Արցախ...Այս անունն այսօր ճանաչելի է դարձել ամբողջ աշխարհում։ Եվ, ճիշտ կլինի, անշուշտ, հազար անգամ ճիշտ, այդ անունը թարգմանել միայն ազատատենչ, ասպետական, աննվաճ, աննկուն եւ նման այլ բառերով։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Արցախը վաղուց ի վեր դժբախտ ու ծանրուծանր ճակատագրի բերումով ստիպված է եղել անընդհատ պայքար մղել նվաճողների դեմ, մարտնչել, խիզախել՝ իր անխաթար գոյապահպանության համար։ Եվ արդեն դարձել է դիմացկունության ու լույսի խորհրդանիշ։ Ի սկզբանե այն եղել է պատմական Հայաստանի անքակտելի մասը։ Ինչպես ռուս արդարադատ բանաստեղծն է ասում, Արցախը դարձել է Մայր Հայաստանի միջնաբերդը։

Ինչպիսի՞ն է միջնաբերդն այսօր՝ 21-րդ դարի շեմին։

Հզոր էլի։ Չնայած երեկվա դավերին։

Աննկուն էլի։ Չնայած այսօրվա դավերին։

Էլի աննվաճ։ Չնայած շարունակվող դավերին։

Ասել է թե՝ Արցախը մնում է Արցախ։ Հետո՞ ինչ, թե անունը փոխել են հաճախ, հետո ի՞նչ, թե աջ ու ձախից խոցել են, հետո՞ ինչ, թե Լենկ Թեմուրի ու Թալեաթի, Էնվերի ժառանգներն անընդհատ իրենց սեւ թաթերն են մեկնել՝ այդ սիրտը ճմլելու համար։ Հետո՞ ինչ, թե նրանք դարեր շարունակ թիրախ են դարձրել մեր վեհաթեւ խաչերը, գնդակոծել, իսկ այսօր կանգնել, թե՝ խաչերը մերն են։ Ոչնչացնելու երկու ձեւ ունեն նրանք։ Մեկը ավերելն է։ Տեսել են, որ չեն կարողանում դա վերջնականապես իրականացնել, դիմել են խլելու, գողանալու, իրենցը դարձնելու միջոցին։ Դա էլ չստացվեց, «ավա՜ղ»։ Մինչեւ այսօր էլ հինավուրց հայկական Շուշիի երկնքի ֆոնին Ղազանչեցոց եկեղեցու խաչը ասես Աստծո ականջին իր իմաստությունն է շշնջում։ Ու ասում նաեւ՝ հայ ժողովրդի եկեղեցի ու տուն, դպրօջախ ու շեն կառուցելու տենչի հետ զուգահեռ աճել է բարբարոս թուրքի ավարելու, ավերելու մոլուցքը։ Ասում են տառապանքն ու փորձը, ասում են պատմության դասն ու ճանապարհը։ Եվ ցավն է ասում։ Ցավը, որ դարձել է անսխալ հուշարար։ Ցավ, որի մասին խոսելիս հաճախ ենք մենք օգտագործում «անպատմելի» բառը։ Այսինքն՝ չենք էլ փորձում պատմել։ Տանում ենք լուռ։ Ու թե խոսում ենք՝ միայն այն պահին, երբ տեսնում ենք, որ ցավի կրակը ահագնանում ու սպառնում է նաեւ ուրիշներին։ Ու թե խոսում ենք՝ խոսում ենք աշխարհով մեկ։ Ասել է թե՝ աշխարհի համար ենք խոսում նաեւ։ Այնպես, ինչպես հիմա խոսում է արցախական աշխարհը։ Ինչպես առհավետ միաբանված հայ ժողովուրդն է խոսում։ Իսկ ժողովրդի ձայնը ձայնն է Աստծո։


2.

Մենք ի՞նչ եք ուզում։ Պատասխանը շատ հակիրճ է՝ արդարություն։ Այսինքն մի պարզ ու հասարակ բան, որ, ցավոք, մեզ համար ասես աշխարհում չկա, չի գտնվում «եղել է՝ չի եղել...» «Չկան», սակայն, մեզ համար պատճառ չէ երբեք, որ չորոնենք։ Ու թե չենք խոսել, դա չի նշանակում, թե չենք փնտրել։ Ու թե լռել ենք, չի նշանակում, թե լռել ենք հավիտենապես... Վկա՝ մեր ցավը, որը մեզ երբեք էլ չի լքում, մեզ հետ է անգամ մեր ուրախության պահերին։ Վկա արցախյան համազգային շարժումը։ Այսինքն՝ վերակառուցման հաղթանակի համար պայքարը, որի էպիկենտրոններից մեկը դարձել է Արցախը։ Եվ զուր են զարմանում ոմանք, թե ինչու անգամ կույր տարերքի ուժից՝ երկրաշարժից հետո էլ (որը հիմնահատակ ավերեց մեր ժողովրդի շեն քաղաքներն ու գյուղերը) Մայր Հայաստանն այնքան աննահանջ է արցախյան հարցում։ Ու չեն հասկանում մի հասարակ բան՝ աշխարհում չկա մի վիշտ, որ մորը որդուն մոռացնել տա գեթ մի պահ... Ավելին, այն մայրական սերն ավելի է դարձնում պայծառ ու վեհ։ Ու այն, ինչ ասվել է մեր ժողովրդի քաջորդիներից մեկի՝ Ս.Գ. Հարությունյանի շուրթերով, դա ոչ միայն հայերիս, այլեւ մեր շարժման ձայնն է, «ԼՂԻՄ-ի պրոբլեմը տարածքային վեճ չէ։ Դա, եթե ուզում եք, այն բարոյական ու քաղաքական անկյունաքարն է, որով որոշվում է վերակառուցման խորության ու ընդգրկման մեր այսօրվա ըմբռնումը։ Մենք ամբողջ ձայնով դատապարտել ենք ստալինականության շատ վոլյունտարիստական եւ անգամ հանցավոր գործողությունները...

Մեր կարծիքով, ժամանակն է գործնականորեն հաշվի առնելու նաեւ այն փաստը, որ ազգային քաղաքականության մեջ ընդունված հակադեմոկրատական որոշումները անհատի պաշտամունքի հետեւանքներ են։ Եվ եթե մենք իրոք ուզում ենք ընթանալ վերակառուցման խորացման ուղիով, ապա պետք է վերացնենք թույլ տրված պատմական ու քաղաքական անարդարությունը առանձին ազգերի ու ռեգիոնների նկատմամբ»։

Ես ոչնչի մասին կոնկրետ չեմ ակնարկում հիմա, ինչպես ասում են։ Բայց կա մի բացարձակ ճշմարտություն՝ ամեն ինչ պետք է լինի ժողովրդի համար։ Ժողովուրդ եւ ժողովուրդ։ Խոստովանենք, սակայն, մեր կյանքի ճանապարհին մենք հաճախ ենք սխալներ թույլ տվել, հաճախ ենք տարվել դատարկ-մատարկ լոզունգներով ու կոչերով։ Եվ միայն հետո, ցավոք, տարիներ հետո ենք զգում, թե ինչն ինչոց է, այն դեպքում, երբ ուրիշները դա գիտակցում են անհամեմատ ավելի վաղ։ Մեր մարգերը` ցամաք, մեր շուրթերը` ծարավ, մեր աղբյուրի ջուրն ուրիշի բոստան է ջրել, մեր ոտքն ուրիշի ոտքի տակ՝ մեր զավակներն ուրիշի դատակռվի զոհյալն են դարձել... Խոսքս դարասկզբի մասին է, մեր ժողովրդի վիճակի մասին է։ Այս ինչպե՞ս եւ ինչո՞վ տարվեցինք, որ մասնատվեց Մայր Հայաստանը, մի թեւը նախ ՀԽՍՀ-ում ոլորվեց, մի թեւը՝ Արցախում... Ախր, չէ՞ որ բոլոր գաղափարներն ու ուսմունքներն աշխարհում, ինչպիսին էլ լինեն, առանց Հայրենիքի սուտ են, կեղծ են ու պղծաբարո... Մենք, ավա՜ղ, հպարտացել ենք, թե Հոկտեմբերյան հեղափոխությո՞ւն եղավ՝ արցախցիները Լենինի հավատարիմ զինակիցներն էին, քաղաքացիական կռիվներ եղան՝ արցախցիները դրսեւորեցին իրենց հերոսաբար, Հայրենական մեծ պատերազմ եղավ՝ Արցախը դարձյալ առաջին շարքում էր՝ իր մարշալ զավակներով, իր ռանչպար զավակներով, իր փոքրերով ու ավագներով։ Հպարտացել ենք, բայց... Հետո ինչպե՞ս եղավ, որ արդյունքում գրանցվեց այսքան դառը... ցավը։ Մարշալ Բաղրամյանի գյուղում մի հայ չի մնացել։ Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հայրենի Շուշիում նրա լեզվով այլեւս խոսող չկա... Մեր այս մեծերի հուշարձաններն անգամ իրենց իսկ ծննդավայրերում ավերվեցին ոխերիմ «եղբայրների» ձեռքով։ Սա ի՞նչ հանելուկ է, ո՞վ պիտի պարզի։ Ուրեմն՝ նորից դիմենք ցավի հուշարարությանը։ Մանավանդ՝ ժամը փոխվել է, դասը մնում է նույնը։

