Տարեկան հաղորդում Գերագույն խորհրդի նստաշրջանում




ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

խմբագրել
(16 դեկտեմբերի, 1992թ.)

Մեծարգո պարոն նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական- քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականի եւ տնտեսության կայունացման ու զարգացման ուրվագծվող միտումների վրա։

Համակարգային ու աշխարհաքաղաքական արմատական շրջադարձերը, նոր իրավիճակում կառավարման համակարգերի արագ վերափոխման ու ճկուն աշխատանքի ապահովման դժվարությունները, տարիներ շարունակ կուտակված խնդիրների անհետաձգելի լուծման պահանջները հանրապետությունում համընդգրկուն բնույթ են հաղորդել ճգնաժամային երեւույթներին։

Հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրվում է արտադրության ֆիզիկական ծավալների կտրուկ անկումով, էներգետիկ ռեսուրսների ծայրահեղ անբավարարությամբ, վերարտադրության պրոցեսը կազմալուծելու դատապարտող ինվեստիցիոն քաղցով, հումքի եւ պատրաստի արտադրանքների շուկայի զգալի կորստով, քայքայված ֆինանսական տնտեսությամբ, արտադրության կառուցվածքային վերափոխման անբավարար տեմպերով, աղետի գոտու եւ փախստականների խնդրի սրությամբ, սահմանամերձ շրջաններում ստեղծված ծանր կացությամբ, ժողովրդական լայն զանգվածների սոցիալական անպաշտպանվածությամբ, գիտատեխնիկական պոտենցիալի կազմալուծման միտումներով, իշխանության ու կառավարման մարմինների դեռեւս անբավարար կառուցվածքային ներդաշնակությամբ, կառավարման համակարգում գոյություն ունեցող օրենսդրական մեծաթիվ հակասություններով, նոր տնտեսական հարաբերությունների ծավալման համար անհրաժեշտ իրավական դաշտի բացակայությամբ։

Տնտեսական համակարգի կայունացման վրա հսկայական բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն շրջափակումը, հանրապետությանը պատկանող բեռների ուղղակի կողոպուտն ու թալանը հարեւան հանրապետություններում, էներգետիկայում ստեղծված աղետալի իրավիճակը, այլեւ, մասնավոր ապես նաեւ դրանցով պայմանավորված, վճարման հաշվեկշռի եւ բյուջեի հսկայական դեֆիցիտը, վճարունակ պահանջարկի ճգնաժամը, ինվեստիցիոն սովը, սպառողական միտումների ուժեղացումն ու վերարտադրական շղթայի խաթարման իրական վտանգը։

Իրավիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե անգամ ամբողջությամբ բացառենք արտաքին քաղաքական գործոնի եւ դրանով պայմանավորված շրջափակումների ազդեցությունը, ապա միայն համակարգային փոփոխությունների` նախկին Միության քաղաքական-տնտեսական կառույցների փլուզման հետեւանքով հանրապետություններում անխուսափելի տնտեսական անկումը 1992 թվականին պիտի կազմեր 11–31 տոկոս։ Դրա անառարկելի վկայությունն է մասնավորապես այն փաստը, որ նախորդինը ամիսների արդյունքներով Ռուսաստանում տնտեսական անկումը կազմել է 17,6, իսկ Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Մոլդովայում` 23–28 տոկոս։ Բնականաբար, տարբեր հանրապետություններում իր ավիճակի բարդության աստիճանը պայմանավորված է նաեւ մի շարք այլ գործոններով, որոնց թվում հատկապես կարեւորվում են արտադրության ներքին կոոպերացիայի աստի ճանը, սեփական հումքային ռեսուրսներով ապահովվածությունը, մասնագիտացված ճյուղերի մոնոպոլ դերը նախկին ԽՍՀՄ շուկայում, վերամշակող եւ արդյունահանող արդյունաբերության հարաբերակցությունը, կոնվերսիայի ենթակա արդյունաբերության բաժինը արտադրության ընդհանուր ծավալում, սննդամթերքի նկատմամբ պահանջը սեփական ռեսուրսներով բավարարելու մակարդակը, անցյալից կուտակված տնտեսական խնդիրների սրվածության աստիճանը, տնտեսական համակարգում գոյություն ունեցող անհամամասնությունները եւ այլն։

Հայաստանի Հանրապետության համար այս գործոններից շատերը տնտեսության անկման լուրջ ազդակ հանդիսացան։ Տնտեսության անկումը գերազանցեց 50 տոկոսի սահմանագիծը` արդյունաբերության գծով 9 ամսում կազմելով 50,8 տոկոս։

Սա այն պրոցեսների կտրուկ սրումն էր տնտեսության մեջ, որոնք սկիզբ էին առել դեռեւս երկրաշարժից առաջ, 1980-ական թվականների երկրորդ կեսին։ Սկսած 1986 թվականից` արդյունաբերական արտադրության բնագավառում միջին տարեկան անկումն արդեն կազմում էր 0,1 տոկոս։ 1987 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ազգային եկամուտը նվազել էր 0,6, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով` 2 տոկոսային կետով։ Էապես հասունացել էր տնտեսության կառուցվածքային վերափոխումների, հաստոցային պարկի նորացման, կոնվերսիայի խելամիտ իրականացման, տնտեսական հարաբերությունների արմատական վերափոխման խնդիրը։

Այս հարցերը Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեին, քանի որ նախ` հանրապետության արդյունաբերության համար անհրաժեշտ հումքանյութական ռեսուրսների պահանջի 85–90 տոկոսը եւ սպառողական պահանջարկի 2/3-ը ապահովվում են ներմուծման հաշվին, եւ երկրորդ` իռացիոնալ տնտեսական կառուցվածքի պատճառով թողարկվող արտադրանքի մեջ վերջնական արտադրանքի բաժինը կազմում է ընդամենը 20–25 տոկոս։ Բնականաբար, այս երեւույթները ցցուն ձեւով բացահայտվեցին եւ ամբողջ թափով իրենց զգացնել տվին անկախ տնտեսական համակարգի անցնելու պարագաներում։

Վիճակագրության պետական վարչության եւ անկախ փորձագետների հաշվարկներով՝ հանրապետությունում արդյունաբերական ար տադրության ծավալների կրճատումը (50,8 տոկոս) առաջին հերթին պայմանավորված է շրջափակման գործոնով, որին 50,8 տոկոսից բաժին է ընկնում 26-ը` կամ ընդհանուր անկման մոտ 50 տոկոսը։ Նախկին տնտեսական համակարգի փլուզման եւ վերոհիշյալ գործոնների ազդեցությանը բաժին է ընկնում 14,2 կամ ընդհանուր անկման մոտ 28 տոկոսը։

