Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ
Շատերը տեսած կլինին, թե ինչպես են վիճում ռամիկները։ Վիճում են, օրինակ, իրանց քյոխվի կառավարության մասին․ մեկն ասում է լավ է կառավարում, մյուսն ասում է՝ վատ։ Վեճը տաքանում է, և հանկարծ տեսնում ես մեկը մյուսի դեմ գոռաց. «Տո՛, դո՞ւ ես քյոխվի վրա խոսում․ դու էն չե՞ս, որ Մադոնց Ղուկասին 20 մանեթ ես պարտ», և եթե մի քիչ էլ ամոթից հեռու մարդ է, մի սուտ էլ ավելացնում է, թե «պարտ ես ու ատկազ ես անում»։
Իհարկե, քյոխվի հարցում այս պարտքն իսկի գործ չունի,
բայց նա հիշում է և մի սուտ էլ ավելացնում, թե ատկազ ես անում։ Այս խուժանի լոգիկան և հատկությունն է։
Այժմ գյուղից եկեք Թիֆլիսի նման մի քաղաք, և միևնույն երևույթը ցույց տալու համար ես ձեզ տանեմ ոչ թե Շեյթան-բազար, այլ «Մշակի» խմբագրատունը։
Ես Հրատարակչական ընկերությանը փող եմ պարտ։ Դրա մի մասը վճարել եմ, մնացածի համար ստորագրություն եմ տվել (93 թ. դեկտ.). ստորագրություն տալուց հետո էլ կրկին վճարել եմ (94 թ. դեկտ. տալոն № 87), սրանից հետո էլ անցյալ տարի ընկ<երության> վարչությունից պատվեր եմ ընդունել թարգմանություն անելու (տե՛ս տեղեկագիր, 1896 թ. երես 32)։ Այս բոլորովին ջոկ և մասնավոր մի գործ է։
Այժմ, այս տարվա մարտի 22-ին կայանում է Հրատ<արակչական> ընկ<երության> ընդհանուր ժողովը։ Ես ժողովում բողոքում եմ տեղեկագրի ինչ-ինչ կետերի դեմ, թե խմբ<ագրական> մասնաժողովը չափազանց շատ թարգմանության պատվերներ է տվել, այդպիսով մտել է իր հաջորդ մասնաժողովների գործունեության շրջանը, և սրա նման բաներ, որ ոչ մի կապ չունին իմ պարտքի հետ։ Այդ ժողովում հանկարծ դրին ու քննեցին պ. Շիրվանզադեի գործը։ Ես բողոքեցի, թե չի կարելի այդ ձևով դատաստան կտրել և մինչև անգամ այդ վարմունքր հրապարակավ անվանեցի խուժանական (տե՛ս Տարազ № № 12 և 14)։ Սակայն այս էլ ոչ մի առնչություն չունի իմ պարտքի հետ և ընթերցողը պարզ տեսնում է, թե ընչի մեջ է կայանում իմ դժգոհությունը։
Այս բոլորից հետո «Մշակի» խմբագրությունը հանդիսանում է Հրատ<արակչական> ընկերության պաշտպան և հովանավոր և թերթի № 42-ում տպում է «ովքե՞ր են դժգոհները… Հ. Թումանյան… Թումանյան ահա չորս տարի է ընկերությանը մոտ 60 ռ. է պարտ» և մի սուտ էլ ավելացնում է «և չէ տալի»։ Դեհ, ասացեք խնդրեմ, մի՞թե խուժանական չի այս էլ, և մի՞թե մի որևէ բանով այս խմբագրությունը տարբերվում է այն գռեհկից, որ օրինակ բերի խոսքիս սկզբում։
Բայց ես այն չեմ հարցնում, թե ի՞նչ տեսակ վարմունք ու երևույթ է սա, ես այն եմ հարցնում, թե ընթերցողն ի՞նչ է կարծում, ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմից բացատրություն ու բավականություն պահանջեմ, երբ իմ պարտքը երևում է լրագրում և զրպարտությունն էլ հետը։ Այո՛, կարող էի դիմել և՛ «Մշակի» խմբագրությանը, և՛ դատարանի, և՛ միջնորդ դատարանի, և՛ մամուլին, և՛ հասարակությանը, բայց ի՞նչ եք կարծում, կարող էի իմ պարտքատերին էլ դիմել, բան հարցնել, թե ոչ։ Չգիտեմ ընթերցողն ինչպես է կարծում, բայց ես մտածել եմ, թե առաջ դիմեմ իմ պարտքատերին, մի հարցնեմ, թե այդ ինչպես է եղել, որ իմ պարտքը, այն պարտքը, որ իսկի քո տարեկան հաշիվներում (տեղեկագիրներում) էլ չի դուրս գալիս, այն ստորագրությունը, որ տվել եմ քեզ և քո գրպանումն է (գանձարանում), այսօր դուրս է եկել հրապարակ. և վերջապես ինձ զրպարտել են, թե ես չեմ տալիս, այս մասին դու ի՞նչ կասես։ Այսպես մտածելով ընկ<երության> վարչությանը ապրիլի 10-ին գրում եմ հետևյալ նամակը․ «Մշակ» լրագրի այսօրվա համարում տպված է, թե ես ընկերությանը մոտ 60 ռ. եմ պարտ և չեմ տալիս։ Որովհետև այս լուրը արատավորում է իմ պատիվը, ուստի խնդրում եմ հարգելի վարչությանդ ինձ հայտնել, թե ինչո՞ւ և ի՞նչպես է եղել, որ այն պարտքը, որ ես պարտ եմ ընկերությանը, այսօր դուրս է եկել հրապարակ այն թերթում, որի խմբագիրը վարչության պ. նախագահն է և այն էլ այսպիսի զրպարտությամբ հանդերձ, թե ես չեմ տալիս։ Ես կարծում եմ վարչությունը այդ կարծիքին լինել չի կարող, թե ես խույս եմ տալիս իմ պարտքից, քանի որ այդ պարտքի մի մասը վճարել եմ ես, մնացածի համար ստորագրություն եմ տվել*), իսկ անցյալ տարվանից վարչության թղթով պատվեր եմ ընդունել թարգմանելու Բելինսկու գրվածքը Լերմոնտովի մասին, և այն ի հաշիվ հիշյալ պարտքի, ինչպես խոսեցել եմ հատկապես վարչության պ. նախագահի հետ։ Այս մասին խնդրում եմ վարչության կարծիքը»։
Վարչությունը ինձ պատասխանում է.
[1] «Ձեր առաջարկած հարցերը չեն վերաբերում վարչության, այլ «Մշակի» խմբագրությանը, որին և կարող եք դիմել»։
Կարճ և ազդու։ Բայց հասկացողի համար շատ երկար է այս կարճ պատասխանի միտքը և սովոր ականջը կճանաչի այս ձայնը, որ պատասխանում է Հրատ <արակչական> ընկերության անունով։ Սակայն մի կողմ թողնելով հետին միտքը, հենց արտաքուստ նայելով, դուք տեսնում եք, թե ինչ տեսակ պատասխան է սա։ Եվ ահա ես վարչության հետևյալ նիստին ներկայացնում եմ դրա պատասխանը։
«Վարչությունը իր № 150 գրության մեջ ինձ տված պատասխանով ակնհայտնի դաշնակից է հանդիսանում «Մշակ» լրագրին։ Նա ոչ միայն իրան պատասխանատու չի համարում, երբ իմ մուրհակը իր գանձարանից դուրս է եկել հրապարակ, այլև չի կամենում պատասխանել գոնե իմ այն հարցին, թե ես խույս եմ տվել իմ պարտքից, թե չէ։ Նա այսպիսով ինձ ղրկում է իր միջոցով ճշմարտությունից օգտվելու և զրպարտությունը հերքելու հնարավորությունից, համաձայնում է կատարված իրողության հետ և բացարձակ խրախուսում է մի տմարդի վարմունք, ուր բոլորովին ուրիշ առարկայի և վեճի ժամանակ՝ անտեղի և ապօրինի կերպով լրագրում իմ երեսովն են տալիս այն պարտքը, որ ես պարտ եմ ընկերությանը, և որը մինչև անգամ նրա տեղեկագիրներում էլ չի դուրս եկել։ Այդ բավական չի, դրա վրա ավելանում է զրպարտությունը, թե ես չեմ տալիս իմ պարտքը։ Ես դիմում եմ վարչությանը, խնդրում եմ նրա խոսքն այս մասին, իսկ նա ինձ ուղարկում է... «Մշակի» խմբագրատունը»։
Այնուհետև ինձ համար մնում էր ցավելով որոշել և կտրել իմ հարաբերությունը Հայոց հրատարակչական ընկերության հետ, որ այդպես է ճանաչում իր հետ գործ ունեցողի իրավունքը և այդքան անփույթ է գտնվում դեպի գրողի դատն ու պատիվը, որ հայտնի կոխկրտում են նույնիսկ ընկերության անդամները, ընկերության դատի անունով, ընկերության գանձարանի թղթերը հրապարակ հանելով, խեղաթյուրելով և զրպարտելով։
Ահա նամակիս հետ ներկայացնում եմ իմ պարտքի մնացածը՝ 53 ռ. 52 կոպեկ, և սրանով վերջանում են իմ հաշիվները
Տողատակեր
խմբագրել- ↑ Հետո օրդերից երևաց, որ ստորագրություն տալուց հետո էլ եմ վճարել։