Դառնանք ու կսկիծով ասենք՝ գրեթե յոթանասուն տարի կործանարար քաղաքականություն տեսանք միայն։ Ի՜նչ ողբերգություն։ Ու մխիթարվենք այսօրով՝ գոնե հիմա զգացինք, թե մենք ինչ վիճակում ենք։ Մեր չփակված աչքերը բացվեցին։ Այո՛, փակ աչքը բացելը հեշտ է, դժվարը բաց աչքը բացելն է... Տեսանք։ Այն էլ՝ ինչպիսի՜ արհավիրքներ։ Բա արհավիրք չէ՝ ի՞նչ է։ Որդին ուզում է մոր հետ ապրել, ասում են՝ չէ, դա նացիոնալիզմ է։

Եկել է հրապարակայնության ժամանակը։ Դեմոկրատիայի։ Եվ փույթ չէ, թե դեմոկրատիան ու հրապարակայնությունը ոմանք խիստ յուրովի են ընկալում։ Ասենք՝ ադրբեջանցիներ Զ. Բունիաթովն ու Ֆ. Մամեդովան, Անարը... Այսպես, Բունիաթովի համար դեմոկրատիան ահա թե ինչ է, վերցնել որեւէ հեղինակի գործ, ասենք՝ հայ առակագիր Մ. Գոշի «Աղվանից ժամանակագրությունը» եւ «թարգմանել» - խեղաթյուրել, նենգափոխել... Մի խոսքով, վարվել խիստ «դեմոկրատական» սկզբունքներով։ Նույն սկզբունքը նա կիրառում է ցանկացած ժողովրդի, ցանկացած զավակի գրքի նկատմամբ։ Ասել է թե՝ միայն հայկական աղբյուրները չի աղավաղում։ Դրսեւորելով իր «ինտերնացիոնալիստական» հակումները, ձեռք է մեկնում ե՛ւ վրացական, ե՛ւ ռուսական ակունքներին, որքան ուժը պատում է՝ պղտորում է։

Բայց ես չեմ կիսում այն կարծիքը, թե նա առաջնորդվում է միայն միտումնավորությամբ։ Այստեղ առկա է նաեւ տգիտությունը։ Եվ քանի որ խոսք եղավ «ակադեմիկոսի» հիմնական այդ հատկանիշի մասին, չեմ կարող չհիշել Միշել Մոնտենի թեւավոր խոսքը. «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ տգիտությունը երկու տեսակ է լինում, մեկն անգրագիտությունը, մյուսը՝ սնապարծությունը, որ հաջորդում է նրան։ Տգիտության այս երկրորդ տեսակը նույնպես ստեղծվում ու աշխարհ է գալիս գիտության միջոցով, ինչպես որ առաջինը կործանվում ու ոչնչանում է գիտության կողմից»։

Ո՞ր տեսակին է պատկանում Զ. Բունիաթովը։ Թող որոշի ինքը։ Իսկ եթե կդժվարանա որոշել, ոչինչ, Ֆարիդան օգնության կհասնի։ Չէ՞ որ նրանք հաճախ են իրար օգնում պատմությունը պղծելիս։ Եվ ինչո՞ւ միայն պատմությունը, նաեւ ներկան, որ դեռ չի հասցրել պատմություն դառնալ։ Սումգայիթյան եղեռնի մեջ փորձելով մեղքը բարդել հայերի վրա, իր «Ինչո՞ւ Սումգայիթ» («Էլմ» թերթ, N19) հոդվածում Զիան գրում է. «Այդուհանդերձ, չնայած նման առարկությանը, ես կփորձեմ Սումգայիթում կատարվածի անկողմնակալ վերլուծությունը տալ եւ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ դա կատարվեց ոչ ուրիշ մի տեղ, ոչ Ղարաբաղում, ուր, թվում է, թե կարող էր դա կատարվել ի պատասխան աղդամցի երիտասարդների սպանության՝ հայ միլիցիոների կողմից, ոչ մեկ այլ քաղաքում, այլ հենց Սումգայիթում»։

