Թանկագին Սերո Նիկոլայի։ Ես չգիտեմ ինչից եւ ինչպես սկսել իմ նամակը։ Կամ, արդյոք, նամա՞կ է այն, ինչ ուզում եմ գրել, ինչով լցված ենք այսպես։ Չգիտեմ։ Մտածում եմ, թող ներվի, իմա՞ստ ունի գրիչ առնելն, ընդհանրապես, այս ծանր պահին, երբ աղավաղվում, խեղաթյուրվում է ամեն ինչ։ Բայց եւ ներքին մի ձայն ինձ ստիպում է մոտենալ սեղանին ու գրիչ առնել։ Մարդու մեջ, երեւի, կա անբացատրելի մի հավատ, որը վեր է ամեն ինչից, շատ բարձր ու անձեռնմխելի։ Մի երկու օր առաջ Ձեզ հետ հեռախոսազրույց ունեցա, չկարողացա ասել սրտինս, մտքինս, մի տեսակ կիսատ մնաց խոսքս, որոշեցի շարունակել այս տողերի մեջ։ Չնայած մեկ է, ինչքան էլ ջանում ենք չասված բան չթողնել, այնուամենայնիվ, միշտ ինչ-որ բան կիսատ է մնում, ինչ-որ բան միշտ մնում է չասված։ Դեռ երեխա ժամանակվանից ուզում էի զրուցել գրական հարցերի շուրջ, նման համարձակության քիչ մնաց ինձ մղեր ձեր գնահատանքի խոսքն իմ տպագրված առաջին բանաստեղծություններից մեկի մասին, բայց գրում եմ Ձեզ հիմա։ Այն էլ՝ միանգամայն այլ հարցերով, նորից հետաձգելով գրական խնդիրները։ Ի՞նչ արած։ Ժամանակն է թելադրողը։ Ժամանակը չէ՞, արդյոք, որ ժամանակը մեզ լսի, ականջների խցանները հանի, թողնի իր վտանգավոր, հայակուլ խաղերը։ Այո, խաղերը, որոնցով ինքն իրեն է ձեռ առնում միայն։

Ձեռ առնել ասացի, անմիջապես աչքիս առաջ կանգնեց մի խղճուկ, մի ողորմելի խորհրդային կարմիր, բայց սեւ բանակային, որին խղճում եմ, որին հիշելիս (իսկ ե՞րբ ենք մոռանում) չես իմանում՝ ծիծաղես, թե լաց լինես... Ուրեմն, այդ զինվորն իր ընկերոջ հետ հսկում եւ վերահսկում է մարզխորհրդի շենքի վրա «սազ արված» ադրբեջանական դրոշը։ Շենքի մուտքից վերեւ խորհրդային երկրի դրոշն է։ Ստեփանակերտի մյուս բոլոր շենքերին ու պատուհաններին, տներում ու աշխատասեղանների վրա հայկական դրոշն է։ Էդ զինվորին, ուրեմն, մի օր ասում եմ՝ ինչո՞ւ ադրբեջանական դրոշը հսկում եք երկու-երեք հոգով, ավտոմատներով, իսկ մյուս դրոշները չեք հսկում։ Դա հավասարությո՞ւն է։ Նա, իհարկե, գլխի չի ընկնում, չի հասկանում իմ խոսքերի մեջ թաքնված հումորը եւ մեղավոր-մեղավոր, վտանգավոր-վտանգավոր նայում է ինձ, նայում է ճամփան կորցրածի նման։ Եվ ի՞նչ, հաջորդ օրը՝ շաբաթ, երբ փորձում եմ բարձրանալ այդ շենքի չորրորդ հարկի իմ աշխատասենյակը (գրողների միությունը մարզխորհրդի շենքում էր), այդ տղան՝ ավտոմատը պատրաստակամ բռնած, թաքուն-թաքուն, ուշադիր-ուշադիր ինձ հետեւում էր, երեւի կարծելով, թե կարող է... Ո՞վ գիտե։ Շրջվում եմ՝ ինքն էլ է շրջվում, քայլում եմ՝ ինքն էլ է քայլում... Մի խոսքով, ամեն օր նման անվստահ հայացքի ու ավտոմատ հրացանի պատրաստակամ փողի տակ ենք ապրում ու աշխատում։ Այս մտքերը շարադրվում են պատուհանից դուրս, այսպես ասած՝ Լենինի հրապարակից իմ ժողովրդի վրա խորհրդային զինվորի ձեռքով հնչող կրակոցների հիշողության տակ։

Օրեր առաջ, ապրիլի 24-ին, արցախցիներս, ինչպես ամբողջ հայությունն ու մարդ-մարդկությունը, նշեցինք հայոց Մեծ եղեռնի օրը։ Երեւանում Ծիծեռնակաբերդ ենք գնում, Ստեփանակերտում հավաքվում ենք հուշահամալիրի մոտ։

Եվ, ի՞նչ խոսք, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, արցախցիների համար այդ օրը կրկնակի ծանր ու կրկնակի խորհրդանշական է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք այս անգամ էլ (հայի ճակատագիր) Եղեռնի օրը նշում ենք երկու ոտքով նոր եղեռնի մեջ կանգնած, նշում ենք հրացանների փողի տակ, հրազենի փողի դիմաց, հառաչելով, բայց... նշում ենք։ Ամենեւին էլ չեմ ասում, թե ընկճված ենք կամ կարող են մեզ ընկճել։ Երբեք։ Ոչ մի անգամ։ Պարզապես կրկնակի ցավալի է տեսնել, թե թուրքական հրազենն ինչպես է խորհրդային զինվորի ձեռքերի մեջ նայում դեպի մեզ։ Ցավալի է։

