***

Ժպիտների՛, արցունքների՛, կարոտների՛ միջով ձգվում,
Երկարում են իմ օրերը
Եվ, չափելով իմ խոհերի սահմանները անպարագիծ,
Իմ քայլերով գալիս են ու ինձնից առաջ անցնում-գնում։
- Օրերի հետ դո՛ւ էլ գնա,- մե՜ղմ, հայրական մի հայացքով
Իմ երազի հասակն եմ ես շոյում սիրով,-
Դե՛, օրեր են, ի՛նչ կիմացվի, գուցե մենակ կմոլորե՛ն
               Ճամփաները,
Դո՛ւ էլ գնա։
Խոսում այսպես, խրատ տալիս
Ու ճակատն եմ պագնում հետո իմ երազի,
                Ճամփո՛ւ դնում.
- Հավերժության ճամփաներին
(Ես լինեմ, թե չլինեմ ես՝ կարեւոր չէ)
Իմ անունից միշտ ուղեկից եղիր լույսին։