Կարծում եմ, «թվում է» բառն էլ, որով այնքան ճիգեր է անում իր սուտը ծածկել Բունիաթովը (պատմագիտությունը եւ սուտը թուրքերենում հոմանիշներ են), ամեն ինչ բացում է։ Եվ ոչ մի «թվում է» չկա։ Պարզապես բունիաթովների պատրաստած «սցենարով», իրոք, Թալեաթի ժառանգները ուզում էին կատարել դա Ղարաբաղում, բայց հասկանալի պատճառներով չկարողացան, ձախողվեց «հայ միլիցիոների վրա» մեղքը գցելու փորձը, ձախողվեց Ղարաբաղում «Սումգայիթ» սարքելու ծրագիրը։ Հիշեցնենք Բունիաթովին այստեղ՝ Արցախը մնում է Արցախ։ Եվ ահա «Սումգայիթը» կազմակերպեցին Սումգայիթում։ Փաստերը շրջելու նույն սկզբունքով առաջնորդվելով` Զիան Սիլվա Կապուտիկյանին է վերագրում այն, ինչի ընդունակ է Ֆարիդան... Ահավասիկ. «Իսկ Սիլվան ուղղակիորեն կոչ է անում միականջ Անդրանիկին նորից ձեռքն առնել մաուզերը, կրակել ադրբեջանցիների վրա եւ պատռել հղի ադրբեջանցիների փորերը, որ ինքն էլ օգնի նրան, ի՞նչ կասեք»։ Ոչինչ։ Այստեղ մեր խոսքը կրկնություն կլինի։ Իսկ եթե, ասենք, միայն երկու-երեք բառ՝ ականջդ կանչի, Դոստոեւսկի։ Կասենք ու կհիշենք նրա «Կարամազով եղբայրներում» տեղ գտած այն հանճարեղ դիտարկումները, որ, ցավոք, այսօր էլ շատ ժամանակակից են հնչում. «Իսկ այդ թուրքերը, իմիջիայլոց, հեշտությամբ տանջել են նաեւ երեխաներին, մոր արգանդից դաշույնով կտրել-հանելուց սկսած մինչեւ ծծկեր երեխաներին վեր նետելը եւ սվինի ծայրով բռնելը, այն էլ՝ մոր աչքերի առաջ։ Հենց բուն հեշտանքն էլ մոր աչքերի առաջ անելն էր... Արվեստ է, այնպե՞ս չէ։ Ի դեպ, ասում են, թուրքերը քաղցրավենիք շատ են սիրում»։ Դոստոեւսկին կարծես Սումգայիթի ականատեսն է եղել։

Իսկապես, ի՞նչ կասի Զիա Բունիաթովը։ Երեւի այն, կարող են ասել նրա նմանները, երբ առաջին անգամ իրենց պատկերը տեսնում են հայելու մեջ։ Իսկ հայելու գյուտը աշխարհում վաղուց, շատ վաղուց գոյություն ունի, սակայն այդ ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա անարները չեն օգտագործում... Հարկավոր է, խիստ անհրաժեշտ։ Դա էլ բուժման մի ձեւ է... ճիշտ է, հայելի հնարողը Զիայի ցեղից չէ, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, եթե հայելուն նայեց ու նրանում երեւացող «պատկերը» իրեն նման եղավ (հրաշալի կապ), բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ հայելու գյուտի հեղինակն իր ցեղապետն է եղել։ Նման մի ակադեմիկոսի համար մի՞թե դժվար է այսպիսի «գիտություն» ստեղծելը։ Այդպես չեղա՞վ, երբ նա դարձավ Հ. Հասանի «ծննդաբերական աղյուսակի» հեղինակը, այդպես չեղա՞վ, երբ նա հայ Մովսես Կաղանկատվացուն էլ փորձեց գցել «յուրայինների շարքը»։ Այդպես չեղա՞վ, երբ նա հայոց խաչքարերը հայտարարեց իրենցը (ասենք՝ այստեղ որոշ կապ կա, չէ՞ որ շատ քիչ խաչքար կլինի, որի վրա չլինի ջարդարարների թողած հետքը, իսկ դա պակաս կռվան չէ, որպեսզի խաչքարը կոչի խաչդաշ)։ Եվ հազար անգամ ճիշտ է ասված, որ Բունիաթովի նմանները, առաջին հերթին, պատիժ են իրենց ծնող ժողովուրդների համար, քանզի բոլորից առաջ՝ նրանց են վնաս բերում...


3.

