Վիշտը քեզ ունեցավ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Եղեգնիկներ)

Վարդան Հակոբյան

Քաշեք, քաշեք
ԵՂԵԳՆԻԿՆԵՐ


                Ինձ հանդիպելիս դարպասի առաջ
                Մեր շունը հաչեց բայրոնավարի։
                                         Ս. ԵՍԵՆԻՆ

Ոսկի-ոսկի շողերն ամռան արեգակի՝
Եղեգնիկներ-
Բեկբեկվել են ջրերի մեջ դանդաղախոս։

Իսկ ջրերն անց են կենում
Համբուրելով ոտքը ժայռի,
Որին թառած դեռ մնում է տունն իմ պապունց՝
Գիշերն ամբողջ իր գլխից վեր բարձր պահած
մի վառ աստղ,
Ոնց որ՝ պապս
Իր լապտերով -
Փորձ է անում հեռվից եկած իր նոր հյուրին
                    ճանաչելու,
Չի ճանաչում։
Օգնության է տատիս կանչում։
Եվ մթան մեջ վեր է թռչում իմ տատիկը,
«Հարձակվում» է պապիս վրա.
- Չե՞ս տեսնում, որ մեր Վարդանի ձենն է, Խաչի...
- Բա ասում ես՝ էլ չե՞մ տեսնում։
- Բա ասում ես՝ խո՞ւլ եմ, աղջի...
Ու ինձ գրկում, լաց է լինում պապս՝ դարձած
            մի երեխա։
Ներս են տանում։

Պապունց շունը առաջվա պես չի քսմսվում
Իմ ոտքերին.
Հաչեր գոնե, խեթ-խեթ մռռար...
                                Դա էլ չարավ.
Կա՞ ավելի դառը պատիժ...
Ոսկի-ոսկի շողերն ամռան արեգակի՝
Եղեգնիկներ -
Բռնկվել են, հրդեհվել են իմ կարոտով
Եվ ջուրն, ավաղ, զարմանալի ցածր է հոսում։
Ժայռի ծերպին
Չարքը նստել, իր ոտքերն է տաքացնում։