Գործնական տնտեսական քաղաքականության գերագույն խնդիրը բնականաբար պետք է լիներ այս գործոններին հակազդող մեխանիզմների մշակումը։ Պարզ է, իհարկե, որ դա մեկ ամսվա կամ մեկ տարվա խնդիր չէ։ Սակայն պարզ է նաեւ, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ էր որոնել հակազդման արդյունավետ լծակներ։

Այդ առումով հարկադրված ենք արձանագրել, որ ընթացիկ տարում չհաջողվեց իրականացնել շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումներ։ Իսկ ահա տարբեր պատճառներով տնտեսական բարեփոխումների սառեցման տարբերակի որդեգրումը պետք է համարել ուղղակի անթույլատրելի ու չափազանց վտանգավոր։

Ընդհանուր համակարգի հարկադրական իներցիայի հետեւանք էր նաեւ այն, որ դեռեւս տնտեսական բարեփոխումների ինքնուրույն բավարար դաշտ չստեղծած` մենք ստիպված էինք անցնել ազատ գների գրեթե նույն քաղաքականությանն, ինչ Ռուսաստանում։ Այս քայլը թեեւ սկզբունքային եւ վճռորոշ խթան է շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման համար, սակայն ժամանակն ու հանգամանքները հնարավորություն չտվին ամբողջությամբ հաշվի առնել ու իրացնել մեր առանձնահատուկ պայմանները։ Բացի այդ, կառավարությունն էական բացթողումներ ունեցավ բյուջետային ու վարկային քաղաքականության, բանկային համակարգի գործունեության կազմակերպման, արտադրության սկզբնական օղակներում կառավարման օրենսդրական նոր համակարգի ներդրման, բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել հուսալի համակարգերի արմատավորման, պետական սեկտորի գործունեության հստակ կազմակերպման հարցերում։ Թերեւս չհաջողվեց լավագույնս օգտվել փլուզվող համակարգի մեզ համար առավել շահեկան հնարավորություններից։ Ազատ գների քաղաքականության իրականացումը, լինելով կարեւոր պայման նոր տնտեսական հարաբերությունների արմատավորման համար, այնուհանդերձ ծնել է նաեւ մի շարք լուրջ խնդիրներ, որոնք խելամիտ կարգավորման անհրաժեշտություն ունեն։

Գլխավոր հարցը բնակչության սոցիալական վիճակի աննախադեպ վատթարացումն է։ Ապրանքների գների ու ծառայությունների սակագների ամփոփ ինդեքսի աճը տարվա հաշվարկով կազմում է մոտ 10, իսկ միջին աշխատավարձինը` 4 անգամ։ Ընդհանուր կենսամակարդակի անկմանը զուգընթաց ոչ ցանկալի ու վտանգավոր երանգավորում է ստանում սոցիալական շերտավորումը, որի հետեւանքով իրավիճակի ընդհանուր ծանրությունը ոչ թե հավասարաչափ ընկնում է ամբողջ ազգաբնակչության, այլ առավել անապահով խավերի վրա։

Ուստի հրատապ անհրաժեշտություն է դառնում կանխել բնակչության վճարունակ պահանջարկի կտրուկ անկումը, հաշվեկշռել գների ու դրամական եկամուտների աճը։ Հատկապես ծանր է թոշակառուների, երեխաների, հաշմանդամների, ուսանողների, բազմազավակ ընտանիքների, գործազուրկների, առողջապահության, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտի աշխատողների վիճակը, որի թեթեւացումը գոնե տեսանելի ապագայում կապված է աշխատավարձերի ինդեքսավորման խիստ տարբերակված քաղաքականության իրականացման հետ։

1992 թվականին 4 փուլով կատարվել է նվազագույն աշխատավարձի ինդեքսավորում` ապահովելով 4, 3 անգամ աճ։ Երեխաներին տրվող բազմազան նպաստների եւ փոխհատուցման գումարների համակարգից անցում կատարվեց նպաստների վճարման միասնական համակարգի` լրացուցիչ արտոնություններ սահմանելով 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների, որբ երեխաների համար։ Վերացվեց նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների միջեւ եղած տարբերությունը` նվազագույն կենսաթոշակների չափը 5 անգամ ավելացնելու հաշվին։

Ընդհանուր մոտեցումը եղել է սոցիալապես առավել անապահով խավերի համար գոնե նվազագույն կենսամինիմումի ապահովումը։ Սակայն այստեղ նույնպես լուծումները դեռեւս գոհացուցիչ չեն, եւ պետք է ձեռնարկել ավելի հստակ եւ գործուն միջոցառումներ։ Նախատեսվում է նաեւ ամբողջ հանրապետության մասշտաբով հստակ կա նոնակարգել հումանիտար օգնության գործը, բացառելով որեւէ օրինախախտում ու չարաշահում։

Հաջորդ կնճռոտ խնդիրը հանգում է նրան, որ ազատ գների պայմաններում ձեռնարկությունները կտրուկ թուլացրել են ինվեստիցիոն ակտիվությունը։ Ստեղծվել է մի վիճակ, երբ ինվեստիցիոն քաղցը ոչ միայն խափանում է անհրաժեշտ կառուցվածքային վերափոխումների իրականացումը, այլեւ արագորեն հանգեցնում արտադրողական ուժերի հյուծման։

Հայաստանում այսօր վերարտադրական պոտենցիալը չի բավարարում նույնիսկ պարզ վերարտադրության ապահովմանը։ Ազգային եկամտի մոտ 90 տոկոսը հատկացվում է սպառման կարիքների բավարարմանը։ Ամորտիզացիոն հատկացումները գործնականում զրկվել են տնտեսագիտական իմաստից, քանի որ չի կատարվել հիմնական ֆոնդերի վերագնահատում։ Ամորտիզացիոն հատկացումները դեռեւս կատարվում են նախկին գներով, այն դեպքում, երբ արտադրատեխնիկական նշանակության արտադրության միջոցների գներն աճել են ավելի քան 40 անգամ։