Ժողովրդական իմաստությունն ասում է՝ ինչքան էլ ջուր պղտորողները ջանան, միեւնույն է՝ ծովը մնում է ծով։ Ամենախաղաղ պահին էլ հարցնողին պիտի ծովը պատասխաներ Համո Սահյանի բառերով. «Փոթորիկներ են եռում հատակիս, թեեւ երեսից այսպես հանդարտ եմ»։ Արցախը, արդեն երկրորդ տարին է, դիտվում է որպես աշխարհի ամենատաք կետը։ Ամենատաք։

Սա իրականություն է։ Մարդիկ, մանավանդ Ստեփանակերտում, դժվար, խիստ դժվար կացության մեջ են։ Ծանր է։ Գործադուլ է։ Արցախցին ողբերգության մեջ է։ Չէ՞ որ նրա համար չաշխատելը ամենամեծ պատիժն է։ Ամեն ինչ արցախցին տանում է, միայն թե լուծվի հիմնականը. Արցախը վերամիավորվի Մայր Հայաստանի հետ... Դեռեւս մեր դարի սկզբին արցախահայության 5-րդ համագումարը արձանագրել է. «Համագումարն անընդունելի է համարում ամեն մի վարչական ծրագիր, որը որեւէ կապ է հաստատում Ադրբեջանի հետ»։ Ընթերցում եմ այս տողերը եւ հիշում 1988թ. փետրվարին կայացած ԼՂ մարզային խորհրդի նստաշրջանն ու պատգամավորների ընդունած որոշումը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին։ Եվ այս էլ յոթանասուն տարի է, հայ ժողովրդի մի ստվար հատվածի ձայնը երկինք է հասնում՝ արդարության վերականգման համար։ Բայց լսողն ո՞վ է։ Էլ ո՞ւր մնացին ազգերի ինքնորոշման իրավունքները, էլ ո՞ւր մնաց ճշմարտությունը։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Լենինն ու Ստալինն էլ մեր «գլխի վրա վարսավիրություն սովորեցին»։ Այդ նույն Լենինը չէ՞ր գրել սպիտակի վրա՝ սեւով, «Ազգերի ինքնորոշման իրավունքը նշանակում է բացառապես քաղաքական իմաստով անկախության իրավունք, ճնշող ազգից քաղաքականապես ազատորեն անջատվելու իրավունք։ Կոնկրետ կերպով՝ քաղաքական դեմոկրատիայի այդ պահանջը նշանակում է անջատման օգտին ագիտացիայի լիակատար ազատություն եւ անջատման հարցի լուծում՝ անջատվող ազգի հանրաքվեով»։ Պարզվում է, որ շատ միամիտ դուրս եկանք բոլորս, ժամանակին գլխի չընկանք, որ կոմունիստական կուսակցության խոսքն ուրիշ ուղղությամբ է գնում, գործը՝ ուրիշ։

Այսօր մեր կյանքում բացակայում է հենց այն հիմնականը, որը մենք անվանում ենք երկու բառով՝ արդար մոտեցում։ Ահա թե ինչու ժամանակը առաջին հերթին մեզանից պահանջում է վերաբերմունքի ու հայացքների վերանայում։ Մենք երբեմն անճարին բարձրացրել ենք, հանճարին պիտակներ կպցրել... Մենք, անգիր արած դասի պես, անընդհատ գովել ենք կուսակցական լիդերներին, չմտածելով անգամ, թե նրանք ինչ են արել իրենց ժողովրդի համար։ Մենք տարիներ շարունակ, ցավոք, միայն վատն ենք լսել ու կարդացել ժողովրդական հերոս Թեւան Ստեփանյանի մասին։ Բայց չէ՞ որ այդ նրա շնորհիվ է, որ գոյություն ունի այսօրվա արցախահայությունը։ Պատմական սխալի մասին խոսում ու նոր սխալ ենք թույլ տալիս միաժամանակ։ Մինչեւ ե՞րբ ենք միակողմանի նայելու փաստերին։ Պետք է ամեն ինչ իր տեղը դնել։ Այլապես սխալների հանդուրժումը, ի վերջո, հանգեցնում է մարդկային բարոյականության ոչնչացման։ Ժողովրդի անունից շատ հաճախ խոսում է ժողովրդի թշնամին, որը, որպես կանոն, միշտ էլ ճարպիկ է լինում։ Այս ամենի դառը պտուղները խորհրդային երկրի ժողովուրդները «վայելել» են լիապես։ Մի Մոլոտով ինչո՞ւ կարողացավ հանդես գալ նույնիսկ ոչ իր հարազատ, այլ մեկ ուրիշ ժողովրդի, տվյալ դեպքում հայության անունից, ասել՝ մենք թուրքերից հողերի պահանջ չունենք։ Կա՞ ավելի մեծ անբարոյականություն։ Նույնը մեր աչքի առաջ անում էր նաեւ Արցախի ժողովրդի վրա «վերեւից» նշանակված Կեւորկովը, ինչպես ասում են՝ մշտապես Արցախի անունից Արցախի տունը քանդելով։ Ողբերգություն է՝ ժողովուրդը մարդուն չի ընդունում, իսկ նա շարունակում է խոսել այդ ժողովրդի անունից։

