***

Ես իմ ճամփից պող եմ առնում, -
Թող մատներիդ ծերին ծաղկեմ,
Մութ ու մշուշ սարին ծագեմ,
Ծիրան ծառի ծոցում փակվեմ,
Վարարել է արյունն իմ մեջ։

Ես իմ ճամփից հուշ եմ առնում, -
Տերեւ-տերեւ դողիդ տրվեմ,
Արցունք-հարցմունք աչքիդ գերվեմ,
Երգիդ կապույտ ցողին մերվեմ,
Վարարել է կարոտն իմ մեջ։

Ես իմ ճամփից հող եմ առնում, -
Վառվող մի մոմ դառնում քարին,
Ծաղկի աղոթք՝ սար ու ծառին,
Մի պուտ անուրջ՝ քար-աշխարհին.
Վարարել է երազն իմ մեջ։

Ես իմ ճամփից լույս եմ առնում, -
Ծաղկի ներսում առուն խոսի,
Ծոցիկն ի վար հուրը հոսի,
Ձենն Աստծուն գուցե հասնի.
Վարարել է արեւն իմ մեջ։