Վերարտադրության ցիկլի ապահովման առումով այսօր Հայաստանում պահանջվում է հիմնական ֆոնդերի նորացման նախկինից ավելի բարձր աստիճան, քանի որ դրանց գերակշիռ մասն արդեն մաշված է թե՛ բարոյապես եւ թե՛ ֆիզիկապես։ Սակայն իրականում արդյունաբերա-արտադրական հիմնական ֆոնդերի նորացման գործակիցը, որ 1986 թվականի 9,7 տոկոսից 1991թ. արդեն հասել էր 3,2 տոկոսի, այսօր հավասարվել է զրոյի։

Խիստ նվազել են նաեւ պետության ինվեստիցիոն հնարավորություններն ու կառուցվածքային վերափոխումների պոտենցիալը։ Նման պարագաներում ոչ միայն արտաքին ներդրումների ներգրավման արդյունավետ նախադրյալներ պետք է ստեղծվեն, այլեւ պետության կողմից ամենաակտիվ ձեւով պետք է խթանվեն ապակենտրոնացված ինվեստիցիաները եւ շրջանառության ոլորտից կապիտալի ու ձեռներեցության փոխադրումը արտադրության ոլորտ։ Ցավոք, այդ բարդ ու տեւական խնդիրը անգամ մասամբ չի հաջողվել իրականացնել։

Որպես այդ խնդրի մասնակի լուծման տարբերակ է դիտվել Հանրապետության Նախագահի հրամանագրով անավարտ արտադրական շինարարության օբյեկտների հիման վրա խառը սեփականության ձեռնարկությունների ստեղծումը։ Սակայն, գործնական աշխատանքների անբավարար կազմակերպման հետեւանքով, ակնկալվող արդյունք դեռեւս չի ստացվել։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ տնտեսական ռեֆորմի իրականացման մի շարք բացթողումների ու թերությունների վրա։

Ակնհայտ իրողություն է, որ շուկայական հարաբերությունները կարող են ծավալվել ու կարգավորիչ դեր ստանձնել միայն այն ժամանակ, երբ նոր հարաբերությունների դրսեւորման համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ։ Սակայն, ցավոք, առայժմ ավելի շատ խոսվել է շուկայի դերի, քան գործնականում համապատասխան նախադրյալների ստեղծման մասին։ Իր ականում այսօր տնտեսության բնագավառում վարչական թելադրանքը փոխարինվում է մոնոպոլ կամ նույնիսկ՝ մաֆիական թելադրանքով։

Մինչդեռ պետության դերն ու գլխավոր խնդիրը պետք է կայանա կառավարելի հունով վարել անցումը մեկ համակարգից մյուսին։ Խոսքն այն մասին է, որ պետք է ստեղծել ոչ թե կառավարվող շուկա, այլ անցումը շուկային պետք է պետության կողմից կառավարելի լինի, առավել եւս մեր իրավիճակում, երբ զուգահեռաբար պահանջվում է լուծել ճգնաժամային կառավարման բազմաբնույթ խնդիրներ։

Տարվա ընթացքում չհաջողվեց տնտեսական վերափոխումների տրամաբանությունը հասցնել արտադրության միջին ու ստորին օղակներին, ձեւավորել արտադրության միջոցների շատ թե քիչ գործուն ներհանրապետական շուկա, ստեղծված իրավիճակին ներդաշնակ վերափոխել բանկային համակարգը։ Բնական է՝ տնտեսության 40–45 տոկոսով աշխատելու պայմաններում առաջացան լրացուցիչ դժվարություններ, նոր երեւույթներն ամբողջական դրսեւորումներ չգտան, սակայն իրենց լուրջ զգացնել տվեցին նաեւ համակարգված մոտեցման բացակայությունն ու դանդաղկոտությունը։

Այնուամենայնիվ, անցած ամիսների ընթացքում, մեծագույն դժվարությունների հաղթահարման գնով, հաջողվեց իրականացնել որոշ տնտեսական տեղաշարժեր։ Որքան էլ դեպքերն ու իրադարձությունները կտրուկ փոփոխություններ էին կրում, որքան էլ արտաքին գործոնները մեզ դնում էին նորանոր ելքեր փնտրելու անհրաժեշտության առջեւ, որքան էլ պատերազմական իրավիճակը թելադրում էր կենսագործունեության իր կանոններն ու մոտեցումները, այնուամենայնիվ, հանրապետությունում իրավիճակի կառավարելիությունը որեւ է կերպ չխաթարվեց, որ պետք է համարել մեր պետականության ամենակարեւոր նվաճումը։

Տնտեսական շրջափակման հետեւանքների մեղմացման, ինչպես նաեւ միակողմանի կախվածությունից խուսափելու առումով կարեւոր դեր խաղացին Մեղրիի նավակամրջի, Ախուրյանի կայարանի եւ Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս նոր գազատարի գործարկումը։

Մեկ տարվա ընթացքում ձեւավորվեցին նոր բնույթի տնտեսական կապեր ու փոխհարաբերություններ շուրջ երկու տասնյակ երկրների ու տասից ավելի միջազգային կազմակերպությունների հետ։ Արտասահմանյան երկրների հետ Հայաստանն արդեն կնքել է շուրջ 140 պայմանագրեր, համաձայնագրեր, արձանագրություններ ու համատեղ հայտարարություններ, որոնցից 8-ը միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների, 54-ը՝ դիվանագիտական եւ հյուպատոսական կապերի հաստատման, 36-ը՝ առեւտրատնտեսական համագործակցության, 8-ը՝ գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության, 15-ը՝ արտգործնախարարությունների միջեւ համագործակցության եւ կոնսուլտացիաներ անցկացնելու, 4-ը՝ ռազմական բնագավառի, 3-ը՝ տրանսպորտի եւ 14-ը՝ զանազան այլ հարցերի վերաբերյալ։ Սրանից բացի՝ Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում Հայաստանը կնքել է քաղաքականության ու տնտեսության համարյա բոլոր ոլորտներն ընդգրկող եւս 161 համաձայնագիր։

Հայաստանում ձեւավորվեցին տնտեսության կառավարման ու վերահսկման նոր, անկախ պետականության կարգավիճակին բնորոշ համակարգեր, ամբողջ տնտեսական համակարգը ներառնվեց հանրապետական կառավարման ոլորտ։

