Նրանք ասում են, որ դու անցել
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս - կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
- Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․
- Վերադարձի՛ր, օ, մենք քեզ կտանք
Թե՛ սեր, թե՛ հուրեր, թե՛ խնդություն․
Ինչպես սիրած մի թափառական
Դու կրկի՛ն, կրկի՛ն կմտնես տուն․․․
Կգգվի դեմքիդ քամի մի զով,

Օրերի շունչը, արդեն հնչե՜ղ,
Կլցնի հոգիդ անհուն հույզով -
Ու նո՜ր, նո՜ր երգեր կներշնչե․․․
- Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․
- Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր -
Անցան թափորներ արևավոր
Ու նոր բյուրավոր դռներ բացին․․․
Այն երկրում, ուր դու մի օր լացիր
Ու մորմոքացիր այն սեւ բոցում -
Ահա գարուններ արեւածին
Ու շռինդ, ու վառք, ու կառուցում․․․

- Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր․․․


1928