Մեր ճակատին ուղղված հրազենը, ինչպես միշտ, այդ օրն էլ նույն բանն էր ասում՝ ենթարկվել։ Գերի լինել։ Մի բան, որն այլեւս հնարավոր չէ ոչ մի արցախցու համար։ Ինչո՞ւ երկրի կառավարությունը սա չի հասկանում։ Պարզ է, իրեն ձեռնտու չէ։ Եվ հարցնում եմ Ձեզ, ինչո՞վ է եղեռն կազմակերպող օսմանյան կառավարությունից տարբերվում եղեռնի օրը նշել չթողնող խորհրդային կառավարությունը, արդյոք, իր արարքով չի՞ դառնում եղեռնի հովանավոր ու կազմակերպիչ։ Ինչո՞վ հատկանշական չէ բռնապետության անվանումը երկուսի համար էլ հավասարապես։ Ոչ միայն նշել, այլեւ սրտիդ խորքում հառաչել չի թողնում։ Մեր Համո Սահյանը լավ է ասել. «Ինձ հառաչել չթողին, էլ ո՞ւր մնաց շառաչել»։ Եվ ահա արցախցի հանդուգն, անհնազանդ գրողները, մտավորականները, որոնց նախորդներին գազանաբար հոշոտել են 1915-ին (հոշոտել են այսօրվա «օկուպանտների» նախորդները), համարձակվել են հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո հարազատ ժողովրդին սգի ու հուսադրման խոսք ասել... Ի՞նչ իրավունքով, մտածել են «կոմենդատուրայի» արթուն զինվորները, նրանք պետք է նման քայլերի դիմեն։ Դա դուր չեկավ ամենեւին բոլոր նրանց, ովքեր ադրբեջանական կառավարության կողմից հանձնարարություն ունեն արցախահայությանը խեղդամահ անել անձայն-անշշուկ... իսկ ահա Հրաչյա Բեգլարյանի նմանները ոչ միայն շշուկ են հանում, այլեւ աղմկալի բողոքում են։ Դուք գիտեք, այդ մասին եւ հեռախոսով եմ հայտնել, եւ հեռագրով... Չգիտեմ ինչ ձեւով, ինչպես է հեռագիրը Ձեզ հասել (հիմա կապն անգամ գործում է անկապ ձեւով), ահա մեր տված հեռագիրը. «Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ շրջափակման մեջ, արագ թափ է վերցրել հատկապես հոգեւոր շրջափակումը, որը հղի է օսմանյան Թուրքիայում 1915թ. կազմակերպված ցեղասպանության կրկնությամբ։ Ավելին, այդ եղեռնի 75-ամյակին հայ գրողը սգո խոսք ասելու համար, հառաչելու համար կալանվում է, ենթարկվում դժոխային հալածանքների։ Ադրբեջանական պետական բարբարոսությունը Արցախում սահմաններ չի ճանաչում արդեն։ Ապրիլի 26-ին մարզի մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ ԽՍՀՄ գրողների միության չորս անդամներ Հրաչյա Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Սոկրատ Խանյանը, Արկադի Թովմասյանը, գիտնականներ Ռոնա Բալայանը եւ Համլետ Գրիգորյանը կալանվել են։ Նորից անմեղ արյուն է թափվում արդարության կարոտ Ղարաբաղում, նորից ողբ է ու կական։ Ադրբեջանի «նոր» կառավարությունն իր հայատյացությամբ ձգտում է գերազանցել իր նախորդներին, իսկ Մոսկվան շարունակում է ոգեւորել։ Մենք ազատություն ենք պահանջում կալանվածների ու ամբողջ արցախահայության համար, որն արդեն 70 տարուց ավելի է՝ կալանքի տակ է։ Ղարաբաղյան պրոբլեմն արդարացի լուծում է պահանջում։ Սթափվիր, Մոսկվա, վաղը ուշ կլինի, չի կարելի արդարությունը փոխարինել բռնապետությամբ, զինվորական դիկտատուրայով։ Չի կարելի չլսել ժողովրդի ձայնը։ Ղարաբաղը երբեք ծնկի չի գա։ Ազատությո՜ւն Ղարաբաղին»։

Բայց ինչո՞ւ եղեռնի նշումից երկու օր հետո «կարմիրները» որոշեցին կալանել մտավորականներին։ Հիմա պատասխանեմ։ Նախ՝ խոջալուեցիների անունից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Լուկյանովին դիմում էր հղվել ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանի դեմ, ուր նշվում է, որ մեր հայրենակցի ամեն անգամ Արցախ գալուց, իբր, մի նոր ընդհարում է տեղի ունենում։ Պարզ է։ Նման ընդհարում հարկավոր էր բաքվեցիներին, որպեսզի մեկ անգամ եւս ասեն՝ տեսնո՞ւմ եք, մենք ճիշտ ենք ասում, Զորի Բալայանը եկել է Արցախ, եւ նորից ընդհարում է։ Ապա՝ պարետ Սաֆոնովին եւ քարտուղար (Ադրբեջանի կոմկուսի) Պոլյանիչկոյին խիստ ձեռնտու է նման բախումը, որպեսզի հնարավորություն ունենան Արցախի հայերին «դաս տալու», դրանով իսկ վերադաս թուրքերի (Բաքվի) խրախուսանքին արժանանալու։ Հիշեցնեմ, որ Բաքվի հայտնի դեպքերի ժամանակ, երբ կազմակերպվեցին կառավարական մակարդակով հայերի ցեղասպանությունն ու տեղահանությունները, մեծ առաքելություն էր կատարում Պոլյանիչկոն։

Եվ որպես իրեն արդարացրած ղեկավար հայատյացության գործում, նրան վստահեցին ավելի կարեւոր գործ, ադրբեջանական բոլոր շրջաններից հայերին խորհրդային «ղեկավար» ձեռքով քշելուց հետո, լինել, այսպես կոչված, կազմկոմիտեի նախագահ Արցախում։ Ադրբեջանի կառավարության կամակատար ուժերը միաժամանակ ուզում էին որեւէ առիթ ունենալ՝ ցույց տալու թուրքերին, թե տեսեք, ձեզ վարձահատույց ենք լինում Արցախում մարդկանց կոտորելով... Այսքանից հետո, ինչպես Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կաֆարովան է ասում, մնում է իրենց` ադրբեջանցիների անելիքը։ Անելիքը՝ այսինքն Արցախը հայերից մաքրելը, որի համար ե՛ւ զորքն է պատրաստ, ե՛ւ զենքը, ե՛ւ ղեկավարությունը։ Ուրեմն, թուրքերի քաղաքականությունը սա է՝ որոշման անունը տալ, բայց անել միայն այն, ինչը իրենց ձեռնտու է։ Արցախի ժողովրդագրական քարտեզի շուտափույթ փոփոխման համար ծրագիր ունեն ադրբեջանցիները, որի մասին հատուկ նշում է Ադրբեջանի արդարադատության նախարար Ա.Ս. Օրուջեւը. աշխատանքների արդյունավետության ու արագացման համար հարկավոր է, բանակի զորքերի հետ, ԼՂԻՄ-ում ակտիվացնել եւ հանրապետության ներքին գործերի մինիստրության ուժերը (խոսքը ղաչաղների մասին է - Վ.Հ.)։

Եվ այսպես, ապրիլի 24-ից երկու օր հետո (Բաքվի պարագլուխների հետ հարցերը ճշտել էր պետք) հեռագրի մեջ նշածս մեր ընկերներին հրավիրում են կուսակցության մարզկոմի շենքում տեղադրված պարետատուն։ Հետաքրքիր է, չէ՞, կուսմարզկոմը՝ պարետատուն։ Ասենք՝ գրեթե յոթանասուն տարի այդ շենքը մեզ համար միշտ էլ այդպիսին է եղել, միայն պարետության ձեւերն են եղել տարբեր։ Հանցագործ տեղափոխող ներքին գործերի մեքենաներով (պատուհանները՝ սեւածածկ) մեր տղաներին (տղամարդավարի էր պահում իրեն եւ Ռոնա Բալայանը) մի քանի անգամ դես ու դեն (պարետակետեր) տանել-բերելուց հետո, նորից՝ նախկին մարզկոմի շենք են տանում։ Բնական է, առաջին բանը, որ անում ենք, այն է՝ մեր ժողովրդական պատգամավորներին տեղյակ ենք պահում կատարվածի մասին, ապա դիմում ենք պարետատուն, գրանցվում այնտեղ՝ որպեսզի պարզենք՝ ինչո՞ւ են անօրեն ձեւով բանտարկել մեր ընկերներին։ Որքան փորձում ենք հեռախոսազանգերով ինչ-որ բան իմանալ տղաների վիճակի մասին, ոչինչ չի ստացվում։ Մի կերպ ճեղքելով «զինվորական» զինված շղթաները, հայտնվում եմ պարետատան մուտքի մոտ։ Հանկարծ ականջիս են հասնում մարզկոմի աշխատողներից մեկի խոսքերը, որ նոր էր դուրս գալիս պարետատնից. «Վարդան, Վարդան... Մի գնա, գազազած են սրանք, ամեն ինչ կարող են անել»։ Եվ այդ պահին խիստ կարմրած, խիստ լարված, ասես երկար փնտրած թշնամու հանդիպած լինի, մի ավտոմատավոր խորհրդային զինվոր կտրում է ճամփաս՝ ե՛տ, ե՛տ։ Բայց դեպի ո՞ւր ետ, երբ մեր տղաները կալանված են ներսում։ Ցույց եմ տալիս փաստաթղթերս, պատի նման անհաղորդ է մնում։ Փորձում եմ վկայականս հանել, ավելի է լարվում ավտոմատավորը։ Քիչ առաջ ինձ ձայնողը հեռվից զգուշացնում է՝ ձեռքդ գրպանդ մի տար, կկրակի հանկարծ, կարծում է՝ զենք ես հանում...

Այդ ժամանակ երեւաց այն մարդը, ով գրանցել էր անունս պարետի տեղակալի հետ հանդիպման համար։ Նրա հետ եւ բացատրվում էի, եւ քայլում, գիտեի, որ երկու քայլից շենքի նախասրահում կլինեմ, իսկ այնտեղ պահակային զինվորներով շրջապատված են մեր տղաները, գոնե կտեսնեմ։ Այդպես էլ եղավ։ Մերոնց հետ («մերոնք» բառը լսել եմ դեռեւս մանկության տարիներին իմ տեսած պատերազմական ֆիլմերում) մի երկու խոսք եմ փոխանակում... Բայց պարզվում է՝ կալանավորների հետ խոսելն էլ արգելված է։ Ինձ ավտոմատի փողի տակ դուրս են հրավիրում, խոստանալով ապահովել իմ խնդրած հանդիպումը պարետի տեղակալի հետ, միայն թե՝ մեկ ժամ հետո...

Զանգում եմ Երեւան՝ գրողների միություն, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմ... Հեռագրեր ենք պատրաստում երկրի տարբեր հասցեներով... Իսկ գրողները, որոնք հավաքվել էին, որպեսզի մասնակցեն ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի հետ հանդիպմանը, զայրույթով լցված էին, հանդիպումը, հասկանալի է, չէր կարող լինել այլեւս, դեպքերի ընթացքը փոխվում է հանկարծակի... Չգիտեմ ինչպես է անցնում այդ լարված մեկ ժամը, մարզխորհրդի գործկոմի շենքից դուրս եմ գալիս, որ գնամ նշված հանդիպմանը՝ պարետի տեղակալի մոտ, հանկարծ... Ի՞նչ եմ տեսնում։ Սեւահայելի մեքենան, որ նախատեսված է վտանգավոր հանցագործների տեղափոխման համար, մարզկոմի շենք-պարետատնից ուղղություն է վերցնում դեպի հրապարակ։ Մեքենայի առաջ կանգնում ու ճանապարհը փակում են Հրաչյա Բեգլարյանի կինն ու որդի Գագիկ Բեգլարյանը, անընդհատ կանչելով. «Հա-յաս-տան», «Հա- յաս-տան»... Ամեն ինչ պարզ էր։ Մեքենայի մեջ են կալանվածները։ Մեկ վայրկյան եւս՝ եւ ես կանգնած եմ մեքենայի առաջ՝ կամ մեզ վրայով, կամ՝ ոչ մի տեղ։ Գրում եմ այս տողերը եւ, չգիտեմ, վառվում եմ ներսից։ Երեւի պահը ապրումի մեջ ավելի ազդեցիկ չի լինում, քան լինում է վերապրումի մեջ։ Ուրեմն, այդ պահին ինձ մոտենում է մի գնդապետ, կարգադրում՝ ազատել ճանապարհը, այլապես մեքենան կքշեն մեր վրայով։ Մնում ենք անդրդվելի, ես միաժամանակ Գագիկին խորհուրդ եմ տալիս, որ մորը մեքենայի առջեւից մի կողմ քաշի, ես ու ինքը կկանգնենք, մանավանդ մեզ մոտենում էին ուրիշ արցախցիներ։ Նման որոշման ինձ մղեց Հրաչյայի կնոջն ուղղված անզուսպ, նյարդային ձայնը, որ հնչում էր մեքենայի միջից։ Ոչինչ չէի հասկանում նրա արածներից, միայն զգում էի, որ անհանգստանում էր զավակի եւ կնոջ համար, որոնք անդրդվելի էին մնում... Ինձ մոտենում է գնդապետն ու բարձրաձայն դիտողություն անում՝ հասկանո՞ւմ եք, թե այդ որտեղ եք կանգնած, ի՞նչ եք անում...

Ես նրան փորձեցի բացատրել. իսկ Ձեր կարծիքով նման իրավիճակներում որտե՞ղ պետք է կանգնի արցախցի գրողը. եթե մեքենայում գտնվող կալանվածների մեջ չէ, ուրեմն պիտի լինի այդ մեքենայի ճանապարհին։ Կամ չեք անցնի, կամ կանցնենք մեր վրայով՝ ճչում էր Հրաչյայի տղան։ Ըստ երեւույթին մեր այս խոսքերը (երեւի նրանց մեջ էլ հասկացողներ լինում են մեկ-մեկ) որոշ չափով ազդեցին գնդապետի վրա, նա տոնը փոխեց, սկսեց ինձ բացատրել զինվորական ուժերի գործի կարեւորությունը մեծ հայրենիքի անվտանգության գործում եւ այլ հարցերի մասին... Մենք վիճում էինք ինքնամոռաց, ասում այն ամենը, ինչ պիտի ասվեր երեւի... Վեճի մեջ են մտնում արդեն մեր շուրջը հավաքված ստեփանակերտցիները, հրապարակը կամաց-կամաց լցվում է մարդկանցով, զինվորականները սկսում են տեղի տալ։ Մեքենան նորից ետ-ետ է գնում, կալանավորներին իջեցնում են պարետատան նախասրահում։ Իմ եւ տեղում անմիջապես հավաքված ընկերների հորդորները՝ ընկերներին ազատելու մասին, իզուր են անցնում։ Պարետատան աշխատողներին հարկավոր էր ընդհարում ստեղծել, հարկավոր էր աղմուկ հանել, հարկավոր էր Բաքվին ցույց տալ «պարետի հավատարմությունը», հարկավոր էր... Ահա թե ինչու մեր թախանձանքներին ուշադրություն չդարձրին, ինչքան էլ մենք ասացինք, որ իրենց այդ քայլով նորից են քրքրում առանց այդ էլ քրքրված մեր վերքերը, ժողովրդի վերքերը... Իսկ հիմա, մանավանդ, առիթը կա, որպեսզի արդբեջանական կառավարական վերնահարկի առաջ մոլորված խորհրդային զինվորը «մաշտի հուբաթ» պարի... Այդ պարը «կոմենդատուրան» չտեսնված լավ է կատարում։ Իսկ ո՞վ է ասել, թե լավ շաբաշը չի անդրադառնում պարի որակական կողմի վրա... Հիմա այդ պարը քաղաքական իմաստ էլ է ձեռք բերել։ Մարզի հեռուստատեսությունը չի գործում, իսկ ռադիոն գործում է միայն պարետերեն... եվ այդ պարետերեն գործող ռադիոն թուրքաշեշտ քարոզներով անընդհատ արցախցիներին հիշեցնում է՝ կամ «մաշտի հուբաթ» պարի մեջ մտեք, կամ ազատեք արցախյան հողը։ Պարետի ասելով` այդ հողը Մաշտի հուբաթինն է եղել... Այս մասին հիշեցումները դարձել են ավելի հաճախակի, չէ՞ որ ինչպես մարտի 20-ի «Իզվեստիայում» է գրված, Ղարաբաղին ժողովրդական օգնություն ցույց տալու համար ստեղծված ադրբեջանական կոմիտեն 1990 թվականը հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի տարի»։ Ուրեմն, ըստ նրանց, մեկ տարում Արցախը պիտի հայազերծել։ Եվ այդ նպատակով չէ՞ր, որ ուզում են փակել նաեւ մեր միակ թերթի՝ «Սովետական Ղարաբաղի» ճշմարտախոս բերանը, այդ նպատակով չէ՞ր, որ խմբագրի տեղակալին՝ Արկադի Ղուկասյանին, որի ամեն մի հոդվածը ռումբի պես էր պայթում թշնամիների գլխին, ռուսաստանյան բանտ նետեցին։