Չնայած դանդաղ, սակայն սկիզբ դրվեց ներքին ռեսուրսների համալիր օգտագործմանը եւ կառուցվածքային վերափոխումների որակապես նոր քաղաքականությանը։ Հայաստանն ստացավ իր ձուլածո ոսկու առաջին կիլոգրամները, ավարտվեց «Մետաղագործություն» ծրագրի մշակումը, որի առանձին մասեր արդեն իրագործման ընթացքի մեջ են։ Մասնավորապես նախատեսվում է եկող տարի պղնձարդյունաբերական արտադրանք թողարկող ձեռնարկությունները փոխադրել տե ղական հումքի։ 1993 թվականին նախատեսվում են Ագարակի մոլիբդենի խտանյութի վերամշակման գործարանի առաջին հերթի նախագծումը եւ կառուցումը, Կապանի լեռնահումքային կոմբինատի բազմամետաղ հանքաքարի հանման ու հարստացման օբյեկտների կառուցումը, Շամլուղի եւ Ախթալայի հանքերի վերակառուցումն ու շահագործումը, ոսկու կրկնազտման ֆաբրիկայի շինարարությունը եւ այլն։

Լրջորեն բարձրացել է տնտեսության մեջ ներքին կոոպերացիայի եւ փակ ռեժիմում կենսագործունեության հնարավոր պահպանման աստիճանը։ Պատահական չէ, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալի ընդամենը 18–20 տոկոսով ապահովման պայմաններում տնտեսությունն ավելի քան 50 տոկոսով կարողացավ աշխատել։

Շատ արտադրատեսակների գծով ներքին կոոպերացիայի աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի՝ աճելով տասնյակ անգամներ։ Մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ ու միավորումներ, ինչպիսիք են «Էլեկտրոնը», «Նեյրոնը», «Ավիահամալիրը», «Ռելեն», «Հրազդան-մեքենան», «Հայէլեկտրամեքենան», «Հայէլեկտրաշարժիչը» եւ այլն, կարողացել են կարճ ժամանակամիջոցում յուրացնել նոր արտադրատեսակների արտադրություն ու գտնել նոր շուկաներ։

Թեթեւ արդյունաբերության բնագավառում արդեն միտումներ կան ճյուղը ամբողջականացնելու եւ ներքին ամուր կապերով օժտված համակարգ դարձնելու ուղղությամբ։

Հանրապետությունում ավարտին են մոտենում հողային բարեփոխումները։ Տնտեսավարման ձեւի ընտրության կամավորության սկզբունքներից ելնելով՝ կազմավորվել են 236,3 հազ. գյուղացիական եւ 6,7 հազ. գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ։ Սեփականաշնորհման իրավունքից օգտվել են ավելի քան 340 հազ. ծխեր։

Հողային բարեփոխումների իրականացման հետ կապված խնդիրները հիմնականում լուծվել են հաջողությամբ, որի դրական ազդեցությունն ու արդյունքները զգացվում են գյուղատնտեսական արտադրության վրա։ Ներկայիս ռեսուրսային սուղ պայմաններում, երբ բենզինի եւ դիզելային վառելանյութի ապահովվածությունը կազմել է հաշվարկային պահանջարկի համապատասխանաբար՝ 10 եւ 42 տոկոսը, գյուղատնտեսական մի շարք մթերքների արտադրության գծով գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները նախկինից ավելի բարձր արդյունքների են հասել։ Առկա վարելահողերից 400 հազ. հադրվել է բերքի տակ։ Ըստ նախնական տվյալների, ընթացիկ տարում գրեթե բոլոր հիմնական բուսաբուծական մթերքների արտադրության սպասվելիք ծավալները (բացառությամբ պտղի ու ծխախոտի) կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը։ Այսպես, հանրապետությունում արտադրվել է շուրջ 320 հազ. տոննա հացահատիկ կամ, 1991թ. համեմատությամբ 5,3 տոկոսով ավելի, կարտոֆիլը՝ 330 հազար տոննա, կամ 16,4 տոկոս ավելի, բանջարեղենը՝ 558 հազար տոննա, կամ 25,7 տոկոս ավելի եւ այլն։

Գյուղատնտեսական մթերքների 70–80 տոկոսն արտադրվել է գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, որը հողի սեփականաշնորհման կենսունակության բացահայտ դրսեւորում է։ Բացարձակ ծանր պայմաններում հաջողվել է մթերել ավելի քան 60 հազ. տոննա հացահատիկ, աշնանացան է կատարվել 96,5 հազ. հա վրա, որը շուրջ 11 հազ. հա ավելի է նախորդ տարվա արդյունքներից։

Սակայն ծանր կացություն է ստեղծվել անասնապահության ոլորտում։ Անասնակերերի կենտրոնացված մատակարարման համակարգի վերացումը եւ խտացրած կերերի ներմ ուծման բարդությունները, ինչպես նաեւ սեփականաշնորհման գործում տեղ գտած լուրջ թերությունները պատճառ դարձան անասնագլխաքանակի զգալի կրճատման։ Այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են թռչնաբուծությունը եւ համալիրային խոզաբուծությունը, հայտնվել են վերացման եզրին։

Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում արտադրված մթերքների (բացառությամբ հացահատիկի, խաղողի, բրդի) չնչին մասն է վաճառվել պետությանը։ Ակնհայտ են մթերող եւ վերամշակող կազմակերպությունների աշխատանքներում տեղ գտած թերությունները, չի կիրառվում նախնական պայմանագիր-կոնտրակտացիաների կնքման ու անմիջապես արտադրության վայրերում գնումների իրականացման պրակտիկան, անկատար է վճարումների մեխանիզմը, արդյունավետ չեն օգտագործվում նպատակային վարկերը։

Անչափ կարեւորվում է մասնավոր սեփականության վրա հիմնված գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող–սպասարկող օղակների միջեւ ծագած հակասությունների հաղթահարումը, անցումը որակապես նոր տնտեսական հարաբերությունների եւ, մանավանդ, գյուղատնտեսությանն սպասարկող ոչ պետական կառույցների արագ կազմավորումը։

Անցած ժամանակահատվածում մշակվեցին հանրապետության տնտեսության կայունացմանն ու հետագա զարգացմանը նպաստող մի շարք տեխնիկական ծրագրեր, որոնց իրականացման նպատակով Եւրոհամայնքի կողմից արդեն իսկ հատկացվել է մոտ 12 միլիոն էքյու։

Ընթացիկ տարում տեխնիկական օգնության ծրագիր է կազմվել նաեւ Համաշխարհային բանկի կողմից՝ կառուցվածքային վերափոխումների եւ կառավարման էապես նոր համակարգի ձեւավորման համար։ Գումարը կազմում է ավելի քան 14 մլն էքյու, եւ ըստ ծրագրի երեք հիմնական ուղղվածություն պետք է ունենա՝ պետական սեկտորի կառավարում, ֆինանսական համակարգի բարեփոխում, սեփականաշնորհման խրախուսում։