Արցախյան համազգային շարժումը նորից եւ դարձյալ սրբագործեց մեր ամենանվիրական իղձերը, ցույց տվեց, որ մեր ոգին, իսկապես, անպարտելի է։

...Այս տողերը գրում եմ մարզգործկոմի շենքում, որը, այս էլ քանի ամիս, շրջափակված է ավտոմատավոր խորհրդային զինվորներով։ Ումից ո՞ւմ են պաշտպանում, ո՞ւմ դեմ ենք, ո՞ւմ կողմ ենք։ Եվ այս ամենը ի՞նչ է նշանակում, իսկապես։ Այդ ոնց կարող է խորհրդային զինվորը կրակել խորհրդային քաղաքացու վրա, ինչպես դա եղավ Թբիլիսիում, Ստեփանակերտում։ Էլ ո՞ւր մնաց մեր բարոյականությունը, էլ ո՞ւր մնաց ժողովրդական կոչվող բանակի պատիվը, էլ ո՞ւր մնացին մեր քարոզները, մեր օրենքն ու օրինականությունը։ Այս ի՞նչ զինվորական դիկտատուրա է, որ իշխում է Արցախում։

Ի՞նչ է այս ամենի անունը։


4.

Արցախը դաժան փորձության մեջ է։ Մենք, որ այս ամենը տեսնում ենք, որ ամեն քայլի վկա ենք արցախցու ասպետականության, հերոսական ոգու արտահայտության, դարձյալ շարունակում ենք ինչ-որ տեղ հապաղել, ինչ-որ տեղ մնալ ձգձգող, հանձնաժողովային։ Սկսել ենք հիմա էլ հանձնաժողովներ ստեղծել իրար հետեւից։ Որ՝ ի՞նչ։ Հարկավոր է, ինչպես ասում են, «հասնել վերջնական եւ գործարար համազգային համաձայնության, ունկ դնել հուշարար ցավին, քանզի նա անսխալ էր»։

Մենք պիտի մտածենք, հոգանք, գործենք՝ ի՞նչ կլինի վաղը։ Մենք ոչ մի պահ, ոչ մի վայրկյան չպետք է կորցնենք, որպեսզի հանկարծակիի չգանք, եթե հանկարծ, աստված չանի, վաղը մեզ համար լինի ավելի դաժան ու դառը։ Պիտի լավատես լինենք, ռեալ լավատես ու, ամենագլխավորը, հեռատես։ Մարզի գյուղերն ու քաղաքները իրար կապող բարեկարգ ճանապարհներ չունենք, բայց չէ՞ որ ամեն մի գյուղ վերակառուցման պայքարի մեջ մի կարեւոր դիրք է։ Նոր հեղափոխական շարժման համար պետք է բոլոր դիրքերը կապված լինեն իրար հետ, ամուր լինեն, իրար թեւ ու սատար լինեն։ Այստեղ ես ուզում եմ դառը խոսքեր հասցեագրել մեր մարզի ճարտարապետներին` այդ ի՞նչ նախագծեր են նրանք «հրամցնում» մեր գյուղերին, մոռացած ճանապարհները... Չէ՞ որ անպայման ճարտարապետ լինել հարկավոր չէ՝ հասկանալու համար, որ տունը սկսվում է ճանապարհից, շենն էլ, քաղաքն էլ։ Նախ ճանապարհ, ապա տուն ու կառույց... Մեզ մոտ հակառակն է ստացվել։ Տարիներ շարունակ Հադրութի շրջանի վերին գոտում, որը զգալի տարածություններ է զբաղեցնում, չկա գոնե մի գործող քարհանք կամ շինանյութ արտադրող որեւէ գործարան ու մի բան... Իսկ երբ չենք կառուցում, նշանակում է՝ տանուլ ենք տալիս... Մանավանդ, այնպիսի մի գյուղում, ինչպիսին սահմանապահ Սպիտակաշենն է։ Տարեց մարդիկ այսօր էլ արցունքով են հիշում, թե 1948-1949 թթ. ինչպիսի բռնությամբ են Սպիտակաշեն, Պետրոսաշեն, թե Արփագետուկ գյուղերից ընտանիքներին քշել դեպի այլ բնակավայրեր... Այսպես վարվողները գիտեին, թե իրենք ինչ են անում, դժբախտաբար, մենք չիմացանք ժամանակին... Եվ, ահա, անմարդաբնակ դարձած Սպիտակաշեն գյուղն են վերադարձել 10 հոգի՝ շենացնելու նպատակով, քանի ամիս է՝ չարչարվում են, որ հասարակ շինանյութեր ձեռք բերեն։ Այն էլ՝ որտեղի՞ց... Երեւանից պիտի ցեմենտը հասնի Արփագետուկ։

...Ոչ միայն խոսք, պիտի գործենք։ Պիտի ուշադիր լինենք բոլոր այն հարցերում, որոնք անմիջական ու ոչ անմիջական կապ ունեն մեր լինելիության հետ։ Իսկ մեր գոյության հիմնական միջոցը դա մեր լեզուն է, ոսկեղենիկ հայոց լեզուն։ Բայց շիտակ խոսենք, մեր մարզային եւ մյուս ղեկավարներից քանի՞ հոգի կարող են մայրենիով կարգին խոսել, թեկուզ։ Արդյո՞ք, մենք այստեղ էլ տանուլ չենք տալիս հիմնականը, այն, որի կորստով ամեն ինչ է կորչում անդառնալիորեն։ Ռուս մեծ բանաստեղծի տողը շատ է դիպուկ՝ դու այնքան ես սիրալիր, որ ինձ սիրել չես կարող։ Հնարավոր չէ առանց լեզուն իմանալու-զգալու-ապրելու սիրել այն, շատ-շատ կարող ես սիրալիր լինել։ Իսկ լեզուն դա ժողովուրդն է, իսկ լեզուն դա մենք ենք։ Եվ, ի վերջո, իր լեզուն չիմացողը ուրիշի լեզվին էլ նվիրվել չի կարող։ Կարող է, ճիշտ է, այդ լեզվից օգտվել... Բայց չէ՞ որ մենք պարտավոր ենք ոչ միայն օգտվել, այլ նաեւ հարստացնել։ Իհարկե, հնարավոր չէ մի օրում հասնել այն բանին, որ մայրենին իմանան բոլորը, առանց բացառության։ Բայց ի՞նչ պարտադիր է, որ այդ չիմացողներն անպայման լինեն ղեկավար մարմիններում։ Այս համաճարակից պիտի զգուշանանք, որ մեր միջից էլ «չծնվեն» մեզ ոչնչացնող ուտիճներ։ Պիտի քայլ անելուց առաջ մտածենք, թե ինչ ենք անում, այլապես սխալների ուղղումն ավելի ծանր է նստում մեզ վրա։ Սա պատմության ամենամեծ դասերից մեկն է։ Մենք արդյո՞ք շատ հեշտ չհրաժարվեցինք Խաչին տափը շենացնելու մեր արդար մտքից ու պահանջից, դարձյալ ենթարկվելով անարների շանտաժներին, դարձյալ մեր չարը կամեցողներին օգնելով, որ մեզ վրա ազդեն իրենց փաստերը գլխիվայր ներկայացնելու ճարտար միջոցներով։ Խաչին տափում դրված առաջին քարը, անշուշտ, առաջին սերմն է հայկական Շուշիի վերականգման, եւ պետք է անպայման այդ սերմը ծլարձակի...

