***

Ես լույսերի հետ դանդաղ կհոսեմ,
Կհյուսվեմ նրանց
Ճառագումներին,
Եվ այնպե՛ս կանեմ, որ շողը քիչ էլ
                կորընթաց գնա,
Ու խոր ձորերում՝
Երազի կանաչ առագաստ բացող
Շյուղերի ճամփին,
Մութը օրերով անմաշ չմնա։
Իսկ հետո, հետո
Արբունքի հասած գարունքվա նման
Կծաղկեմ լույսի մաքրածուփ սիրով
Եվ կասեմ՝ խնդրե՛մ,
Վայելիր, աշխա՛րհ, իմ սիրո բույրը,
Պարուրվիր նրա կրակների մեջ
Ու հաղորդ եղիր սիրույս հրաշքին։
Իսկ դուք, իմ խոհեր, ես կասեմ վերջում,
Լույսից սովորեք,
Թե ոնց են սրբում արցունքը աչքից...