1992թ. Հայաստանին ցույց տրված տեխնիկական օգնության արդյունավետ ձեւերից մեկը եղել է հայ մասնագետների վերապատրաստումը։ 1992 թվականին Վիեննայում Միջազգային վալյուտային ֆոնդի, Համաշխարհային բանկի, Եւրոպական համագործակցության, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, Միջազգային կարգավորման բանկի կողմից ստեղծվել է մասնագետների վերապատրաստման ինստիտուտ, որտեղ վերապատրաստման դասընթացներ են անցել եւ անցնելու են ՀՀ տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակիցներ։

Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների մասնագետներ վերապատրաստում են անցել նաեւ վերոհիշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված այլ դասընթացներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ այլն։

1993թ. նախատեսվում է տեխնիկական օգնություն ստանալ նաեւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից, Եւրոպական Համագործակցությունից, Համաշխարհային բանկից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ինչպես նաեւ տարբեր երկրների՝ այդ նպատակի համար հատկացված ֆոնդերից եւ այլն։

Հանրապետությունում անցումն ազատ գներին՝ տնտեսական հարաբերությունների որակապես նոր միջավայր ստեղծեց, որն իր թերու թյուններով եւ բացասական հետեւանք ներով հանդերձ, շատ կարճ ժամանակահատվածում դարձավ տնտեսական նախաձեռնությունը խթանող եւ տնտեսական ինքնակառավարման մեծ լիցք ունեցող համակարգ։ Գործնականում տնտեսավարման սուբյեկտները, անկախ սեփականության ձեւից, հնարավորություն ստացան անցում կատարել վարչաքաղաքական պատասխանատվությունից տնտեսական պատասխանատվության։ Ավելին, նրանց իրական հնարավորություն ընձեռվեց ոչ միայն լուծելու ընթացիկ տնտեսական խնդիրները, այլեւ որոշելու իրենց գործելակերպի տակտիկան ու ստրատեգիան, ինքնուրույն վարելու կուտակման եւ սպառման քաղաքականությունը։

Դա, վերջին հաշվով, հեղափոխություն էր տնտեսավարման պրակտիկայում, լիակատար ձերբազատում վարչահրամայական համակարգի ամենահիմնական բնորոշիչներից։ Այլ բան, թե գործնականում այդ իրավունքը, ստեղծված նոր որակը որքանով հաջողվեց իրացնել տրված կարճ ժամանակահատվածում, մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության իներցիան, պրոֆեսիոնալիզմն ու նորովի գործելու կարողությունը։

Նոր համակարգի գործունեությունն ապահովելու համար 10 ամսում ընդունվեց մեկ տասնյակից ավելի օրենք ու Գերագույն խորհրդի որոշում, Հայաստանի Հանրապետության Նախագահի 20-ից ավելի հրամանագիր, կառավարության շուրջ 120 որոշում։

Հանրապետությունում արմատավորվեց հարկային նոր համակարգ, որը, դարձյալ որոշ թերություններով հանդերձ, գործեց ու դարձավ տնտեսական կարեւոր լծակ։

Բանկային համակարգը հնարավորություն տվեց թղթակցային կապ հաստատել աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների բանկերի հետ եւ հաղթահարել ֆինանսական շրջափակումը։

«Ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումով հստակեցվեց տնտեսավարման սուբյեկտների կարգավիճակը, մեծ հնարավորություններ ընձեռվեց ազատ ձեռներեցության ծավալմանը։

Չնայած թույլ, վեհերոտ դրսեւորումներով՝ տնտեսական հարաբերությունների ծավալման, ընդհուպ ինվեստիցիոն ու կառուցվածքային քաղաքականության վրա արդեն նկատելի ու շոշափելի է դառնում առաջարկի ու պահանջարկի ներազդեցությունը։ Դանդաղորեն ծնունդ են առնում նաեւ շուկայական ենթակառուցվածքի բաղադրիչները։ Սակայն այս գործում հիմնական անելիքները դեռեւս առջեւում են։

Հանրապետության օբյեկտիվ իրավիճակից ելնելով՝ գործադիր իշխանության ողջ համակարգը եւ, առաջին հերթին, կառավարությունը փոխադրվեց ճգնաժամային ու ֆուն կցիոնալ կառավարման ներդաշնակման ռեժիմի։ Միայն այդ ճանապարհով հնարավոր դարձավ հաղթահարել նախորդ ձմռան մեծաթիվ հրատապ խնդիրները, միաժամանակ ապահովելով տնտեսական համակարգային վերափոխման ամենակտրուկ շրջադարձերից մեկի՝ ազատ գների անցնելու պայմաններում տնտեսության կառավարելիությունը։

Համարյա ողջ տարվա ընթացքում մեզ համար կարեւորագույն հարցը տնտեսական շրջափակման ազդեցության թուլացումն ու հանրապետության կենսագործունեության ապահովումն էր։ Խնդիրը, դժբախտաբար, ոչ միայն չի փոխվել, այլեւ ավելի է սրվել։ Այսօր հանրապետության կենսագործունեությունը թեկուզ անցյալ ձմեռվա մակարդակով պահպանելու համար օրական պահանջվում է ներմուծել 170–180 վագոն մազութ ու նավթամթերք, 70–80 վագոն սննդամթերք, 100 վագոնից ավելի արդյունաբերական հումք ու արտադրանք, շուրջ 150 վագոն այլ բեռներ։ Մինչդեռ իրական հնարավորություններն արդեն 4 ամիս է՝ մոտեցել են զրոյի։

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, երբ վթարների պատճառով խիստ անկանոն էր գործում նաեւ վրացական երկաթգիծը (փետրվար-մարտ ամիսներին այդ գծով ստացվեց ընդամենը 24 գնացք), Հայաստան մտավ 55191 վագոն կամ 3,6 մլն տոննա բեռ, որից՝ 18237 վագոն կամ 1,2 մլն տոննա մազութ։ Ստացվեց նաեւ 4588 վագոն հացահատիկ ու ալյուր, 5395 վագոն տարբեր տիպի այլ նավթամթերքներ եւ 1058 վագոն սննդամթերք։ Քիչ է ասել՝ ստացվեց։ Այդ գործին օր ու գիշեր լծված մարդիկ միայն կարող են հասկանալ, թե ստեղծված իրավիճակում դա ինչպիսի ջանքեր էր պահանջում։

