Հազ չունիմ խային եարէմէն

Հազ չունիմ խային եարէմէն
բնագիր
Հազ չունիմ խային եարէմէն

Հազ չունիմ խային եարէմէն,
Չիս ջոգվում անգին քարէմէն,
Թաք չանցկէնաս իղրարէմեն.
Իղրար անիս,
Հոգիս հանիս,
Պըրծընիմ ահուզարէմէն:

Ահուզար իմ քաշում, ա՜ման.
Քիզնից ուրիշ չունիմ գուման.
Ծուցիդ մէջըն չայիր-չիման,
Չի՛ման ասիմ,
Մուրախաս իմ,
Սրտումս ունիմ իղրար-իման:

Իղրար-իմանէն չանցկէնամ.
Առանց քիզ մին օր վո՞ւնց կէնամ.
Բերնումըս դընիմ սանձ՝ կէնամ.
Սանձահարիմ,
Սիրտըս վարիմ՝
Անհընանալու գանձ կէնամ:

Գանձ իս սիրով ու սիրեկան,
Ղիմէթ ունիս անգին ական,
Լալ ու ջավահիր պատուական.
Պատիւ անիմ,
Քանի ջան իմ,
Չուն աշխարհս է անցողական:

Անց մի՛ կէնայ, թէ հալալ իս,
Մի մօր ծըծած, մի մօր դալ իս.
Ղաբուլ ունիմ, թէգուզ հալիս,
Չունքի իլթիմազ իս անում,
եա՛ր, ա՜ման:

թարգմանություն
Հաճո, սիրված չեմ նենգ յարից

Հաճո, սիրված չեմ նենգ յարից,
Չես ջոկվում դու անգին քարից,
Միայն դուրս չգաս երդումից
Երդում անես,
Հոգիս հանես,
Ազատվեմ էս ա՛խ ու վա՛խից:

Ա՛խ ու վա՛խ եմ քաշում, ա~ման,
Չունեմ մեկը ես քեզ նման,
Ծոցիդ մեջը դաշտի[1] նման,
Ի՛նչ էլ ասեմ,
Պատճառ ունեմ,
Սրտումս ուխտ ունեմ երդման:

Երդումով ուխտից չանցկենամ:
Առանց քեզ մի օր ո՞նց կենամ,
Բերանում դնեմ սանձ՝ կենամ
Սանձահարեմ,
Սիրտս պնդեմ՝
Չըհնացող մի գանձ կենամ:

Գանձ ես սիրով ու սիրեկան,
Գին ունես թանկանգին ական,
Լալ ու ադամանդ պատվական.
Պատիվ անեմ,
Քանի ողջ եմ,
Զի՝ աշխարհն է անցողական:

Անց մի՛ կենա, թե արդար ես
Ու թե հալալ կաթնակեր ես,
Համաձայն եմ, թեկուզ հալես,
Քանզի աղաչանք եմ[2] անում
Յա՜ր, ա՜ման:


  1. Բնագրի «Չայիր-չիմանը» - մարգագետին է նշանակում, իսկ «չիմանը» (չի մեն. պրսկ.)՝ ինչ էլ
  2. Բնագրում գրված է «իլթիմազ իս անում», որը գրչի սխալ է (տես՝ Մ. Հասրաթյան, Սայաթ-Նովա, Եր., 1963)