Այսինքն՝ շարժման նվիրյալների ջարդը նրանց առաջնային խնդիրներից մեկն է միշտ։ Տարբեր ժամանակներում բանտեր են նետել շարժման ակտիվ գործիչներ Ռազմիկ Պետրոսյանին ու Ռաշիդ Մանգասարյանին, Ռաֆիկ Գաբրիելյանին ու Համլետ Գրիգորյանին, Ռոլես Աղաջանյանին ու Ռուդիկ Աղաբեկյանին, հայրենասեր ու առյուծասիրտ շատ երեւելի տղաների՝ նրանց դեմ կիրառելով ամենաանմարդկային միջոցներ։ Իսկ Շուշիի շրջանից մեր ալեհեր ու տաղանդավոր բանաստեղծ Մովսես Յախշունցին կարողացանք ազատագրել կալանքից՝ շնորհիվ նրա, որ Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը գտնվելով Մոսկվայում (Լուկյանովի մոտ պիտի լինեին արցախյան հարցով ու եղան), Կրեմլի բաժիններից մեկից կապվեցին ինձ հետ, ու նրանց առավել թարմ դեպքերի մասին պատմելով, միաժամանակ խնդրեցի այս հարցով զբաղվել կոնկրետ։ Յախշունցին, հրաշալի մի մարդ ու գրող, համեմատաբար վաղ ազատեցին։ Դրանից ուղիղ մեկ օր հետո ազատեցին եւս մի քանի հոգու, այդ թվում էին եւ իմ հորեղբայր Մանվելն ու իր որդի Վաղարշակը, որոնց Շուշիում երկար ժամանակ ամենազարհուրելի տանջանքների էին ենթարկել։ Իսկ նրանց, որոնց տարել էին ռուսաստաններ, ազատեցին ամիսների տանջանքներից հետո։ Բայց մեկ է, ժողովրդին ընկճել նման ձեւերով, հնարավոր չէ։

Տեսնո՞ւմ եք, «եղբայր» կանչելով ինչեր են անում։ Մեր հակառակորդը միշտ էլ թարս նստած ձիով է ճանապարհ գնում։ Խնդրեմ, իր այդ «մուրազ-ձիերից» էլ բաժին է հանում անգամ պարետային զինվորներին։ Կարգը պահպանելու պատրվակով կարգը խախտում են, մանավանդ նման «բախումներ» ստեղծելու շնորհքով օժտված, նախկինում Աֆղանստանում փորձ ձեռք բերած եւ ծախու Պոլյանիչկոյին են ներքաշել տակտիկական-քաղաքական-զինավարժական խաղերի մեջ։ Արդյունքն այդ օրը եղավ այն, որ ժողովրդական զանգվածների վրա (մեծ, փոքր, կին, երեխա) կրակահերթ բացեցին պարետայինները... Նման տեսարաններ դուք տեսել եք, երեւի միայն պատերազմի տարիներին, ռազմի դաշտում... Բայց այնտեղ երեւի ամեն ինչ համեմատաբար հստակ էր՝ թշնամին թշնամի էր, բարեկամը՝ բարեկամ... Իսկ հիմա՞... Չորս հոգի ծանր վիրավորված հիվանդանոց տարվեցին... Ամեն մի կրակահերթից հետո զինվորականները Լենինի հուշարձանի ներքո միացնում էին ինչ-որ պարեղանակ... Պատկերացնո՞ւմ ես, հավատալդ գալի՞ս է։ Բայց փաստ է։ Նույն երեկոյան կալանեցին ամենատարբեր մարդկանց, երեխաների՝ որը դպրոցից էր գալիս, որը հաց էր տանում հիվանդի համար՝ հիվանդանոց, որը... Մարդկանց ուղղակի բռնում էին իրենց բակերից, տներից, այգիներից ու կալանքի տակ վերցնում։ Այն էլ՝ ինչպիսի՜ գազանություններով, ինչպիսի՜ լպիրշությամբ։ Դիտավորյալ անմեղ-անտեղյակ մարդկանց տանում էին, որ ժողովրդի ու նրա շարժումը ղեկավարող հայրենասերների միջեւ պառակտում գցեն... Արեւելյան դիվանագիտություն է։

Լսել եմ, որ խորհրդային զինվորների մայրերը հաճախ են բողոքում Արցախում գտնվող իրենց որդիների ճակատագրի համար։ Հասկանում ենք նրանց, բայց այստեղ` Ստփանակերտում, հաճախ է պատահում (օրինակ, այն պահին, երբ զինվորները կրակում էին մեր խաղաղ բնակչության վրա), որ ուզում ես ցանկացած զինվորից խլել զենքը ու... Հասկանո՞ւմ եք, սա շատ անմարդկային կլիներ, աններելի ու անթույլատրելի, սակայն ինչո՞ւ ծնողները չեն ուզում հասկացնել իրենց զինվոր որդիներին, որ նրանք չկրակեն մայրերի ու հայրերի, իրենց նման պատանիների վրա։ Չկրակեն խաղաղ մարդկանց վրա՝ ով էլ հրամայի։ Չէ՞ որ նրանք մարդ են, ի վերջո։ Արցախում մինչեւ այսօր էլ ոչ մի զինվոր հայ մարդու ձեռքով չի զոհվել, բայց Ադրբեջանում դրանց քանակը շատ ու շատ մեծ է։ Ադրբեջանցի ծայրահեղականները կոտորում են, բայց մեզ են զինաթափում։ Բաքվում սպանդ ու եղեռն են կազմակերպում, արտակարգ դրություն են մտցնում Արցախում։ Չեմ հասկանում։ Մի կողմից ասում են՝ դեմոկրատիա, արդարություն, խոսում են մարդկային վեհ գաղափարներից, ընդհուպ մինչեւ երիտասարդներին հումանիստորեն դաստիարակել, մյուս կողմից՝ զենքը դնում նույն այդ երիտասարդի ձեռքին ու ստիպում կրակել թբիլիսցու վրա, ստեփանակերտցու վրա, երեւանցու վրա։