Գործնականում օգտագործվեց երկաթգծի ամբողջ թողունակությունը, սակայն զգալի քանակությամբ բեռներ երկաթգծի թողունակության սահմանափակվածության պատճառով այդպես էլ հնարավոր չեղավ ներմուծել Հայաստան (շուրջ 6 հազար վագոն), որից 2153 վագոնը կամ 140 հազար տոննան կազմում էր մազութը։ Այդ բեռների մի մասը բերվեց մեքենաներով, իսկ գերակշիռ մասն իրացվեց առաքողների կողմից։

Վիճակը կտրուկ սրվեց 1992թ. օգոստոսի 14-ից՝ Աբխազիայում ծավալված իրադարձությունների պատճառով։ Երկաթուղին փակվեց ամբողջությամբ։ Հնարավոր դարձավ միայն մասնակիորեն օգտվել Բաթում եւ Փոթի նավահանգիստներից, սակայն վերջին շրջանում լուրջ բարդություններ են առաջացել նաեւ այս ճանապարհի շահագործման հարցում։

Իրավիճակին գումարվեցին նաեւ հյուսիսային գազատարի պայթեցումն ու տեւական խափանումը, այն դեպքում, երբ այն Հյուսիսային Օսեթիայի կողմից ամռան 1,5 ամիսների շրջափակումից հետո Հայաստանի ամենաակտիվ միջամտության շնորհիվ նոր էր գործարկվել։

Ապրիլ-հուլիս ամիսներին, գազամատակարարման երկարատեւ ընդհատման պայմաններում, ոչ միայն հաջողվեց ծանրաբեռնվածությամբ աշխատեցնել էներգետիկ համակարգը եւ ակտիվացնել տնտեսական աշխատանքը, այլեւ ձմռան համար կուտակել մոտ 200 հազար տոննա մազութ, ճանապարհին ունենալով եւս 140 հազար տոննա։

Իրադրության կտրուկ փոփոխությունը եւ գազամատակարարման նվազումը ստիպեցին օգոստոս ամսից ծախսել ձմռան համար կուտակված պաշարները։ Այսօր հսկայական ճիգեր են գործադրվում ավտոմեքենաներով ու ինքնաթիռներով վառելանյութ եւ սննդամթերք փոխադրելու ուղղությամբ։ Ամեն ինչ արվում է Վրաստանի հետ նորմալ տնտեսական հարաբերություններ պահպանելու համար, բայց միշտ չէ, որ հաջողվում է։

Ես չեմ հավակնում առկա դժվարությունները բացատրել լոկ օբյեկտիվ հանգամանքներով։ Բայց չեմ կարող հանդուրժել նաեւ, երբ փորձ է արվում ամեն ինչ գլխիվայր ներկայացնել, նսեմացնել շատ-շատերի անձնուրաց ու շուրջօրյա աշխատանքը՝ ընդունելով հանդերձ հացամատակարարման եւ էներգառեսուրսների հայթայթման ու օգտագործման բնագավառում տեղ գտած աղաղակող խախտումներն ու հանցավոր թերացումները։

Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը շուտով կամփոփի այս ոլորտներին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները։ Ամեն տիպի իրավախախտում, հանցավոր անփութություն ու անտարբերություն կստանա իր արժանի գնահատականը՝ համապատասխան իրավական հետեւություններով հանդերձ։

Հարկ է նշել նաեւ, որ անցումային շրջանի դժվարությունները, շատ գործընթացների դժվար կառավարելիությունը, մտածողության ու հոգեբանության բազմաշերտայնությունը, իրականության տարըմբռնումը, երեւույթների համակարգված ընկալման դժվարությունները եւ բազմաբնույթ այլ հանգամանքներ առաջ են բերում լուրջ հասարակական իրավիճակներ։ Նման պարագաներում հեշտությամբ գլուխ են բարձրացնում զանազան շահարկումներն ու ասեկոսեները։ Հրապարակ են հանվում պատեհապաշտ ու սիրողական մակարդակի կոչեր ու կարգախոսներ, ժողովրդի բնական իրավունքները դառնում են քաղաքական շահարկումների առարկա։

Իսկ առավել վտանգավորն այն է, որ նման կոչերի ու կարգախոսների տակ փորձում են ակտիվանալ ու գլուխ բարձրացնել հանցագործ տարրերը, որոնք քարոզչի կերպարանք ստանձնած՝ սկսում են նույնիսկ բարոյախոսության դասեր կարդալ։

Թեեւ անխուսափելի, բայց անպատժելիությունն ու ամենաթողությունը անհանդուրժելի են բարդ անցումային իրավիճակներում։ Ամուր եւ առողջ ազգային պետականություն կերտելու համար պետք է սկզբունքային ու անդրդվելի լինել անբարոյականության ու օրինազանցության ամեն մի դրսեւորման նկատմամբ։

Հանրապետության Նախագահը պարտավոր է անել ամեն ինչ՝ այս հարցում եղած բացթողումներն արագ հաղթահարելու եւ պատշաճ կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ։

Համոզված եմ նաեւ, որ այստեղ որեւէ արդյունքի հասնելն ուղղակի անհնար է առանց Գերագույն խորհրդի ամենաակտիվ աջակցության ու անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման։

Հանրապետության տնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ կայունության հաստատման վերաբերյալ կցանկանայի ձեզ ներկայացնել հետեւյալ նկատառումները, որոնք ավելի մանրամասն իրենց արտացոլումը կգտնեն 1993թ. Ծրագրում։ Ամենից առաջ անհրաժեշտ է ապահովել տնտեսության լիաթոք աշխատանքը, ստեղծել պաշտպանունակության եւ անվտանգության ապահովման հուսալի նախադրյալներ, ներդաշնակել այսօրվա եւ վաղվա խնդիրների լուծումը, լինել ակտիվ ու վճռական՝ տնտեսական վերափոխումների բնագավառում։

Ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում նախ եւ առաջ պետք է ապահովել տնտեսական կապերի աշխարհագրության այնպիսի փոփոխություն, երբ կորսվող կապերը նորերով փոխարինելու գործընթացն ի զորու լինի փոխհատուցելու տնտեսական համակարգի կտրուկ տատանումների հետեւանքով առաջացող կորուստները։ Պետք է ելնել նաեւ այն մեկնակետից, որ առաջիկայում Ռուսաստանը մեր հանրապետության համար շարունակելու է մնալ տնտեսական հարաբերություններում ամենամեծ բաժին ունեցող գործընկերը։

Տնտեսական վերափոխումներ իրականացնելիս անհրաժեշտ է խուսափել ծայրահեղություններից, պետական սեկտորի կարեւոր դերի ու նշանակության թերագնահատումից՝ ներդաշնակելով սեփականության բազմաձեւության հիմքի վրա ծավալվող տնտեսական հարաբերությունները եւ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման անխուսափելիությունը։

Խիստ արագացման անհրաժեշտություն ունեն տնտեսության կառուցվածքային վերափոխումները՝ հաշվի առնելով այդ հարցում ինվեստիցիոն քաղաքականության արմատական վերանայումը, ոչ պետական եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ կապված հարցերի լուծումը։

Կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ հանրապետության արտադրական ենթակառուցվածքները ոչ թե խոչընդոտեն, այլ նպաստեն տնտեսության կայունացմանն ու հետագա աճին։ Հետեւաբար, ենթակառուցվածքային վերափոխումները տնտեսական վերափոխումներին խիստ ներդաշնակ պետք է ընթանան։ Անցումային փուլում, առանձնապես մեր իրավիճակում, ենթակառուցվածքների ձեւավորման ու վերափոխման հարցում անխուսափելի ու անհրաժեշտ է պետական հովանավորությունը։ Անցումը շուկայական տնտեսական հարաբերություններին չպետք է իրականացվի հանպատրաստից ու աղմկարարությամբ։ Յուրաքանչյուր հարաբերություն որպես այդպիսին կայանում ու գործում է միայն անհրաժեշտ նախադրյալների առկայության դեպքում։ Մեր խնդիրն է՝ ամենաարագ կերպով ստեղծել այդ նախադրյալները, ձեւավորել շուկայական տնտեսական հարաբերությունների ինստիտուցիոնալ համակարգը։

Ընդ որում, ժամանակի, տեմպի ու թափի առումով նոր տնտեսական հարաբերությունների համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը հին համակարգի փլուզման համեմատ առաջանցիկ բնույթ պետք է ունենա։ Հակառակ դեպքում անխուսափելի է ստվերային կառավարման ծավալումը։

Այս կարեւոր մեկնակետից ելնելով է նաեւ, որ պետք է իրականացվեն առաջիկա սեփականաշնորհման աշխատանքները, որոնց ծրագիրը շուտով ձեզ կներկայացվի։

Անհրաժեշտ է նաեւ արագացնել իշխանության մարմինների կազմակերպական ձեւավորման, գործադիր իշխանության ներդաշնակ ու գործուն համակարգ ստեղծելու, ինչպես նաեւ իշխանության բոլոր մակարդակներում իրավունքների եւ պարտականությունների անհրաժեշտ հաշվեկշիռ ձեռք բերելու պրոցեսը։ Այս խնդիրների լուծման նպատակով առաջիկայում ես կփորձեմ օգտագործել նաեւ իմ օրենսդրական նախաձեռնության իրավունքը։

Առաջիկա անելիքների մեջ մեծապես կարեւորվում է բնակչության սոցիալական պաշտպանվածության հուսալի երաշխիքների ստեղծումը։ Հաշվարկները վկայում են, որ եկող տարի նվազագույն աշխատավարձը հարկավոր է հասցնել 4455, միջին ամսականը՝ 5418 ռուբլու, զգալի չափով նվազեցնելով նաեւ գների ու բնակչության եկամուտների աճի խզումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնակչության առավելապես անպաշտպան խավերին, ինչպես նաեւ միգրացիայի բացասական միտվածության թուլացմանը։

1992 թվականի վերջին հանրապետությունում գործազուրկի կարգավիճակ ստացածների թիվը կհասնի 50 հազար մարդու, իսկ 1993թ. ավարտին այն կարող է հասնել մոտ 200 հազար մարդու։ Վերլուծությունը վկայում է, որ գրանցված գործազուրկների շուրջ 60 տոկոսն ունի բարձրագույն կրթություն։ Այս մտահոգիչ երեւույթը պահանջում է ոչ միայն անմիջական ու ակտիվ միջամտություն, այլեւ կրթական ու վերապատրաստման համակարգերի լուրջ վերափոխություն։ Այս տարի միջպետական պայմանագրերի հիման վրա որոշ աշխատանքներ իրականացվեցին որակյալ աշխատուժը այլ երկրներում գործադրելու ուղղությամբ։ Դա պետք է շարունակվի ու ծավալվի։

Նախատեսվում է նաեւ 1993թ. սահմանել որոշ ապրանքատեսակների քարտավորված վաճառք, պահպանել մի շարք ապրանքների հաստատագրված գները եւ առանձին ծառայությունների՝ պետության կողմից կարգավորվող սակագները։

Կարեւորագույն խնդիրներից է բանկային համակարգի նկատմամբ նակչության վստահության վերականգնումը։ Դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է բարձրացնել խնայբանկում բնակչության ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները, ապահովել կանխիկ դրամի ստացումը ավանդատուի առաջին իսկ պահանջով։ Այդ նպատակով անհրաժեշտ է հստակեցնել խնայբանկի կարգավիճակը, լուծել ԽՍՀՄ խնայբանկի լուծարման պատճառով բնակչության նախկին ավանդների գծով գոյացած պարտքի հարցը՝ այն ձեւակերպելով որպես պետական ներքին պարտք, եւ նրա վերասպասարկման ու մարման համար մշակել համապատասխան մեխանիզմներ։

Թե՛ Հռչակագրում, թե՛ ,Անկախ պետականության հիմնադրույթների մասին ե սահմանադրական օրենքով հաստատագրված եւ ուղենշված է սեփականության բազմաձեւության հիմքի վրա շուկայական տնտեսական հարաբերությունների անցման անհրաժեշտությունը։ Այս արմատական շրջադարձը սահմանադրական իրավունքից այսօր վերածվում է իրականության։ Սակայն այդ իրականությունն իր սաղմնային վիճակում է՝ մեծագույն բարդություններով ու համակարգ դառնալու դժվարություններով, աղավաղվելով ու հաճախ նաեւ խեղաթյուրվելով թե՛ աջից, թե՛ ձախից։

Մեր խնդիրն է ոչ միայն նոր տնտեսական հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական միջավայրի ստեղծումը, այլեւ այդ պրոցեսի խելամիտ կառավարումն այն հաշվով, որպեսզի ժամանակին կանխվեն տարաբնույթ շեղումները, եւ այդ նոր հարաբերությունները ծավալվեն ներդաշնակ, համակարգված եւ հասարակայնորեն անհրաժեշտ ու ցանկալի հատույցով։ Դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ընդունել Գերագույն խորհրդի նախորդ նստաշրջաններից կուտակված եւ ընթացիկ նստաշրջանի օրակարգում ընդգրկված ավելի քան 60 օրենք ու որոշում, էապես բարելավելով օրենսդրական փաստաթղթերի նախապատրաստման ընթացքը, օրենսդիր ու գործադիր մարմինների փոխհամաձայնեցված աշխատանքը։

