Երբ աղերսալի…
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Երբ աղերսալի…
Երբ աղերսալի խոսքով համոզման
Ես ազատեցի քո կորած հոգին
Մաշիչ խավարից անկման, մոլորման.
Եվ ողջ էությամբ դու խոր տանջանքին
Անձնատուր եղած՝ դառն անիծեցիր
Քեզ պատող արատն ու արտասվեցի՛ր.
Երբ դու անցյալի տըխուր հուշերով
Մոռացկոտ խիղճըդ պատուհասելով,
Ինձ պատմում էիր քո կյանքի արկած,
Ա՛յն բոյորն, ինչ որ առա՛ջ էր եղած.
Երբ դեմքըդ հանկարծ ծածկելով ձեռքով,
Դու լի՜ ամոթով, լի՜ զարհուրանքով,
Խոր հեկեկացիր անզուսպ, դառնագին,
Խռովվա՜ծ էր քո միտքն, խռովվա՜ծ— քո հոգին.
Հավատա՛, այնժամ ես անփո՜ւյթ չէի.
Ես անհագ ուշով քեզ լըսում էի…
Եվ, դըժբախ՛տ էակ, ես քեզ հասկացա,
Ողջը ներեցի, ո՜ղջը մոռացա։
Բայց էլ ի՞նչու ես գաղտնի վարանքին
Դու ամեն մի ժամ տված քո հոգին.
Միթե անհեթեթ կարծիքին մարդկանց
Դո՛ւ էլ ես արդեն գըլուխ խոնարհած։
Ո՛չ, մի՛ հավատար ու կեղծ ու պատիր
Ամբոխի խոսքին— և հեռու վանի՛ր
Քեզնից կասկածանք, մաշող զգացմունք—
Երկչոտ սըրտիդ մեջ թաքուցա՜ծ խորունկ։
Զո՜ւր տառապելով, անձնատո՜ւր թախծին,
Ո՜հ, մի՛ ջերմացրու քո կըրծքում օձին…
Ե՛վ դու սիրակոչ, ազատ, համարձակ
Մըտի՛ր, տիրուհի, իմ տան հարկի տակ։