենց գործն է -
Կարող են նաեւ քեզ չհասկանալ,
Իսկ այդ քարերը - դա իրենց գործն է-
Կարող են նաեւ քեզ չհասկանալ,
Իսկ արմատները - դա իրենց գործն է,
Կարող են նաեւ քեզ չհասկանալ։
Այսքանը՝ այնպես... բայց ընդհանրապես
Քեզնից լավ են քեզ հասկանում նրանք։