***

Ես հույսի՛ ծառ եմ,
Եվ քո տեսքն առած իմ կարոտների
Հետեւից այնքա՜ն, այնքա՜ն եմ վազել,
                Որ չեմ էլ հիշում՝
Անտառը հիմա ո՞ր է մնացել։
Ես հուշի ծառ եմ,
Իմ ստվերներից մի կանաչ կտոր
Կպահեմ միշտ էլ,
                Որ հանգիստ առնես
Նրա կարոտած օրորների մեջ։
Ես հույսի ծառ եմ,
Գիտեի, որ դու պիտի անցնեիր
                 Այս արահետով,
Անտառը թողե՛լ,
Եկել, կանգնել եմ բլրի վրա։
Մի ասա՝ ճամփաս փակել ես, սե՛ր իմ,
Ինձնով քո ճամփան բա՜ց է հավիտյան.
Ես լույսի՛ ծառ եմ...