Այսօրվա խորհրդային զինվորը, որ անտարբեր կրակում է ու մարդ սպանում, վաղը կյանք մտնելով, չի կարող լիարժեք մարդ լինել։ Նա, ով մեկ անգամ ձեռքը ողողում է անմեղ մարդու արյամբ, ամբողջ կյանքում կմնա հանցագործ։ Արցախը միշտ էլ հայկական է եղել ու կլինի։ Մենք ոչ մի ժողովրդի դեմ լինել չենք կարող։ Ինչո՞ւ չեն թողնում մենք մեզ համար խաղաղ ապրենք ու աշխատենք։ Ինչո՞ւ են ուզում անպայման մեր ժողովրդից մեզ կտրված պահել, անպայման ստրկացնել։ Դա ի՞նչ հոգեբանություն է, որ ադրբեջանցի պարագլուխները մտցնում են իրենց հասարակ ժողովրդի մեջ։

Ադրբեջանցի վերնահարկայինները հաճախակի են հիշեցնում իրենց թվական քանակի մասին։ Դրա լավագույն օրինակը Մ.Ս. Գորբաչովին Ադրբեջանի մի շարք կազմակերպությունների (որոնց անունները խիստ ինտերնացիոնալիստական են) հղած դիմումն է, ուր ուղղակի ասվում է, թե ինչու պիտի յոթ միլիոնանոց ադրբեջանական ժողովուրդը զոհասեղանին լինի հանուն ԼՂԻՄ-ի 140 հազարանոց բնակչության ամբիցիաների... Տեսնո՞ւմ եք, թե ինչ ոճով, ինչ մտածողությամբ, ինչ տրամաբանությամբ են ուզում հաղթել մեր «եղբայրները»... Ձգտում են անպայման հաղթել։ Ինչ անենք, թե Գորբաչովն ասել է, որ հաղթող չպիտի լինի։ Դա մեզ համար է ասել, ոչ նրանց։ Ասել է, չիմանալով, որ արցախահայությունը ոչ թե հաղթելու համար է պայքարում արյան մեջ, այլ ուզում է յոթանասուն տարիների պարտությունից մի կերպ դուրս գալ։ Կարծում եմ, սրանք միանգամայն տարբեր բաներ են։ Բայց դե, մենք էլ զարմանալի մարդիկ ենք, գիտենք, թե ով ինչ է ուզում, ինչպես է մտածում ու էլի զարմանում ենք... Մեր քաղաքականության մեջ այդպես էլ չկարողացանք հասկանալ. մենք անընդհատ ճշմարտությունն ենք շեշտում, ադրբեջանցի գրոհայինը այն, ինչը իրեն ձեռնտու է։ Իսկ նման դեպքերում արդարությունը զոհ է գնում միշտ, մանավանդ՝ թե դատապաշտպանն էլ իր շահերն ունի կամ, լավագույն դեպքում, երբ դեռ հեռուն չի տեսնում։

Մենք պիտի հենվենք մեզ վրա։ Մենք պիտի ուժ լինենք։ Սա է գլխավորն ու վճռորոշը։ Ուժ։ Մնացածը, թող ներվի, խոսքաբանություն է։ Ուժեղ լինելու համար գիտական հասուն միտք ունի մեր ժողովուրդը։ Թող գործադրի այդ միտքը պրակտիկայում։ Այլապես, ո՞վ է աշխարհում հաշվի նստել (խղճալուց, կողքից կարեկցելուց բացի) արդարություն պահանջողի հետ։ Ոչ միայն Ադրբեջանի, այսօր մեր ամբողջ երկրի մասսայական լրատվության միջոցները խեղաթյուրում են փաստերն ու դեպքերը, այդ ամենում էլ մեծ դեր ունի «Բակինսկի ռաբոչին»։ Թերթ, որը միշտ էլ եղել է ադրբեջանական ծայրահեղականների բաց ամբիոնը։ Այսինքն, «ինտերնացիոնալ» ամբիոնով են մեր «եղբայրները» միշտ իրենց ասելիքն ասում (դա դիվանագիտության փորձված ձեւն է նրանց), ինչպես հիմա խորհրդային բանակի ձեռքով են մեզ հետ իրենց սեւ գործը տեսնում։ Այո, այո։ Ռուս ժողովուրդն արդյո՞ք այս մասին չգիտե, չի իմանում ճշմարտությունը։ Մեր սիրելի Միխայիլ Դուդինի ժողովուրդը չգիտե Արցախի մասին ամբողջը։ Պոլյանիչկոն ուժեղ է դուրս գալիս Դուդինից, որովհետեւ վերջինիս ձեռքին, ուղղակի իմաստով, չկա զինվորական այն պարետությունը, որը ծառայում է Պոլյանիչկոյին ու նրա նմաններին։ Ահա թե ինչու արցախյան ողբերգությունը միայն մերը չէ... նաեւ Դուդինինն է ու նրա ժողովրդինը։ Դա ավելի հստակ կերեւա վաղը։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Մենք կարող ենք ավելի միաբան լինել։ Շատ կուսակցություններ ստեղծելը մեր օգտին չէ։ Ինքներս մեզ չմասնատենք, առանց այն էլ մեզ պատառ-պատառ անողները թիվ-համար չունեն։ Մեր մեծ ցավի մեջ անբարոյականություն են ուղղակի պաշտոնասիրությունն ու փառասիրությունը։ Բառեր չեմ գտնում նողկանքս նման բաների նկատմամբ արտահայտելու համար։ Շենքը վառվում է, իսկ վերին հարկերում սենյակներ են կռվով բաժանում իրենց միջեւ։ Աստված հեռու պահի ժողովրդին նման հայրենասերներից։ Կամ՝ ընտրական արշավը, որ ծավալվել է Հայաստանով մեկ։ Ինձ սարսափեցնում է նախընտրական այն «պայքարը», որտեղ, իմ կարծիքով, ոչ թե լավ, այլեւ շատ հաճախ վատագույն հատկանիշներ են դրսեւորում ծանր օրերի հայոց խորհրդարանին ամենեւին էլ ոչ արժանի մի շարք «դելեցներ»։ Չլինի՞ թե մենք եւս մեզ խանգարենք։ Այսօր, երբ կենդանի-կենդանի մարդկանց վառում են, արյունը թափում, գողանում, առանձին ընկերներ ավելի շատ մտածում են ոչ թե ելքից դուրս գալու ուղիների, այլ իրենց ապահովագրության մասին՝ պատգամավորական մանդատներով։ Որ ի՞նչ։ Անմիջապես աչքիս առաջ կանգնում է վերջերս հայրենադարձված Փանջունին՝ Օտյանի նշանավոր հերոսը, որն այնքան տենդագին իրեն փրկում-պահպանում էր հանուն... ազգի։ Ես գտնում եմ (եւ շատ-շատերը), որ պատգամավորական մանդատը, դա հենց կռվի առաջին գիծ մեկնելու կանչաթուղթ պետք է դիտվի։ Մեզ հիմա առաջնորդում է միայն մի գաղափար՝ Արցախյան պրոբլեմի լուծման գաղափարը։ Եվ որքան անբաժան ու միասնական համախմբվենք այս գաղափարի շուրջ, ուղեկցվող վրիպումներն այնքան տեղ չեն ունենա։

