Ռեքվիեմ (Վարդան Հակոբյան)

ՌԵՔՎԻԵՄ


Քարերի միջից ելնում են վարդեր՝
որպես ճչացող ձայն մանուկների։
Քարերի միջից ելնում են վարդեր՝
որպես ճչացող ձայն մամիկների։
Քարերի միջից ելնում են վարդեր՝
որպես շուրթերում մամլված երգեր։
Քարերի միջից ելնում են վարդեր՝
որպես «սիրում եմ», «իմ լավ, իմ արեւ»։
Քարերի միջից ելնում են վարդեր՝
որպես «Բարի լույս» ու «Աստված վկա»։
Քարերի միջից ելնում են վարդեր՝
որպես մեկմեկու որոնող ձեռքեր։
Քարերի միջից ելնում են վարդեր՝
Պետրոս Դուրյանը փնջում է, ահա,
քարերի միջից ելնում են վարդեր,
այն ո՞վ է երգում «քելեր ու ցոլեր»,
քարերի միջից ելնում են վարդեր,
ես վարդերը իմ կրծքին եմ սեղմում,
քարերի միջից ելնում են վարդեր,
պատարագում է Վարդապետը մեր,
քարերի միջից ելնում են վարդեր,
Սեւակի քունքին սպին էլ վարդ է,
քարերի միջից ելնում են վարդեր,
եւ այդ վարդերը որդան կարմի՜ր են,
քարերի միջից ելնում են վարդեր,
մեր Սպարապետն էլ Կարմի՜ր է, կարմի՜ր,
քարերի միջից ելնում են վարդեր,
ու մեր Չարենցը Կարմիր է, կարմիր,
Քարերի միջից ելնում են վարդեր,
ու մեր Շիրազը Կարմիր է, կարմի՜ր։
Քարերի միջից ելնում են վարդեր,
ու կրծքին սեղմած կարմիրը հայոց,
պարում է, պարում Կոմիտասը մեր
ու Վարուժանը, Մեծարե՜նցը մեր,
մի ողջ ժողովուրդ՝ խելագար ու խենթ...
Քարերի միջից ելնում են վարդեր,
ու ճա՛ք են տալիս քարերը այնպես,
ու ճա՛ք են տալիս ժայռերը այնպես,
ու ճա՛ք են տալիս վանքերը այնպես,
ու ճաքճքո՛ւմ է աշխարհը այնպես,
որ ամեն մի քար դառնում է... խաչքա՜ր,
ու չե՛ն հերիքում քարերը հայոց...
Քարերի միջից ելնում են վարդեր...
իմ կարմի՜ր վարդեր,
               իմ որդա՜ն վարդեր...