բնագիր
Իլթիմազըս է՛ս է, ջա՛նում

Իլթիմազըս է՛ս է, ջա՛նում,
Օրըս հիդըդ կէս է, ջա՛նում,
Էշխըն է՛ստու պէս է, ջա՛նում,
Ջա՛նում, ջան իս,
Աննըման իս.
Աշխարհս ուս ու տես է, ջա՛նում:

Ուս ու տես արա՛, իմա՛ցի.
Մըտի՛կ արա աղ ու հացի.
Թաք իղրարին դըրո՛ւստ կացի.
Կա՛ց իղրարին,
Ահլի շարին.
Յիփ միռանիմ, վըրէս լա՛ցի:

Լացիս, աչքըդ զայի անիս,
Դաստա ռեհան փայի անիս,
Արտասունքըդ չայի անիս.
Չայու ջուր իս,
Խիստ տըխուր իս.
Ադալաթըդ շահի անիս:

Շահի զուրիաթ դաբաղըն
Չի հարցընի դուգուն-դաղըն.
Վա~յ թէ էլ չըխօսիս վաղըն,
Վաղըն գուքամ,
Նըստիմ ու լամ,
Ասիմ բարիթավուր խաղըն:

Խաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Դաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Բաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Գլուխըդ փիանդազ իս անում,
եա՛ր, ա~ման:



Էսպէս լաւ բարիթավուր-եարանա: Արութինի ասած: Էսպէս լաւ բարիթավուր-եարանա, վուր (ինչ) աշուղ օղլանի հիդ պատահելու է, դիփ սրա մէջ է գրած:

թարգմանություն
Աղաչանքս է՛ս է, հո՛գիս

Աղաչանքս է՛ս է, հո՛գիս,
Օրս հետդ կես է, հո՛գիս,
Սերն ա՛յ էսպես է, հո՛գիս
Հո՛գիս ջան ես
Աննման ես,
Կյանքը ուսման տեղ է, հո՛գիս:

Ուսում ա՛րա ու իմացիր,
Հա՛յացք գցիր աղ ու հացի,
Խոստումիդ գեթ դու տե՛ր կա՛ցի
Կա՛ց խոստումին,
Փորձված կարգին,
Երբ կմեռնեմ, վրաս լա՛ցի:

Լացես աչքերդ բորբոքես,
Փնջով ռեհանը ոռոգես,
Արտասուքդ հորդ գետ անես,
Գետի ջուր ես,
Խիստ տխուր ես,
Շահի պես դու դատ անես:

Շահի զարմի հոգեհանը
Չի՛ հարցնի խոց-խարանը,
Գուցե էլ չխոսես վաղը,
Վաղը կգամ,
Նստեմ ու լամ,
Ասեմ բարիթավուր[1] խաղը:

Խաղ ես եղել, Սա՛յաթ-Նովա,
Դաղ ես եղել, Սա՛յաթ-Նովա,
Բաղ ես եղել, Սա՛յաթ-Նովա,
Գլուխդ ոտատակ ես անում,
յա՜ր, ա՜ման:


  1. Բանաստեղծի միակ հայերեն «բարիթավուր» խաղն է: Համանման մի խաղ ունի թուրքերենով: Խաղի բոլոր տները եւ դրանց միջեւ ընկած կարճ երկտողերը սկսվում են նախորդող վերջին բառով: Խաղը գրականացնելիս այդ կանոնը հնարավոր չեղավ պահպանել միայն խաղի երկրորդ հատվածի երրորդ տնում (Ի.Ս.)