Այս ամենից չի՞ երեւում, արդյոք, որ մեր դեմ գործողները միշտ անվրեպ են դուրս գալիս։ Գործողություններում մեր ճշգրիտ չլինելը խոցելի է դարձնում մեզ կրկնակի։ Մի ուրիշ դեպք։ «Բակրաբոչի» թերթում (եթե կարելի է թերթ կոչել դա) խոսվում է մեր մարզի Կիրով գյուղում կատարված զինաթափության մասին։ Փաստերի ինչպիսի՜ միակողմանիություն, ինչպիսի՜ խեղաթյուրումներ։ Այդ «զինաթափությունը» ավելի շատ նման է ժողովրդական ունեցվածքի թալանի, որը կազմակերպել էին պարետայինները։ Ի դեպ, գյուղացիներից խլվել են ոչ միայն դժվար գտնվող սնունդն ու հագուստեղենը, այլեւ մեծ թվով գրքեր։ Այո, այո, վտանգավոր զենքի անվան տակ բնակիչներից բռնագրավվել են նաեւ հայերեն նոր հրատարակված «Աստվածաշնչի» ստվարածավալ ու խաչազարդ օրինակները։

Հիմա մեր վիճակն անասելի ծանր է։ Անասելի դժվար է։ Բայց ուրախալին այն է, որ ժողովուրդը պինդ է կանգնած, ամուր ու աներեր է հինավուրց հայկական այս փոքրիկ հողակտորի վրա։ Վերջերս «Բակրաբոչի» թերթում տպագրված պատմական խեղաթյուրումներին ավելացավ մեկը եւս «Ձեռագիր՝ գտնված... արխիվում» վերնագրով։ Եվ, գիտե՞ք, խոսքը ինչ ձեռագրի մասին է՝ մեր Եսայի Հասան Ջալալյանի «Ալբանյան երկրի համառոտ պատմություն» գրքի։ Ադրբեջաներեն լեզվով Բաքվում հրատարակել են (աղավաղումների ու խեղաթյուրումների մասին կարող եք պատկերացնել) եւ զարմանում են. «Ինչո՞ւ 1949թ. թարգմանությունն այս անգին աղբյուրի ընկած դեղնել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ N 2009 թղթապանակում։ Ինչո՞ւ մինչեւ այսօր այն չի թարգմանվել ադրբեջաներեն։ Պարադոքս»։ Ուզում ես այս կեղծ ու փուչ տողերի հեղինակին ասել՝ պարադոքսը նրանում է, որ դուք չէիք կարող հրատարակել հայ պատմաբանի լավ գիրքը, որը ադրբեջանական խեղաթյուրումների ու վայ պատմաբանների կարծիքների հերքում է հանդիսանում։ Սակայն այսօր ուրիշ է, վերակառուցում է ադրբեջանական պատմության մեջ, այսինքն՝ ոչ թե միայն խեղաթյուրելու, այլեւ փաստերը գլխիվայր շրջելու ժամանակ է սկսվել, անարգել ինչ ուզում են՝ անում են, ասա՝ Եսայի Հասան Ջալալյանը թուրք է, ձեռքդ բռնողն ո՞վ է, մանավանդ՝ երբ Կենտրոնն էլ է ճանաչել «ադրբեջանական գործոնի» ուժը։ Եվ Շուշին էն գլխից թուրքական քաղաք համարողները չեն մոռանում այդ նույն հոդվածում (իրենցից անկախ) խոստանալ, որ Ջալալյանի այդ գիրքը դեռեւս 1839 թվականին հայերեն տպագրվել է Շուշիում։ Հոդվածի հեղինակը՝ Զումբրուդ Կուլիզադեն, իր հոգեւոր հայրերից մի քայլ առաջ է անցնում պատմական խեղաթյուրումների ու կեղծումների մեջ։ Դեհ, հասկանալի է բոլոր այս «զումբրուդների» նպատակը։ Սակայն ի՞նչ կարող ես ասել նմաններին, որոնք յուրացնելով ուրիշ ժողովուրդների ոչ միայն պատմությունը, այլեւ պատմագիրներին, անտեսում են անգամ համաշխարհային պատմագիտության խոսքն ու գնահատանքը։ Ինչպես ասում են՝ դա ջայլամային քաղաքականություն է. գլուխը թաքցնում են թեւի տակ եւ կարծում են, թե թաքնված են, իրենց տեսնող չկա։ Ասենք, զարմանալի այստեղ ոչինչ էլ չկա. վայ գիտնականը աղվեսի, օձի եւ նման այլ կենդանիների ու սողունների քաղաքականությունը բանեցնելուց հետո ինչո՞ւ պիտի բացառի ջայլամինը, մանավանդ, երբ խոսքը այնքան ճկուն արեւելյան դիվանագիտության մասին է։

Եվ պիտի ասել, որ ադրբեջանական կառավարության ենթակայության տակ գտնվող զինվորական ուժերը, փաստորեն, թուրքական քաղաքականության համալսարանի ուշիմ սովորողներ են այսօր։ Ակտիվ, գործարար սովորողներ։ Մանավանդ իմացել են, թե մեր ժողովուրդը ինչով է անհաղթելի, այդտեղից էլ բռնում են. երկու տարուց ավելի է` մարզում արգելված են համերգներն ու թատերական ներկայացումները, կինոն ու կուլտուրան, մյուս բոլոր միջոցառումները։ Հատուկ ծրագրված գրոհ է մեր հոգեւորի վրա։ Մեզ ուղղված հրացանն այնքան վտանգավոր չէ, որքան սա։ Մի քանի ամիս է՝ չենք կարողանում հնարավորություն ստեղծել, որ Մոսկվայից ցանկացող գրողները (իսկ այդպիսիները շատ են) այցելեն Արցախ։ Ցանկանում են այցելել, բայց... Այս մի քանի օրը պետք է խմբով Արցախ վերադառնա վերահսկող հանձնաժողովի նախագահ Վ.Կ. Ֆոտեեւը։ Ասում եմ՝ վերադառնա, որովհետեւ մի քանի օր առաջ այստեղ էր։ Ի դեպ, նա ներկա եղավ ապրիլի 26-ի պատմածս դեպքերին։ Հանդիպումներ ունեցավ Ստեփանակերտի ակտիվի, միլիցիայի մարզային աշխատողների, Ասկերանի շրջանի աշխատավորների հետ։ Ամենուրեք էլ նրան ուղղված պահանջն այս էր. Արցախը Հայաստանից բռնի ձեւով անջատված նրա մի մասն է։ Ազատություն։ Մեր ժողովուրդը սթափ է՝ ավելի քան երբեւէ, իմաստուն է, համառ ու աննկուն։ Եվ այնքան միամիտ չենք, որ կարողանանք նորից խաբվել։ Չմոռանամ ասել՝ Ֆոտեեւը ինչ-որ չափով կարողացավ միջամտել, մեր գրողներից մի քանիսի նկատմամբ կիրառված կալանքի ձեւերը փոխարինվեցին տնայինով։ Գոհ ենք, մեր գրող ախպերները, մեր պատժվող արցախցիներն ամեն պարագայում էլ վեհ են ու անդրդվելի։