Երբեք չնույնացնելով պետականությունը իշխանության սուբյեկտի եւ այն կրողի հետ, պետք է կարեւորել հասարակական-քաղաքական գործելակերպի գնահատման մեկ հիմնական չափանիշ՝ թե որքանով է այդ գործելակերպը նպաստում մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը եւ որքանով է ծառայում համազգային ուժերի նպատակաուղղմանը։

Եթե որեւէ մեկի գործելակերպում այս կարեւոր սկզբունքից շեղում է տեղի ունեցել, ապա պետք է ձերբազատվել դրանից, ընդունելով, որ համազգային շահերն ու խնդիրներն այսօր շատ ավելի հրատապ ու կենսական են, քան դինամիկ ժամանակներին բնորոշ ներքին խնդիրները։

Անցման փուլում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել հնարավոր կորուստներն ու առավելագույն նախադրյալներ ստեղծել շուկայական հարաբերությունների ծավալման համար, տնտեսության կայունության ապահովմանը զուգընթաց ստեղծել վերափոխումների իրականացման համապատասխան սոցիալական բազա, չկորցնել սոցիալ-տնտեսական պրոցեսների կառավարելիությունը, ներքին հնարավորություններն առավելագույնս օգտագործել ազգային պետականության հիմքերի ամրապնդման համար։

Վերջում հարկ եմ համարում կանգ առնել նաեւ մի շարք անհետաձգելի խնդիրների վրա, որոնց հրատապ ու հաշվենկատ լուծումը, համոզված եմ, էապես կնպաստի հանրապետության սոցիալ-քաղաքական մթնոլորտի բարելավմանը եւ տնտեսական իրավիճակի կայունացմանը։

1. Տնտեսական բարեփոխումների խորացման ու արագացման, շուկայի բավարար հագեցման տեսակետից անհրաժեշտ է 1993թ. վերջնականապես իրականացնել սեփականաշնորհման գործընթացը գյուղատնտեսական ապրանքների մթերման, վերամշակման, առեւտրի, սպասարկման, թեթեւ եւ սննդի արդյունաբերության, շինարարության բնագավառներում։

2. Հանրապետության էներգետիկ ինքնուրույնությունն ապահովելու նպատակով եւ նկատի ունենալով գազի ու նավթամթերքների գների անխուսափելի բարձրացումը, ինչպես նաեւ շրջափակումների շարունակման հավանականությունը՝ կառավարությանը պետք է թույլ տալ այսօրվանից եւեթ սկսել Հայկական ատոմակայանի վերաբացման աշ- խատանքները։

3. Գործադիր իշխանությունների համակարգի գործունեության միասնականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուտափույթ կերպով ընդունել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում տնտեսության կառավարելիության վրա՝ միաժամանակ հարուցելով բազմաթիվ անհարկի հակասություններ հանրապետական եւ տեղական իշխանության մարմինների միջեւ։

4. Տնտեսական բարեփոխումների ծրագիրն իրականացնելու համար հարկ է էապես խթանել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, որն առայժմ հեռու է գոհացուցիչ համարվելուց։ Դրան թերեւս կարող են նպաստել Գերագույն խորհրդի վերափոխման քննարկվող ծրագրերը։ Կարծում եմ, միանգամայն հիմնավոր է, օրինակ, մինչեւ համապատասխան օրենքների ընդունումը, տնտեսական գործընթացները Գերագույն խորհրդի նախագահության համաձայնության հիման վրա, Հանրապետության Նախագահի հրամանագրերով կարգավորելու առաջարկությունը։

5. Լուրջ վերափոխումների կարիք ունի նաեւ կառավարության կառուցվածքը։ Հասունացել է որոշ նախարարությունների ու գերատեսչությունների լուծարման եւ մի քանիսի միավորման անհրաժեշտությունը։Ժամանակն է նաեւ քննարկելու կառավարությանն օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտելու հարցը։

6. Պետականության կայունության ապահովման եւ ներքաղաքական լարվածության թուլացման տեսակետից անհետաձգելի է դարձել նոր Սահմանադրության ընդունումը, որով վերջ կդրվի միմյանցից լրացուցիչ լիազորություններ կորզելու իշխանության տարբեր մարմինների ավելորդ եւ վտանգավոր պայքարին։ Ինչպես ձեզ հայտնի է, Սահմանադրական հանձնաժողովը պատրաստել է հանրապետության Սահմանադրության մի նախագիծ, որն այսօր գտնվում է քննարկման ընթացքի մեջ։ Հանձնաժողովի վերջ նական հավանությանն արժանանալուց հետո այն կհանձնվի ձեր դատաստանին, միաժամանակ դրվելով նաեւ համաժողովրդական քննարկման։ Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդական հանրաքվեի միջոցով. Ձեր պարտքն է հաստատել միայն նրա վերջնական նախագիծը, որով ներկա խորհրդարանը պատվով կատարած կլինի իր պատմական առաքելությունը։ Գոյություն ունեցող քաղաքական մտավախությունները ցրելու եւ Սահմանադրության անձնավորումից խուսափելու նկատառումով, Սահմանադրության ընդունումից հետո պետք է անցկացնել Հանրապետության Նախագահի եւ խորհրդարանի նոր ընտրություններ։ Ուստի, հրատապ է դառնում նաեւ ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը։

Ես կոչ եմ անում ձեր բոլոր ջանքերն ուղղել այս կարեւորագույն եւ շնորհակալ պարտականության կատարմանը, որովհետեւ պետական իշխանությունների ներդաշնակ գործունեությունն ու ազգային համաձայնությունը կայանում են ոչ թե բարի ցանկություններով կամ բարոյախրատական քարոզներով, այլ նախ եւ առաջ ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությամբ, որ ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը եւ դրա շնորհիվ ցանկացած պետության կայունության հիմքն է։

«Հայաստանի Հանրապետություն», 17 դեկտեմբերի, 1992 թ.։
Հրատարակված՝ «Այսօր հրատապ ու կենսական են համազգային շահերն ու խնդիրները» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/16.12.92։ Բնագիր։ Մեքենագիր – ձեռագիր։ Ինքնագիր։