Փափուկ ձմեռ է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երբ քեզ մոտ չեմ)

Վարդան Հակոբյան

Իմ կանաչ առու
***

Երբ քեզ մոտ չեմ ես,
Դու սովորական աղջիկ ես դառնում:
Եվ քո կրծքի տակ բաբախող ինչ որ
               հուշի զարկերից
Կամ պատահաբար գուցե, ով գիտե,
Հենց այնպես, հանկարծ
Միտդ եմ ընկնում,
Մի պահ կանգնում ես ինքդ քո առաջ:
Ու քո աչքերը նման պահերին
բառեր չեն գտնում
Իմ կարոտները երգելու համար:
Դեհ, իրավն ասա, այդպես չի՞ լինում:

Երբ քեզ մոտ չեմ ես,
Դու սովորական աղջիկ ես դառնում:
Եվ նույնիսկ չես էլ կարող մտածել,
Որ երկնով անցնող աղավնիներից
Մեկը դու ես հենց
Ու իմն ես դարձնում թեւերը նրանց: -
Երկինքը ունեմ:
Հետո տխրում ես, ոչ թե ինձ համար,
                 պարզապես այնպես.
Դու էլ չգիտես, թե ինչպես քեզնից
Չվում, թառում ես երազի ճյուղին:
Դեհ, իրավն ասա, այդպես չի՞ լինում:

Երբ քեզ մոտ չեմ ես,
Դու սովորական աղջիկ ես դառնում:
Եվ հեքիաթի պես, ուրիշ էլ՝ ինչի,
Շարունակում է աշխարհը մնալ
Այն բառերի մեջ,
Որոնք երեւի ես եմ քեզ ասել:
Ապա փորձում ես ինքդ քեզ կրկնել
Խոսքերն այն բոլոր,
Որ քեզ ասում եմ հիմա, առանց քեզ:
Ու նեղանում ես՝ չգիտես ումից,
Ու դու չես ներում՝ չգիտես, թե ում:
Դեհ, իրավն ասա, այդպես չի՞ լինում: