ՀԱՅՈՑ ՔԱՐՏԵԶԸ


Հայոց քարտեզը գծելու համար
նայեցեք միայն
հայի՛ աչքերին,
աչքերն այդ աչք չեն գցել երբեւէ
ուրիշի հողին, ուրիշի քարին,
իրենցն են ուզել,
                միայն իրենցը,
երազել,
հուզվել։

Բյուր-հազար անգամ Երկիրը երկրում
քառատվել է ու մաս-մաս է արվել,
բյուր-հազար անգամ Երկիրը երկրում
ծվատվել է ու ցաք-ցրիվ արվել,
ծվատվել է ու ցաք-ցրիվ արվել
բյուր-հազար անգամ...
Եվ սակայն հայի անհուն հոգու մեջ,
եւ սակայն հայի աչքերի մեջ է՛
հայոց երկիրը,
մնացել ամբողջ,
լրիվ,
անխաթա՛ր...
Հանել են հայի աչքը, բայց աչքից
երկիրը հանել չեն կարողացել,
հանել են հայի հոգին, բայց հոգուց
երկիրը հանել չեն կարողացել,
հայի աչքերը՝
                մատյաններ ցավի,
մատյաններ լույսի,
                լույս ու երազի,
մատյաններ հույսի,
                հույս ու երազի,
անկե՜զ մատյաններ,
անե՜ղծ մատյաններ։
Տանող ճամփեքը միշտ շատ են եղել,
հայոց քարտեզին,
բերո՛ղ ճամփեքը շա՜տ արեք հիմա
ու նրանց վրա նշենք անպայման՝
թեկուզ մի կետով, մի խազ ու գծով,
մեր Տիգրան Մեծի կարոտը անանց,
նշեք հետքերը ֆիդայիների,
Նարեկա վանքի մորմոքը հիշեք,
նշեք եւ Կարսի կամուրջը, որտեղ
Չարենցը հեռու մի օր կանգնել է,
նշեք Անիի տաճարները սուրբ
եւ Գանձասարի գանձերն անսահման,
հավերժ չլռող մեր երգը նշեք,
նշեք... դժվար է,
դժվար է, գիտեմ, բայց ո՛չ... անհնար։
Հայոց քարտեզը անսխալ ու ճիշտ,
ճշգրիտ ու պարզ
գծելու համար
(որ միշտ անվթար լինի դարերում)
պետք չէ քարերին,
               ձորերին նայել,
պետք չէ քրքրել գիրք ու մատյաններ,
նայեցեք միայն հայի աչքերի՛ն...