Իմ ճանապարհը ձգվում է, ահա,
Քո ժպիտներից
(Բարի՜ ճանապարհ)
Մինչեւ դարձյալ քո տաք ժպիտները -
բարով ես եկել։
Պահը ընթացք է՝
Ե՛վ գալ,
Ե՛վ գնալ,
Բայց գալ-գնալու միջեւ բախտն է
խիստ տարօրինակ
ՈՒ սովորական,
Անվերջ փոփոխվող սանրվածքի նման։
Եվ ամեն անգամ գալիս է պահը
Նոր կերպարանքով
(Կարծում է իրեն էլ չեմ ճանաչի)
Ու մեկնում ձեռքը.
- Եկ ծանոթանանք։
Ես ձգվում եմ իմ ճամփեքի վրա՝
Որպես ցավ - ժպիտ՝
Բաժանման, սակայն, թե՞ հանդիպումի։
Ես ձգվում եմ իմ ամեն ճամփի մեջ,
Նույնիսկ այն պահին,
Երբ գնացողն այդ ճամփեքով ես չեմ։