***

Եկա՛ր վերջապես,
Որ նորից ինձնից հեռանան բոլոր
                Իմ թախիծները,
Խոհս երգ դառնա,
Հարություն առնի ժպիտդ դեմքիս։
Եկա՛ր վերջապես,
Ես իմ հավատի տեղը իմացա,
                Ճանաչեցի ինձ՝
Քո բերած բոլոր խնդությունները
Նվիրելով քեզ։
Եկա՛ր վերջապես,
Եվ աշխուժացավ արյունս ասես,
                  Հոգուս տե՛ր եղա
Ու հավատացի,
Որ արեւները այրող գույն ունեն...
Վերջապես դու քեզ բերեցիր քեզ հետ,
Եվ գտա ծայրը
Ինձ՝ ինձ մոտ բերող արահետների։