Ադրբեջանի ծայրահեղականները նորից «բարեկամության» քարոզներով են առաջ շարժվում։ Արցախն ուզում է իրենը դարձնել վերջնականապես ու մեզ ձեռք մեկնել... Ինչ ասեմ, ես երբեք չեմ հավատացել ու չեմ հավատա նման «եղբայրների» բարեկամական խոսքերին, որոնցից մարդ փշաքաղվում է ուղղակի։ Նրանք շատ են նենգ ու ստոր, անընդհատ թունավորում են եւ իրենց հասարակ ժողովրդին, եւ մյուսներին։ Այս խոսքի վրա ուզում եմ մի օրինակ բերել նույն «Բակրաբոչի» թերթից (N 85, 1990թ)։ Ուրեմն, թերթի առաջին էջում տպագրված է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագիրը վրաց ժողովրդի մեծ զավակ Օրջոնիկիձեի շրջանը Սուրախանի վերանվանելու մասին, երրորդ էջում վրաց ժողովրդին բարեկամական սարեր խոստացող թղթակցությունն է՝ «Վրաստան, մենք քեզ հետ ենք» կարգախոսի ոգով։ Օրջոնիկիձեն վրացի է, որի համար էլ արդեն հնացել է Բաքվի համար, իսկ Սուրախանի անունն իրենցն է ու իրենցը։ Միտումը պարզ է, բացատրություններն այստեղ ավելորդ են։

Դեռ վերակառուցման մասին խոսք չէր եղել, երբ ալիեւները սկսեցին բարձր տեմպերով վերակառուցվել բրեժնեւյան «Լայն քայլերով է քայլում Ադրբեջանը» կարգախոսի տակ։ Այնքան լայն, որ մեկ-երկու տարում հասցրին Բաքվի կենտրոնում հայ հին նավթահանքատերերի կառուցած շենքերի արտաքինը երեսպատել, քերել հայկական տառերը, նախշերը, թուրքական մեզարով ծածկել։ Եվ այսօր մեր երկրի բարձրագույն ատյաններում ընդունված որոշումներն էլ ալիեւների համար հարաբերական են՝ ձեռնտու է իրենց, դրոշ են դարձնում, ձեռնտու չէ՝ գովում են, բայց հակառակն անում։ Մոսկվայում անընդհատ ասում են՝ իշխանությունը խորհուրդներինն է։ Սուտ չէ՞։ Այդպիսի բան կա՞։ Իմ կաշվի վրա եմ զգում, թե դա ինչպիսի շինծու քարոզ է։ Եթե այդպես լիներ, ապա 1988թ. մարզային նստաշրջան ենք հրավիրել, որոշում կայացրել, մինչեւ այսօր մի կարգին պատասխան կլիներ գոնե։ Երեկ անգլիացին էր մեր ձեռքը բռնում, Շուշին մեզնից առնում, տալիս թուրքերին։ Իսկ այսօր... Բավական է։ Ես դեմ չեմ, որ մենք գոյատեւել ենք թրի դեմ նաեւ գրիչ հանելով, բայց այժմ ուրիշ է դարի պահանջը, եւ ամենեւին էլ չի խանգարի, որ թուր հանվի թրի դեմ։ Եթե ուզում ենք լինել, պիտի լինենք։ Իսկ լինելու միակ պայմանը (երեկ, այսօր, վաղը եւ միշտ) դա ուժն է։ Ուժեղ ենք՝ հաշվի կնստեն մեզ հետ, ուժեղ չենք՝ ինչ էլ անենք (նույնիսկ եթե Գերագույն խորհրդի նիստից դուրս գանք հրապարակայնորեն, ինչպես դուք արեցիք), ոչնչի չենք հասնի։

Մի քանի շաբաթ առաջ էլ մենք՝ արցախցի պատգամավորներս, նստաշրջան հրավիրեցինք։ Օրինավոր ձեւով։ Ամեն ինչ՝ տեղը տեղին։ Տեսնեիք, թե ինչպես էին այդ օրը քաղաքի բոլոր դահլիճները կողպեքի տակ առնվել պարետատան կողմից, զինվորականները ո՜նց էին կրակի պատրաստ, լարված ավտոմատները կրծքներին սեղմած, երկու-երեք շարքերով շրջապատել կուսակցության մարզկոմի շենքը... Լսել էին, որ պիտի նստաշրջան անցկացնենք, դրա համար ամեն ինչի գնում էին, որ արգելեն։ Հասկանո՞ւմ եք, արգելում են, որ մարզում իրենց խորհրդային իշխանությունը վերականգնվի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե վերականգնվի մարզխորհրդի գործկոմը, պիտի պարետությունը մարզխոհրդի գործկոմին ենթարկվի, այսինքն՝ տեղական իշխանությանը։ Իսկ նրանց ձեռնտու է՝ ենթարկվել Բաքվի իշխանությանն ու, այսպես կոչված, կազմբյուրոյին։ Չէ՞ որ նման ենթակայությունը լայն հնարավորություններ է ընձեռում մարզը քարուքանդ անելու, ժողովրդին համբերությունից հանելու, թուրքերով երկրամասը բնակեցնելու եւ նման, մեղմ ասած, հանցավոր գործողությունների համար։ Ու այս արտակարգ դրություն կոչվածի արտակարգությունը կայանում է նրանում, որ ոչ մի օրենք չի ճանաչում, բացի դեսպոտիզմից, բացի զինվորական դիկտատուրայից։ Ամոթ, հազար ամոթ՝ եթե սա է մեր բանակի կարմիրը։ Երեւի ամոթի կարմիր է։

Այս խոսքերի համար, ներող եղեք, գիտեմ, որ Դուք եղել եք զինվոր ու դժվարին պատերազմական ուղի եք անցել, այսօր էլ մեծ տերության պառլամենտի անդամ եք... Արցախցիները նման ուղի անցել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի պես, որի հուշարձանը Շուշիում ջարդել են։ Իսկ Մարշալ Բաղրամյա՞նը... Այս ամենը գոնե հիմա մեզ համար դաս կլինի՞, թե չէ։ Էլի կսխալվե՞նք։ Ախր Անդրանիկ, Չարենց, Մխիթար Սպարապետ տվող ժողովուրդն իրավունք ունի՞ էլի վրիպելու։ Ղարս ու Վան, Սիս ու Մասիս կորցրած, Արցախը դառը ճակատագրի երախում տեսնող ժողովուրդն իրավունք ունի՞ էլի սխալվելու։ Մեզ կիսել են «բարեկամություն» խաղալով, ժպտալով, մեզ գովելով՝ պատառ-պատառ են արել, իսկ մենք մեր ցավը կուլ տալով՝ էլի հավատացել ենք։

Մոսկվայի ականջները, այս էլ յոթանասուն տարի է, խուլ են մեր արդար ձայնի համար։ Բոլորի սխալները բարդել ենք Ստալինի վրա՝ կարծես նրա սխալները քիչ են։ Եթե Լենինի կենդանության օրոք Ստալինը մեր մարզը 1921թ. կամայականորեն հանձնել է Ադրբեջանին, ինչո՞ւ Լենինը լռել է լենինյան իր դիրքերում։ Ասում ենք՝ հիվանդությունները, զբաղվածությունը եւ այլն դեր են խաղացել։ Բայց նրա աչքի առաջ նման սրբապղծություն է կատարվել մի ամբողջ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Ժողովուրդ, որի լավագույն զավակներից մեկը՝ Վ. Տերյանը, հենց նման վարմունքներից խորը հիասթափության մեջ քարեքար ընկավ ու մահացավ ճանապարհին։ Դա աքսոր չէր` ի՞նչ էր։ Կարծում եմ, ժամանակն է, որպեսզի եզրակացություն անենք, թե ինչու Թուրքիայի համալսարաններն էին, որ 1918թ. Վ.Ի. Լենինին ներկայացնում էին Նոբելյան մրցանակի։ Շատ ենք միամիտ։ Շատ ենք հավատավոր։ Էսպես որ գնանք՝ մեր հողերը ձեռքից տալով, զոհվելով (ավելի շատ՝ սպանվելով), մեր վերջն ի՞նչ է լինելու։ Մանկությունից մի երգ գիտեմ, որն ավելի քան ճիշտ դուրս եկավ մանկության տարիների մնացած բոլոր սովորածներիցս. «Այսքան ուրախ կյանքը մեր Լենին պապիկն է տվել»։ Ժամանակի տնազ։ Այն էլ՝ ինչպիսի՜...

Ուրեմն՝ փառք ու հազար փառք մեր հայկյան ոգուն, որ այդպիսի ընթացք տվեց արցախյան համազգային շարժմանը։ Արթուն էինք, ավելի, կրկնակի, բազմակի արթնացանք։ Գուցե ինձ մեղադրեք, բայց չեմ կարող չասել, մեր հերոսների արձանների ձեռքից պիտի սուրը վերցնենք ինքներս, բավական է, որքան հուշարձաններ կերտեցինք սրերով։ Մեզ դա հարկավոր է խաղաղությունը պաշտպանելու համար, ոչ թե հարձակվելու, դուք դա ինձնից հարյուր անգամ լավ գիտեք։ Ժողովուրդ ենք հին ու հնագույն, ուրեմն՝ պիտի մեզ պահելը լավ իմանանք։ Իմ համբերությունը արդեն սպառվել է։ Իմ տանը, իմ դռանը, իմ փողոցում, իմ հողում գալիս են ու կրակում են ինձ վրա... Ո՞նց հանդուրժել։ Ո՞նց ներել։ Մենք մա՞րդ չենք, մենք սիրտ չունե՞նք, մենք երեխա ու ծնո՞ղ չունենք։ Լռում ենք, թե՝ մենք քաղաքակրթված ենք, մենք... Այո, քաղաքակրթված ենք, բայց ոչ նրա համար, որ մեր քաղաքակրթությունը մեզ համար սուր դառնա ու մեր փորը խառնի։ Պիտի զենք առնել, երբ մտնում են տունդ, թե՝ պիտի սպանենք...

Ինչ ասեմ, երեւի շատ երկարացրի։ Շուտ անեմ, վերջացնեմ խոսքս։ Բայց մի բան էլ ասեմ՝ հետո։ Երեկ Բաքվի հեռուստատեսությամբ լսեցի Մութալիբովի (Ադրբեջանի նոր թափ վերցնող Ալիեւի) ճառը, որը «հագեցած» էր, ի՞նչ եք կարծում՝ «բարեկամությամբ», նույնիսկ հայ ժողովրդի անունը տվեց։ Իսկ սրանից մեկ-երկու ամիս առաջ, Բաքվի հունվարյան դեպքերից հետո, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմում հատուկ հարց էր քննարկվել... Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ հարց։ Ոչ ավել, ոչ պակաս՝ հանրապետությունում փոքր ժողովուրդների ծաղկման հարցը։ Թարս նալած ձիու առակը չեմ մոռանում։ Իսկ մի երկու շաբաթ առաջ Ստեփանակերտի ամեն մի փողոցում, զինվորական հրասայլերից շատ բարձր հնչում էին (կարծես այնքան բարձր, որ Բաքվում ղեկավարները լսեն, թե Պոլյանիչկոն ինչ հավատարմությամբ է ծառայում) Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ. ապրիլի 21-ի որոշումները՝ Ստեփանակերտի քթի տակ տնկված Խոջալուն քաղաք դարձնելու եւ մարզի ադրբեջանաբնակ գյուղերում գյուղական խորհուրդներ ստեղծելու, ադմինիստրատիվ-տերիտորիալ փոփոխություններ կատարելու, թուրքական գյուղերում ծրագրված մեծ շինարարարություններ իրականացնելու մասին։ Իսկ մենք իրավունք չունենք պարետային այս մղձավանջի, մոսկովյան այս չեզոք-ոչ չեզոք լռության, ադրբեջանական կառավարության ընդգծված այս գրոհայնության շրջանում կոնկրետ չլինել։ Չթողնել եւ վերջ։ Ինչ գնով էլ լինի, ինչպես էլ լինի։ Չէ՞ որ մարզխորհուրդ չճանաչելու ադրբեջանական վարիացիայի տակ հենց մարզի դեմոգրաֆիական դեմքը փոխելն է։ Դեռ միամիտներս այս ամենի մասին բացատրում ենք Մոսկվային, թե՝ տեսեք-տեսեք, թուրքերն արհեստականորեն իրենցով բնակեցնում են մարզը, որ դրանով իսկ լուծված համարեն ղարաբաղյան պրոբլեմը։ Կարծում եմ, կոմունիստական Մոսկվայի քաղաքականությունը այնպիսին է, որ այդ լուրը աչքալուսանքի տեղ է ընդունում։ Այդպես չլիներ, այսպես չէր լինի այսօր Արցախի վիճակը։ Այդպես չէր լինի Արցախին կպած, Արցախի վրա (նորից նայեք քարտեզին, խնդրում եմ) գեղեցիկ թագի պես փայլող, արցունքի ու արյան մեջ գտնվող Շահումյանի ու Գետաշենի վիճակը։

Վերջացրի։ Պատուհանից ձայներ, աղմուկ է լսվում։ Գնամ։ Գնամ՝ ձուլվեմ այդ ձայներին։ Արցախի հողից բարձրացող, Ավարայրի դաշտից ու Սարդարապատից եկող այդ ձայները մեծ, անսխալ խորհուրդ ունեն, որ ապրում է ժողովրդի մեջ։ Գնամ։ Երբ շատ եմ տխրում, ժողովրդի մեջ տխրությունս դառնում է ցասում, դառնում է վրեժ, դառնում է համառություն ու նպատակ։ Եվ ես ավելի, ավելի խորն եմ սիրում իմ տանջված, չարչարված, բայց աշխարհում իր նմանը չունեցող, անկրկնելի, Մայր Հայաստանից սրով զատված ու ընդմիշտ նրան միացած փոքրիկ Արցախը։ Մխիթար Սպարապետը Շուշվա սարին սպասում է, հենց որ նշան անենք՝ կգա... Ձիու ոտնաձայները լսում ենք՝ ինչքան էլ պարետային զինվորներն իրենց կրակոցներով ժխոր հանեն...

Ինչ էլ որ լինի ՝ մենք լինելու ենք։

Այսքանը։

Մնամ՝ միշտ Ձեր Վարդան։

06.05.90թ.

ք. Ստեփանակերտ