ՉԻ ԱՆՑՆՈՒՄ


Օրը չի անցնում,
Թե ճանապարհ չի բացել ժայռն ի վեր,
Թե քար ու խճից չի մաքրել առուն
Ու տարել այգի,
Թե ծաղիկներին նա ջուր չի ցողել
Ու ինչ-որ մեկի փակ դուռը բացել,
                 Չի անցնում օրը:
Թե հանկարծ մի պահ անզգույշ եղել
Եվ ինչ-որ մեկի սրտին դիպել է,
Մինչեւ նրանից ներում չի հայցում,
Օրը չի անցնում:
Քանի դեռ մայրս՝ չարության համար,
                Ինձ «դաս» չի տվել,
Ու դարձել «ցաված» տեղը համբուրել,
Քանի չսպառվող հոգսերի ձեռքին
Չի բանել-քրտնել,
Անիծել չարին,
Քանի չի օրհնել ձեռքը արեւի,
Որ միշտ իր որդուց գլխից վեր լինի,
                 օրը չի անցնում:
Անհունությունը այս մեծ աշխարհի
Ասես թե իմ մոր
Անուշ բարությամբ, սիրով է լցվում: