Երկու սոնետ Արփիկի հիշատակին

Блажен, кто посетил сей мир
В его минуты роковые.

Ф. ТЮТЧЕВ

I

Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,
Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,
Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել։

Ահա կրկին իմ դեմ ծաղիկներ ու կյանքեր՝
Քո գարունքին բացված ծաղիկների նման,
Կրկի՛ն ճիգեր անդուլ, անօրինակ ջանքեր՝
Մարդկային կյանքը մեր կառուցելու համար։—

Մշտահոլով, աննինջ, հավերժորեն հոսուն,
Օվկիանի անխոնջ ալիքների պես վեհ՝
Աղմկում է ահա հուզումների լեզուն։—

Եվ ինձ տալիս է թափ ու պայքարի թևեր
Այս առօրյան կրկին, որ եռանդից եռում
Ու մղում է դեպի անեզրական հեռուն։—

II

Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում,
Որ բյուրավոր մարդկանց խանդաղանքով[1] ահա՛
Բարձրացել է որպես հաղթանակի վահան,
Մի վիթխարի մարդու այգանման անուն։—

Սեր սրտերում անդուռ մի ափսոսանք պահած՝
Մի օր ճամփա դրինք նրա դագաղը մենք,—
Եվ քարացել էին, ինչպես ռազմի պահակ,
Ճանապարհին՝ անթի՛վ բազմություններ։—

Դա թաղում չէ՛ր, ընկե՛ր, այլ շառաչուն մի այգ,
Որ բացվում էր այս հին մոլորակի վրա,—
Եվ ողջունում էինք մենք այգաբացը այդ։—

Եվ հառնելով արդեն կերպարանքը նրա
Հուրհուրում էր գալիք հրդեհների հրով՝
Արնանման, ինչպես հաղթանակի դրոշ...


  1. խանդաղանք, խանդաղատանք — քնքշություն` գորովանքի զգացմունք, գորով, սեր, գութ: