Ես հավերժական թռիչքի թեւ եմ

***

                        Հովհաննես Շիրազին

Ես հավերժական թռիչքի թեւ եմ.
վռազեմ՝ ինձնով ճեղքերը լցնեմ
ու միացնեմ
ափերը
ինձնով,
լրիվացնեմ,
        իրարու բերեմ
        բեկորները սուրբ՝
Արցախն ու Վանը,
Մասիսն ու Մուշը,
Ղարսը,
Տարոնը...
Որ ճաքերի մեջ, ճեղք ու մեղքի մեջ
տատասկ ու փշեր չելնեն-բազմանան,
թեւավոր խաչը անթեւ չմնա,
երկինքը խաչով թռչել իմանա։

Հայաստան աշխարհ -
ճաքճքած խաչքար,
խաչքար վիրավոր,
թեւավո՛ր խաչքար։