Մտնում են մեր հողը, փոխում մեր հողի անունը մեր աչքի առաջ, մենք էլ, ոչ ավել՝ ոչ պակաս, սկսում ենք նրանց «կնքած» անունները տալ... Քանի՜ այսպիսի աղավաղված անուններ ունենք թե Արցախում, թե մայր Հայաստանում։ Մենք մեր հայկական անվան վրա խաչ քաշելով, արդյոք, ինքներս մեզ վրա չե՞նք խաչ քաշում։ Մինչեւ ե՞րբ պիտի օտարի ջրաղացին ջուր լցնենք։ Տարիներ շարունակ խոսում ենք մեր պատմաերկրագիտական թանգարանի մասին։ Մեծ հաջողություն է, որ նման թանգարան ունենք։ Բայց այդ ունենալը մեր աչքի առաջ դարձավ չունենալուց էլ վատ, զուտ նրա համար, որ այնտեղ Մաշտոց չցուցադրվեց, որ մեր երկրամասի պատմությունը այնտեղ չերեւաց։ Եվ երկար տարիներ դռները փակ են, իբրեւ նորոգում է, իբրեւ ավելի լավն են ուզում դարձնել։ Թանգարանային գործի լավագույն գիտակ Շահեն Մկրտչյանից հետո, որին գրեթե այստեղից քշեցին լճացման ժամանակի ջատագովները, այնտեղ մի կարգին մասնագետ էլ չի երեւացել... Բացառություն էր, թերեւս, Սուրեն Կարապետյանը։ Մեկ-երկու տարի առաջ, երբ վերջապես մտավորականներիս բողոքից հետո ասացին, որ թանգարանը պատրաստ է, մի քանի գրողներով գնացինք դիտելու։ Բայց ինչ պարզվեց՝ պատմաերկրագիտականը դարձել էր ադրբեջանաալիեւագիտական... մի կերպ կարողացանք թանգարանի «բաց» դուռը նորից փակել, մինչեւ որ կարգի գցվի ամեն ինչ... Անտարբեր լինել թանգարանի գործը տնօրինելու հարցում, նշանակում է՝ անտարբեր լինել մեր ժողովրդի պատմության, ոչ միայն անցյալի, այլ նաեւ ապագայի նկատմամբ։ Սա փոքր հարց չէ։ Ինչո՞ւ այսօր մեր թանգարանում չի կենտրոնացված մեր երկրամասի ճշմարիտ պատմությունը, ինչո՞ւ ենք մենք մեր գործելակերպով սողանցքներ թողնում բունիաթովների համար։

Եվ, ընդհանրապես, մարզի շատ բնագավառների համար նման մոտեցումը խիստ բնութագրական օրինակ է։ Մարտակերտի հողերը միայն կարող էին ամբողջ մարզկենտրոնը կերակրել ձմեռ ու ամառ։ Սակայն ինչո՞ւ չեն այս գործի համար կոչվածներն իրենց պարտքը կատարում։ Անաչառ լինենք, լինենք շիտակ ու հստակ։ Չձեւանանք, այլ լինենք։ Անդրանիկյան զորավարության ու հաղթանակների ամենամեծ գրավականը դա կարգն էր երկաթյա, նաեւ այն, որ յուրաքանչյուրը քաջ գիտեր իր գործն ու անելիքը։ Մեր իսկ փորձով, ուրեմն, առաջնորդվենք կյանքի բոլոր հարցերում։ Չէ՞ որ կյանքն էլ պայքար է...


5.

Ավարտելով, ասեմ, որ իսկապես միայն համազգային գործարար համաձայնությունն ու կուռ, նպատակամետ գործունեությունը կարող են ապահովել մեր ժողովրդական շարժման հաջողությունը։ Այլեւս պետք է բոլորս լինենք կրկնակի սթափ, կրկնակի գործարար, կրկնակի նախաձեռնող, կրկնակի հեռատես ու աննկուն... Չէ՞ որ մեր Նելսոնը կրկնակի հերոս է, չէ՞ որ մեր Բաղրամյանն էլ կրկնակի հերոս է, չէ՞ որ մեր Արարատն էլ կրկնակի է, ինչպես Մեժելայտիսն է ասում։ Սա է հուշում եւ մեր կրկնակի, բազմակի դառը ցավը, սա է հուշում մեր բազմաչարչար ճանապարհը։ Միտինգում ասված մեր խոսքն էլ պետք է գործ լինի, լինի մի փախստականի համար նոր տուն, մի հայրենադարձի համար օջախ, լինի մի գյուղը մյուս գյուղին կամ քաղաքին միացնող ճանապարհ, լինի միաբանության դրոշ, լինի մեր ազնիվ ու համառ, արդարացի պայքարի արտահայտությունը։ Ասել է թե՝ այլեւս չխաբվենք ոչ մի լոզունգով։ Մեր ամեն քայլը գնահատելու մի չափանիշ ունենք միայն՝ որքանով է այդ քայլը մեզ մոտեցնում Մայր Հայաստանի հետ վերամիավորվելուն։ Մնացած քայլերը սուտ են, կեղծ ու ապակողմնորոշող, որովհետեւ մենք կլինենք միայն այն դեպքում, երբ կլինենք միասնական, ամբողջական, չմասնատված, վերամիավորված...

1989թ.